fbpx

Ես Մերիլ Սթրիփն եմ

Նորից, փակված երեք պատի մեջ, ոչ ոքի չի ուզում տեսնել: Կարծում է, որ այն, ինչ պատահել է իր հետ, փոխել է իր հանդեպ նրանց վերաբերմունքն, ովքեր սիրում էին իրեն, ովքեր նոր էին պատրաստվում սիրել ու անգամ նրանց, ում նա դեռ չի ճանաչում, քանզի պատրաստվում է ութսուն տարեկանում մեռնել, իսկ այժմ ընդամենը վաթսուներկու տարեկան է ու ապրելու տասնութ տարի ունի, որոնց ընթացքում դեռ կհասցնի ճանաչել: Ամեն ինչ իր տեղում է` կլոր սեղանը, որի համար մինչ մարտ այդպես էլ հարմար սփռոց չկարողացավ գնել, իսկ մարտյան դեպքերից հետո այլևս իմաստ չի տեսնում, դրա շուրջ կոկիկ ու իրարից հավասար հեռավորության վրա շարած չորս աթոռները, որոնք ասես դիտմամբ հոգնակի են, գրադարակը, ուր առաջին շարքում շարված են ոչ այն գրքերը, որոնք սիրում է, այլ նրանք, որոնք ավելի գեղեցիկ են նայվում (ժամանակն է փոխել դասավորությունը) ու պատերից կախած մի քանի նկար` ջրվեժը ու աղջիկը պատի` մինչև ննջասենյակի դուռն ընկած հատվածում, կակաչները` դռնից աջ: Նախկինում դրանց փոխարեն վարդեր էին, բայց առաջին իսկ աշխատավարձը ստանալով` նա ինքը, սեփական միջոցներով գնեց նոր նկար և ազատվեց վարդերից, որոնք անճոռնի էր համարում: Հեռուստադիտողն այնքան ուշադիր չէ, որպեսզի նկատի նման մանրուքները, պնդում էր ռեժիսորը, բայց ինքը Մերիլ Սթրիփն էր ու իր հեռուստադիտողը պիտի որ ուշադիր լիներ: Արդյունքում` երեսունհինգերորդ մասում կակաչների նկարն իրեն նվիրեց Տիգրանը: Վերնիսաժում շատ էժան էին վաճառում` իր անսպասելի նվերը բացատրեց նա: Այժմ անգամ Տիգրանն իրեն չի այցելում ու եթե սցենարի հեղինակը փոքր ինչ խելացի լիներ, այդ կակաչները կդառնային սիրելիի բացակայության խորհրդանիշը: Ո՞վ գիտե, գուցե մայիսյան մասերից մեկում նա վերցներ նկարը, դներ դատարկ աթոռներից մեկի վրա ու ճաշեր նրա հետ, զրուցեր հետը` հիշելով երջանիկ երեսունհինգերորդ մասը, երբ այդ նկարն հայտնվեց իր տանը:

Ահա իրեն շրջապատող սենյակը, որի` չնչին իսկ փոփոխության չենթարկվելու համար, նա արդեն երրորդ ամիսն է, ինչ պայքարում է, ահա սենյակի դիմաց հավաքված մարդիկ, որոնք մրջյունների նման այս ու այն կողմ են վազվզում՝ պատրաստվելով տիկին Մայայի կյանքի ևս մեկ օրվան արարիչ դառնալուն, ահա իր առջև այն սիրելիներից ոմանք, որոնք իրեն չեն այցելում, բայց որոնք շարունակում են գտնվել մոտակայքում, ահա մի բաժակ տաք սուրճ ռեժիսորին, ահա լույսը, որն ազդարարում է իր ինքնախաբեությամբ զբաղվելու սկիզբը: Նա, հազիվ հրաժարվելով լռությունից, լողացող ևս մի հայացք է նետում իր սենյակին` փնտրելով կետեր, որոնց հետ կարող է գործակցել, երբ հերթական անգամ սկսի արտասանել բառեր, որոնք չի մտածում:

Դարակ, որը փակելով կանի ձեռքի նույնպիսի շարժում, ինչպիսին «Մեդիսսոն շրջանի կամուրջներում»` դա կնշանակի, որ վերջինս կատարյալ է փակված, կամ ձվեր, որոնց սպիտակուցներն անրաժեշտ է առանձնացնել դեղնուցներից, ու նա դա կանի առանց կեղևների օգնության` ձեռքերով, ինչպես «Ժամերում», ասես իրենից դեղնուցներ շպրտելով նյարդերը: Երեք, երկու, մեկ: Դռան զանգը: Որքան էլ նա չուզենար լսել տեքստի երեկոյան ընթերցումների արդյունքում արդեն ծանոթ այդ զանգը, այն հնչեց: Եկել էր Մարինան: Ասում էին, թե եկել էր բացատրություններ պահանջելու, եկել էր իրեն հասկանալ փորձելու համար, կամ գոնե ձևացնելու, թե փորձելու է հասկանալ, որպեսզի մեղադրանքներ հասցեելու ժամանակ շահի ու դուրս շպրտելով ներսում կուտակված չարությունը` հաշտության եզրեր փնտրի հետը: Մարինան` մինչև մարտ ամիս իր լավագույն ընկերուհին (միակը), իսկ մարտին ցուցադրված սարսափելի մասերից հետո, ինչպես և բոլորն` իրենից հիասթափված: Մարինան, որն իննսունականներին հայտնի «Blue Lady»-ով էր բուրում (բուրմունք, որը վաղուց արդեն չէին թարմացնում, բայց որն հասցրել էր ներծծվել կամ բլուզի, կամ դրա հետ գույնով համակցված շարֆի, կամ, անգամ, նրա արյան մեջ), որը շարունակ բողոքում էր իր ամուսնուց ու որդուց` խոսելով այնպես, ասես ընկերուհին նույնպես ծանոթ է վերջիններիս, թեև սյուժեի բերումով նրանք երբևէ չեն բախվել:

— Մարինա, — նրա հայացքը սառեց, կոպերի տակ արցունքներ կուտակվեցին:

Երեկ արդեն երեք անգամ բանավոր դիմավորելով Մարինային՝ այսօր նա միևնույն է զարմանում է՝ տեսնելով նրան: Մի կողմից` բոլորից լքված ու արդեն մեկ ու կես ամիս է լիակատար միայնության մեջ ապրող կինը պիտի որ ուրախ լիներ ընկերուհու այցին, մյուս կողմից ինքը` Մայան և, ինչն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը, մյուս ինքը` Մերիլ Սթրիփը, չգիտի, թե ինչպես է պետք դիմավորել ընկերներին, որոնցից մեկ ու կես ամիս է պահանջվում քեզ հասկանալ փորձելու նպատակով այցելելու համար: Մածնավաճառը, Եհովայի վկաները, մատաղի համար գումար հավաքող` երեխային գրկած կինը, ջրաչափի ցուցմունքը ստուգողը: Ահա այս առավոտը` սովորականից ավելի ցուրտ, ահա իր միայնությունը, որին այդ առավոտ է՛լ ոչ ոք չպիտի դիպչեր, ահա այն բնակարանն, ուր ամեն ինչ իր տեղում է և որը տարեսկզբից իրենն է, ահա և դուռը, որը կարող էր բախել ցանկացածը, բացի Մարինայից: Մածնավաճառը: Դռան հետևում միանշանակ մածնավաճառն էր, որին բարևելիս անհրաժեշտ էր ժպտալ, ներս կանչել, առաջարկել սուրճ ու հինգ դեպքից չորսի արդյունքում` հյուրասիրել, չհրաժարվելու հոդվածով, և որի, այդ կապակցությամբ առաջարկվող զեղչերը ձեռքից բաց չթողնելու համար, կարելի էր գնել միանգամից մի քանի բանկա մածուն, կամ կաթ, կամ կանաչի, կամ էլի ինչ-որ բան: Դա պիտի որ լիներ մածնավաճառը, որի փոխարեն այս անգամ կանգնած է Մարինան, ու նշանակում է նրան անհրաժեշտ է դիմավորել, ինչպես բանալիների բացակայությունն այն դարակում, որտեղ երկար տարիներ շարունակ դրանք դրված են եղել: Կա խնդիր: Ու, ըստ նախապես կայացրած, թեև անցանկալի որոշման, ինքը` Մայան, բարևելով ընկերուհուն պիտի ցույց տա դրա լինելը, իսկ նրան ներս կանչելով` այն, որ այդ խնդիրն էլ, բոլոր այլ խնդիրների պես, ունի իր լուծումը:

Բարև, Մայա, — շեշտակի, դատապարտող, բանտում գտնվող իր որդուն այցելած մոր պես նրան դիմեց Մարինան:

— Մարինա, — կրկնեց նա, անզոր գտնվելով ասել այդքան անգամ փորձած բառերը, որոնցից առաջինը պատասխան բարևն էր, իսկ հաջորդ երեքը` ներս անցնելու հրավեր:

Մարինան լռեց մի փոքր, ասես կանխավ գիտեր, թե ինչ բառերով իրեն պիտի դիմավորեին ու սպասում էր, մինչև բառերն այդ կարտասանվեն, որպեսզի ներս գար ու վերջապես հայտներ իր այցի նպատակը, բայց Մայան չէր պատրաստվում արտասանել այդ բառերը: Որքան ուժ էր իրենից պահանջվել հաշտվելու համար այդ բառերի հետ, որքան ժամանակ ու նյարդեր ու, թվում էր, թե հաջողվել է, թե կարող էր պարզապես բարևել ու ներս կանչել իրեն այդքան ժամանակ չայցելած ընկերուհուն: Չստացվեց: Եթե Մարինան իրեն ասելիք ունի, ստիպված է լինելու ասել դռան շեմին կանգնած: Նա չպիտի ներս գա, նա պիտի հենց այդպես թողնի ու հեռանա` հասկանալով, որ ներողի դերում կարող էր լինել միայն այն դեպքում, երբ այցելեր մեկ ու կես ամիս առաջ` այժմ այդ դերը Մայայինն է:

Մարինան նետեց հայացքն այնտեղ, ուր պիտի լիներ Մայայի բնակարանի չորրորդ պատը ու, ստանալով գոյություն չունեցող այդ պատի հակառակ կողմում խլրտացող մարդկանց համաձայնությունը, շարունակեց խոսել` դիմելով, մի կողմից, իր մեղավոր ընկերուհուն, իսկ մյուս կողմից` խելագարի, որն իրեն ներս չի թողնում այնտեղ, ուր ծրագրված էր, որ պիտի թողնի:

— Չեմ հասկանում… Չեմ կարող հասկանալ, թե ինչը դրդեց քեզ այդ քայլին:

Աչքերը չռած, առանց այդ էլ բարակ շուրթերն անկյուններում ավելի սեղմած, ամեն հերթական շեշտադրումի ժամանակ գլուխը փոքր ինչ առաջ շարժող չար Մարինան: Մարինան, որը բարկություն էր խաղում: Մարինան, որի մոտ դա լավ չէր ստացվում: Չմարինան: Երկար ժամանակ իրեն միայնակ թողնելուց հետո, այժմ եկել է` նույն կոշիկով ու կիսաշրջազգեստով, որոնցով հեռացել էր վերջին անգամ, նույն բլուզով ու պայուսակով, նույն եղունգներով, որոնք հաճախակի լվացք անելու պատճառով գերադասում էր անտեղի չհարդարել ու, ինչն ամենացավալին էր, իրեն հասկանալու նույն անկարողությամբ:

— Ի՞նչ արած: Ես չեմ էլ խնդրում ինձ հասկանալ, — աչքերը լցրած՝ նա ժպտաց:

Մայան գուցե և չէր կարողանա զսպել իրեն: Այն Մայան, ով ուներ ընկերուհու կարիքը, ով սպասում էր իր ընկերուհուն, ում խորովում էր միայնությունը, ով հոգնել էր զգացմունքներ խաղալ պատերի, ու նկարների, ու կահույքի, ու ինքն իր հետ: Այն Մայան, ով այժմ չէր ճանաչում իր ներսում նոր ծնված, հանուն գլուխը բարձր պահելու` հոգու հանգստությունից հրաժարվել պատրաստվող կնոջը, ով ուր որ է դռան շեմից կվռնդի այն միակին, ով կարող էր զբաղեցնել իր դահլիճի` արդեն որքան ժամանակ է դատարկ մնացող բազմաթիվ աթոռներից մեկը:

— Այն, ինչ արեցիր, աններելի է: Երբեք ու ոչ ոք…

Ձայները, դրանց գումարվող նոր ձայներն ու էլ ավելի նորերը, որոնք գումարվեցին ավելի ուշ, կամ օգնության եկան՝ չլսելու համար Մարինային, որպեսզի ավելորդ անգամ թույլ չտա վայելել իր հույզերն անարժանին, ով (ո՞վ գիտե) գուցե չէր էլ պատրաստվում ներողություն խնդրել, մտադրություն էլ չուներ ներս մտնել ու իր` դռան դիմաց կանգնելն օգնեց նրան չանել դա` ազատելով վռնդված լինելու վախից, կամ էլ խանգարեցի՛ն լսել նրան ու այն, թե ինչ բառեր է հորինել, արդարացնելու ինչ եղանակ է գտել` հարաբերություններն իր հետ վերականգնելու համար. «Դու պարզապես սթրես էիր տանում», «Դու հոգեբանի կարիք ունես», կամ (թեկուզ չէր հավատում, որ ընդունակ է դրան) «Վարվել ես այնպես, ինչպես պիտի վարվեիր ու ինչպես կվարվեի ինքս»: Ձայները, դրանց գումարվող նոր ձայներն ու Մարինայի արդեն անշարժ շուրթերը` բաց թողած խոսքերից հետո: Տեսնես ի՞նչ ասաց:

— Ինձ քո ներողությունը պետք չէ, Մարինա, ինչպես նաև պետք չեն քննադատություններդ` թե՛ մեկին, թե՛ մյուսին հավասարապես չեմ սպասում, քեզանից այլևս ոչինչ չեմ ակնկալում, — ու խոսքերն, ու խոսքերն, ու խոսքերը, չենթարկվելով երեկոյան կարդացած տեքստին, դուրս պրծան՝ ազատելով նրան սեփական եսի հետ անհամաձայնությունից, այն հույզերից որոնք ինքը` Մայան, չի կիսում մյուս իր` Մերիլ Սթրիփի հետ, այն բեռից, որ արդեն քանի ամիս է կուտակում է ու, մեջքին ծանրացնելով, մասից մաս տեղափոխում, հաշտվում հանուն այն ամենի, ինչի համար իր գերազանցությունն իրավունք չուներ գլուխ խոնարհել, ինչպես անում էին շատ-շատերը, որոնց թվին պատկանում էր նաև Մարինան` ամբողջ իր գոյությամբ ծառայելով օտար կամքին, պահպանելու համար Մարինա լինելու այդքան չնչին պատիվը, — Իզուր նորից բախեցիր այս դուռը: Չեմ հասկանում, թե ինչ սպասումով, ու հասկանալու փորձ անգամ չեմ անի: Որն էլ լինի գալուդ նպատակը` ինձ ներելը, կամ մեկ ու կես ամիս առաջ լռած մեղադրանքներդ բարձրաձայնելը, ես չեմ լսելու: Չեմ լսելու, քանի որ ինքս չեմ ներում քեզ` մեղավոր համարես քեզ իմ առաջ, թե` ոչ: Կրիր դա:

Ահա վերադարձված միայնությունը, ահա բնակարանը, ուր ամեն ինչ իր նախկին տեղում է մնալու, ահա փակված դուռը, որն այլևս ոչ ոք չի բախի, ահա գրադարակը, որի առաջին շարքում այդպես էլ շարված կմնան ոչ այն գրքերը, որոնք սիրում է, այլ նրանք, որոնք ավելի գեղեցիկ են նայվում, ահա իր մտքերը` խառն ու կարծես անվերծանելի ո՛չ միայն իրեն հետևողների համար, այլ նաև ի՛ր, ահա վայրը, ահա ժամանակը, ահա նա` մի փոքր էլ քայլեց սենյակում, վերհիշեց նախորդ բոլոր մասերը` երջանիկ, կամ դժբախտ (վերջինս միայն մարտյան դեպքերից հետո, քանզի երջանիկ լինում են միշտ, իսկ դժբախտանում միայն մեկ անգամ), վերհիշեց մարդկանց, որոնց արդեն որքան ժամանակ է տեսնում է միայն իր տան չորրորդ պատի թափանցիկության շնորհիվ, գրկեց ինքն իրեն, դուրս թռավ սեփական մարմնից, նայեց իր գրկմանն հանդիսատեսի աչքերով` մեկ անգամ ևս համոզվելով, որ իր առջև Մերիլ Սթրիփն է, ապա վերադարձավ սեփական մարմին, անցավ խոհանոց, որը բարեբախտաբար չորրորդ պատի կարիք չուներ էլ, բացեց դարակներից մեկն ու նայեց դրա մեջ, ու նայեց դրա մեջ, ու նայեց դրա մեջ…

Ու հրամաններն էին` ամեն ինչ դադարեցնելու մասին, ու էլի ինչ-որ բան, որ հազիվ հասցրեց հասկանալ, ու այն գիտակցումը, որ այլևս չի վերադառնա այդտեղ ու այժմ` շենքից, որտեղ գտնվում է, դուրս է գալիս վերջին անգամ, քանզի իր արարքից հետո այլևս ոչ ոք չի համաձայնվի հրավիրել իրեն, հարվածի տակ չի դնի կյանքը, որն հորինում է, այդ կյանքի միայն մեկ, չնչին բաղադրիչի ապատճառով, որն իր հորինած կյանքում սեփական կյանքով ապրելու որոշում է կայացրել, որն հրաժարվել է շինծու լինել, որն ուզում է արարել, որը գիտի, թե ինչ է անում, քանզի գիտի, որ նա է` Մերիլ Սթրիփը, որին էլ, իրենց հերթին, գիտեն բոլոր այն մարդիկ, ովքեր պարտադրվել են իրեն իր գոյության փոխարեն, ովքեր հիանում են իրենով, ովքեր իր առջև խոնարհվում են, ովքեր պաշտում են ու այդ պաշտամունքում տեղ չեն թողնում նախապես ծրագրված այն արարքների հավանականությանը, որ պիտի թույլ տար Մայան ու բացառումն այդ վերագրում նաև իրեն` Մերիլ Սթրիփին` վստահ լինելով, որ կգերադասի մեռնել իր հանճարեղ միայնության մեջ, բայց չկռանալ ուրիշի այքան չնչին գոյությանն ընկերակից դառնալու համար, ու որոշում են իրեն, ու գծագրում են իրեն, ու իրեն կանխատեսում են:

Ահա և աշխարհը, որը ստեղծել են այն պատճառով, որ դու չես պատկերացնում քեզ տարածությունից դուրս, ահա մարդիկ, որոնք ստեղծվել են քո խաղն ամբողջականացնելու համար, ահա հավատը, որը փորձելու է բացել աչքերդ ու կրոնը, որը կփորձի փակել դրանք, ահա տարբեր անիրական աստվածներ, որոնք խանգարելու են քեզ գտնել իրականին, ահա զգացմունքները, որոնք պիտի հաղթահարել, թեկուզ քեզ միշտ փորձել են համոզել, թե դրանք վերապրելու համար են, ահա այն մատները, որոնք մատնացույց են անում քեզ` խելագարիդ, ետ պահելու համար հաղթական ճանապարհից, ահա` կիկին այն նույն մարդիկ, ովքեր հեռանում են քեզնից ու մեջդ կասկած ծնում, թե իրական էին ու հարազատ քեզ, ահա միայնությունը, ահա միտքը` ազատ ամեն ինչից, ահա ճշմարտությունը: Ահա և վերջ:

«Ճի՞շտ է, որ ձեր հերոսուհին ինքնասպան է լինելու», «Ճի՞շտ է, որ ձեզ հանել են աշխատանքից», «Ի՞նչ տարաձայնություններ ունեիք խաղընկերուհիների հետ», «Մի՞թե որոշել եք ավարտել ձեր կարյերան», «Ի՞նչով եք զբաղվելու հետո»:

Ու կարևոր չէր, թե ինչ էին նրանք հարցնում շենքի մուտքից մինչև իրեն սպասող տաքսին ընկած հատվածում, կարևոր չէր, թե ինչ էին պահանջում իրենից ու ունեն արդյոք որևէ պահանջ, կարևոր չէր՝ սպառել է նա իրեն, վռնդվել, թե սյուժեի բերումով ինքնասպան եղել։ Նա չէր պատասխանում հարցերին ու միայն դանդաղացնում էր քայլերն ավելի շատ ձայներ լսելու համար, էլ ավելի շատ ձայներ, որոնք յուրաքանչյուր նոր հարցից առաջ (նա լսում էր, նա համոզված էր դրանում) ապացուցում էին իրեն այն, ինչին հավատում էր հակառակ շատերի կասկածների` դիմում էին այնպես, ինչպես պիտի դիմեին. «Տիկի՜ն Սթրիփ», «Տիկի՜ն Սթրիփ», «Տիկի՜ն Սթրիփ»:

Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։