Էլ երբեք չես երգի էքս-գուսան,
Ես ձեռքիցդ առնում եմ սազդ,
Հավաքում եմ տողերս սիրուն
Տողերիդ վրա, ինչպես փազլ։
Իմ մասին է արդեն էս կինոն,
Ցուցադրիր քո համեստ ֆլեշ-բեքը,
Ու երբ ինձ ես տեսնում պոդիումում,
Թաքցրու քո փասա-փուսեքը։
Եվ հիշիր հավերժ վիցե-հանճար
Ես գուցե եսասեր եմ ու խենթ եմ,
Բայց փոխվել են խաղի կանոնները՝
Ամեն ինչ որոշում է բրենդը։
Թե կարող ես, զբաղվիր յոգայով,
Մարզիր գերզգայուն քո նյարդերը,
Չգժվես հանկարծ աուտսայդեր,
Որ էսպես պայթեցնում եմ չարթերը։
Դու ստիպված ես լռել՝ հաղթեցի
Բախտիս հետ կնքած իմ գրազը,
Էլ երբեք չես երգի էքս-գուսան,
Ես ձեռքիցդ առնում եմ սազը։
2009
Ո՞վ եմ ես, Աստված
Ո՞վ եմ ես, Աստված,
Երբ չլինելուս համար պետք էր լոկ
300 դրամ 20 տարի առաջ։
Ինձ ծնեց գուցե մեկի ուշացած
Վայելքի լկտի անզգուշությունը,
Ու ամեն գիշեր քնում է ինձ հետ
Մեկի հարամած, խանգարված քունը։
Ոչ մեկ իմ բախտին բաժակ չշրջեց՝
Տեսնելու համար արու՛ եմ, թե՛ էգ,
Իմ էս չընդհատված անգոյությունը
Տեսնես ու՞մ էր պետք։
Ու քանի մեկը հղի էր ինձնով,
Ինձ թվում էր, թե այդ ես եմ հղի`
Չգիտեի, ախր, ինչպես բացատրել
Սրտխառնոցը իմ։
Անխուսափելի կյանքի զգացում էր,
Շտապեցրած մի քիչ, մատուցված հում-հում,
Որ աշխարհ չեկած, արդեն նկատեի`
Լացով են ծնում, լացելով ծնվում։
Ամեն մեկը իր գորշ կյանքն է ողբում,
Ամեն մեկն ունի իր սգո սյունը,
Ինձ էլ երևի բաժին է հասել
Էս աբորտ չարած դժգոհությունը։
Ո՞վ եմ ես, Աստված,
Երբ իմ լինելու համար հերիք էր
19 գրամ 20 տարի առաջ…
Շփումների կամասուտրան
Արդեն արել է «դավադիտ» Ներկայությունդ ցանկասեր Միայնությանը իմ ֆրիգիդ։ Կարծես դարձել է քոռ դրվածք` Որտեղ որ չպիտի լինես, Այնտեղ էլ, անկասկած, դու կաս։ Շրջվել մեջքով՝ Ինձանից գոհ Հորինեցի խուսափելու գերազանց դիրք։ Բայց չգիտեի՝ Դու ես գրել «Շփումների կամասուտրան»` կեղտոտ մի գիրք։
Մեղքը իմ
Ինձ թվում էր աշխարհն է ողջ սնապաշտ,
Մեղքը իմ դանակ էր՝ դիպավ հացին,
Բայց ես ինքս ինձ հետ էի միայն անհաշտ,
Մեղքը իմ հանաք էր՝ ասի կանցնի։
Իմ փսիխոզը, խնդրում եմ, հոգիս, ներիր,
Մեղքս ինձ դարձրել է գերին պատվի,
Չպահես ինձ անգամ քո մտքի ծերին,
Մեղքը իմ երազ էր՝ ջրին պատմիր։
Փնտրիր ինձ
Երբ հոգիդ ծվատում է դանդաղ
Իմ հանդեպ քո կարոտը տրտում,
Անմոռաց անցյալի ցուցադրած
Պատկերներս փնտրիր քո սրտում։
Երբ օրվա ձանձրույթում մոնոտոն
Խենթությունն ես կայտառ իմ հիշում,
Լինելուս ուրվականը բաց թող
Եվ սկսիր ինձ փնտրել ուրիշում։
Ու երբ ինձ կրկնել ես ուզում՝
Լուծելով չլուծվող մի խնդիր,
Պոետիկ ու խելառ իմ հոգու
Մերկապարը Google-ում դու փնտրիր։
Հուշերովս հոգիդ մայրացրու,
Թող ծնի աներկունք ինձ նորից,
Ես կողքիդ եմ, հոգիս, դու միայն
Մի փորձիր ինձ գտնել՝ փնտրիր ինձ։
Այժմ կարդում են

Պատմվածք «Լուիզա Դամբարանն իմ սիրուհին չէ»Original price was: 200 AMD.0 AMDCurrent price is: 0 AMD.

Պատմվածք «Փնտրում եմ մարդակեր՝ առանց միջնորդի»Original price was: 200 AMD.0 AMDCurrent price is: 0 AMD.