Ի՞նչ անեմ…
Օրացույցի վառվող էջերի կրակում այրվեմ,
Թե՞ անցյալի բեկորները սրտիս վրա լուռ հավաքեմ
Ու սեփական ացավ ու վշտից ու զայրույթից ես տրաքեմ։
Է՜հ, չգիտեմ…
Գուցե երեկվա դրոշը բռնած դեպի մահը վազեմ,
Ու ժամանակից շփոթված՝ ձեռքերս երկնքին պարզեմ,
Միևնույն է, պետք է մեռնեմ մի օր
Ուզեմ, չուզեմ։
Ի՞նչ անեմ…
Այսքան տարի գրած հուշերս մեկ առ մեկ մաքրեմ, ջնջեմ,
Թե ամեն գիշեր կարդալով՝ նորից հիշեմ ու ինձ տանջեմ,
Չէ՜, միևնույն է տանջվողի ու տառապողի նման չեմ։
Է՜հ, չգիտեմ…
Դեռ ապրել չգիտեմ այնպես, ինչպես կուզեի, որ իմանայի,
Որ հիշելով ցավերը հին՝ հոգոց հանեի, բայց դիմանայի,
Դեռ չգիտեմ չարն ու վատը իմ հուշերի ներաշխարհից
Մաքրել, սափրել,
Է՜հ, ի՞նչ անեմ, որ չգիտեմ այդպես ապրել։
Կյանքի մասին
Երկիրը կառնի
Գլխիս տատասկե պսակ է, Ոտքերիս տակ՝ այրվող ածուխ, Հոգիս անդունդ է՝ դատարկ է։ Շուրջ բոլորս դաժանություն․ Ապրելն իսկ ինձ համար լավ է, Իսկ լավ ապրելը՝ ճոխություն։ Վայկյաններն են անգամ անվերջ․ Հիմա կյանքս ձեռքիս մեջ է, Ձեռքերս՝ կապանքների մեջ։ Տեղ չկա՝ հոգիս սավառնի․ Որքան երկինքը կյանք տվեց, Նույնքան երկիրը այս կառնի։
Հեռացող կյանքը
Ես զգում եմ ինձնից դանդաղ ծորացող, Հեռացող կյանքը՝ Տառապանքների Անսահման հեռու Հանգուցալուծում։ Եվ հանգստության իմ հին տենչանքը Իրականություն դառանալու անգամ Հույս չի ներշնչում։ Ա՜խ, երբ հաճախ են Չար, բութ խոսքերով մարդիկ հարվածում, Ուզում եմ արա՛գ գոլորշիանա Անոթներումս լալագին հոսող Եռացող կյանքը, Հեռացող կյանքը։
Ծաղրածու
Ծաղրածու, ցրտերը վրա հասան,
Կրկեսը փակվեց ու մենակ ես,
Կյանքը թատրոն էր, դու` դերասան,
Իսկ ո՞վ էր, ասա, հեղինակը։
Երբ ներկերն էիր մաքրում դեմքիցդ,
Վերքերդ էիր լվում, քեզ թվաց,
Ու, ահա, մաքրվեց և ժպիտը,
Թախծոտ քո դեմքիդ նկարված։
Հիմարի պես, էլի մի անգամ,
Չարեցիր փրկվելու ոչ մի ճիգ…
Սեփական ձեռքերով` ինքնակամ,
Կտրեցիր թելերդ, խամաճիկ։
Արվեստիս տունը
Ճեմենք միասին վերջերս միայն Դռները բացած արվեստիս տանը, Ուզում եմ այսօր վերջ դնել շինծու՝ Հոգուս կարծեցյալ դատարկությանը։ Ահա այս շարքում մի հին իկոնա Այնքան վաղանցյալ, ոչ վաղ անցյալից, Գուցե սրբացրած մի չար սատանա, Որ պտուղ մեկնեց ինձ կենաց ծառից։ Պրոմեթևսն, ահա, գամված ժայռերից՝ Առաջին-վերջին իր մեղքի համար, Ո՞րն էր հանցանքը՝ կրակ տա՞լը ինձ, Թե՞ որ սիրտ արեց հուրը գողանալ։ Ու հռչակավոր մի աստվածամայր՝ Վերածննդի թոհ ու բոհն անցած, Նա, որ հար հանդարտ ծովերի վրա Անհաշտ իններորդ ալիքը դարձավ։ Նաև կնճռոտ տրոլ ավանգարդ ոճի՝ Իր տգեղությամբ ինքնատիպ քանդակ, Սա էլ գործել էր մի փոքրիկ ոճիր՝ Կրում է այժմ տատասկե պսակ։ Գլուխգործո՞ց են, ասա, անպե՞տք աղբ, Սավառնա՞նք մտքի կռնատ թռչունի, Ինչ էլ մտածես գործերի մասին՝ Վարպետի համար քիչ արժեք ունի։