Ես օրը, ափսոս, փոխել չգիտեմ՝ Ոչ ձգել, ոչ էլ կարճացնել՝ անցնի, Մի կախարդական տող էլ չգիտեմ, Թե վատ օրերը լավ օրեր դարձնի։ Ինձ հայտնի է սոսկ հաջորդությունը՝ Օր ուրախության և օր սգալու, Ու որ սև դառած, արցունքով թրջած Օրվանից հետո լավ օր է գալու։
Կյանքի մասին
Ես սև
Հենց այսօր էլ հարմար է, ձմեռ, Քեզ սպասում եմ, թրմել եմ ցավս, Արի հետս նստիր, լռենք, Ես դեռ նույն եմ, դու՞ ոնց ես, լա՞վ ես։ Դու դեռ ցու՞րտ ես, դեռ չո՞ր ես, սպիտա՞կ ես, Ոնց գիտես՝ ես մնում եմ սև, Շփոթված դեռ սգում ու սիրում եմ, Ու հղկում եմ տողերս տձև։ Ամենքին դեռ էլի հավատում եմ, Նվիրվում եմ դյուրին ամենքին, Ամենքի մեջ դարձյալ որոնում եմ Ամենքից տարբեր այն մեկին։ Ոչ ցավից անցյալի խրատվում եմ, Ոչ փորձում եմ փախչել անցյալից, Անցորդով առաջին փարատում եմ Մենությունս՝ դեռ ան-ցանկալի։ Ու դեռ սիրտը հազիվ եմ սանձում իմ, Դեռ կորցնում եմ թիկունք ու թև, Երանի տալիս քեզ, որ սպիտակ ես, Ու մնում եմ, ինչպես միշտ, սև։
Չչարանալ
Քեզ մե՛կը ցավ պատճառեց՝ բոլորը չէ, Մե՛կը դավաճանեց, մյու՛սը խաբեց, Մե՛կն արեց թևաթավ. փորձիր թռչել՝ Փորձի՛ր չչարանալ մարդկանց հանդեպ։ Օրերն էլ մեզ պիտի դավաճանեն, Սպառվեն՝ վերածվելով հուշի անդեմ, Վախը մահվան երբ կգա դռան դեմ, Փորձի՛ր չչարանալ կյանքի հանդեպ։ Սակավությունը կաշկանդող զգալով ցածի՝ Շուքին Ողորմածի պետք չէ խանդել, Սիրտդ բա՛ց ընդունիր ընծան հացի, Փորձի՛ր չչարանալ Աստծո հանդեպ։ Ու թե քեզ հալածի ցավը բաց թողածի, Ու թե կարծես աշխարհը այս բանտ է, Թույլ լինելու, նվիրվելու և խաբվելու համար Փորձի՛ր չչարանալ և քո՛ հանդեպ։
Անցիր, ժամանակ
Անցի՜ր, ժամանակ,
Այս պատերից դուրս թռչող, հեռացող
Ագռավների պես թռիր ու անցիր,
Հիմա ես մենակ
Օրերս լափող ու կենսաքայքայ այս կայարանում
Սպասում եմ կրկին
Կրկին ուշացող իմ ճեպընթացին։
Շտապի՜ր, ժամանակ,
Չէ որ դու միակ իմ բարեկամն ես,
Ում դանդաղելը բնավ չի սազում…
Էլ այս կայարան
Մի բեր ինձ այնքան սիրելի մարդկանց,
Այլ ինձ թևանցուկ տար հարազատ տուն։
Շղթաներ և մոմեր
Վաղը նոր օր է գալու,
Նոր լուսաբաց, նոր գիշեր,
Նոր էջեր է բացելու,
Գրելու է նոր հուշեր։
Ժամերից օղակներ ձուլած՝
Շղթաներ եմ հյուսելու,
Կյանքիս մոմի առաջ նստած՝
Մարելուն եմ սպասելու։
Վատը, գրած սպիտակ թղթին,
Այրելու եմ՝ մոխրանա,
Լավը շղթայից կապելու,
Որ երբեք չմոռանամ։
Ու իմ հալչող մոմի առաջ
Տեսնելու եմ ճրագներ՝
Ոմանք, որ նոր պիտի վառվեն,
Ոմանք, որ արդեն հանգեն։
Բայց բոլորին սպասվում է դեռ
Նոր լուսաբաց, նոր գիշեր,
Շղթաներ՝ ժամերից հյուսած,
Ու մոխիր դարձած հուշեր։