Իմ երկու հայրը

«Սեքսուալությունը նրա դեպքում ընդամենը սփոփանք է՝ տաղանդը չնկատելու անզգուշություն թույլ տված մարդկանց համար»: Ավելի երկնագույն չի լինում: Չպատռեցի «Ֆեյրվյու փոստը» միայն այն պատճառով, որ շապիկին Հիլզն էր՝ նա ինձ դուր է գալիս, ստիպում է պահպանել անգամ այն ամսագրերը, որտեղ Ֆասսբենդերին տաղանդավոր են անվանում: Ի՞նչ պակաս ձեռքբերում է երկրի գլխավոր տիկնոջ համար: Բացի այդ՝ այս օրերին, երբ ցանկացած մանր ու միջին ամսագիր իր պարտքն է համարում ընտրել այդ ամսագրից ավելի միջին ու մանր մարդկանց՝ տարվա ինչ-որ բանը լինելու չնչին պատվին արժանացնելու համար, որևէ ամսագրի շապիկին Հիլզին տեսնելը, այն էլ առանց նախորդ տասներկու ամիսների իր սխրանքների դիմաց ստացած դափնիների, ոչ միայն հաճելի էր (ճաշակի հարց է), այլև ուսերիցդ թափում էր տոների սենտիմենտալության բեռը՝ ծիծաղելի թվացող ժապավեններով փաթաթած, կանաչ ու կարմիր, սպիտակ (թեկուզ մեր կողմերում ձյունն ավելի եզակի երևույթ է, քան պետ. քարտուղարի սուրբծննդյան վերնագրից զուրկ մնացած հարցազրույցը) ու տասնյակ օրերի հեռավորությունից անգամ՝ հոգնեցրած։ Պատռելը՝ չպատռեցի ամսագիրը, բայց րոպեներ անց, «Թագ և բարձ» սրճարանին հասնելով, ստիպված եղա թաքցնել այն: Մեթն էր: Հաստատ Մեթն էր ու, Աստված մի արասցե, տեսներ, ընդունված կարծիքի համաձայն, մինչև տասնվեց տարեկան աղջիկներին զբաղեցնելու համար ստեղծված գունավոր թղթերի այդ կապոցը ձեռքիս ու գլխի ընկներ, որ գնում եմ միայն իր` հերն անիծած հոդվածների համար, որոնց հետ երբեք չեմ համաձայնվում: Թեկուզ, քի՞չ մարդ է «Ֆեյրվյու փոստ» կարդում, ես կարող էի պատահական հայտնվել նրանց ցուցակում ու գլխի էլ չընկնել, որ «Կինո» խորագրի հեղինակ Մեթ Սամմերն ինքն է: Կինո խորագրի հեղինակը, Մեթ Սամմերը: Հազիվ թե նման զուգադիպություն լիներ: Ու ի՞նչ: Սամմերը պատճառ չէ՝ չկարդալու համար այն ամսագիրը, որը միլիոնավոր ամերիկացիների պես, ինքս էլ կարդում եմ: Գուցե վաղն ընդհանրապե՞ս թերթ չկարդամ, որովհետև ցանկացած էջից կարող է դուրս պրծնել քիթն ամեն մեծ ու փոքր կինոիրադարձության մեջ խոթող Սամմերը, որին ես նախընտրում եմ չհանդիպել: Ամսագիրը, առաջին էջը դեպի ներս ծալելով, ձեռքիս տակ դրեցի, հետո մտածեցի, թե կասկածի տեղ կտամ (հազիվ թե գտնվի մեկն, ում հարմար է ամսագիրն այդ դիրքով պահել) հանեցի այն ու, քայլերս արագացնելով, փորձեցի աննկատ անցնել «վտանգավոր» սրճարանի մոտով: Թե՞ Մեթը չէր: Մե՞թն էր: Հազիվ էի զսպում ինձ, որպեսզի այլևս սրճարանի կողմ չնայեմ: Այդ երբվանի՞ց է Մեթը սրճարան գնում: Չնայած, թողեք գուշակեմ՝ կարդացել է հերթական հիմարագույն գրքերից մեկը, մոտավորապես «Ինչպես դադարել ինչ-որ բան անել և սկսել ապրել» վերնագրով, փակցրել է պատին հիշեցում այն մասին, որ առավոտյան, մինչև Amazon-ից բեռնած հերթական էժանագին ֆիլմը միացնելը (ոչ էժանագին ֆիլմերի ցուցադրումներին նա, այսպես, թե այնպես, ներկա էր լինում նախքան դրանց՝ Amazon-ում հայտնվելը) պարտավոր է դուրս գալ տանից, սկզբի համար գոնե օրվա ուտելիք գնել, հետո կամաց-կամաց ավելի ու ավելի մարդաշատ վայրերում հայտնվել: Միջին մարդաշատության «Թագ և բարձը», ենթադրում եմ, նոր կենսակերպի տաս-տասնհինգերերդ օրվա շնորհիվ էր ընդունել ճանաչված հյուրին, որն ինքն իրեն խոստացել էր չփախչել այդտեղից մինչև սուրճի ավարտվելն ու հիմա հազիվ էր դիմանում այն մեկ կումով կուլ տալու գայթակղությանը՝ ձեռքի հետ ընթերցելով թերթեր, որոնցում ինքը երբեք չէր տպագրվում: «Տաղանդը չնկատելու անզգուշություն թույլ տված»: Ինչպիսի երևակայություն է պետք ունենալ, Ֆասսբենդերի տաղանդը նկատելու համար: Այդ տրամաբանությամբ նա կարող էր և հավատացյալ լինել:

Հիշում եմ, թե ինչպես էր երկար ժամանակ գիշերները բարձրաձայն աղոթում, ու որ աղոթքներն այդ համընկնում էին Ջորջի (այն ժամանակ նա դեռ Ջորջ էլ չէր, սովորական Գևորգ էր, ու Մեթն ամեն ինչ անում էր նրա անունն հենց այդպես արտասանելու համար) գիշերային հերթապահության հետ: Գրողը տանի, կար ժամանակ, երբ Ջորջը, սովորական մարդկանց պես, հերթապահել գիտեր, ընդ որում՝ ոչ իր այժմյան ճոխ գրասենյակում, որտեղ հերթապահել էլ չէ՝ հանգիստ կարելի է ապրել ու որևէ պակաս չզգալ: Մի խոսքով, նախկինում Ջորջն հերթապահում էր ու ես, օգտվելով առիթից, կարողանում էի նրանց անկողնում քնել: Մեթը շատ էր խոսում, երբ կողքին մարդ կար ու, հարցերով ձգձգելով զրույցը, հնարավոր էր արթուն մնալ մինչև կեսգիշեր (իմ քնելու ժամը տասն էր): Ցանկացած երեխայի պես, ես էլ երազում էի սկսել ուշ քնել ու Մեթը փոքր-ինչ մոտեցնում էր այդ պահը: Ինքն այդ ժամանակ երազում էր այլ, իմ երազանքներից խիստ տարբեր բաների մասին: Մի գիշեր կոլա էր ուզում, մի գիշեր նոր բաժակներ, մի գիշեր ինչ-որ գիրք, կամ միրգ, կամ սեղանի խաղ: Միշտ էլ այդ ամենը գնելու գումար ունեինք, սակայն Մեթն ընտրում էր այն, ինչ հենց այդ օրը չկար, աղոթում էր Աստծուն, խնդրում, որ առավոտյան արդեն իր ցանկությունը կատարված լինի, գովում էր նրան, ամեն կերպ փորձում շոյել ինքնասիրությունն, ապա նոր քնում: Հետո՝ բարձրաձայն աղոթքին հաջորդած ամեն առավոտ, վեր էր կենում, ստուգում կողապահարանը, կամ սառնարանը, կամ տան մյուս բոլոր անկյունները, որտեղ Աստված կարող էր դնել այն, ինչ իրենից խնդրել էին: Ես նրա ետևից էի գնում, հետաքրքրությամբ ինքս էլ զննում տան ամեն ծակ ու ծուկ, նրա հետ միասին հիասթափվում, ապա, ինչպես և նա, խոսք տալիս, որ հույսս չեմ կտրի ու հաջորդ առավոտ նույնպես կսպասեմ հրաշքին: Հետո Մեթը ծանր ընկնում էր բազկաթոռին, սեղանից վերցնում դրամապանակն ու խնդրում ինձ վազել մոտակա խանութ՝ չստացած նվերը գնելու: Ու ես թաքուն ատում էի Աստծուն, որ ստիպված եմ նրա գործն անել: Հիմա էլ ատում եմ՝ կամ որովհետև միշտ ատել եմ, կամ որովհետև չեմ հաշտվում նրա չեղած գոյությանն հավատացողների պարզամտության հետ: Մեթը սովորեցնում էր հանդուրժող լինել, բայց այդ մարդկանց ես այդպես էլ չսովորեցի հանդուրժել: Հիմարությունն անհանդուրժելի է, ինչպես Ֆասսբենդերին տաղանդավոր անվանելը: Նստեցի «Թագ և բարձից» ոչ հեռու գտնվող կանգառի նստարանին ու աչքի տակով սրճարանի կողմ նայեցի: Նա դեռ երևում էր: Նիհարե՞լ էր: Գունատ էլ էր: Ու այդ հիմար բանդանան գլխին: Երկնագույնները սիրում են բանդանաներ, ու բութսեր, ու նեղ ջինսեր, ու բառերով կամ մարդկանց դեմքերով նկարազարդված վերնաշապիկներ, որոնք հազիվ են տաբատին հասնում, ու պայուսակներ, ու ցանցառ մազեր, ու նախընտրում են մասնակի ճաղատության դեպքում ամբողջովին ճաղատանալ, ու քառասուն տարեկանում հագնվում են այնպես, ինչպես հագնվում էին քսանում, ու կարծում են, որ այդ ամենը նկատողները կարծրատիպերով են առաջնորդվում: Մեթին այդ ամենից միայն բանդանաներ կապելը բնորոշ չէր՝ ատում էր դրանք: Սրճարանում կամ Մեթը չէր, կամ Մեթն էր, որը ձևացնում էր, թե Մեթը չէ: Նիհար էր, գունատ էր, բանդանայով: Կարծրատիպ չէ, որ այդպիսին լինում են քաղցկեղով ապրողները: Ֆասսբենդերին տաղանդավոր համարելը բավարար պատճառ չէր, որ նրա մահը ցանկանայի: Ես ուզում էի, որ նա ապրեր մեզանից հեռու ինչ-որ տեղ, ես ուզում էի, որ այլևս չխառնվեր մեր կյանքին, աչքներիս չերևար ու թույլ տար, որ նորմալ ընտանիք լինեինք՝ միլիոնավոր մյուս ընտանիքների պես, բայց նրա մահվան մասին երբեք չէի մտածել, չէի էլ պատկերացրել, որ դա կարող է տեղի ունենալ առանց հարցերը լուծելու ժամանակ տալու՝ թողնելով նրան հնացած ու սենտիմենտալ ձևակերպմամբ մի վայրում, որն ինքը սիրում էր ծաղրել՝ բոլորիս սրտերի մեջ: «Հիշողությունը դրախտ է իրենց խելացի համարող մարդկանց համար, ովքեր անհաջողակ են կյանքում: Ամենածանր պահին, հավատացյալի պես՝ այդ դրախտով սփոփվելով, նրանք կրկնում են, թե հիշվելն ամենից առավել են կարևորում՝ այդպիսով մեղմելով իրենց խռովությունն աշխարհից», ասում էր ու հավելում, որ հաջողակ է, երջանիկ, ու հիշողությունն հաճույքով կզիջի դժբախտներին: Իսկ այսպե՞ս՝ առանց ոչինչ ասելու մեռնելու դեպքում… Արդյո՞ք կիսատ չի մնա Մեթ Սամմերը, արդյո՞ք մահվանից առաջ չի մտածի մեր ու մեր հիշողության մասին:

Կորավ: Հերիք էր մի քանի րոպե մտքերով տարվեի ու այլևս սրճարանում չէր: Թե ինչու՝ չգիտեմ, բայց վեր կացա ու սրճարանի կողմ գնացի, ընթացքում փորձելով գուշակել, թե այդտեղից դուրս գալիս՝ որ կողմ կարող էր շարժվել: Ֆեյրվյուն մեծ քաղաք չէ, բայց բավականաչափ փոքր էլ չէ՝ հնարավոր բոլոր փողոցները կտրելու համար: Մեթ Սամմերի դեպքում հնարավոր փողոցներ էին միայն նրանք, որոնք անաղմուկ էին ու քաղաքի կենտրոնական մասից այնքան հեռու, որքան հեռու հնարավոր է գնալ ու չհանդիպել մարդկանց խմբեր, որոնք սիրում են հավաքվել փողոցներում կամ բակերում: Անկախ ինձ ճիշտ դաստիրակելու համար արված նրա ճիգերից, դեռ մանկուց հասցրել էի նկատել Մեթի վախն այդ խմբերից ու ուժը, որ գործադրում էր իմ ներկայությամբ դա թաքցնելու համար՝ ժպտալով ու բարևելով հարևաններին, զրույցի բռնվելով վաճառողուհիների, կամ ուսուցչուհիների, կամ մատուցողուհիների հետ (թեկուզ, ի՞նչ կլիներ, եթե չլինեին այդ «ուհիները»), ձևացնելով, թե ուրախ է փողոցում իրեն ճանաչած ընթերցողուհուն (վերջինս, ըստ Մեթի կազմած հավաքական կերպարի, ուներ չորս տառից բաղկացած փաղաքշական անուն, (վատագույն դեպքում՝ չորս տառից էր բաղկացած նրա իրական անունը), կարդում էր միայն այն ամսագիրը, որի շնորհիվ ճանաչել էր կինոխորագրի հեղինակին ու անկեղծ հավատում էր, թե «ես ձեր ընթերցողուհին եմ» նախադասությանն անպայման հաջորդելու է բնազդային «շնորհակալությունը», որից առաջ երբեք չեն հարցնելու, թե կարդացածի քանի տոկոսն է հասկացվել): Ու Մեթը կաշվից դուրս էր գալիս՝ ինձ սոցիալապես ընդունելի պահվածքի օրինակներ ցուցադրելով, միևնույն ժամանակ չզգալով, որ նկատում ու ատում եմ իր այդ անձնազոհությունը, ինչպես և բոլոր այն մարդկանց, ում հանդեպ սիրալիր է ձևանում, ինչպես և բոլոր այն մարդկանց, ում հանդեպ սիրալիր պիտի ձևանայի ինքս, այն դեպքում, երբ այլոք իմ հանդեպ սիրալիր ձևանալու ջանքեր առանձնապես չէին գործադրում:

Պատմեցի մի օր, որ փողոցում հետս չեն խաղում ու որ հարևանի՝ ինձանից վեց տարի ու հիթսուն ֆունտ մեծ, դժվարանում եմ արտասանել այդ բառը, բայց երեխան, իր օրակարգի մեջ ինձ ամեն երեկո՝ անմիջապես փողոց դուրս գալուց հետո, ծեծելու կետ է մտցրել: Մեթի օգնությանն, իհարկե, չէի սպասում, ու կանխատեսել էի միայն մի քանի ծամծմած խրատ, բայց նաև թաքուն հույս ունեի, որ այդ մասին Ջորջին կպատմեր (ինքս երբեք հորս նման բան չէի ասի), վերջինս էլ՝ լինելով ըմբշամարտը բիզնեսով փոխարինած կիսատ-պռատ սպորտսմեն, կիրակի՝ միակ օրը, երբ տանն է լինում, դուրս կգա ու բակից հեռու կգլորի որդուն անհանգստացնող ճարպագունդը:
– Մի օր միզիր տոպրակի մեջ, դուրս եկ փողոց, շպրտիր վրան ու փախիր տուն, — հայացքը «50 եղանակ ինչ-որ բան անելու համար» գրքից կտրելով՝ խորհուրդ տվեց Մեթն ու անցավ (ընթերցած ու չընթերցած էջերի հարաբերությունից կարելի էր ենթադրել) 30–35-րդ եղանակին:
– Ազնիվ քայլ չէ, — անազնվորեն ձևացրեցի, թե զարմացած չեմ նման խորհուրդից:
– Իսկ փոքրին խփելն ազնի՞վ է, Հայկ: Չհաշտվես՝ դիկտատորներն հենց հաշտության ծնունդ են: Շպրտիր տոպրակն ու փախիր, թող բոլորն իմանան, որ նրա հետ նույնպես կարելի է այդպես վարվել: Քեզանից հետո, գուցե, կգտնվի իր քաշի մեկը, ով քեզ պես կվարվի: Ու վաղը կկարողանաս հանգիստ իջնել բակ, փոքրս:
Բարկացած էր Չավեսի վրա, չէր ներում «Վենեվիժնը» լավագույն սերիալի կեսից փակելը, այդ պատճառով, գուցե, Ճարպագնդին նրա հետ համեմատեց: Ու ես, կրկին Մեթի շուրթերից, ճանաչեցի աշխարհի երկրորդ դիկտատորին: Միզեցի այդ օրը տոպրակի մեջ ու նետեցի պատուհանից դուրս՝ պայթեց: Հաջորդ իսկ օրը մեկ այլ տոպրակ պայթեցրեցի ճանաչածս դիկտատորներից մեկի վրա: Փախա, վազելով այնքան արագ, որքան ուժ ունեի, կողպեցի հետևիցս տան դուռն ու վախից դողալով նստեցի հատակին:
– Մեթ, — բղավում էի միջանցքից, — Կուզե՞ս քեզ համար Չավեսին պայթեցնեմ, դրանից հեշտ բան չկա:
Այդ օրը, մի ձեռքով ինձ, մյուսով պոպկորնի թասը գրկած՝ «Մարվինի սենյակի»՝ կյանքումս արդեն չորրորդ դիտման ընթացքում, նա կիսվեց ինձ հետ աշխարհից էլ հին ճշմարտությամբ, այն մասին, որ ամեն ինչ, վաղ թե ուշ, անցնում է… եթե միայն համառորեն ջնջես:

Գուցե հենց այդ պատճառով մեր կյանքից այդպես էլ չէր անցնում Մեթ Սամմերը, ում մասին ինքս ինձ հիշեցնում էի հերթական «Ֆեյրվյու փոստի», կամ «Ֆեյրվյու թայմսի», կամ էլի ինչ-որ պարբերականի միջոցով, ու յուրաքանչյուր հոդվածի 4000–6000 նիշն հաղթահարելու հետ մեկտեղ վերապրում էի Մեթին խորհրդանշող դրվագների շարունակ կրկնվող շարքը՝ ոչինչ չանելով այդ կրկնողությունները դադարեցնելու համար: Նույնն էլ, համոզված եմ, ծերուկ Ջորջ Սեդրակյանն էր անում, երբ լռեցնում էր մեկ անցյալի, մեկ կինոյի, մեկ իր մասին այն խոսակցությունները, որոնք ծավալվելով Մեթ Սամմերին էին հասնելու, հիշեցնելու էին նրա մասին ու առանց բացատրության դադարեին, ասես նա չէր էլ եղել իմ մանկությունում: Երբեմն, երբ խճճվելով մտքերի մեջ, տարվելով, Ջորջն իր զրույցներում պատահմամբ հասնում էր կետին, ուր պիտի Մեթը լիներ, կետին, որից առաջ անցնելու համար անհրաժեշտ էր տալ այդ անունը, դժվարությամբ ու անհստակ արտասանում էր «նա» ու առաջ անցնում՝ իմանալով, որ մեզանից ոչ մեկ այդպես էլ չի վերծանի «նա»-ի տակ ծածկագրված Մեթին, որ, ինչպես և ինքը, ես էլ կխուսափեմ խոսել այդ մասին: Չէ՞ որ այդ ե՛ս վռնդեցի նրան: Ե՛ս, ամենայն հավանականությամբ, պիտի ամաչեի, ե՛ս պիտի խուսափեի խոսել այդ մասին: Կամ, գուցե, ամաչում էր ինքը՝ խաբելով իրեն այն մտքով, թե փոքր էի ու արդեն չեմ հիշում անցյալը, չեմ հիշում, թե ինչու էր մեզ հետ ապրում Մեթը, չեմ հիշում, թե ինչպիսին է ինքն ու այլևս չեմ մտածում մորս կամ իր՝ Մեթին հաջորդած միայնության մասին: Նա չէր սխալվի: Ես, համենայն դեպս, ձևացնում էի, թե չեմ հիշում: Մեթ Սամմերի հետ մեր կյանքից հեռացել էին նաև խոսքերը՝ իրենց հետևից ինձ թողնելով դատարկության մի ամբողջ մանկություն ու սուտ-հավատը, թե այդ դատարկության փոխարեն երբեք էլ ոչինչ չի եղել:

Ու՞ր կորավ Մեթը: Ես անցա առաջին փողոց, հետո երկրորդ, հետո երրորդ, չորրորդ: Ո՞ր կողմ թեքվեց: Քայլում էի՝ պատկերացնելով, թե Մեթն եմ՝ ընտրելով այն փողոցները, որոնք ոչ խուլ են, ոչ մարդաշատ, շարժվելով գրախանութների ու խոհանոցային պարագաներ վաճառող խանութների ուղղությամբ, գերադասելով ստվերոտ կողմերն արևոտներից: Ես մտովի գծում էի քաղաքի այն քարտեզը, որը միայն Մեթը կարող էր գծել: Նա հեռացավ, ավելի հեռացավ, հեռացավ ավելի: Վստահ չէի, որ աչքի տակ ու թաքուն նայելով «Թագ ու բարձի» կողմ՝ կարողացել էի ճիշտ հիշել Մեթի հագուստը: Ինձ թվաց, թե դիմացի փողոցի սկավառակների խանութից դուրս գալով դեպի խաչմերուկ շարժվող մարդն հենց ինքն էր՝ համենայն դեպս, նույնն էին հագուստի այն տարրերը, որոնք հասցրել էի նկատել ու հիշել: Հեռու էր ու գնալով ավելի էր հեռանում, փոքրանում, աչքի համար աստիճանաբար անհասանելի դառնալով, ինչպես ինը տարի առաջ, երբ լքում էր ինձ ու Ջորջին: Հեռանալը վերսկսել է: Ու էական չէ, թե ով է հեռանում՝ դու կամ մեկ ուրիշը։

Նա անկողնուն դրեց ճամպրուկներն ու սկսեց հավաքել իրերը: Առաջին դարակը, երկրորդ դարակը, կողապահարանը, լոգարանի դարակներից մեկը, մի քանի փոքրիկ իր՝ հյուրասենյակից: Ապա մի կողմ դրեց ճապրուկներն՝ ունեցած-չունեցածը մի կտորե պայուսակի մեջ տեղավորելով: Զարմանալի է, որ չէր հասցրել դեն նետել ճամպրուկները: Մեծ ու տգեղ ճամպրուկները, որոնք հիշեցնում էին այն մասին, որ գոյություն ունեն դեռ դարեսկզբից՝ փայլուն կարմրամանուշակագույնն ու կաշվե սևը: Ասես երեկ լիներ դրանք դատարկելու օրը: «Նախկինում ես շատ էի ճամփորդում, — բացատրեց Մեթը, — Հիմա՝ չէ: Լավ է այնտեղ, ուր մենք կանք»: Պուերտո Ռիկո էր գնում` տատիկի մոտ, կամ Պերու, կամ Պորտուգալիա` ես արդեն չեմ հիշում: «Պ» տառով սկսվող վայր էր, ուր շենքերը կլոր են, երկհարկանի ու ներսի կողմից բակ ունեն, որտեղ կանայք լվացք են անում, իսկ երեխաները խանգարում են նրանց: Գնում էր այն ժամանակ, երբ երեխաներն արդեն չկային ու կլոր շենքերում միայն ծերեր էին ապրում: Նախկինում մոր հետ էր գնում, հետո՝ մենակ: Գնում էր մեռած տատին տեսնելու: Գնում էր Նյու Ջերսի, դա ես չեմ մոռանա: Այնտեղ էր, երբ արդեն երեխա չէր, դեռ չէր համարվում երիտասարդ, բայց արդեն ինքնուրույն էր: Ապրում էր Մարիա Կալլասի հետ՝ մի երգչուհու: Հետո ես կարդացի, որ նա այդ ժամանակ նույնպես մեռած էր: Մարիան երաժշտություն էր գրում, Մեթը՝ խոսքեր: «Սուր և եղջյուր» գարեջրատան բազմաթիվ լուսանկարներ էին պահպանվել, որտեղ իրենց համատեղ երգերը երեկոյան կատարում էր Մարիան: Մեթը սիրում էր վերադառնալ Ջերսի, լինել «Սուր և եղջյուրում»: Սիրում էր Բեվերլիում լինել, զբոսնել, հանդիպել ու զրուցել նրանց հետ, ում մասին գրում է: Լուսանկարներ ուներ Բեթ Միդլերի, Բարբրա Սթրեյզանդի, Վուփի Գոլդբերգի ու էլի շատերի հետ, որոնց հետ, ըստ իրեն, իզուր էր լուսանկարվել, բայց շարունակում էր ճամփորդությունների ընթացքում հանդիպել:
Մի օր նա պատռեց լուսանկարները, դեն նետեց հասցեների գիրքը, բջջայինից մաքրեց հեռախոսահամարները, որոնց վաղուց չէր զանգահարել, դատարկեց երկու ճամպրուկը, պահարաններն ու դարակները:

Ջորջի բացակայության ընթացքում երկուսով հագուստ էինք կրում եկեղեցի: Ես փոքր տոպրակով, Մեթը՝ մեծ:
– Ինչու ենք սա եկեղեցի տանում, — հարցրեցի ես, — Դու չես սիրում եկեղեցին:
– Որքան շատ շոր ունես, այնքան քիչ ես սիրում եկեղեցին, Հայկ: Այդ պատճառով էլ շորերը եկեղեցին սիրողներին ենք տանում:
Այնտեղ մեզ չէին հարցնում, սիրում ենք եկեղեցին, թե՝ ոչ: Հագուստն ընդունում էին ժպտալով ու շնորհակալություն հայտնելով: Այնտեղ էինք տանում նաև որոշ իրեր, որոնք պիտի վաճառվեին աճուրդում: Ջորջը երբեք չէր նկատում դրանց բացակայությունը: «Անճաշակություններ», որոնք զարդարում էին բնակարանը, սպասք ու խաղալիքներ, որոնք վերջին ամիսներին դուրս չէին եկել իրենց հատկացված սովորական ու փոշոտ անկյուններից, գրքեր, որոնք Մեթն արդեն կարդացել էր, Ջորջը երբեք չէր կարդա, իսկ ես՝ մեծանալով, «հնություն» կհամարեի: Հետո մեր տուն եկան ջինսեր հագած չորս հոգևորական (չգիտեի, որ սովորական հագուստ էլ ունեն)՝ հսկայական մեքենայով, վերցրեցին նկուղում դրված կլոր հայելին, լրացուցիչ մահճակալը, որոշ սպորտային պարագաներ, որոնք նկուղին էին բաժին հասել հորս անցյալից, և հեռացան՝ զգուշացնելով, որ Աստված մեզ հետ է ու տեսնում է այդ ամենը: Ես ավելի շատ Ջորջից էի վախենում, քան Աստծուց, սակայն նա այդպես էլ ոչինչ չնկատեց: Մեթն ամեն ինչ դեն էր նետել, որ մնար: Այլևս ոչ մի վայրկյան չէր հեռանալու մեզանից, ոչ մի վայրկյան չէր ճամփորդելու:
Տարօրինակ է, որ չէր հասցրել ազատվել ճամպրուկներից: Կարծում էի՝ որ կասկածում է, թե կարող է մի օր ետ կանգնել իր որոշումից: Նա գնաց ու թողեց ճամպրուկները: Դրանք դեռ իրենց տեղում են ու այժմ ես եմ ճամփորդում դրանցով, գուցե նաև Ջորջը, երբ ինչ-որ բան փնտրելիս՝ պատահմամբ տեսնում ենք: Վերադառնում ենք այն միակ տունը, որտեղ ընտանիք ունեինք, վերադարձնում ենք Մեթին ու ջնջում այն տեսարանը, երբ կտորե տոպրակի մեջ հավաքած սակավաթիվ իրերով, ոտքով հեռանում էր, քիչ-քիչ անհետանում: Երբ Ջորջը պատուհանից էր հետևում, իսկ ես բակ էի վազել՝ ներողություն խնդրելու ու ետ կանչելու համար: Նա հեռանում էր, փոքրանում՝ քիչ-քիչ անհասանելի դառնալով աչքի համար:

Ես վազեցի: Չգիտեմ ինչու, ամբողջ ուժով վազեցի խաչմերուկի կողմ: Գուցե չցանկանալով այս անգամ ևս բաց թողնել նրան: Ես վազեցի՝ չզգալով ոտքերս, մանկությունից հետո առաջին անգամ վազեցի, վազեցի՝ հասկանալով, թե որքան կարևոր է վազելը: Ու Մեթը քիչ-քիչ մեծացավ: Քիչ-քիչ ապացուցեց իր՝ Մեթը լինելը, քիչ-քիչ հասանելի դարձավ աչքի համար: Այդ նա էր: Սխալ չէի գուշակել փողոցները, սխալ չէի քայլել: Այդ նա էր: Մինչ այդ, առանց ինքս ինձ հաշիվ տալու վազելուց հետո, ես կանգ առա՝ չհասկանալով, թե ինչու էի վազում: Մեթին չէր կարելի հասնել: Նա պիտի առջևում մնար: Նստեց տաքսի ու ես, ինչպես հազար անգամ արդեն ֆիլմերում ու սերիալներում էի տեսել, նույնպես տաքսի նստեցի՝ վարորդին կարգադրելով հետևել դիմացի մեքենային: Գլուխս կախել էի ու չէի նայում մեքենայի կողմ՝ վախենալով, որ հայելու մեջ կտեսնի իրեն հետևող տաքսին, տաքսու մեջ՝ ինձ: Կճանաչի, թե՞ չէ: Ինը տարի է անցել, իսկ իմ տարիքում մարդիկ դեռ արագ են փոխվում, իմ տարիքում մարդիկ դեռ անճանաչելի դառնալու հնարավորություն ունեն, ի տարբերություն Մեթի՝ իսկապես փախչելու, ամեն ինչ նորից սկսելու հնարավորություն:

Նա տուն էր շարժվում, կամ հյուր էր գնում, կամ հերթական, ոչ իր առջև փակ ցուցադրմանը, կամ աշխատանքի, եթե վերջապես որոշել է ունենալ այդպիսին: Իսկ ես Մեթն էի: Մեթն էի, քանի որ Մեթն առաջինն էր, ով ինչ-որ մեկին հետևում էր իրական կյանքում: Դա տասը, կամ տասնմեկ… Տասներկու՞: Գուցե անգամ տասներկու տարի առաջ էր, ու ես հիանալի հիշողություն ունեմ: Կամ, ինպես այժմ, սուրբծննդյան տոներից առաջ էր, կամ պարզապես ձյուն էր տեղացել ու ես, ձյունն ավելի հաճախ տոների մասին պատմող ֆիլմերում տեսած լինելով, հետագայում վերհիշելով այդ օրը, կարծել եմ, թե տոներ էին։ Առջևի նստարանին նստելու համար դեռ բավարար հեղինակություն չունեի՝ այնտեղ Մեթն էր: Հետաքրքիր է, եթե դեռ միասին լինեինք, ու՞մ էր բաժին հասնելու այդ նստարանը, ինչպիսի՞ն կլինեի ես նրա աչքերում այժմ՝ իրենից ուժեղ, թե դեռ երեխա (իսկ Մեթն իրենից ուժեղ էր համարում բոլոր նրանց, ովքեր երեխա կամ կին չէին), առաջ կթողնե՞ր ինձ:
Մատներով «նվագում» էր դռան վրա՝ նյարդայնացնելով թե ինձ, թե, համոզված եմ, վարորդին, որին, ի տարբերություն ինձ, վճարում էին նյարդայնությունը թաքցնելու համար: Ես բարկանում էի: Ստիպված էի ուղեկցել Մեթին ու իր խանդը Ջորջի հանդեպ՝ տանը մենակ մնալու տարիքին հասած չլինելու պաճառով, ատամներով սեղմել անհանգստությունս ու մտքի մեջ գուշակել, թե ինչ կարող է պատահել, ինչով է բացատրվում Մեթի անսովոր պահվածքը՝ չիմանալով, թե ինչպես պիտի պահեմ ինձ իրադրությունում, որը մինչ այդ պահն անծանոթ էր: Հազիվ զսպում էի արցունքներս և, գուցե կյանքում առաջին անգամ, Մեթի կողմից անուշադրության մատնված լինելով՝ խռոված թեքել էի գլուխս ու մտքում մեկնաբանում էի այն ամենն, ինչ տեսնում էի պատուհանից: Հագուստի խանութ, ծամոնի հսկայական գովազդ, վազող տող, կարմիր մազերով կին, կանգառ, գեր երեխա, թխվածք, հեծանիվ, հագուստի խանութ, հագուստի խանութ, բանկ, Ջազզ Ֆա՛յթերը, այգի… Ջազզ Ֆա՞յթերը: Մայթին կանգնած հսկայական Ջազզ Ֆա՛յթերը: Թեքեցի գլուխս այնքան, քանի դեռ հնարավոր էր տեսնել նրան, հետո շուռ եկա, չոքեցի նստարանին ու սկսեցի ետևի պատուհանից նայել: Համարյա իրական Ջազզ Ֆա՛յթերը: «Ի՞նչ ես անում, Հայկ», «Նոր խաղալիքը տեսավ, իմոնք գլուխս տարան գովազդների պատճառով: Չորս, թե հինգ հատ ունեն դրանցից, բայց այս մեկն ուրիշ է: Գովազդներում ամեն ինչ էլ ուրիշ է»: Մեթը կանգնեցրեց մեքենան, գրկեց ինձ ու վազեց այգու միջով դեպի Ջազզ Ֆա՛յթերը: Ո՞վ գիտե, խաղալիքները գուցե վերջանային, իսկ տաքսու վարորդի երեխաները դրանցից չորս, թե հինգ հատ ունեին: Քսան դոլար վճարեց ու ամբողջ գիշեր լացեց սենյակում: Հետո ես հասկացա, որ խաղալիքն այդ Մեթի վրա շատ ավելի թանկ նստեց:
Հագուստի խանութ, ծամոնի հսկայական գովազդ, վազող տող, կարմիր մազերով կին, կանգառ, գեր երեխա, թխվածք… Միակ կետը, որին հասնելու մասին մտածում էի այժմ, Մեթն էր: Ու ես, ակամա, մատներով «նվագում» էի դռան վրա՝ որպես անցած տարիների հետևանք՝ հասկանալով, թե ինչու է դա տեղի ունենում:

Ահա շենքերից ու աղմուկից հեռու թաղամասը՝ հարուստների ու աղքատների արանքում մոլորված մարդկանց համար, որի նմանի մասին երազում էր Մեթը՝ դրա պատկերով նկարագրելով իր հոգու գաղտնարանը՝ երևակայական վայր, որը տարիների ընթացքում կառուցել ու կահավորել էր, վայր, ուր այցելում էր մտավարժանքների ժամանակ: Փակում աչքերը, պատկերացնում վաղուց արդեն մանրամասն գծագրած բակը, տունը, սենյակը, անկյունները, որոնք ամենից շատ էր սիրում՝ մեկում նստում էր գրասեղանի առաջ ու մտածում հերթական հոդվածի մասին, մյուսում՝ տան փոքրիկ կինոթատրոնում, կատարյալ լռության մեջ վայելում էր ոչ միայն ֆիլմն, այլև ամեն տեսակ dolby digital surround-ները, 3d-ներն ու մնացած ամենն, ինչ հնարավոր էր կինոթատրոնից տուն «բերել», մեկ այլ երևակայական անկյունում խմում էր իրական թեյը՝ կաթով, ինչպես բրիտանացիները: Դժվար է ասել, ա՛յս տունն էր պատկերացնում Մեթը, թե՝ ոչ, բայց այն պիտի որ շատ նման լիներ այս տանը: Այն իրական ծաղկանոց ուներ («Սիզամարգն ալարկոտության նշան է», — ասում էր), նստարաններ ուներ ծաղկանոցում, սալիկներից շարած ճամփաներ: Պատկերացրի, թե ինչպես է ինքնուրույն հատ-հատ տեղադրում սալիկները, նախ թղթի վրա նկարում ծաղկանոցը, հետո ներկում տարբեր գույներով, ապա սերմեր գնում և միևնույն գույներով լցնում բակը, ինչպես է, բանվորների ներկայությունից խուսափելով, ասում, թե նստարանը կարող են դնել ծաղկանոցի ցանկացած անկյունում, իսկ նրանց հեռանալուց հետո միայնակ քարշ տալիս այն սանտիմետրերի ճշգրտությամբ իր որոշած տեղը: Նստարանից քիչ հեռու, համարյա տան հակառակ կողմում, բարձր թփերով պարսպված անկյունում բարբեքյուի սարքն է ու հարթ սիզամարգով պատված փոքրիկ տարածք՝ հավանաբար, առանց տանից հեռու գնալու պիկնիկ կազմակերպելու համար: Հետաքրքիր է, միայնա՞կ է ճաշում այնտեղ, թե ինչ-որ տեղ տանը նստած են մարդիկ, ովքեր փոխարինելու են եկել ինձ ու Ջորջին: Թվաց, թե նորից խանդեցի Մեթին: Ես նրան միշտ էի խանդում: Անգամ այն օրը, երբ ծիծաղեցին վրաս, երբ ծեծեցին, երբ քշեցին խաղահրապարակից՝ մոր փոխարեն Մեթին ունենալու պատճառով, ու սպառնացի Ջորջին, թե կսպանեմ ինձ, եթե Մեթը շարունակի ապրել մեզ հետ՝ ասես ինչ-որ տեղ իմ խորքում խոսում էր խանդը, առավել Մեթին ու Ջորջին բաժանելու ցանկությունը, քան պատահածի ցավը, քան իրականության անընդունելի լինելը: Ուզում էի նրա անկողնում քնել, անգամ երբ Ջորջը տանն էր, ուզում էի, որ ինձ էլ թաքուն ինչ-որ բան պատմեր, ինձ հետ էլ առանձնանար սենյակում ու դրսում թողներ Ջորջին, ինձ էլ հետևեր այնպես, ինչպես Ջորջին էր հետևում՝ հիվանդագին, ինձ համար էլ լացեր: Զգում էի, որ Ջորջը նախ իմն է, հետո՝ Մեթինը: Իսկ Մեթը նախ Ջորջինն էր: Չէի հաշտվում այն մտքի հետ, որ նա՛ էլ նախ իմը չէ: Գուցե բակում պատահածն ընդամենը պատճառ էր ներսումս պահած անհամաձայնությունը դուրս թափելու, սիրելիի հանդեպ կուտակած ատելությունից ազատվելու համար: Մեթից հետո խաղաղ էր: Նա հորս ընկերն էր, ով օգնում էր խնամել ինձ, քանզի մայրս ծննդաբերելիս մահացել էր, իսկ Ջորջը չափազանց շատ էր աշխատում ու ժամանակ չուներ, հորս ընկերն էր, ով գործի բերմամբ հեռացավ մեզանից: Մայրս էլ հորական տատիս երիտասարդ ժամանակվա լուսանկարն էր, որը Ջորջից թաքուն հանել էի պահարանից ու տետրերիս մեջ էի պահում՝ իբր պատահմամբ ցուցադրելով դասարանցիներիս ու առաջացնելով նրանց խղճահարությունը: Մեթը գնաց՝ տանելով իր հետ ոչ միայն ինձ այլոց կողմից պատճառած ցավը, այլև խանդն իր հանդեպ, ասես այն՝ իրեն Ջորջի հանդեպ խանդելու հետևանք էր՝ ոչ կնոջ, ոչ տղամարդու, ոչ երեխայի, ոչ ամբոխի, ոչ նրանց, ում հետ այժմ է, այլ հենց Ջորջի ու միայն Ջորջի հանդեպ: Սակայն այժմ, երբ իր երազած պատերի իրականացման ներսն անհայտ էր ինձ, խանդն ասես վերադառնում էր իր լքած տեղը: Այն, գուցե, անհամատեղելի էր հեռավորության հետ ու այժմ, երբ կրկին այսքան մոտիկ եմ Մեթին, իրեն զգացնել է տալիս:

Ներս մտավ ու ոչինչ չշարժվեց այդ տանը, ոչինչ չփոխվեց, Մեթի հետ այն նույնն էր, ինչ դատարկ՝ ոչ լույս, ոչ ձայն, ոչ շարժում` ասես ինչ-որ կախարդի կողմից լռության դատապարտված, անիծված: Հավանաբար, մտածեցի, Մեթի հետ այդ տանը միայն ու միայն քաղցկեղն է ապրում, ու լռեցնում է, ու մթացնում, ու անշարժեցնում ամեն ինչ, իրեն կրողին է տալիս վաղուց արդեն չհարդարվող անկողինը, որտեղ, քայլելուց ուժասպառ եղած, մինչև ընթրիք, կամ մինչև հաջորդ նախաճաշ պառկում է Մեթը, փորձում ոչինչ չզգալ, որպեսզի քնի ու ոչինչ չզգա առանց փորձելու:

Տաքսուց իջնելու վճռականություն գտա: Նաև մի քանի քայլ առաջ գնալու վճռականություն՝ ինձ ուժեղ զգալով անկողնում պառկած Մեթի պատկերի շնորհիվ` զրկելով նրան վեր կենալու, պատուհանին մոտենալու ունակությունից, ու ապահովագրելով ինձ նկատված լինելուց: Վարագույրը շարժվեց: Պատրաստ էի երդվել, որ վարագույրը շարժվեց: Չնայած այդ շարժմանը նախորդող ու հաջորդող անշարժությանը, չնայած լռությանը, որն այդպես էլ չխախտվեց, չնայած պատկերների անփոփոխ մնալուն, վարագույրը շարժվեց: Գուցե մեկ վայրկյան կամ անգամ այդ վայրկյանի մի հատված վարգույրը շարժվեց: Տեսա՞վ ինձ:
Դուրս եկավ: Սիրտս մի պահ կանգնեց։ Համոզված եմ, որ կանգնեց: Շունչս պահեցի ու, հանկարծակիի գալով, մի քանի վայրկյան քարացա, ապա ուշքի եկա, փորձեցի հաշվարկել, թե ուր կարելի է փախչել, որտեղ կարող եմ թաքնվել: Իսկ թաքնվելու տեղ չկար: Մեթ Սամմերը կանգնեց, նայեց իմ ուղղությամբ, նայեց, նայեց, նայեց, նայեց… Կամ գուցե նայեց ու անցավ առաջ․ ինձ այդ պահն հավերժություն թվաց, որն հազիվ հաղթահարեցի: Փոխել էր հագուստը՝ շորտով էր, անթև շապիկով ու հողաթափերով, չկար բանդանան, կային կարճ կտրած՝ հազիվ երևացող մազերն ու, երանի այդպես էլ լինի, չկար քաղցկեղը, որի բացակայությունն այդ պահին ուժասպառ արեց ինձ, հիասթափեցրեց գուցե, ու միայն րոպեներ անց ստիպեց փոշմանել զգացածիս համար։
– Բարի օր, Սամմեր, — ձեռքը կնոջ կոնքին դրած երիտասարդ տղամարդ, — Այսօր քո մուտքը մեր տուն արգելված է:
– Ես դրան պատրաստ էի, — ծիծաղեց:
– Կատակում է, — երիտասարդ կին, որի կոնքին դրված էր ձեռքը, — Ամեն ինչ ճիշտ էիր նկատել: Փակցնելու եմ հոդվածն հավաքածուիս առաջին էջում: Ֆասսբենդերի նկարն էլ կողապահարանիս եմ դնելու:
Ակամայից բացեցի ամսագիրն ու նայեցի հոդվածի էջին: Կինը նույնպես իմ կողմ նայեց, ապա զրուցակիցներին ինչ-որ բան ասաց, նորից երեքով շուռ եկան ու ինձ նայեցին:
– Բա՞ն է պատահել, — բղավեց տղամարդը:
Լռեցի:
– Դուք պատահմամբ մոլագա՞ր չեք, — հետաքրքրվեց կինը, — Կներեք, իհարկե, բայց մեր օրերում ինչ գիժ ասես չի պատահում: Ամուսինս էլ չի սիրում Ֆասսբանդերին, բայց նա ամսագիրը ձեռքին չի կանգնում հոդվածագրի տան մոտ:
Լռեցի:
– Պատասխանիր, գրողը տանի, — տղամարդ:
– Հիմա ոստիկանություն կզանգեմ, — կին:
Քանի՞ րոպե անցավ: Մի՞թե այս ընթացքում Մեթը չճանաչեց ինձ: Չի՞ հիշում, թե՞ ես եմ փոխվել:
– Ի՞նչ գիտես դու վախի մասին, բու-հու-հու, — կինը փորձեց հավասարակշռությունից հանել ինձ՝ ծաղրանմանակելով սարսափ ֆիլմի հերոսի, ով, չգիտես ինչու, աշխարհի լավագույն հեռուստաշոուից հատված է արտասանում:
– Ձմեռը մոտիկ է, — ծիծաղելով շարունակեց տղամարդը:
Մեթը ժպտաց: Հավանաբար երեքով են նայում ու Մեթը, ինչպես և իր հարևանուհին, երազում է գահը Դայներիսին «հանձնելու» մասին՝ խաբնվելով կերպարին, որին ուզում է նմանվել, իսկ երիտասարդ տղամարդը մտովի միևնույն օղակի ներսում է պատկերացնում կնոջն ու Մեթին՝ դառնալով ոչ թե այդ երկուսի, այլ նրանց ընկերության ընկերը, Մեթին էլ, ենթագիտակցաբար, վերաբերվելով ոչ ինչպես տղամարդու՝ տալով նրան, նախ և առաջ, կնոջ ընկերուհու դերը: Ոչ միայն Դայներիսի պատճառով։ Առհասարակ։

Չիմանալով ինչպես վարվել՝ ես կանգնած էի: Խուլ էի ու համր, նաև քիչ-քիչ տեսողությունս էի կորցնում ու մշուշի միջից հազիվ էի տեսնում Մեթի տան մոտից թևանցուկ հեռացող զույգին, որը քայլելու ընթացքում պարբերաբար ետ էր շրջվում, ինձ նայում՝ կամ համոզվելու համար, որ դեռ չեմ հարձակվել իրենց հարևանի վրա, կամ վրաս ծիծաղելու համար: Վախից տեսադաշտիցս դուրս էի վանել Մեթին, չէի նայում նրա կողմ, սպասում էի մինչև այն պահը, երբ կթարթեմ աչքերս, կտեսնեմ, որ չկա, հանգիստ շունչ կքաշեմ ու կհեռանամ այդտեղից: Չգիտեմ, թե ինչու չէի քայլում, ինչու պարզապես չշրջվեցի ու չհեռացա այն պահին, երբ երեքով ծիծաղում էին վրաս: Նրանց թվացել էր, թե «Ֆեյրվյու փոստի» գիժ ընթերցող եմ․ կարող էի գիժ ընթերցողի պես էլ վարվել ու ազատվել թմրեցումից, որին մատնվել էի պահի անհեթեթության պատճառով: Զգույշ փակեցի աչքերս: Կբացեմ ու Մեթն արդեն տանը կլինի: Էլ ոչ մի վայրկյան չեմ մնա այստեղ, կքայլեմ (ո՞վ կմտածեր, որ երբևէ այդքան դժվար կլինի քայլելը), կհեռանամ ու էլ չեմ գնի խայտառակությանս խորհրդանիշ դարձած «Ֆեյրվյու փոստը»՝ փոխարինելով թեկուզ անճաշակ «Եսթըդեյ թայմսով», էլ չեմ հիշի Մեթ Սամմերին, ով արդեն չէր հիշում ինձ (մի՞թե այդքան փոխվել էի), ճամպրուկներից էլ կազատվեմ, եթե հաջողվի՝ նաև հիշողություններից: Միայն թե կարողանամ բացել աչքերս ու այլևս չմտածել Մեթի մասին, կարողանամ վերջ տալ այս, ի սկզբանե անհեթեթ, լրտեսությանը: Երեք, երկու, մեկ: Այլևս առանց Մեթի: Բաց արեցի աչքերս: Չկար:
Բաց էր թողել տան դուռը՝ դավաճանելով հին Մեթին, որին փակ դռներ էին դուր գալիս: Բաց էր թողել ու ներս էր թողնում օդն ու հոտը, միջատներին ու փոշին, ձայնն ու նրանց, ովքեր ներս մտնելու ցանկություն կունենային: Բաց էր թողել՝ ասես քանդելով յուրաքանչյուրիս աշխարհը սահմանափակող չորս պատերից մեկը, ասես ակնարկելով, որ տունն իր չի վերջանում այդ դռնով, որ այն դուրս է գալիս պարտեզ, հետո բակ, հետո փողոցով մեկ ցրվում դեպի իր պես կամ իրեն ոչ այնքան նման մարդկանց տներ, խառնվում այդ տների հետ ու միասին լցվում քաղաք, նահանգ, երկիր, աշխարհ: Բաց էր թողել ու այլևս անջատ չէր, այլևս առանձին չէր: Բաց էր թողել ու մի բան փոխել էր տիեզերքում՝ պատահական անցորդներին, քամին, ինձ: Սպասում էի, որ հեռանար, բայց հեռանա՞լ է արդյոք որևէ պատնեշի ետևում չլինելը: Կա՞ տարբերություն՝ ես իր բակ-տանն եմ, իր պարտեզ-տանը, թե իր պատեր-տան ներսում: Ես չէի ցանկանում ներս մտնել, իսկ նա դուրս էր թողել տունը:
– Թեյը պատրաստ է, Հայկ, — ներս կանչեց (չարտաշնչեցի՝ վախից զգալով սրտիս զարկերը բոլոր անոթներումս, բաբախելով ամբողջ մարմնով), — Հա՜յկ, — երկար կամ ոչ այնքան երկար (չզգացի ժամանակը) լռությունիցս հետո նորից բղավեց, — Տուն արի, կսառչի:

Ի՞նչ ասեմ: Մտնելուց առաջ դեն նետե՞մ «Ֆեյրվյու փոստը», թե՝ ոչ: Ինչպե՞ս դիմեմ: Առաջվա պե՞ս խոսեմ հետը, թե այնպես, ինչպես օտարներն են խոսում: Կհիշի՞ արդյոք այն օրը: Ինչպե՞ս պիտի բացատրեմ դա: Ի՞նչ ասեմ Ջորջի մասին: Կհարցնի՞ որ: Պատահակա՞ն էի այս կողմերում, թե իր ետևից էի եկել: Կասեմ՝ պարզապես անցնում էի: Բա՞ «Ֆեյրվյու փոստը»: Համընկավ: Հետո տեսա իրեն, ճանաչեցի: Իհարկե, գուցե չճանաչեի, քանի որ սովորական պայմաններում իր մասին չեմ մտածում: Կնեղացնե՞մ: Իսկ ո՞վ է միանգամից ամեն բանի մասին մտածում: Բնական է, որ իր մասին չպիտի մտածեի: Հիշում էի իրեն, իհարկե, երբեմն-երբեմն: Օրինակ՝ ծննդյան օրը: Ե՞րբ էր: Մայիսի տասներեքի՞ն: Հա՝ մայիսի տասներեքին: Այդ օրն էլ էի հիշում, էլի մի քանի օրեր: Նաև, երբ պատահմամբ իրերից մեկն էի գտնում կամ տեսնում լուսանկարը թերթում: Իհարկե: Այդտեղ էլ պետք կգա «Ֆեյրվյու փոստը»: Չէի նկատի իրեն, եթե ամսագրում անունը կարդացած չլինեի: Ու, ահա, ծիծաղելի հոդվածն ընթերցելուց հետո, գործի բերմամբ քայլում էի այդ փողոցով ու պատահմամբ տեսա նրան՝ տնից դուրս գալիս: Փոխվել է ու չէի ճանաչի, եթե րոպեներ առաջ իր մասին մտածած չլինեի: Զուգադիպությունն ապշեցրեց ինձ, նման բան հաճախ չի պատահում: Այդ պատճառով էլ աչքերս չռած կանգնել էի ու թույլ էի տալիս, որ ծաղրեն ինձ: Այդքան բան:

Ծիծաղեց: Երջանիկ անվանեց զուգադիպությունը: Հրավիրեց ինձ նստել պատուհանի մոտ դրված սեղանի շուրջ, հայացքով դեպի պատուհանագոգին դրված Դայներիս Տարգարիենի լուսանկարը, որի համար չէր ալարել ֆոնի գույնին համապատասխան շրջանակ գտնել: Քմծիծաղ տվեցի՝ այդ կնոջ հանդեպ վերաբերմունքս առանց խոսքերի ցույց տալով: «Այդպես չնայես, Լանիստերների երկրպագու», չգիտեմ, թե ինչպես գուշակեց ու ժպտաց: Կաթ բերեց՝ սովորության համաձայն, լցրեց մի փոքր իր բաժակի մեջ ու դրեց սեղանին. «Վերցրու, եթե վերանայել ես ճաշակդ»: Չէի վերանայել ու, ընդհանրապես, թեյը քաղաքավարությունից դրդված էի խմելու: Լռեցինք: Սկսեցի ուսումնասիրել սենյակը: Մեկ իմ լուսանկարներից, երկու իմ լուսանկարներից, երեք, ահա և չորրորդ լուսանկարը: Ջորջի լուսանկարներից չկար: Անցյալի մասին հիշեցնող ամենն իր կյանքից մաքրող մարդու սենյակում այժմ ամենը միայն անցյալի մասին էր հիշեցնում: Պահարաններին ու սեղաններին, առանց դռների դարակների մեջ ու պատուհանագոգերին, ամենուր, որտեղ դա հնարավոր էր, նախկինում անպետք համարվող իրեր էին տեղադրված՝ ծաղկամաններ ու հուշանվերներ, որոնք, ինչպես ինքը՝ Մեթն էր ասում, նվիրում են այն մարդիկ, ովքեր իրար լավ չեն ճանաչում, խաղալիքներ՝ ոչ այն է փափուկ, ոչ այն է պլաստմասե, կտորից ու ապակուց, ինչպիսիք հազիվ թե գտնվեն մոտակա խաղալիքների խանութում, գրքեր՝ շարված ցանկացած անկյունում ու գրապահարանի բացակայության մասին խոսող: Իրեր, իրեր ու էլի իրեր, կարծես տան դատարկը լրացնելու համար՝ արկղերով գնված: Որևէ մեկից նվեր չստացած իրեր, որևէ առիթով ձեռք չբերված, հենց այնպես՝ խանութից կրած ու լցրած այն անկյուններում, որտեղ ոչինչ չկար: Նախկինում նա տարածք էր սիրում, այժմ խուսափում էր տարածքից: Այն կարծես շարժվելու տեղ թողներ, իսկ Մեթն անշարժություն էր ուզում: Պատերին կախված նկարներով ասես դեպի ներս էր սեղմում տունը, փոքրացնում, տեղ թողնում միայն իր համար՝ մոռանալով իր իսկ հորինած կանոնը, որին համոզել էր հետևել նաև ինձ ու Ջորջին՝ գնել միայն այն, ինչ կարելի է օգտագործել:
– Ջորջը ո՞նց է:
Լուսանկարներից հետևություն էի արել, թե չի հարցնի, թե նրանից ավելի խռոված է, քան իր հեռանալու իրական մեղավորից (գուցե այն պատճառով, որ ես այն ժամանակ դեռ երեխա էի): Հարցրեց: Սակայն հասկացա, որ միավանկ, առավելագույնը՝ երեք-չորս բառից բաղակացած պատասխանի է սպասում, անքաղաքավարի չթվալու, ցավոտ թեման արագ փակելու ու առաջ անցնելու համար՝ ապահովագրելով իրեն խոսակցության ընթացքում Ջորջին վերադառնալուց: «Լավ է», — ասացի ու հարցրեց, թե ինչով եմ զբաղվում: Վերցրեցի թեյի բաժակը: Ձախ ձեռքով: Առանց դիտավորության՝ պարզապես այդպես ավելի հարմար էր: Հիշեցի՝ ինչպես էր մկրատը տալիս ձախ ձեռքս ու խնդրում թղթե պատկերներ կտրատել, առաջարկում էր ձախ ձեռքով գրել կամ դասավորել ինչ-որ բան: Համոզված էր, որ այդպես ավելի խելացի կդառնամ, կօգտագործեմ այն ամենն, ինչ տրված է բնությունից: Հիմարություն էր ասում, գուցե, կամ խելքին մոտ բան կար ասածներում՝ դեռ չեմ հասցրել հասկանալ: Թեյի բաժակը ձախ ձեռքով վերցնելու պահին, սակայն, իր դասերի հետևանքից բացի, նկատեց նաև մատանիս: Հանկարծակիի եկավ, մի պահ շունչը պահեց, հետո արագ փախցրեց հայացքը:
– Ամուսնացել ես:
Չգիտեմ, թե ինչու, աչքերս լցվեցին: Գուցե այն պատճառով, որ վաղուց ցանկանում էի ասել իրեն այդ մասին, պատմել, ինչպես Ջորջին պատմեցի՝ ոգևորված, երջանիկ՝ հասկանալով, որ ամբողջ աշխարհում այդ երկուսից բացի որևէ մեկն իր երջանկության պես չի ընդունի իմը: Ջորջը գրկեց ինձ, լցրեց աչքերն, առաջարկեց իրական հարսանիք անել, տուն նվիրել, ասաց, որ անկասկած ճիշտ ընտրություն եմ կատարել: Մեթը, նորությունն իմանալով, լռեց, խոնարհեց գլուխը: Թվաց, թե ուրախ չէ, թե այլ ճակատագիր էր նախատեսել ինձ, կամ պարզապես խանդում է: Թվաց միայն: Անձեռոցիկ վերցրեց սեղանից, ծալեց այն, սեղմեց բերանին, ինչպես հարբուխով հիվանդներն են անում ու լաց եղավ՝ աչքերից մինչև անձեռոցիկ գլորելով կորցրած օրերի չարված լուսանկարները, թափանցիկ ու արագ անհետացող, բաց թողած պահի պես՝ իրենց հետևից թողնելով միայն լույսից փայլող խոնավ հետքեր։ Մեթը լաց եղավ։ Լաց եղավ զուգարանից դուրս, լաց եղավ՝ չփակելով դուռը, լաց եղավ առանց բացատրելու, թե ինչու է լալիս, լաց եղավ առանց լաց լինելուց առաջ վիճելու։ Լաց եղավ ոչ այնպես, ինչպես իմ մանկությունում մի տեղ էր լալիս՝ խռոված ու դժբախտ, այնպես, ասես վերջին անգամ է լալիս ու լացելով պատրաստ է դադարեցնել մի ամբողջ կյանք տևող իր դժբախտությունը։
– Էյփրիլ։ Անունն Էյփրիլ է, — ասացի ու նկատի չունեի, թե անունն Էյփրիլ է։ Դա այդպես է, ուրեմն նա կին է ու դա ավելին է նշանակում, քան կարող էր նշանակել այն, որ անունն Էյփրիլ է։ Նշանակում է՝ չեմ գործում սխալներ, որոնք պատվիրեցի չգործել իրենց՝ բաժանելով նրանց ու հրաժարվելով Մեթից, ինչպես ժամանակին ինձանից հրաժարվել էր մայրս։ Ու որքան հրաշալի է այժմ ասել «անունն Էյփրիլ է»՝ չօգտվելով սխալվելու իմ իրավունքից՝ անտեղի համառությամբ կամ հաղթանակած՝ ևս մեկ անգամ հաստատելով իր և Ջորջի բաժանման խելամտությունը։
– Պապիդ դա, միևնույն է, դուր չի գա, — քմծիծաղ տվեց ու սրբեց արցունքները։ Հիշեցրեց, որ ծերուկի համար Էյփրիլն էլ տղամարդ է, քանզի չի կրում դժվար արտասանվող այն անուններից մեկը, որոնք կրում են մարդիկ այնտեղ, որտեղ ես երբեք չեմ եղել ու այնտեղ, որտեղ թողել է ամեն ինչ, բացի Ջորջից, ինձանից ու երազանքից, որ մեր կողքին էլ մի օր կտեսնի այստեղ իր պես հայտնված մարդկանց զավակներից մեկին, ու կտեսնի նաև մեր զավակներին՝ նման բոլոր զավակներին, ովքեր ծնվում էին այնտեղ՝ ժամանակից այն կողմ։

Ժպտացի ի պատասխան։ Ժպտացի լռությունից առաջ, որը երկար պիտի տևեր։ Միասին չապրած ժամերով, միասին չգնած իրերով, մարմինների փոփոխությամբ, տան ու մեր իսկ ներսում իրենց հետքը թողած անծանոթներով լի լռությունից առաջ՝ ուղեկցվող անհեթեթ շարժումներով ու հայացքներով, որոնցից վրիպում էր այն ամենն, ինչին ուղղված էին։ Հասկացա, որ չեն վերադառնում՝ վաղուց, թե նոր հեռացածները, վերադառնալու խոստում տվածներն ու նրանք, ովքեր ոչինչ չեն խոստացել, երկար բացակայողներն ու սենյակից հենց նոր դուրս եկած մարդիկ։ Ոչ ոք չի վերադառնում։ Չէի վերադառնում և ես։ Անգամ այստեղ, ուր Մեթն ապրում էր իր կյանքը, ես չէի վերադառնում այդ կյանք։ Չէր վերադառնում նաև Մեթը՝ գուցե վախենալով, գուցե չհավատալով, որ իրեն վերադարձնելու են եկել։
– Ներիր, — ասացի։ Ու հավասարակշռություն էր։ Հաշիվների ու դրանց մարման, խոստումների ու խոստումների կատարման, գաղտնիքների ու բացահայտման, սպասումների ու դրանց արդարացումների միջև ընկած անվերջանալի ժամանակահատվածում, թեև անհնարին էր թվում, բայց հավասարակշռություն էր։ Ու Մեթն էր՝ դեռ վայրկյաններ առաջ երջանիկ, իսկ այժմ իր անտարբերությամբ ապացուցող՝ երջանկության ակնթարթայնությունը, եղանակն էր՝ տաք ու ձմեռային՝ թեյի պես, պատերը, որոնք այժմ ժամանակավոր կացարան էին թվում ընտանիքից ետ դեպի ընտանիք տանող ժամանակում ապրողի համար, ու սեքսուալությունը, որն ընդամենը սփոփանք էր՝ տաղանդը չնկատելու անզգուշություն թույլ տված մարդկանց համար, ես էի, տիեզերքի հենց այս պահը՝ ստեղծված բոլոր մյուս պահերն իմաստավորելու համար ու մեղքի զգացումը՝ մինչ այս թաքուն պահվող, իսկ այժմ մերկ ու իր մերկությունից չամաչող՝ երեխայի պես։

– Շտապ, շատ շտապ, առանց մտածելու, արագ, հենց հիմա, լսո՞ւմ ես, Հայկ, մտածել չկա, միանգամից պատասխանիր։ Հասկացա՞ր։ Միանգամից պատասխանիր։
Սկսեցինք՝ երեք բան, որ կուզեիր վերադարձնել։
Տարիներ առաջ էր։ Ինը տարի կամ տասը։
– Կվերադարձնեի Ջերսիին ու այնպես կանեի, որ գերմանամկնիկներն էլ մարդկանց պես երկար ապրեին, մայրիկին կվերադարձնեի, կխնդրեի սիրել մեզ ու պապիկին կվերադարձնեի Հայաստան, որ չկարոտեր։
– Հա, պապիկին արժե հեռու ուղարկել, — անջատեց տեսախցիկն ու թողնելով ինձ անկողնում պառկած՝ դուրս եկավ ննջասենյակից։
– Մե՜թ, — ձայն տվեցի։
Վերադարձավ։
– Առանց մտածելու նշիր երեք բան, որ կուզենայիր վերադարձնել։
– Ես միայն Ջենիս Ջոփլինին կվերադարձնեի, Հայկ, որպեսզի չձանձրանայի միայնության մեջ, երբ դու խաղայիր Ջերսիի հետ, հայրիկդ մայրիկիդ հետ լիներ, իսկ պապդ՝ Հայաստանում։

Լռում էր ու սպասում։ Թվում էր, թե տարածության ամբողջ օդն էր անցնում նրա միջով՝ ներս մտնում, խառնվում մտադրություններին, վախերին ու խոսքերին, որոնք ծնվում են ու չեն արտասանվում՝ հրաշալի, մյուս բոլոր չարտասանված մտքերի պես՝ գոյության ու նյութական դառնալու սահմանում անշարժացած, ապրող ու չենթարկվող տիեզերքի շարժմանը, չփոխանցվող, ուժից ու ջերմությունից տարբեր, ապա նորից լքում էր այդ մարմնի սահմանները, դեպի ինձ ու դեպի աշխարհը տարածվում (հենց այդ հերթականությամբ), լինում ու ոչինչ չպատմում իր մասին, զգացնել տալիս իրեն՝ չասելով, թե ինչ ես զգում, անորոշ։
– Պապիս կվերադարձնեի Հայաստան, կվերադարձնեի Ջերսիին, որ տղայիս հետ էլ խաղա ու քեզ կվերադարձնեի, Մեթ։
– Ի՞նչ, — զարմացավ։
– Հիշու՞մ ես, հարցրիր, թե ինչ կվերադարձնեի։

Քիթս էր փոխվել։ Բոլորովին այլ քիթ էր ու եթե միայն քիթ լինեի, հազիվ թե տեսնելիս՝ ճանաչեր ինձ։ Մնացածը նույնն էր 2001 թվականի մայիսի տասներեքին արված այդ տեսագրության մեջ, որ դեռ պահում էր, ու դեռ չմիացրած նշեց ամսաթիվը՝ կամ հիանալի հիշողությունն ի ցույց դնելով, կամ մատնելով այն, որ տեսանյութն այդ մեկ անգամ չէ նայել․ նույնն էի նույնքան, որքան կարող էի լինել տաս տարի շարունակ փոխվելուց հետո։ Հրթիռների նկարով անկողնու սպիտակեղենն էր, որ արդեն հասցրել էի մոռանալ ու տեսնելուց հետո միայն թվաց, թե հիշում էի, տունն էր՝ ինչպես երբեք տան նման՝ մի երկնագույն պաստառով պատ, կողապահարան, մի քանի խաղալիք՝ այն ամենն, ինչ տեղավորվել էր նկարահանման մեկ րոպեի մեջ ու ձայնս՝ զիլ ու անվերադարձ, բակերի ձայն ու կիրակի օրվա ձայն՝ այժմ մեքենաների ու թռչունների ձայնի հետ լսվող ձայների նման։
– Որդիս, — տեսանյութն ավարտվելուց հետո միանգամից սկսեց բարձրաձայն լաց լինել՝ ձեռքերով ծածկելով դեմքը՝ որդի անվանելով ոչ ինձ, ոչ տեսանյութից իրեն նայող տղային, այլ տարբերությունը, որ կար մեր միջև, լացելով իր կորուստն ու այժմյան մեր օտարությունը միաժամանակ, արցունքներով ինձ մոտ կանչելով, ցուցադրելով վախն այն անդունդից, որ կար մեր միջև այժմ։
– Մեթ, — քիչ մնաց ինքս էլ լաց լինեի նրան հանգստացնելու անհաջող փորձից առաջ։ Անհաջող, քանզի լռեցի՝ զսպելու համար արցունքներս։ Ու իբր միայն կարեկցանքից դրդված ազատություն տվեցի նրան գրկելու ցանկությանը, որը քիչ առաջ նույնպես զսպում էի։ Գրկեցի՝ թույլ տալով նրան լացել իմ գրկում ու այնքան նման չլինել տղամարդու, անցնել սահմանը, որից այն կողմ անցնելու ամոթն ու վախն էին հետապնդում ինձ իր մասին հիշողություններում, Ջորջին հետևելու ընթացքում ու պարզապես լինելուս զուգահեռ, ու նաև թույլ տալով ինձ՝ գտնել տղամարդու մարմնի նման այդ մարմնում շարունակ անտարբերության մատնվող մորս՝ լքված, իր որդուն օտար շեմի մոտ թողած ու, ինչպես գրքերում, աղախինի հագուստի տակ ծպտված՝ այդ շեմ վերադարձած, հանուն իմ կողքին լինելու՝ մայրության զգացումը տարբեր այլ դերերին հատուկ շպարով ծածկելով ու թաքուն տառապելով, որ ինձ առավելապես իր ընկերն եմ զգում ու հետո նոր որդին՝ չգիտակցելով իրողությունն ու չհասկանալով, թե ինչու պիտի իր որդին լինեմ։

Վերադառնալն անհնարին է։ Անհնարին էր դեռ այն ժամանակ, երբ հավատում էի, թե կարելի է անել դա՝ աչքերը փակելով։ Լուռ։ Մեթն ասում էր, թե դա հեշտ է․ միայն փակում ես աչքերդ ու դանդաղ անհետացնում Երկիրն ու քեզ։ Տիեզերքից, որտեղից հետևում ես, քեզ, իհարկե, չես տեսնի՝ աչքերիդ առաջ լղոզվում, անհետանում է միայն Երկիրը՝ թողնելով իր կապույտ կամ կանաչ գույնը, եթե լուսանկարները չեն խաբում մեզ, որն ուզես, կամ ներկելով ազատված տարածությունը բոլորովին այլ գույն՝ իրար խառնած կոլայի ու ֆանտայի, բազուկից գունափոխված լեզվի, ինչ գույն ասես, միայն թե հարթ ու միագույն, առանց արհեստական լույսերի ու ամպերի, որոնք կխոսեն այն մասին, որ ներքևում կյանք կա։ Հաշտվում ես այն ամենի կորստի հետ, ինչ ձեռք ես բերել տարիների ընթացքում։ Փոխում ես մարմինդ՝ ջնջում դեմքիդ աճող մազերը, կարճացնում հասակդ ու նրբացնում դիմագծերդ, այնպես անում, որ ձեռքերն առաջվա պես սահեն մաշկիդ վրայով՝ հանգստացնող մաշկիդ, կասկածելի չէ, չէ՞, որ հաճույք պատճառող՝ տուփից նոր հանած ապրանքի ու թարմ բանջարեղենի նման՝ սառն ու ջրի պես։ Լացում ես, եթե կորցրածից ինչ-որ բան ափսոսում ես, միայնությանը թույլ տալիս քեզանից ուժեղ գտնվել, համոզել քեզ, որ ոչնչացրել ես ամբողջ մոլորակն, ու որ դեռ քիչ առաջ սովորական ու մտքերումդ ժամանակ առ ժամանակ հայտնվող մարդիկ այլևս չկան, չկա դուռը, որից կարող ես դուրս գալ այդ դռնից դուրս գտնվող աշխարհ ու այդ աշխարհի կառուցվածքը՝ քեզ բարևել ստիպող ու աշխատանքիդ դիմաց հիվանդանոց թողնող։ Կորցնում ես ու միայն կորուստիդ հետ հաշտվելուց հետո հիշում այն օրն ու ժամը, ուր ցանկանում էիր վերադառնալ, սենյակն ու մարդկանց, ովքեր կողքիդ էին լինելու, վերջին խոսքը, որն հնչել էր ու պատասխանիդ էր սպասում։ Բաց ես անում աչքերդ ու, եթե ամեն ինչ ճիշտ ես արել, հայտնվում ես այնտեղ։ Սկսում նորից։

Բայց վերադառնալն անհնարին է։ Այլապես կվերադառնայի՝ մոռանալով անգամ Էյփրիլին, հա, Մեթի արցունքներից, նրան գրկելուց ու մտքերից հետո հենց այդպես էլ կանեի, կմոռանայի նաև Էյփրիլին՝ նրան նույնպես ողջ մոլորակի հետ մի գույն ներկելով՝ ոչ իր աչքերի գույն, ոչ՝ մազերի, մեկ այլ գույն, որն իր մասին չէր հիշեցնի, կթողնեի միակին, ում հետո կափսոսայի, կթողնեի այն հույսով, որ կյանքը, եթե ինչ-որ օրինաչափություն ունի ու, այնուամենայնիվ, իրեն հորինած Աստված, կրկին կվերադարձնի նրան՝ սկսածս պահից տանելով ժամանակը նույն հունով, ինչ առաջին անգամ։ Ահա Էյփրիլը, ես նրան չեմ հիշի, բայց, միևնույն է, կրկին կսիրահարվեմ, համոզված եմ, որ կսիրահարվեմ, ու ամեն ինչ կլինի այնպես, ինչպես եղել է արդեն՝ մեկ տարբերությամբ միայն՝ նախ նրան Մեթի հետ կծանոթացնեմ։ Ջորջից կամաչեմ։ Ինչպես իրական ժամանակում, վերադարձրած ժամանկում էլ կամաչեմ, բայց Մեթից՝ չէ, Մեթն ինքն է բոլորից ամաչում, Մեթն ինքն է փախչում բոլորից ու հարազատի ներկայության պահանջից օրեցօր աճեցրած իր հոգատարությունը փաթաթում նրանց վզին, ումից խուսափել չի կարող։ Հաստատ կսիրեն իրար, ինձ ու, դրա հետ հնարավոր չէ հաշտվել, նաև Ֆասսբենդերին, որի սեքսուալությունը… պարզ է։ Արգելում եմ մտածել այն մասին, թե ժամանակն օրինաչափություն չունի ու Էլյփրիլն ավերադարձ կմնա ջնջված ապագայում։ Կա օրինաչափություն, ու հանուն Մեթին վերադարձնելու՝ ողջ մոլորակը ոչնչացնելիս, ես վայրկյան անգամ դրանում չեմ կասկածի։ Այդ կասկածը կարող է դառնալ միակ պատճառը, որ աչքերս բացելուց հետո կրկին այստեղ` լաց լինող Մեթին գրկած լինեմ, որ ոչինչ չստացվի, ոչինչ չվերադարձվի։

Այդպես էլ կա։ Դա չքաված մեղք է նշանակում, նշանակում է այս օրն ու այս ժամն այստե՛ղ ու սրան նախորդած տարիների բոլոր ժամերի զգացումը, հեռավորության զգացումը Ջորջի ու Մեթի միջև, անդառնալիություն, ափսոսանք, դա էլի ինչ-որ բան է նշանակում՝ սա Մեթն է, իմ առաջ, կարծես դադարել է լացել ու, հաստատ այլ նշանակություն է տալիս չվերադարձված օրվան՝ հազիվ թե զգալով իմ տեսած նշանները՝ հնարավորություն կամ փոփոխություն տեսնելով արդեն իսկ պատահածի մեջ, չմտածելով վերադարձնելու մասին, Ջորջի (իսկ նա կհամաձայնվե՞ր վերադարձնել Մեթին) ու կորցրածի։ Սա կորցրած վերջին հնարավորությունն է՝ իրեն շարունակություն ընտրած այն, ինչ ինքն էլ ընդհատել էր, «Ֆեյրվյու փոսթի» կինոխորագիրը՝ որպես ամեն ամիս ինձ այցելող մայրս, հիշողությունները, որոնց գոյության մասին խոսելու համարձակություն չունենալը մոռացության տակ թաղում էինք ես ու Ջորջը, իսկ հետո հետոն որից վախենում եմ. ասե՞լ ինչ-որ բան Ջորջին, թե ձևացնել, իբրև ոչինչ չի եղել՝ այս օրն ու այսօրվա Մեթին էլ կողպելով նույն դարակում, որում կողպված էին բոլոր նախորդ օրերի Մեթերը, այժմ էլ հրաժեշտ տալ նրան՝ երբեք չվերադառնալու որոշմամբ, կամ երբևէ էլի վերադառնալու քիչ բան նշանակող խոստումով, կամ ժամանակ առ ժամանակ էլի այստեղ գալով, լինելով նրա հետ, նրա որդին, հետո շրջելով այս կյանքն ու, դավաճան ամուսնու պես, ապրելով այն մյուս կյանքով, որտեղ Ջորջն է (ինչու՞ ենք այդքան հազվադեպ հանդիպում, գուցե այն պատճառով, որ դեռ չի՛ ներել ինձ ու ներելու հնարավորություն էլ չի ունենա, եթե հեռանամ այստեղից՝ ընտրելով լռելու տարբերակը), իմ հարսանիքը (հետևաբար՝ առանց Մեթի, առանց լացող տղամարդկանց (սա առավելությու՞ն է) ու «Ես խորհուրդ էի տալիս Վիվիեն Վեստվուդ՝ ինչպես Քերի Բրեդշոուն, բայց Միսս Փիգգիի հարսանիքը նրանց ավելի էր տպավորել»), պապս, որ դժվարությամբ է հիշում երեկվա օրն ու այնքա՜ն լավ՝ տասնյակ տարիներ առաջ լքած իր երկրում ապրած օրերը՝ մեզանից միակն, ով, դրան հեշտ է հավատալ, իսկապես մոռացել է Մեթին (կհիշի՞, եթե տեսնի) ու միօրինակությունն, ու միօրինակությունն, ու միօրինակությունը։
– Ինչո՞ւ ես լռում, — վերջապես նկատեց, որ միակ լռողը չէ։
– Ափսոսում եմ մեր կորցրած ժամանակը, բայց կա՞ իմաստ։ Ձեռքիցդ չեմ բռնելու, չէ՞, Ջորջի մոտ տանեմ ու խնդրեմ տաս տարի անց նորից միասին լինել, ինձ հետ։
Եթե չպատասխանեց (իսկ նա չպատասխանեց՝ բավարարվելով գլուխն օրորելով), ուրեմն կարծում է, թե իրո՞ք կարող եմ ձեռքից բռնել ու տանել Ջորջի մոտ։ Հույսը վերջի՞նն է մեռնում։ Չէ, հույսը կմեռնի այժմ, նա պիտի հասկանա, որ վերադառնալն անհնարին է ու, գուցե միայն դրանից հետո, կմեռնի հույսի պատճառ դարձած իր սերը։ Սերը վերջում է մեռնում։
– Դուք գուցե էլի հանդիպեք։ Մի օր։ Ու չգիտեմ, թե ինչ կլինի հետո, բայց շարունակելու ոչինչ չի մնացել՝ կարող եք սկսել նորից, ո՞վ գիտե։
– Շնորհակալ եմ։
Որ չբացառեցի՞ նորից սկսելը, թե՞ որ հաստատեցի՝ շարունակելու ոչինչ չի մնացել (գուցե դա տալիս էր իր՝ «մտածում է արդյոք Ջորջն իմ մասին» հարցի պատասխանը), թե՞ նրան Ջորջի մոտ տանելու խոստում տվեցի (ակամայից, իհարկե, պարզապես հնարավոր համարելով, որ կհանդիպեն)։ Բայց նա շնորհակալ էր։ Շնորհակալ էր այնպես, կարծես մեղավոր էր իր՝ շնորհակալ լինելու մեջ։ Ու մեր հանդիպման ընթացքում առաջին անգամ՝ տարօրինակ։ Անտրամաբանակա՞ն։ Ու մենակ մնաց։ Դա նկատվեց հայացքից, նախ և առաջ։ Հեշտ է նկատել՝ մարդիկ նայում են վրադ, նախ տեսնում քեզ, հետո քեզ վատ են տեսնում, հետո չեն տեսնում առհասարակ՝ քո միջով նայելով իրենց ներսի ուրվականներին։ Այդ պահին դու կամ ձանձրալի ես, կամ այնքան մոգական, որ կարողացել ես չքվել ու քո փոխարեն ստեղծել ավելի գրավիչ պատկերներ, սիրելի ես, որովհետև տեղ ես ազատում անհրաժեշտի համար, զգում ես դա՝ կամ նեղանում, կամ՝ ոչ, եսասեր ես ու ետ ես կանչում, կամ սիրում ես մերձավորիդ, ինչպես անձդ կսիրես ու թույլ ես տալիս մոտակայքում կողքիդ չլինել։ Գուցե նա ավելի հիմար կթվա՝ դիմացիցդ անհետացածը՝ դու տեսել ես, որ այդ հայացքով հիմարներն են նայում ու գուցե ցանկանաս ծիծաղել։ Բայց Մեթը ծիծաղելի չէր՝ խեղճ էր։ Խոստացա ինձ, որ էլի եմ գալու, որքան հնարավոր է հաճախ, ամիսը մեկ-երկու անգամ կամ ամեն շաբաթ, նա, միևնույն է, զբաղված չի լինում, տունս այստեղից շատ է հեռու, ավելի հաճախ չեմ գա, չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ ամեն օր գալ, Ջորջին էլ հաճախ չեմ այցելում, երբեմն նույնպես խղճում եմ՝ որդին եմ, ի վերջո, ու պիտի կողքին լինեմ, բայց օրը կարճ է ու բաժանված այնպիսի հատվածների, որոնց արանքում մնացած ժամանակը բավարար չէ ինչ-որ մեկին այցելելու համար, շաբաթը, թվում է, թե պիտի բավականացի, սակայն այն էլ օրերից է բաղկացած, որոնք, պարզեցինք, չեն բավականացնում, ու այդպես՝ օրից-օր տեղափոխվում են այցելությունները, մնում այն օրվան, երբ չգնալն արդեն ամոթ է։ Մեթի մոտ կգամ, անպայման։ Այստեղից հեռանալուց հետո կալարեմ, իհարկե, կթվա, թե ժամանակ չեմ գտնի, կամ ժամանակը չափազանց աննկատ կանցնի, միևնույն է, կհիշեմ օրն ու ժամը, կգամ։ Ամոթն է՛լ ավելի հաճախ կստիպի գալ՝ նրանից ավելի եմ ամաչում, ոչ միայն երկար ժամանակ չայցելելուս համար, այլ նաև այն ամենի, ինչ արել եմ իր կյանքի հետ։
Ի մի բերեց միտքը, ներողություն խնդրեց, որ շշմել էր, բայց այդպես էլ չվերադարձավ, չգտավ վերադառնալու պատճառ։ Թեյ ալյևս չէր տա, տեսագրություն հետս չէր նայի, զրուցել դժվարանում էր, հիշողություններն արդեն հերիք էին։ Հազվադեպ հանդիպողների խնդիրն է դատարկել ժամանակը, ոչ թե լցնել այն, իսկ մենք արդեն դատարկել էինք։ Նրանք նաև դժվարանում են ասել հեռանալու մասին՝ հազվադեպ հանդիպողները, զգում են ժամանակի դատարկվելուն հետևող անհեթեթ պահը, համ՝ հյուրը, համ՝ հյուրընկալողը, հետո տալիս են այն հարցերը, որոնք պատասխաններ չեն պահանջում ու տրվում են իբրև ազդանշան, որ ասելու այլևս ոչինչ չկա, հետո հեռացողն հայտնում է, որ պիտի հեռանա։ Մեթը հարցեր էր փնտրում, ես կանխեցի նրան։
– Գնամ։
Հետո պատճառը կամ արդարացման նման մի բան, օրինակ՝ էլի կգամ։
– Ամեն ինչ ճիշտ էր, ես ուրախ եմ։ Կճանապարհե՞ս։

– Գրողը տանի, այ էդպես կկանգնես ցուցափեղկի առաջ, կնայես-կնայես, կասես՝ սա լավն է, սա էլ է լավը, իսկ այն մեկը, օ՜, դրա մասին ընդհանրապես խոսք չկա, երեք ամիս է գովազդի ընթացքում գտնում ես ինձ՝ որտեղ էլ լինեմ, ու ձեռքիցս բռնած քարշ տալիս հեռուստացույցի մոտ, թե տե՜ս՝ ինչ են ցուցադրում, դու՛ էլ հիացիր, ակնարկում ես, թե պիտի գովեմ այն ու դրանով կանաչ լույս վառեմ գնելուդ ցանկությունն արտահայտելու առաջ։ Չես ասում, հորդ պես բառերով չես ասում, թե ինչ ես ուզում։ Պտտվում ես շուրջ բոլորն ու ակնարկում, ակնարկում, ակնարկում՝ ասես ես պարտավոր եմ անգիր անել ձեր գաղտնագրերն, ու ձեր արտասանած ոչինչ չնշանակող բառերն ինքնուրույն փոխարինել ասելիքն իսկապես արտահայտող բառերով։ Հասկանու՞մ ես ինձ։
– Նյարդայնացած ես։
– Անչափահաս ցինիկ, շատ լավ էլ հասկանում ես։ Բայց այսօրվանից՝ վերջ, ձևացնելու եմ, թե չեմ հասկանում՝ ո՛չ քեզ, ո՛չ հորդ, շարեք իրար հետևից բառերն ու ոչինչ դրանցով մի ասեք։ Հարյուրերորդ անգամ ենք անցնում այս խանութի կողքով ու հարյուրերորդ անգամ արդեն ասում ես, որ հավանում ես սա, չես ուզում, միայն հավանում ես։ Շատ լավ։ Օ՜, ապրես, որ հավանում ես, իսկ ես չեմ հավանում։ Գնացի՞նք, թե վերջապես ճիշտ բառերով կուզես, որ գնեմ այն։
– Գնիր ինձ այն, Մեթ, — մի կերպ հաղթահարեցի ինձ։
– Թանկ է, նախատեսված է ավելի փոքր երեխաների համար ու, ինչ թաքցնեմ, ակնհայտ է, որ պատրաստված է մանկական հոգեբանների պատվերով՝ շեղումներով երեխաների թիվն ավելացնելու համար։ Դրա մանուշակագույնի ու դեղինի համադրությանը նայիր։ Երբևէ տեսե՞լ ես նման համադրություն՝ սմբուկը լողափում։
– Սալորը մեզի մեջ։
– Թու։ Միայն անմեղ դեմքով զզվելի բաներ ասելու համար երեխաներին կարելի է ատել։ Գետնով տվեցիր աշխարհի բոլոր երեխաների պատիվը։
Գուցե հենց ուղիղ պատասխաններ ստանալու վախի՞ց չեն տրվում ուղիղ հարցեր ու ուղիղ պահանջներ չեն դրվում։ Ջորջն համաձայն չէր դրա հետ, նա մնաց, ինչպիսին կար։

Իսկ սա այս պատմության վերջին դրվագն է։ Ես եմ՝ քայլում եմ դեպի դուռը։ Մեթն իմ առջև է՝ ճանապարհում է։ Ինչ-որ բան է խոսում, դժվար չէ գուշակել, թե ինչ, դա ասում են բոլոր նրանք, ովքեր ճանապարհում են։ Մինչև մուտքին հասնելը քառակուսի միջանցք է՝ կախիչներ, կոշիկների դարակ, հայելի։ Այս վայրը, ֆանտաստիկ ֆիլմերում ցուցադրվող պորտալների պես, կոշիկներն հողաթափերի է վերածում, խլում վերարկուները, կարգի բերում սանրվածքն ու ներս թողնում բոլորովին այլ աշխարհ՝ հանգիստ, քոնը, հարմար։ Նաև հակառակը։
Չէի հանել կոշիկներս, հագիս վերարկու չկար, բայց հայելու կողմ նայեցի՛։ Մի ակնթարթ՝ պարզապես ստուգելու համար, որ ամեն ինչ կարգին է, փորձեցի ցույց չտալ, որ նայում եմ՝ կանացի չթվալու համար։ Ես էի հայելու մեջ, ճիշտ այնպիսին, ինչպիսին ներս մտնելիս էի, հետո հայելին պատից առանձնացնող նեղ փեղկն էր, հարթ ու գրեթե աննկատ, ուրվագծի պես՝ հայելու սահմաններն ընդգծող ու այն զարդարանքի չվերածող, հետո հայելու ու կախիչի միջև ընկած պատի դատարկ հատվածը՝ պաստառապատ, սպիտակ, հետո կախիչը…
Ջորջի վերարկուն։ Մեր անցյալ հանդիպման ժամանակ դեռ նոր վերարկուն։ Այսօրվա համար անհարմար։ Մաքուր։
Իսկ կախիչի վերևի դարակում տուփը։ Նույն այն տուփը, որը ստանում եմ Ջորջից ամեն տարի սուրբծննդյան տոներին ու կստանամ նաև օրեր անց։
– Դե, մինչ հանդիպում, որդիս։

Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։