fbpx

25-րդ կադր

Երկրորդ զուգագուլպան էր պատռվել ու Ալիսը չէր պատկերացնում, թե ինչ է անելու։ Գրողը տանի, և ինչու՞ նա չի կարող իրեն ավելի թանկ զուգագուլպաներ թույլ տալ։ Դրանք գովազդող աղջիկներն այնքան գեղեցիկ են, խնամված, ջահել։ Ո՞վ գիտե, գուցե ինքն էլ այդպիսին լիներ, եթե… Նա խուսափում էր սեփական մտքերից։ «Եթե» չկա։ Անցյալը չես փոխի։ Ընտրությունն ինքն էր կայացրել, ու նրանում, որ չի կարող ամեն անգամ թանկարժեք զուգագուլպաներ գնել, միայն ինքն էր մեղավոր։
Ժակը նյարդային քայլում էր սենյակում ու ինչ-որ բան փնտրում։
– Ժամը տասն եղավ։ Չե՞ս բարեհաճելու վեր կենալ։
– Ի սեր Աստծո, թող պառկեմ, Ժակ, հոգնած եմ։
Ժակը ճոճեց գլուխն ու շարունակեց իր որոնումը։
Հոգնա՞ծ եմ։ Իրեն անգամ քունն էր հոգնեցնում։ Ոչինչ չէր ուզում անել, ամեն ինչ արդեն զզվեցրել էր։ Վեր էր կենալու անկողնուց, զբաղվեր կենցաղային գործերով, նստեր հեռուստացույցի առաջ, զանգեր ընկերուհուն, հետո նորից վերադառնար անիծյալ անկողինը՝ քներ, որպեսզի ուժ գտներ հաջորդ օրն էլ նույն կերպ անցկացնելու համար։
Ժակը շուտով կգնա։ Իրեն կտրվի ազատության փոքրիկ չափաբաժին։ Թեթևանում էր, երբ Ժակն հեռանում էր, թեև նա ոչնչով չէր խանգարում իրեն… համարյա ոչնչով։ Բայց երբ գնում էր, ասես մաքրվում էր տան մթնոլորտը։ Առանց նրա ամեն ինչ ավելի սովորական էր, ավելի թեթև։ Խեղճ Ժակ, հավանաբար նա չի էլ կասկածում, որ ինչ-որ բան ծանրացնում է։

– Բաց թող նրան Ժակ, մեղկ է։
– Վերջ տուր, Ալիս, ընդամենը ճնճղուկ է։
– Ինչի՞դ է պետք, թող՝ թող գնա։
– Կտրելու եմ թևերը, ոտքերն իրար կապեմ ու բաց թողնեմ։ Տեսնենք, թե ինչ կարող է անել։
Ու մանուկ Ալիսը լաց եղավ։ Նա այնքան խղճաց թռչնակին, այնքան ցավեց նրա համար։ Ժակն անդաստիարակ երեխա էր՝ նրանից ամեն ինչ սպասելի էր։ Հարկավոր էր շտապել նրա մոր մոտ՝ դեռևս հնարավոր էր փրկել ճնճղուկին։
– Մայրիկիդ կասեմ, որ տանջում ես ծիտիկին։
Ժակն ուժգին շպրտեց ճնճղուկին իր ոտքի ուղղությամբ ու քանի դեռ չէր նա հասցրել ասֆալտին դիպչել, օդում, գնդակի պես, տշեց իրենցից հեռու։ Ճնճղուկն անշուչ մի կողմ ընկավ։ Ալիսը սկսեց հեկեկալ։
– Ի՞նչ արեցիր, հիմարի մեկը։
– Ընդամենը ծիտ է, Ալիս, – քմծիծաղ տվեց։
– Ընդամենը ծիտ չէ՝ մայրիկ ունի, հայրիկ։ Փնտրելու են նրան ու լաց են լինելու։
Ժակը լուռ նայեց թռչնի դիակին։ Գուցե հիշեց, որ ինքն էլ ծնողներ ուներ։ Իսկ Ալիսը դեռ արտասվում էր։

Չգիտեր, թե ինչու հիշեց այդ օրը։
– Ժա՞կ…
Ձայն չկար։ Գնացել էր։ Ալիսն ալարկոտ վեր կացավ անկողնուց։ Կարելի էր մի բան ուտել։ Վերջին մեկ ամսում 5 կիլոգրամ գիրացել էր։ Տեսնես բացի իրենից ինչ-որ մեկին հետաքրքրու՞մ է իր քաշը։ Հազիվ թե։ Ուրեմն կարելի է էլի ուտել։ Դա եզակի հաճույքներից էր, որ այժմ կարող էր իրեն թույլ տալ։ Համեղ թխվածք ու կաթով սուրճ, այ թե ինչով կարող էր զբաղվել։
Մարիա Թերեզայի ու Սանթոսի հարաբերությունները կրկին խառն էին։ Տեսնես այսօր վերջապես կհաշտվե՞ն։ Լավ է, երբ վաղվա օրվանից ինչ-որ սպասելիք ունես։ Լավ է, երբ կան մարդիկ, ովքեր կողքիդ են… Երեկոյան յոթից ութը և առավոտյան կրկնության ժամանակ։ Այժմ հենց այդ կրկնության ժամանակն էր։

– Ուզում եմ, որ մեծ տուն ունենանք, երբ ամուսնանանք։ Շատ երեխաներ ու շնիկ։
– Սկսվեց։ Շնիկն ի՞նչ ես անում։
– Նա մեզ կպաշտպանի գողերից։ Իսկ ես նրա համար գեղեցիկ հագուստներ կկարեմ, կխնամեմ։ Ի՞նչ կարծիքի ես։
– Նա կապրի դրսում։
– Բայց գեղեցիկ հագ…
– Ես կենդանիների հոտը տանել չեմ կարողանում, ատում եմ նրանց ներկայությունը։
– Նա մեր տունը պիտի պաշտպանի։
– Դրսից ավելի լավ կարող է պաշտպանել։
– Իսկ փոխարենն ի՞նչ կստանա։
– Փոխարենը կեր կտանք։
– Կարելի է քնքշանք…
– Ալիս, դա շուն է, ի՞նչ քնքշանք։

«Մայրաքաղաքում գրանցվել է 21 աստիճան տաքություն»։ Հրաշալի է, որ մայրաքաղաքում ինչ-որ բան գրանցվում է։ Երանի իր կյանքում էլ մեկ-մեկ, առիթից-առիթ գրանցվեր մի բան։ Մտքերով ընկավ ու չնկատեց, թե ինչպես վերջացավ սերիալը։ Ընթացքում նա հաճախ է մոռացության գիրկն ընկնում։ Տեսնում է մի բան, սկսում պատկերացնել, թե ինչպես է նույնն իր հետ կատարվում ու թռչում իրականությունից հեռու՝ անտեսելով էկրանին կատարվողը։ Երբ հերոսուհին համարձակ քայլի է դիմում, ինքն էլ մտովի նույնն է անում՝ պատկերացնելով ծանոթների, հարևանների ու անգամ անծանոթների արձագանքը։
Ժակն հազվադեպ է հայտնվում իր երազներում։ Նա առանց այդ էլ շատ է։ Խեղճ Ժակ, նրա մտքով հավանաբար չի էլ անցնում, որ ինքն ինչ-որ մեկի համար շատ է լինում։
Լսվեց դռան զանգը։ Դեռ շուտ էր՝ ամուսնու վերադառնալու համար։ Եվ բացի այդ, Ժակը բանալի ուներ։ Փոստատարն էր։ «Կինո» ամսագիրն էր բերել։ Ալիսն արդեն հասցրել էր մոռանալ, որ բաժանորդագրված էր դրան։ Քանի՞ ամիսը մեկ են այն բերում։

– Ձանձրալի մարդ ես դու, Ժակ, արի միասին զարդարենք։
– Ես բերեցի եղևնին, մնացածը դու արա։ Հոգնել եմ։
– Զարդարելը նույնը չէ, ինչ ծառը կրելով տուն բերելը։ Մի՞թե սա քեզ զվարճալի չի թվում։
– Ասացի՝ հոգնած եմ։ Ինքդ բերեիր ծառն, իսկ ես կզվարճանայի զարդարելիս։
– Զարդարելիս կհանգստանաս։
– Ինքդ զարդարիր, Ալիս, իսկապես տրամադրություն չունեմ։
– Ինչ է, բերելիս չէի՞ր մտածում զարդարելու մասին։
– Ոչ։ Պարզապես ուզում էի, որ մյուս բոլորի պես մենք էլ տոնածառ ունենայինք։

Զգաց, թե ինչպես ամուսինը ներս մտավ։ Կոշիկներն այս անգամ չշպրտեց մի կողմ, այլ հանգիստ հանեց դրանք։ Փառք Աստծո՝ այսինքն հոգնած չէ։ Երկար մնաց միջանցքում։ Փաստորեն իրեն հայելու մեջ է նայում, գուցե կարգի բերում սանրվածքը։
– Բարև, Ալիս։
– Ողջույն, Ժակ։
Նստեց բազկաթոռին, միացրեց հեռուստացույցը։ Թողեց մի ծրագիր, որը երբեք չի դիտում։ Փաստորեն մտքերով այլ տեղ է՝ չի էլ նկատում, թե ինչ են ցուցադրում։
– Ժակ։
– Հա՞, Ալիս։
– Լսե՞լ ես 25-րդ կադրի մասին։
Ինքն էլ այդ մասին քիչ առաջ էր կարդացել ամսագրում ու մտքերով ընկել։ Ցանկանում էր ամուսնուն էլ պատմել նոր իմացածը։ Այնքան վաղուց նրան պատմելու ոչինչ չուներ, որ անգամ սերիալ դիտելիս, չնայած ամուսնու կատարյալ անտարբերությանը, իրենից անկախ սկսում էր բացատրել էկրանին կատարվողը։
– Չեմ լսել, – ասաց՝ առանց կնոջ կողմ նայելու։
– Այ, տես՝ մեզ վայրկյանում 24 կադր են ցուցադրում։ Եթե ցուցադրեն 25 կադր, մենք չենք զգա տարբերությունը։ Օրինակ, եթե այդ 25-րդ կադրը լինի մի կողմնակի պատկեր՝ ասենք ելակ, այն այնքան կարճ ժամանակ կհայտնվի էկրանին, որ մենք չենք հասցնի ըմբռնել կատարվածը, բայց կզգանք, որ ելակ տեսանք։ Այդպես, ամեն վայրկյան մեկական ելակ կտեսնենք ու չենք էլ հասկանա` այն աչքներիս է երևում, թե իրական է։
– Ե՞վ։
– Եվ ի վերջո կսկսենք միայն այդ մասին մտածել։
– Ու կցնդե՞նք ելակների պատճառով։
– Գուցե։ 25 կադր 24-ի փոխարեն։
– Գնեք երկու «Բիգ մակ» և կստանաք մեկ «Կոկա Կոլա» անվճար։
– Համարյա…

– Այստեղ հարմա՞ր է։
– Չէ, Ժակ։ Պարտեզում ավելի լավ կնայվի։
– Որպեսզի բոլորի աչքը վրա՞ն լինի։ Մեր ներքին կահավորման հետ սազում է, մի բողոքիր։
– Քանդակները դրսում ավելի սովորական են։
– Իսկ ես ներսում եմ սիրում։
– Ձմռանն էլ ներսում ձնեմարդ կսարքես։ Դրսում գուցե մարդկանց աչքը վրան լինի։
– Մի հիմարացիր։
– Համ տան տարածքն ես փոքրացնում, համ էլ քանդակի տեսքը գցում։ Ավելի փոքր է թվում, քան կա։
– Ընդհակառակը, փոքր սենյակում մեծ է թվում։
– Եթե տեղավորվել է փոքր սենյակում, ուրեմն փոքր է։
– Այստեղ է մնալու և վերջ։
– Փոշին վրայից ինքդ ես առնելու։ Ես գնացի քնելու։

Ալիսը թափթփված իրերն էր հավաքում։ Ժակը պատրաստվում էր քնելու։ Հանեց վերնաշապիկն ու կնոջը մոտեցավ։
– Ալիս, տարօրինակ ես այսօր։
– Ողջ օրվա ընթացքում մեր անցյալն եմ հիշել։
– Հատկապես ի՞նչը։
– Հատկապես այնպիսի բաներ, որոնք կարծես թե աննշան էին ու չպիտի հիշեի։
– Վերջ տուր։
Ժակը փորձեց համբուրել կնոջը։ Ալիսն արդեն ոչինչ չէր զգում նրա համբույրներից։ Ցանկությունը մարել էր։ Ուզում էր միայն ընկնել անկողնու մեջ, քնել հնարավորինս շուտ և վեր կենալ միայն այն ժամանակ, երբ Ժակն արդեն գնացած կլինի։
– Ալիս, ես ուզում եմ քեզ։
– Ժակ… Ես…
Ժակը համբուրեց նրա շուրթերը։
– Եկ սիրով զբաղվենք։
Ալիսը ողջ օրը մտքերի մեջ էր ու այժմ էլ դրանք իրեն հանգիստ չէին տալիս։ Ինչպե՞ս չէր նկատել 25-րդ կադրը։ Ժակն իրեն չի սիրում։ Ժակն ընդունակ չէ սիրելու։ Նա իրենից ամեն ինչ խլել է, և անգամ այժմ է փորձում խլել… իր կամքի ազատությունը։
– Ուզում եմ ոտքերս սափրել։ Քեզ հաճելի չեմ լինի…
Ժակը ժպտաց։ Ի՜նչ տգեղ էր նա ժպտում։ Նա առհասարակ տգեղ էր։ Անչափ տգեղ։ Ու չարագուշակ կայծ կար աչքերի մեջ։ Տեսնես ի՞նչ էր ուզածը։
Ալիսը դարակից վերցրեց մի նոր ածելի ու լոգարան գնաց։ Սուր ածելի։ Սարսափելի սուր ածելի։ Թող Ժակը սպասի։ Հրաշալի պատրվակ էր գոնե 15 րոպե էլ առանց նրա մնալու համար, գոնե մի փոքր էլ ձգձգելու համար պահը, որի մասին մտքերն անգամ սրտխառնոց էին առաջացնում։ Կամ գուցե հավերժ հետաձգելու…
– Ալիս, չվերջացրեցի՞ր։ Ես այստեղ 25-րդ կադրիդ մասին եմ կարդում։ Իրոք որ կարելի է դրանով մարդուն խելագարության հասցնել։ Կարելի է ինչով ասես լցնել գլուխը։ Ինձ լսու՞մ ես, Ալիս։ Ալի՞ս…

Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։