fbpx

Սիրո պատմություն

«Կշեռքներ, օրը խոստանում է բովանդակալից լինել, եթե չփակվեք բնակարանում` խորհելով առօրյա խնդիրների մասին կամ, պարզապես, վայելելով հանգիստը»:

Լիլիթը մտքերով ընկավ: Պետք է փոշեկուլով մաքրեր գորգերը, սպիտակեղենը լվանար, լոգանք ընդուներ ու հարդարեր մազերը։ Թեկուզ՝ աստղերը, ինչպես ասում են, չէին պարտադրում, բայց…
Երբ մտքերն իմի բերեց, ձկներն արդեն մոռացության գիրկն էին ընկել ու պիտի սթափվեին: Երևում է, այսօր իսկապես լավ օր է, մտածեց: Արևոտ է, չնայած դրսում մինուս է ու փողոցներն էլ համարյա չորացել են: Տեսնես՝ սև կիսաշրջազգեստի հետ ո՞ր սվիտրը կսազի: Ճտքակոշիկների ներբաներն էլ նորոգման չտվեց` սկսել էին ջուր քաշել: Այ, նման բաների պատճառով էլ մարդու դուրս գալը չի գալիս։ Բայց կշեռքների համար օրը խոստանում էր բովանդակալից լինել: Գնալու տեղ էլ չկար, ի՞նչ բովանդակության մասին էր խոսքը:

– Լիլ, էն հյութերը էսօր կխմեք՝ վերջացնեք, – միջանցքից բղավեց մայրը, – Վաղը ժամկետն անցնում ա:
– Առնելուց չտեսա՞ր:
– Տեսա: Որ երկու հատ առնեի, խաղալիք էին տալիս: Հյութ ա էլի, խմեք, ի՞նչ վատ եղավ, խաղալի՛ք էլ ունեցանք: Կախել եմ պահարանից: Առխային խմեք` Պրոսպեկտի վրայի էն սուպերմարկետից ա:
Փաստորեն, Պրոսպեկտի վրա…

Տանջալից փախուստ բակից` հարևանների հետաքրքրասեր հայացքների ուղեկցությամբ, 45 համարը, «Թեքվեք, կպահե՛ք», կարմիր լույս` մեքենաների համար ու, ահա, այնտեղ է:
Քայլում է կաշկանդված` սպասելով, թե երբ օրը կդառնա բովանդակալից: Աստղերն են ասել՝ դրանք ավելի լավ գիտեն: Նախ՝ որովհետև իրենից ավելի տարիքով են, հետո` ավելի մոտ են Աստծուն:
Մոդայիկ հագուստի խանութ, սիրահար զույգ, մզկիթ, երկու երեխայի մայր, ով նայում է իրեն տանը մնացած օրիորդի նախանձոտ հայացքով, «Ազատ եղի´ր», խաչմերուկ… Անցնե՞լ: «Ազատ եղի՞ր»: Ինչպե՞ս դա հասկանալ:
Հայացքն ուղղեց դիմացի մայթից դեպի իրեն եկող երիտասարդին:

«Դե, Լիլիթ, ազատ եղիր, ազատ եղիր»:

Չորս քայլ, երեք, երկու, հիմա կամ երբեք:
– Բարև ձեզ:
Երիտասարդը զարմացած կանգ առավ:
– Բարև, բայց ես ձեզ տեղը չբերեցի:
– Դուք հո ձկնե՞ր չեք… Համաստեղությամբ:
– Ահա:
– Դա ամեն ինչ բացատրում է: Ձկներն այսօր մոռացության գիրկն են ընկել: Նրանք պիտի սթափվեն:
Երիտասարդը ժպտաց: Դա աշխարհի ամենասիրուն ժպիտն էր: Լիլիթն էլ որոշեց ժպտալ ի պատասխան, թեկուզև տղայի ժպիտից հետո, արդեն վստահ չէր սեփական ժպիտի ուժերին: Տեսնես իր վրա չի՞ ծիծաղի, կփորձի «վրայից ցրե՞լ», թե, օգտվելով առիթից, կփորձի «կապե՞լ» իրեն:
Կանաչ ավտոբուս, դիմացի մայթի տեխնիկայի խանութը, հեռուստացույց, գովազդ, ինչ-որ բանկ, «Երբ մեր շահերը համընկնուուում են»:
Փաստորեն նա՞ էլ…
– Ինձ թվում է, դուք սխալ ուղղությամբ եք գնում: Պիտի շրջվեք ու Օպերայի կողմ գնանք:
Փառք Աստծո, տղան կարծես թե որոշեց «կապել» իրեն:
– Ինձ այդպես չի թվում:
Երիտասարդը չպիտի մտածեր, թե իրեն գրավելն այդքան հեշտ է: Տղամարդիկ, ասում են, դժվար ձեռք բերվող կանանց են սիրում:
– Ինչ արած, ուրեմն ցտեսություն:
– Սպասեք, սպասեք։ Ինձ ոնց որ սկսում է ձեր ասածի պես թվալ:

«Դե, Լիլիթ, դեռ առավոտյան դու միայնակ էիր, իսկ հիմա քայլում ես Երևանի ամենասիրուն տղայի հետ: Բոյով, դարչնագույն մազերով, կանաչ աչքերով՝ արտասահմանցու նման, միայն թե մի փոքր ավելի մեծ քթով: Կարծեմ հույների քթերն էլ են մեծ: Հու՞յն ա»:

– Ու՞ր էիք գնում, – հարցրեց։
– Հունաստան:
– Ահա՜, թե ինչ:
Տղան իրեն երևի խելագարի տեղ դրեց: Անհրաժեշտ էր ամեն ինչ բացատրել, ներկայացնել այնպես, ինչպես կար:
– Դու հույնի նման ես… Տղա… Ջան…
– Վահե, – կրկին ժպտաց։
– Դու հույնի նման ես, Վահե: Հույներն էլ մեծ քիթ ունեն, բայց կանաչ աչքերով են լինում: Լսել եմ։ Նաև՛ կանաչ: Ու եթե հույն ես, պիտի Հունաստանից գայիր: Մենք իրար հակառակ էինք քայլում ու, եթե դու Հունաստանից էիր գալիս, ապա ես գնում էի Հունաստան:
– Պա՛րզ է:

«Մի տեսակ տաօրինակ ա նայում: Չգիտեմ՝ քամահրանքն ինչ ա, բայց եթե նման դեպքերում են օգտագործում, ուրեմն՝ աննկարագրելի քամահրանքով»:

Ամեն մեկն իր մտքերով էր քայլում՝ արդեն Օպերայի ուղղությամբ: Անհարմար վիճակ էր, կամ էլ՝ իրենք էին իրար անհարմար:
Գրքերի խանութ, դեղատուն, խաղալիքներ, կարմիր լույս լուսացույցին` մարդկանց համար, կանաչ լույս, գովազդային պաստառներ, «Նոր ներկայացում Մնջախաղի թատրոնում»:
– Նայի՛ր, նայի՛ր, Վահե, անգամ պաստառն ա նկատել, իսկ դու դեռ չես նկատում:
Ու նա նորից ժպտաց իր առանձնահատուկ ժպիտով:
Հետո քայլեցին սրճարանների կողմ:
– Որտե՞ղ նստենք, – վերջապես խոսեց Վահեն:
– Էն նստարաններին:
– Նստարանների՞ն:
Լիլիթը չպատասխանեց: Պարզապես վազեց նստարանների կողմ ու նստեց` ոտքերը տակը խաչելով: Վահեն իրեն մոտեցավ:
– Բա քեզ մի բան չառնե՞մ:
– Փուչիկ առ:
– Ինչի՞ հենց փուչիկ:
– Որ հասկանաս, թե ինչ կա փողերի մեջ:
Էլի մի ժպիտ: Ամեն անգամ այն տեսնելիս՝ Լիլիթի սիրտը կրծքից դուրս էր թռչում:
– Էսպես որ գնաց, ես նախ կաթիլների կարիք կունենամ, հետո կարդիոգրամայի, հետո դոնորի, հետո… Թու, բերանս ի՞նչ էր գալու:
Վահեն նստեց նրա կողքին:
– Ամեն ինչ ասացիր, բացի անունիցդ:
– Լիլո, – անկախ իրենից թռավ բերանից, – Լիլիթ նկատի ունեմ։
– Գիտեմ, որ Լիլոն Լիլիթն ա։
– Փաստորեն Հունաստանում էլ Լիլիթներ կան։
– Չէ, – նորից ժպտաց Վահեն, – Ուղղակի տատիկս հայ էր:

«Փաստորեն հունաստանահայ ա: Կամ հունահայ: Կամ հայ–հունական համատեղ… Դրա համար էլ անունը Վահե ա: Ինձ էլ տարօրինակ էր թվում»:

– Մի տեսակ տարօրինակն ես, – շփոթված ասաց Վահեն:
– Հա, ես միշտ եմ տարօրինակ։
«… երբ սիրահարված եմ», – մտքում նախադասությունն ավարտեց Լիլիթը:
Երիտասարդը նորից լռեց: Լիլիթն այս ու այն կողմ էր նայում ու սպասում, թե երբ պիտի ձկները սթափվեն:
– Գնամ մեր համար հյութ բերեմ:
Ու նա գնաց: Լիլիթը սկսեց հաշվել իր մտքերը ու հաշվեց մեկ հատ` հաշվելու մասինը: Մեկ, մեկ, մեկ, մեկ… Մինչև մեկը հաշվեց, իսկ Վահեն չկար ու չկար:
Հեծանիվով տղան, հրշեջ մեքենայի ձայնը ու իր ետևի սրճարանից հնչող մի երգ. «Դու ի՜մը չես, թե կարող ես անդարձ հե՛ռացիր…»:
Փուչիկ վաճառողներ, փողոց, կարմիր լույս՝ մարդկանց համար, իսկ ինքը միևնույն է անցնում է, դեղատուն, գրքերի խանութ ու էլի մի պաստառ․
«Աաաայ այսպիսի խոսակցություններ»:

Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։