2019

Անքնություն

Անծանոթիս կողքից, ծոցից սավանների
Դուրս է արել նորից հոգեհման,
Ճոճվում է վառ թողած միակ լույսը շենքի
Երկնքից կախված կանթեղի նման։

Եվ Ծննդյան տոնից, մինչև օրն Հարության
Ցավն, իրեն կանչելիս, բղավում է․ «Ներկա»,
Չիմացյալի հետքով թափառում է հոգիս՝
Չորս ամիս է արդեն գիշերվա գույն ներկած։

Չորս ամիս է արդեն վրձնով անքնության,
Նկարելով անշտապ նոր կնճիռներ, փոսեր՝
Ժամանակը ասես մակագրում է դեմքիս․
«Այստեղ, երբ արցունք կար, շա՜տ արցունք է հոսել»։

Եվ դարձնում է անխիղճ տիրակալն ամենի
Հինգ ժամը գիշերվա հիսունին հավասար՝
Ստիպելով երազել այն օրերի մասին,
Երբ կկոչեմ իրեն նոր անունով՝ անցյալ։

Իսկ մինչև այդ նորից ծոցից սավանների,
Ասում է՝ կհանի դեռ նույն հոգեհման…
Կճոճվի վառ թողած միակ լույսը շենքի
Երկնքից կախված կանթեղի նման։

Վերլուծիր

Դու՝ այնքան նման ինքդ քեզ, ինքդ քեզնից այնքան տարբեր
Որ անգամ ես՝
Կես-իմաստուն ու կիսախենթ,
Քեզ վերլուծելով եմ տարվել։

Ու կոչելով ինքս ինձ պոետ,
Ավելի շատ դարձել եմ Ֆրեյդ՝
Քո երազներում խճճված,
Անհաշտ իրականության հետ։

Ես, քեզ վաղուց արած անգիր,
Քո հասարակ բայց նաև բարդ էության մեջ,
Գտնում եմ միշտ նոր ծածկագիր։

Տեսնես ո՞վ ես առհասարակ
Եվ ինձ համար։

Գուցե հիմա ինքդ էլ մտքում
Տալիս ես քեզ նման մի հարց՝
Շաղկապելով մտքերը իմ
Ու արարքները անշաղկապ՝
Չես գտնում ընդհանուր մի բան…

Վերլուծիր այս,
Վերլուծիր այն։

Վերլուծությունն՝
Անդադար կրկնվող խնդիր
Տարրական թվաբանությամբ,
Բայց անհայտներով բազմաթիվ։

Թույլ կտա՞նք ճանաչել իրար,
Կհեշտացնե՞նք ինքներս մեզ,
Թե մեզ սպասվում է գժանոցն,
Ինչպես, գիտես՝ որ գրքի մեջ,
Որտեղ, հիշի՜ր, մեզպեսները
Գտան իրար,
Որտեղ, հաստա՜տ, մեզպեսները
Իրար չէին կարծում խելագար։

Ապրում առանց վերլուծության,
Այլ սեփական հոգեբանի
Դեղատոմսերի համաձայն։

Բաժանում

Բաժանումն անկասկած լինելու է՝
Ճիշտ ամսին, օրը ճիշտ, ճիշտ ժամին,
Ճամպրուկներ, արցունքներ, «Իմ տաքսին է»,
Օդային համբույր անարժանին։

«Լռությունն, հեռախոսն ու խաչբառը, -
Ես կասեմ, - ավելի հարազատ են»,
Ու նորից երկրորդիս կսպասեմ.
Գազանները վայրի ազատ են։

Վերջին մերձավորս

Ինչ ճյուղիցս պոկվեց, ընկավ վերջին մերձավորս,
Չի դիմանում հոգիս տոպրակի մեջ կաշվե,
Հայր մեր, ինձ գոնե մոտավոր ասա մահվան օրս,
Որ սկսեմ անհամբեր ես օրերը հաշվել։

Որ սկսեմ անտարբեր լինել տառապանքիս հանդեպ,
Դադարեմ գուշակել՝ ինձ ինչ է պակասում,
Որ անխուսափելի ազատումին միայն սպասեմ,
Ինչպես, երբ մանուկ էի, Նոր Տարուն էի սպասում…

Փորձենք նորից

Սերն այլևս չկա, ես սառել եմ,
Ու տձև պատրանքի կավից,
Որ տվել ես, փորձում եմ ծեփել ինձ
Քեզանից ավելի լավին։

Հավատալ, իբր այս անգամ այլ է,
Իբր չեմ խաբվելու նորից,
Իբր ես չգիտեմ՝ ուր թքում ես,
Խմում ես հենց այն ջրհորից։

Փորձելով մեզ մաշող այս կապանքը
Պահպանել, ձգձգել մի քիչ էլ
(ասես ողջ իմ այս տառապանքը
ինձ հերիք չէ, մի բան էլ դեռ քիչ է)՝

Ասել. «Շատ լավ, փորձենք, համաձայն եմ
Շտկվելու ևս մեկ շանս տալ քեզ,
Ես նորից նվիրվում եմ, ես քոնն եմ,
Հաստատիր, որ խոզի վաստակ ես։