Categories
Քառյակ Չափածո

Աղոթք II

Դու աստղերի այգու համրությունից հոգնած՝
Հուսահատ փափագո՛վ ստեղծեցիր, Տեր
Կյանքը
Իբրև համբերության բազմամյա ուսուցում,
Որ կդարձնի մեկին քեզ արժանի ընկեր։
Categories
Քառյակ Չափածո

Աղոթք I

Հայր մեր, ինձ ետ պահիր գոհ լինելու կրքից՝
Երջանկությունը սոսկ անցողիկ թմբիր է,
Միտք տուր, որ աշխարհը տեսնեմ՝ ինչպիսին կա,
Ու սիրտ, որ այն հենց այդպիսին սիրեմ։
Categories
Չափածո Տխուր բանաստեղծություններ

Ինձ ցավեցնելիս

Ինձ ցավեցնելիս՝ ի՞նչ ես դանդաղում,
Սպիտակ դագաղում լավ է, տեղ կա շատ,
Ստերից քամած հյութը դառնավուն
Չի օգնում, ու չի բուժում անաշան։

Ինձ ցավեցնելիս՝ ի՞նչ ես դանդաղում,
Մաս առ մաս թաղում՝ ոչ ամբողջությամբ,
Արյունս անխիղճ երակով մաղում,
Շունչս վերածում զուտ շնչառության։

Ինձ ցավեցնելիս՝ ի՞նչ ես դանդաղում,
Ու՞մ սերն ես քաղում սիրո իմ գնով,
Ամենակործան, անազնիվ խաղում
Դու՞ ես հաղթելու։ Ասա՛, մեկ էլ ո՞վ։

Ինձ ցավեցնելիս՝ ի՞նչ ես դանդաղում,
Ի՞նչ ես հապաղում, եղի՛ր վճռական,
Լավ է, լայն է իմ սպիտակ դագաղում,
Քեզ է վախեցնում միայն ապագան։
Categories
Չափածո Բաժանման մասին Սիրո մասին

Թամար

Ո՞րերորդ օրն ես արթուն լուսացնում,
Կրակը ձեռքիդ՝ սպասելով, Թամար,
Գիտեիր գրելու համար ծնվեցիր,
Պարզվեց՝ ծնվեցիր ներելու համար։

Դու անարժանի դարձին սպասելով՝
Քանի՞ գիշեր է չունես հերթապահ,
Բայց ներողություն կխնդրի՞ արդյոք,
Որքա՞ն կսպասես, մի՞թե մինչ ի մահ։

Ու կարծում ես ե՞րբ կներես իրոք,
Կարծում ես ներես, ու՞մ ետ կստանաս,
Կարծում ես կտա՞ Աստված քեզ մի թոք՝
Թեթև կյանք շնչես ու հանգստանաս։

Կարծում ես հետո չի՞ կարի ստեր
Դերձակդ անվարժ նոր ոճիդ հարմար,
Այսքան ներելուց այդ ո՞վ է խերվել,
Ժայռից նետվելը հե՞շտ չէր, այ Թամար։