2009

Թոքախտավոր սուտը

Պատկեր՝ Թոքախտավոր սուտը թեմայով։ Տեղադրված հայ գրող Դօրիանի «Թոքախտավոր սուտը» 2009 ստեղծագործության էջում։

Ծանր հիվանդ հարևանին օգնություն մատուցող երիտասարը անսպասելի փոխհատուցում է ստանում իր հոգատարության դիմաց։ Պատմվածքը գրված է 2009թ․, խմբագրված՝ 2018թ․։

Կյանք, չկրակես, ախր անզեն եմ

Կյանք, չկրակես, ախր անզեն եմ,
Կյանք, գուցե խաղա՞ս խղճիդ դեբյուտը,
Հարբում ես, ախր, երբ շատ ես խմում
Երակներիս մեջ հոսող էս հյութը:

Համառ ես հաստատ, ինձնից էլ համառ՝
Չես ուզում փոխել քո հին դրվածքը,
Ու ցուցադրաբար՝ մոմած պարանիդ,
Կախում ես հոգուս խոնավ լվացքը:

Ինչու՞ ես կապտած տեղերիս խփում,
Ինչու՞ ես բացում նոր փակված վերքը,
Կյանք, ընկածներին չեն խփում, ախր,
Կյանք, ընկածներին մեկնում են ձեռքը:

Մի ուրիշ

Երնեկ թե մտնես թևս՝
Թևիս մեջ թև ըլնի,
Ասես մածունը սև ա՝
Մածունը սև ըլնի,
Իմ ներսի մարդը դև ա,
Դրա դեմ դև ըլնի,
Ու էս բռնածս ձևը
Բաց թողած ձև ըլնի:

Կարթ չգցած՝ կպնեն ձկներս,
Դեռ չկպած՝ ծալես ծնկներս:
Քո բալնիքով բացես աշխարհս,
Դեռ չբացած՝ լուծես խաչբառս:

Երնեկ թե նստես կողս,
Կողիս մոտ կող ըլնի,
Դադարի էս անտեր դողը,
Մի ուրիշ դող ըլնի:

Լալե՜յ

Լալե՜յ,
Ճարել ես ինձանից սիրուն, ջահել,
Պահել մտքումդ նրա սին խոսքերը,
Շարե՜լ
Իմ նվիրած փայլուն թելին
Ալյ սերերիդ սև ուլունքները։

Լալե՜յ,
Ես միևնույն է դեռ սիրում եմ խենթ պարել,
Թեկուզ ինձ հետ հիմա պարում է սոսկ քո ստվերը,
Պարե՜լ,
Ու անիմաստ կրկնել լալե՜յ, լալե՜յ,
Որ միայն ինքս հասկանամ երգիս խոսքերը։

Լալե՜յ,
Միայնությունը ինձ մանկուց դեռ վախեցրել է,
Իսկ դու ճարել ես ինձանից սիրուն, ջահել,
Լալե՜յ,
Ես այս գիշեր կմոռանամ կողպել դռներս,
Ներս կթողնեմ անցորդներին բոլոր, լալե՜յ, լալե՜յ։

Մերժիր

Մերժիր, ներս մի թող ինձ մեղքիս մեջլիս՝
Հույսին միշտ հաջորդում է տառապելը,
Հուշիր, փորձիր հուշել, թե որն է ճիշտ՝
Իմ ցավը վախ չափե՞լ, թե՞ խաչ կապելը։

Մերժիր, ու չդառնաս դու՛ էլ կավատ,
Ու չդառնաս վշտի ու իմ քավորը,
Ասա ինձ, ավելի սնահավատ
Արճիճ թափո՞ղն է, թե՞ սքեմավորը։

Մերժիր ու հեռացրու քեզնից, քանի
Հիմարի պես դեռ չեմ կապվել ես հետդ,
Ես վախենում եմ, գիժ Մումթազ Մահալ,
Գերեզմանիդ սարքել իմ մինարեթը։

Մերժիր, որ ես երբեք էլ չաղոթեմ,
Որ չխնդրեմ Աստծուց իմ փայ ղսմաթը,
Օգնի՜ր, դու հին տականք ես, դու գիտես,
Որ կորցնելուց ցավոտ է զուր հավատը։