Ես կրկին արթուն եմ, ընկեր, Ես անքուն եմ կրկին, սիրելիս, Ու նորից քո հայացքն եմ հիշել, Քո հայացքն՝ այստեղից գնալիս։ Ու դարձել եմ դատարկ կաղապար, Ու լացում է մի բան իմ ներսում, Իմ սենյակն է կարգին ջեռուցվում, Իսկ ես միայնակ՝ մրսում։ Մեր օրերն եմ հիշում երջանիկ, Այդ օրերն եմ հիմա կարոտում, Ու սպասում՝ հուսալով, այն ժամին, Երբ պիտի դառնաս նորից տուն։
2008
Երեկոներ շալվարիս պես
Երեկոներ, շալվարիս պես`
Ուրիշի հագին մաշած,
Հոգնեցրել է մռութը ձեր
Անլվա, չթրաշած։
Ձեր լուսինները սին են,
Ձեր հեքիաթները` հին,
Դուք անխղճորեն նման եք
Մեկդ մեկին։
Խելագարվածի պես դուք
Նույնն եք շարունակ կրկնում․
Տուն, քարե տուն, տուն՝ տաք,
Տուն, տուն հեռու` մեր տուն»։
Սուրբ անձրևները
Սուրբ անձրևները քեզանից սրբին,
Տարան իմ սիրած ջրաներկերը,
Իմ՝ պարզ գույներից բարդությամբ ստացած
Երանգներդ բյուր։
Եվ ուղիղ սիրուս փոխարեն տված կետ-գծիկներդ
Այլևս միայն կետեր են թվում։
Եվ այժմ, ահա, հարցում եմ ինքս ինձ,
Թե ձմռան գալով
Իմ ինքնամոռաց, խելառ հավքերը
Ինչու չեն չվում։
Այնտեղ, ուր դու ես, նրանք փնտրում են
Ամառներ անվերջ, անսպառ ջերմություն։
Դու արհեստական գործվածքի նման
Մի լվացքից ես քո գույնը կորցնում,
Իմ սրտին թողած լաքաները քո
Որքան տրորեմ, էլի չեն ացնում։
Դու ծաղիկների համար անարժան,
Դու այժմ բեմից քշված անտաղանդ,
Բայց այնքան սիրված, այնքան հարազատ,
Որ ի զորու ես իմ եկեղեցին դարձնել
Երբեմնի սիրո հուշերով
Քայքայող աղանդ։
Նոր շուլուլած կարեր
Հին վերքերի տեղում
Ես կգտնեմ շուտով նոր շուլուլած կարեր,
Ու ոչ թե կարոտով,
Այլ սեփական ոտով կշրջեմ տանը մեր։
Ու կմաշեմ օրեր,
Որոնք տեսնում էի դեռ երեկ ցուցափեղկում,
Ու հռչակ կթորեմ,
Մտքիս ու գրիչիս տված բերքով։
Ու ամեն Աստծո օր,
Արթնանալով, կիջնեմ խանութ՝ հացի,
Ու կաղոթեմ Աստծուն՝
Ոչինչ չխնդրելով, այլ հանուն տվածի։
Կլսեմ հեզությամբ
Խրատները տատիս՝ ճիշտ թվան, թե սխալ,
Գուցե մտնեմ նորից
Այն նույն եկեղեցին, որոշեմ դարձի գալ։
… Սրճարանն անձրևի,
Փողոցները ծանոթ ու իմ սիրած խանութը գրքերի,
Կապրեմ օրերը նույն՝
Այս վայրերում դժգույն, թվացող անթերի։
Բայց էլ, սիրտս լցրած,
Չեմ զգա մուսա ծնող կարոտը իմ,
Ու այլևս թաքուն
Առավոտյան թխվածք չի տա Սյուզին։
Պատուհանիցս դուրս
Չեմ տեսնի գեղեցիկ, բայց ձանձրալի սարեր,
Հին վերքերի տեղում
Ես կգտնեմ շուտով նոր շուլուլած կարեր։
Հյուրընկալ ես, անշուշտ
Հյուրընկալ ես, անշուշտ, ի՞նչ խոսք,
Թացը չորից ղայդին ջոկում ես,
Հարկիդ տակ ես առնում ուժեղին,
Թույլին սառնությամբ մտրակում ես։
Դու փոքրին քշա անելով,
Գինով ես անում մեծին,
Բալքիմ փող բաժնելուց մի օր
Առաջինը քո դուռը ծեծի։
Դու ճամփում ես հյուրդ ժպիտով,
Քֆուրով դռներդ փակում ես,
Չես տեսնում, որ նա` գինովցած,
«Օբյեկտիդ» պատին դատարկվում է։