2005

Երազ էր

Մի գիշեր եկար,
Մտար իմ սենյակ,
Եվ տեսար, որ ես
Քնած եմ մենակ։
Նստեցիր կողքիս
Սկսեցիր երգել,
Իսկ երբ քեզ տեսա,
Ուզեցի գրկել,
Չքվեցիր հանկարծ
Ու ես հասկացա,
Որ երազ էր դա,
Իսկույն արթնացա
Եվ տեսա, որ դու
Նստած ես կողքիս,
Ուզեցի գրկել…

Երազ էր կրկին։

Պարան

Երբ կանգնած էի լեռան գլխին
Դու պարան դառար,
Իջեցրիր փորձանքի բնից
Ինձ հեռու տարար։

Դեպի հրաշք դաշտավայրեր,
Երկրային եդեմ,
Ուր մի չքնաղ գեղեցկուհի
Ելավ դեմ առ դեմ։

Բռնեց ձեռքս, իր հետ տարավ
Գետի մոտ վարար,
Ինձ համբուրեց, սակայն այդժամ
Դու պարան դառար։

Կապեցիր ինձ կասկածներում,
Ուր սերն է մեռնում։
Չգիտեմ՝ լավ է արդյոք, որ
Պարան ես դառնում։

Ատելություն

Ատելությունը միշտ էլ բոլորին
Անձայն, թաքուն է գերեզման տանում,
Սիրելով, սակայն, մենք ինքնամոռաց,
Սեփական կամքով ենք խաչ բարձրանում:

Երջանկություն

Երջանկությունը` անցողիկ ու կարճ,
Չես էլ նկատում, ինչպես է ցրվում,
Դժբախտությունը` անառակ մի հարճ,
Առանց սիրո է ամենքին տրվում: