Չսիրես էլ ինձ պեսին

Ու եթե հանկարծ սիրես էլ՝ չսիրես էլ ինձ պեսին,
Սիրելը սիրելու կեսն է, դու սպասիր հաջորդ կեսին,
Ուր ամեն վայրկյան մի հարց է, տե՜ս, հանկարծ չասես «եսիմ»՝
Սիրելը սիրելու կեսն է, կես սիրելը՝ սոսկ տեսիլք:

Քեմփբլ

Փորձանքը մենակ չի գալիս`
Փորձանքը գալիս է քեզ հետ, իմ Քեմփբլ,
Հեռախոսով երբ «գլխիս ես տալիս»,
Կյանքս կորցնում է տեմպը:

Կոնդիցիոներ

Շոգ է, ու ուզում եմ նորից լինի ձմեռ,
Ատում եմ էս անտեր գլոբալ տաքացումը,
Հեռախոսս զանգեց. «Կուզե՞ք կոնդիցիոներ»,
Կարծեցի շահել եմ, իզուր` սոց. հարցում էր:

Չես փոխվում ցավոք

Ամբողջ օրը ցանցում աղմկում է ՀԱԿ-ը`
Նախագահը փոխվեց, լինելու է OK,
Չեմ ուզում էլ լսել, դու ես այն միակը,
Որ ուզում եմ փոխվի, չի փոխվում ցավոք:

Ինչ աշխարհ չէի եկել

Իսկ աշխարհում արդեն գեղեցիկ է այնքան,
Ա՜խ, որքան վաղուց է, ինչ աշխարհ չէի եկել,
Ես սիրել եմ արդեն հազար միլիոն անգամ,
Բայց այս անգամ կարծես առաջինն է, մեկ է։

Ազատ ցավ չունեմ

Մոտեցեք փոքր ինչ ուշ` ազատ ցավ չունեմ
Էս պահից մինչ հաջորդ աշխարհի արարում։
Ակնոցներս կորցրել եմ, ներեք գույներ,
Դուք բոլորդ էլ նույնն եք թվում խավարում:

SOS, նա չկա

երկօրյա տագնապ
ու չկամ
մտքերում եմ աննորմալ հուղարկավորած
անսեր ու անկիրք
ուղեծիրս բարձիդ տակ կորցրած՝
գլորվում եմ երկինք
ու լրացնում եմ դատարկն անկողնուս
խաչբառի պես՝
պատասխաններով հարցերի,
որոնք ծագում են,
բայց մայր չեն մտնում
ու հոլ եմ կապկում իմ վերմակի հետ,
անորոշության տրոտիլաթույնից թունավորվելով՝
կուլ տալով հազար խորանարդ վայրկյան
դեռ ոչ մի անգամ չգերազանցված
ու ռեկորդային չափաբաժինով
S.O.S.
նրան կովկասյան արևները ցնդեցրին,
նրան վերացրեցին օրենքով գողերը,
նրան արտահանեցին արևմուտք,
նրան փախցրեցին այլմոլորակայինները,
նրան գերի հանձնեցին Ադրբեջան,
նրան գործուղեցին, որպես բարի կամքի դեսպան,
նրան որդեգրեցին Փիթն ու Ջոլին,
նրան կերան ինչ-որ վայրենիներ,
նրան իր աղջկա հարսանիքին ոմն օլիգարխ է տարել նվեր,
նրան դոկտորները քայքայեցին սոցիումի լուծույթում

S.O.S.

նա չկա
ես նրան եմ փնտրում

եթե ինչ-որ տեղ տեսել եք նրան, խնդրում եմ, արձագանքեք
իմ էլփոստի հասցեն է [email protected]

Արի, դերձակ

Դերձա՜կ, միտքս ուլունք-ուլունք
Թելիդ շարի,
Մաստս ճարի,
Քեզնից կտրած կարկատանով
Հոգուս պատռվածքը կարի:
Հասի՜, դերձակ,
Դեռ մի ծակը չշուլալած,
Ես բացում եմ մի ուրիշ ծակ,
Թելդ թելի՜…
Երգդ երգի՜,
Կեսդ կիսի՜,
Ինձ նվիրի մեկ քառորդդ,
Խերո՜վ, դերձակ,
Թող իմ ներսում լինի ոտդ՝
Յուղով լվամ
Ու մազերովս այն սրբեմ:
Էլ ո՞վ դերձակ,
Էլ ով պիտի ճարս ճարի,
Կոշկակա՞րը։
Դե լա՜վ դերձակ,
Ես ապրել եմ արդեն քանի
Կյանքից հոգնած բութ կոշկակար,
Մեկը չկար, որ ինձ ապրեր,
Խաբնվել եմ արդեն քանի կոշկակարի,
Մեկը չկար, որ ինձ խաբեր:
Արի՜, դերձակ,
Պարի՜, դերձակ
Դու անցյալիս այրող մոխրին,
Ու գլուխը իմ մկրտչի
Պարիդ դիմաց
Ստացիր սկուտեղի մեջ դրած:
Թքա՜ծ դերձակ,
Միտքս հիմա ուլունք-ուլունք թելիդ շարի,
Արի միայն,
Միայն արի։
Ունայնության թեորեմը
Ես չեմ ուզում ապացուցել,
Մոռացության բանաձևը
Ասե՞ս գուցե։

Մամ, ինձ չես վիժի

Բաց թողեք ինձ,
Հանգիստ,
Մի փորձեք բուժել,
Ես եղել եմ արդեն`
Կլինեմ ուժեղ,
Ես կանցնեմ անտարբեր,
Ես կանցնեմ անհամբեր
Էն կողքով շշի,
Էն կողքով, հիշի՜ր,
Մամ, որ դու անցար
Ու ինձ չես վիժել,
Ու էլ չես վիժի,
Ու էլ չես վիժի:
Բաց թողեք ինձ,
Հանգիստ,
Մի փորձեք կապել,
Ես չափել եմ արդեն,
Թույլ տվեք չափել
Ինք՛ս իմ ջերմությունը
Սեփական իմ ճնշումը,
Որ բացի ինձանից
Մեկին չի ճնշել
Ու հազիվ ճնշի,
Մամ, դրա՛ համար,
Դու ինձ չես վիժել,
Ու էլ չես վիժի,
Ու էլ չես վիժի:
Բաց թողեք ինձ,
Հանգիստ,
Թույլ տվեք ապրել,
Ես ապրել եմ արդեն,
Կուզեմ` մի փոքր էլ,
Որ գտնեմ կորցրած քունս,
Որ գտնեմ փրկությունս`
Չլսեմ ինչպես
Նյարդերի միջից
Մամ, կասես մի օր,
Թե իզուր վախտին
Դու ինձ չես վիժել
Ու, ցավոք, արդեն
Երբեք չես վիժի,
Երբեք չես վիժի:

Ինձ լքիր

Ես ներքուստ միշտ անհաշտ եմ քեզ հետ,
Քո բերքից ծանրացնում եմ հոգիս,
Խոր վերքից ինձ դարձնում երկու կես,
Սիրելի իմ, փրկիր ինձ` լքիր:

Ես բնավ չգիտեմ քեզ սիրել
Էն սիրով, որ սիրում ես դու ինձ,
Երազում եմ մեկին նվիրվել
Փոխադարձ․․․ դե օգնիր ինձ` լքիր:

Ես փնտրում եմ քո մեջ Ուրիշին,
Ու փորձում քեզ Ուրիշը դարձնել,
Չփոխվես, էս խոսքերս հիշիր,
Ինձ լքիր, քեզ գտիր ուրիշ սեր:

Ես ուժեղ եմ, դու էլ` ինձ լքիր,
Ժամանակն իր դանդաղ կրակին
Սերը մեր այրելով կսպառի,
Սաղ կանցնի։ Ինձ լքիր, ինձ լքիր։