fbpx

Թոքախտավոր սուտը

Պատկեր՝ Թոքախտավոր սուտը թեմայով։ Տեղադրված հայ գրող Դօրիանի «Թոքախտավոր սուտը» Պատմվածք ստեղծագործության էջում։

Ծանր հիվանդ հարևանին օգնություն մատուցող երիտասարը անսպասելի փոխհատուցում է ստանում իր հոգատարության դիմաց։ Պատմվածքը գրված է 2009թ․, խմբագրված՝ 2018թ․։

Իմ երկու հայրը

Պատկեր՝ Թոքախտավոր սուտը թեմայով։ Տեղադրված հայ գրող Դօրիանի «Իմ երկու հայրը» Պատմվածք ստեղծագործության էջում։

Երկու տղամարդու ընտանիքում մեծացած երիտասարդը չի կարողանում ներել ծնողներին իր մանկության վերքերը։ Պատմվածքը գրված է 2013թ․, խմբագրված՝ 2017թ․։

Գիշերն էր լի նոստալջիով

Գիշերն էր լի նոստալջիով,
Մտքերը պարուրել էին ինձ էլ,
Խոհերն, անշուշտ, միսս աշխարհից
Ավելի լավ անկողնակից են։
Ես հաշվեցի ու չստացա,
Չպարզեցի, թե այդ ինչից է,
Որ իմ թախիծն ու քո ծիծաղն
Այլ մայրերից, բայց նույն հորից են։

Գիշերն էր լի լռությունով,
Բայց ես լսում էի մեկի ձայնը.
- Ինձ չկապվես, էլ չխաբվես
Մեղեդային այս լռությանը։
Եվ հասկացա, որ չպեղած
Իմ տագնապի պատճառը այն է,
Որ դու սպասում ես թաղումին,
Իսկ ես սպասում եմ հարությանը։

Վերադարձրու սառույցներդ հրշեջ

Վերադարձրու սառույցներդ հրշեջ,
Ես սկսել եմ պաշտել կիրքս մարելդ,
Սերը քո հյուսել եմ մազերիս մեջ
Ու անգիր եմ արել մարմնիդ խալերը։

Կոպերիս կարկատիր հաճույքը հին,
Մկրտիր ինձ մեռոնով արծաթե,
Ճրագով քո խանձիր գունատ հոգիս,
Լուսացրու օրը իմ, մինչ լուսադեմ։

Ցավերով ցավեցրու չցամաքող,
Ես ներել եմ ու էլի կներեմ,
Շպրտիր վերջապես քո էդ քողը,
Ու տրվիր ինձ․․․ «Տե՞ր ես»․․․ Տեր եմ․․․

Քո՝ կիրք դարձած ցասումը

Ի՞նչ ես ակնարկում, ասա,
Հոգուս հետ խաղալ թարգիր,
Սովոր չէ սիրտս դեռ որ
Րոպեում հազար զարկի։

Ասա, ինչպե՞ս հասկանամ,
Քո՝ կիրք դարձած ցասումը,
Ու Աբովյան փողոցը,
Ու տասն անց քառասունը։

Ու հայացքդ սիրահար,
Ու համբույրդ ընդհատված,
Կրակոտ պոռթկումը քո՝
Մեղավոր, բայց չդատված։

Խնդրանքդ քեզ մոռանալ
Ու զայրույթդ անհարկի,
Ասա, ինչպե՞ս հասկանամ,
Հոգուս հետ խաղալ թարգիր։

Դու հիշեցրիր օրերը հին

Դու հիշեցրիր օրերը հին, ներշնչանքի
Եվ Իրինա Դուբցովային,
Որի երգերն գիտեի անգիր,
Բարձրացրեցիր հոգուս խորքերն հազարանիստ,
Ապրումներիս տվիր սպասված հոգեհանգիստ,
Եվ խռովքս դարձրեցիր ներում լալկան,
Եվ կարոտս՝ վեհ փարատում,
Հրեշտակներին՝ վաղուց մոռացված, բերիր իմ տուն,
Եվ կորուստներից հետո բազմաթիվ
Ձեռքբերումս դարձար միակ,
Ես ոչինչ չէի խնդրել բախտից,
Բայց հիմա, չգիտես ինչու, ինձ թվում է,
Թե եղել ես հարափափագ։

Երկինք

Երկինք, սովոր եմ քմահաճ,
Փոփոխական ախ ու հախիդ,
Քո կայծակներին ընդառաջ
Ես գալիս եմ ինչպես շահիդ։

Քո աստղերը բազում թողած՝
Իմ աստղին եմ զոհում հոգիս,
Ինչպես անխելք ամոնացիք
Զոհեր էին անում Մողոքին։

Քո էդ ձանձրալի c’est la vie-ն
Կուլ է գնում իմ կորովին,
Օրենքներդ վար անձրևիր,
Ես բարձրանում եմ յուրովի։

Չեմ վախենում քեզնից, երկինք,
Դու հղի ես, բայց չես ծնի,
Դու նման ես ինձ խիստ նայող,
Բայց չպատժող մի արձանի։

Անգամ հեքիաթիս ավարտին
Պետք չէ քեզնից երեք խնձոր,
Ես, պիտի որ, բավարարվեմ
Իմ լսածով։

Դու, սիրուց բացի, ոչինչ չգիտես

Դու, սիրուց բացի, ոչինչ չգիտես,
Ապրում ես մեկ այլ` օտար աշխարհում,
Ուր թեթև ամպի քուլաներն անձև
Երկնքին սիրո խոսքեր են գրում։

Քո երազներում շուշաններ են լոկ,
Դրանցից բացի, չես տենում ոչինչ,
Սակայն, սիրելիս, ասեմ քեզ, ցավոք,
Կյանքն իրականում երազ չէ թովիչ։

Քո պատուհանին բյուր աղավնիներ
Երգեր են հյուսում մեր սիրո մասին,
Ա՜խ, թող այդ երգը իրական լիներ
Ու նման քո այն չքնաղ երազին։

Բայց ավաղ՝ գիտես ինձանից էլ լավ,
Որ քեզ համար զուտ երազանք եմ ես։
Ա՜խ, թեկուզ ներիր, մի պահ մոռացա,
Որ սիրուց բացի ոչինչ չգիտես։

Գարուններն էլ են ձյուներով գալիս

Գարուններն էլ են ձյուներով գալիս,
Ցրտերով մարտյան ու քամիներով,
Ու ոչ ծիծեռնա՜կ, ու ոչ ձնծաղի՜կ,
Ու արձրև միայն, ու ամպեր խոժոռ։

Մի լացիր, ոչինչ, համբերիր մի քիչ,
Չես փոխի ոչինչ իզուր լացելով,
Ես արդեն քանի գարուն եմ տեսել,
Բոլորն էլ եկան ցրտով, ձյուներով։

Դու կհեռանաս ու քեզնից հետո

Դու կհեռանաս ու քեզնից հետո
Սիրտը կդառնա իմ ցեմենտ-բետոն,
Մինչև պռունկը կլցվի նորից
Աղի հեղուկով ու նորից չի լա։

Դու կհեռանաս` թողնելով, ափսոս,
Միայն ու միայն մտքերի քաոս,
Եվ գուցե դառնաս իմ հավերժահունչ
Կյանքի նվագում կտրված մի լար։

Դու կհեռանաս ու քեզնից հետո
Մեգապոլիսում ինչպես Ռոբինզոն
Ինձ կզգամ, սակայն չեմ օտարանա
Քեզ` իմ անջիգյար։

Տերևներ

Դու մթնշաղ երկնքի մեջ
Տերևներ ես լուռ հաշվում,
Ես տխրում եմ կողքիդ անվեջ
Եվ մենությունից տանջվում:

Մենք կշրջենք դեռ երեքով՝
Մենության հետ, քաղաքում,
Չեմ էլ անցնում ես քո մտքով,
Տերևներ ես հավաքում…

Ու կիսում են զգացմունքներս
Տերևները սավառնող,
Պատմում եմ քեզ տխուր սերս
Տերևների հետ մեռնող: