Ձեռքս սիրիր, հարս իմ՝ խմոր, Քեզ գնդեմ, գրտնակեմ նորից, Գուրգուրելով՝ ջանիդ քսեմ Ջեմ, մուրաբա, անուշ խորիզ։ Տամ կրակին՝ գալուդ սպասեմ, Պատուհանիս փեղկը բանամ, Ամեն ծանոթ ու անծանոթ Հոտդ առնեն, տեղդ իմանան։ Բարև տան ու, Աստծո բարիք, Քեզ անելով բաժին֊բաժին՝ Մի բաժինը հետս կիսեն, Մեկը տան պառավին, ճժին։ Ուտեն ու գոհ գլուխ ճոճեն․ «Քաղցր էիր, համա ծարավ թողիր», Շիրեդ մատներից լպստեն, Օրհնեն հա՛մ քեզ, հա՛մ թխողիդ։
Որդուս
Դու կաս ու գիտեմ ես, թե խի ես կամ՝ Որ ծածկեմ քո վրա, երբ բացում ես մեջքդ, Որ, հեռու քեզանից, երբ հանկարծ ընկար, Ափդ իմ ափի մեջ ուղեկցեմ վայրէջքդ։ Դու կաս ու գիտեմ ես, թե խի ես կամ, Որ մի բան չունենաս` քոռանան աչքերս, Որ քայլեմ, ուր քայլես, ստվերը քո գրկած՝ Արծաթե խաչերով քշելով չարքերը: Դու կաս ու գիտեմ ես, թե խի ես կամ՝ Որ թաքուն արտասվեմ, երբ ցավի մի տեղդ, Որ լարած մկան պես դես ու դեն ընկած Որոնեմ հարբուխի կամ ականջիդ դեղը։ Դու կաս ու գիտեմ ես, թե խի ես կամ՝ Որ օրերդ հաշվելով՝ շատացնեմ օրերս, Որ թեկուզ ուշացած, հասցնեմ սակայն, Հասկանալ նաև, թե ինչու կա մերս։
Բարի հոգին
Աչքերս բացեմ՝ տեսնեմ լուսացել է, Ու կողքիս նստել է բարի հոգին, Ու տուփից հանել է իմ սիրած խաղը, Շարել գոգին։ Նայում է, ժպտում է․ «Բարլու՜ս քեզ, ծիտս, Տես, էլի հաղթել ես, չունես դուշման, Խաղը քո խախանդ է, դու էլ խախանդ ես Խաղիդ նման։ Նախշուն կավիճով գծել է սահմանը Խալխն՝ իր տանը տվել է տարբեր անուն, Տունը քո դեռ սերն է, իսկ սերը, սերս, Չեն սահմանում։ Տունը քո թռչում է, երբ լույս է դուրսը, Այն չունի ոչ դուռ, ոչ անգամ տանիք, Ու ներսում երգում է քեզ հետ, թռչունս, Հազար քամի։ Մանկան պես ամենքը լսում աղոթքդ, Կրկնում է, ինչպես հին շուտասելուկ՝ Իբրև զենք՝ բարձի տակ պահած ասեղը Աստծով թելում։ Վրեժին կարում է ներումն իր, հարսս, Ու ցավին անուշ բալասան կարում, Իր թոշնած բոլոր փեշերին կարում է Սիրուն գարուն։ Մի մոմից մյուսը վառում է մարդը՝ Լույսդ ակամա թշնամուդ տանում, Աչքերը չռած հետևում է Չարը, Օտարանում։ Ու թողնում մենակ քեզ բարեկամիդ հետ, Հետքն իր վերացնում է՝ կարծես չկար, Անկողնուցդ վեր կաց, ու դուրս եկ, ծիտս, Մարդկանց աշխարհ»։
Հավատում եմ, որ մյուսներից շուտ եմ հայտնվելու ապագայում. Դօրիան
11 դեկտեմբերի 2011, Tert.am
Րոպեներ առաջ հայկական հեռուստաընկերություններից մեկի եթերում բացահայտվեց հայալեզու համացանցում արդեն երեք տարի հայտնի ու միևնույն ժամանակ գաղտնի մնացող, facebook-ում ամենամեծ թվով հետևողներ ունեցող հայերից մեկը` Դօրիանը: Նրա ստեղծագործություններով կամ անձով հետաքրքրվողներն այլևս ստիպված չեն լինի գուշակել, թե ով է թաքնված խորհրդավոր դիմակի տակ: Tert.am-ի հետ բացառիկ զրույցում Գրիգոր Մուրադյանը` նույն ինքը Դօրիանը, առաջին անգամ հանդես է գալիս առանց դիմակի:
ՇԱՐՈւՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼԴօրիանը` իր «Երկու հայրերի», նրանց «հեռանալու ու վերադարձի» մասին
6 Սեպտեմբերի 2013, Yerkir.am
Սեպտեմբերի 13-ին dorian.am-ում հասանելի կլինի Դօրիանի նոր պատմվածքը` «Իմ երկու հայրը»: Նույն օրը Դօրիանը կներկայացնի Chrome դիտարկչի համար նախատեսված «Իմ գրադարակը» հավելումը եւ իր էլեկտրոնային գրքերը, ինչպես նաեւ դրանց ընթերցման համար ծրագիրը` մեկ փաթեթի մեջ։ Այն կլինի անվճար եւ հնարավորություն կտա կարդալ Դօրիանի ստեղծագործությունները նաեւ կապի եւ էլեկտրոնային գրքեր կարդալու համար նախատեսված լրացուցիչ ծրագրի բացակայության դեպքում: Ներկայացնում ենք Դօրիանի մտորումը` իր «Իմ երկու հայրը» պատմվածքի հերոսների խոսքերի վերաբերյալ:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼԴօրիան. վիրտուալ գրողը խոստանում է «լույս աշխարհ գալ»
30 Նոյեմբեր 2011, Արմենպրես
Քչերն են այնպես «լիաբուռ» օգտվել «Ֆեյսբուք»-ից, ինչպես դա արել է իրեն ժամանակակից հայ գրող անվանող Դօրիանը: Նա արդեն երեք տարի facebook-ի «բնակիչ» է, ունի շուրջ 13000 հետևող, նրա էջը սովորաբար բուռն քննարկումների վայր է, ընթերցողների թվով բարձր հորիզոնականներում է նաեւ Դօրիանի անձնական կայքը: Վերջերս նա իր ընթերցողներին խոստացավ առաջին գրքի լույսընծայման կապակցությամբ դեն գցել վիրտուալ քողը եւ «լույս աշխարհ գալ», ինչը նրա շուրջ նոր ինտրիգ ու հետաքրքրություն ստեղծեց: Այս կապակցությամբ «Արմենպրես»-ը վիրտուալ զրույց ունեցավ «Ֆեյսբուք»-ի թափառող հոգու հետ:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ«Թաքնվելու պատճառներից մեկը վախն էր մարդկանցից». Դօրիան
07 դեկտեմբերի 2011, Aravot.am
Ժամանակակից գրող, բլոգեր, վիրտուալ աշխարհում հայտնի Դօրիանը դեռ անցած ամիս խոստացել էր իր լսարանին «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» գրքի շնորհանդեսը: Նշել էր՝ գրքին իր ձեռքով էր ստորագրելու: Այդ օրն էլ լսարանը կճանաչեր նրան: Ընթերցողներն այդ առիթը պետք է ունենային այս տարվա նոյեմբերի վերջին կամ էլ դեկտեմբերի սկզբին: Ինքն էր այդ մասին ասել: Այսօր արդեն դեկտեմբերի 7-ն է, սակայն ոչ Դօրիանը կա, ոչ ձեռքերը, ոչ էլ գիրքը: Պարզվում է գրողի ծրագրերում փոփոխություններ կան. գրքի շնորհանդեսի օրը հետաձգվել է, «մեղավորը» տպարանն է: «Տպարանը խոստացված ժամկետում չհանձնեց գիրքն ու մինչ օրս էլ չի հանձնել: Այդ պատճառով էլ շնորհանդեսի մասին առայժմ չեմ կարող խոսել: Առանց գրքի՝ շնորհանդեսն անգամ ինձ համար տարօրինակ արարք կլինի», – ժպտում է նա: Ասում է՝ իր անձի «բացահայտումը» կլինի մինչ գրքի շնորհանդեսը՝ դեկտեմբերի 11-ին եւ 12-ին հայկական հեռուստաընկերություններից մեկով: Նշում է՝ երեք տարի կեղծանունով եւ անձը թաքցնելով գործելը հոգնեցուցիչ էր, այս տարի էլ որոշեց բացահայտվել.
ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼԾիծաղի առարկա դարձնել «կարգին տղային» ու խրախուսել մտածողին
20 դեկտեմբերի 2011, Aravot.am
Հայ ժամանակակից գրող, բլոգեր Դօրիանին ներկայացնելու հարկ չկա, նրա ստեղծագործությունները ամենաընթերցվածներից են, իսկ «բաց» թեմաների մասին խոսելիս, գրողը երբեք վուլգար չի լինում: Դօրիանը վերջերս համարձակ քայլի դիմեց՝ «բացվելով» մարդկանց առաջ իբրեւ Գրիգոր Մուրադյան: Հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ հեռուստադիտողը տեսավ նաեւ նրա դեմքը: Նշենք, որ Դօրիանը 23 տարեկան է, ինչպես ինքն է ասում՝ «ընտանիքիս անդամները սովորական մարդիկ են» ժամանակին սովորել է համալսարաններից մեկի լրագրություն ֆակուլտետում ու ինչ-ինչ խնդիրների պատճառով չի ավարտել այդ բուհը: Բացահայտվելուց հետո Դօրիանին խնդրեցինք պատասխանել «Առավոտի» հարցերին:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ«Իմ երկու հայրը» որոշեցի հրապարակել մասամբ գենդերային խնդիրների մասին ծավալված քննարկումների պատճառով». Դօրիան
3 Սեպտեմբերի 2013, Aravot.am
Դօրիան. հայ իրականության մեջ այս անունը թերևս ամենասկանդալային անունների շարքում կարելի է դասել: Մեկ տարի առաջ նրա անունը լսողները ամենուր, գրեթե ամեն տեղ փորձում էին փնտրել նրա կերպարանքը, սակայն երկար ինտրգներից հետո Դօրիանը, նույն ինքը՝ Գրիգոր Մուրադյանը բացահայտվեց, բայց մինչև օրս մնաց անկանխատեսելի և առեղծվածային: Որտե՞ղ է նա և ի՞նչ նոր պատմվածքով է ներկայանալու իր ընթերցողին. այս և մի շարք այլ հարցերի մասին «Առավոտ երիտասարդական»-ը զրուցեց երիտասարդ գրողի հետ:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼՆժույգները պատրաստ են վազքի
Նժույգները պատրաստ են վազքի, Ու լծված են սայլերը արդեն, Ես սպասում եմ մթին ընթացքին, Պիտ հասնել մինչև լուսադեմ։ Ինձ էնտեղ ապրել չի սազում, Որտեղ կյանքն ապրելու տնազ է, Իսկ հեռվում գագաթներ են սպասում, Հուպ տուր, սայլապան, վռազ եմ։ Իմ հոգին կրակներ է ուզում, Խարույկը մարած` քամի, Ոտքդ կախ չգցես, ծերուկ, Հասցրու ինձ իմ հին մեհյանին։ Մյուսները, գուցե, ձև բռնած Մտածեն, թե ոնց կնայվեն, Եկ շարժվենք դեռ չսափրված, Ետևում թողնենք էդ թայֆեն։ Ես գիտեմ, սայլապան, ես տեսա Սև սքեմ հագած էն մարդուն, Նա խոսում է չարի անունից, Խոսում է, թեև, իմաստուն։ Ներշնչում էր նա ինձ, թե, յանըմ, Ճակատիս է գրած իմ բախտը, - Մի շտապիր, հասնելու ես, ջանըմ, Ամեն ինչ ունի իր վախտը։ Եկ վախտին չսպասենք, սայլապան, Պոկիր դու տեղից քո սայլը, Ես ուզում եմ շտապել, հուսալ, Մուսաներ է ծնում հուսալը։
Ճանապարհել ու չսպասել վերադարձի
Խեղդվիր բոժոժում, իմ շերամ, Դռները հոգուդ գոցիր, Սպասումին քո պատճառ փնտրելով` Մետաքսե պատանք մի գործիր։ Խնայիր ցավերդ աղի, Մոռանալ, նորանալ փորձիր, Եվ սիրել, բայց մի առավոտ Ճանապարհել ու չսպասել վերադարձի։
Համարդ կամ աշխարհդ
Կամ համարդ է փոխվել, կամ աշխարհդ, Կամ կողքինդ է փոխվել, կամ հոգիդ, Ինձ թվում էր, այնքան դժվար է Կորցնել մեկին։ Կամ գնացքդ ես փոխել, կամ հայացքդ, Կամ հավատդ ես փոխել, կամ ճամփադ, Ցրտերից հեռացող երամում Ես տեսա, որ չվում եմ մենակ։