Գիշերը իջել՝ ձանձրույթը քիչ էր, բերել է իր հետ վաղեմի դարդս, իմ ու քո միջև մետաքսե լճեր հյուսել է թաքուն իմ ջրեմարդը։ Անիմաստ հարց է, թե խի ես կարծել, որ ես չափազանց խառը ու բարդ եմ, ահերս դարսել, պահերս թարսել, խառնել է, հոսել, իմ ջրեմարդը։ Ինձ նորից քեզ հետ մտքիս մեջ տեսել ճարել է, լարել իր հին թակարդը, անցյալով տանջել, խաբել ինձ կանչել, իր մոտ է տարել իմ ջրեմարդը։ Գիշերը իջել՝ ձանձրույթը քիչ էր, բերել է իր հետ վաղեմի դարդս, էս թուղթուգիր է՝ մեկն էլ ինձ սիրեց, իսկ ես սիրում եմ իմ ջրեմարդը։
Չափածո
Ժամանակակից հայ գրող Դօրիանի չափածո ստեղծագործությունները՝ բանաստեղծությունները և քառյակները։ «Կարոտ», «Թե ինձ սիրես», «Աղոթք», «Բաժանում» և այլ չափածո աշխատանքները։ Դօրիանը հեղինակ է շուրջ 300 չափածո ստեղծագործությունների, որոնց մի մասը ներկայացված են այս կայքում։ Մյուս բանաստեղծությունները պատրաստվում են հրապարակման։
Օփրա
Ու նստեց մի օր, մտածեց Օփրան, Որ դարձրել է արդեն կյանքը շոու, Որ դարձել է արդեն նյարդերի տոպրակ, Ու սպանում է իրեն մտքի սովը: Սեփական լկտի բարքերից հոգնած, Սեփական սրտի զարկերից հոգնած, Պարտքերից հոգնած, Հարկերից հոգնած, Կարգերից հոգնած Պառավել է: Ու էնքան է խոսել, որ արդեն սպառվել է, Որ արդեն սպանվել է հազար կողմից, Որ որքան ճղվել է, այնքան կարվել է, Այնքան կախվել է մի կոճ թելից: Սեփական տխուր երգերից հոգնած, Սեփական խղճի վերքերից հոգնած, Զենքերից հոգնած, Շենքերից հոգնած, Դեմքերից հոգնած Ծարավել է: Ու էնքան է դժգոհ, որ արդեն ձախ թև է, Որ արդեն ծախվել է հազար ձեռքից, Որ որքան ծնվել է, այնքան թաղվել է, Այքան դաղվել է մի կում ձեթից: Սեփական դատարկ top-երից հոգնած, Սեփական մռայլ կոպերից հոգնած, Րոպեից հոգնած, Շոպենից հոգնած, Շոն Փենից հոգնած, Թառամել է: Ու էնքան է խաբել, որ արդեն հասցրել է Աշխարհին չկապած` աշխարհից պոկված, Աճուրդի բարձրացնել իր հոգու հասցեն էլ, Մտածեց ու գլխից դեն նետեց Օփրան:
Քո պատրանքի շիրայում
Ես չլսած ձայնը քո կարոտում եմ, Երազելով՝ վեր նայում, Թաթախելով միայնակ դառնությունս Քո պատրանքի շիրայում: Ու փակվելով խենթի պես՝ հորինված Իմ օդային ամրոցում, Խուսափելով օտար աչքերից Քո լռությունն եմ ծծում: Ինձ եմ սրբում քեզանով, մի խոսիր, Պետք չէ բուժել էս տենդը, Թույլ տուր հյուսել համրության հելունով Քո գոյության լեգենդը:
Երգ, որ չեմ երգի
Ծաղկել է վախճանս քո ճյուղերին, Մարել է մարմանդը իմ խարույկի, Ասա ինձ, ասա, թե ո՞վ մկրտեց Ներսինս անսանձ ու ո՞վ կփրկի։ Հառել եմ հայացքս քո երկնքին, Վառել եմ մանկանը խղճիս գրկի, Ես չգիտեի դեռ ոչ մի աղոթք, Երբ քո առաջ էի իջել ծնկի։ Ծխել եմ ցավից ու չեմ ամոքել, Փախել եմ միշտ էլ ինքս ինձանից, Ու քո ձայնով լռեցված քնել Ու արթնացել եմ խղճիս ձայնից։ Ներել եմ հերքելդ լինելը իմ, Կերել եմ մարմինդ քո իսկ ձեռքից, Ճանապարհիդ սուտ-հավատ շփել, Ու տառապել սեփական խելքից։ Շարել եմ ցավերս, դրել հերթի, Ճարել եմ մահվան լավագույն առիթ, Ալիքը ընտրել եմ, ասել «թեքիր» Ու վահանակս կարել ձեռքիդ։ Ծաղկել է վախճանս քո ճյուղերին, Մարել է մարմանդը իմ խարույկի, Ես շատ լավ գիտեմ, թե ով մկրտեց Ներսինս անսանձ, որ էլ չի փրկի։ Հ․Գ․ Սա իմ գրած առաջին ու վերջին Երգն է, որ ես երբեք չեմ երգի․․․
Նազենի Հովհաննիսյան
Ինձ քայքայում ես, ես պայքարում եմ
Օրերի հետ ու ունայնության,
Ձանձրույթ, մարում ես մատղաշ գարունն իմ
Ու նազենի, ու հովհաննիսյան:
Թոքս թափում ես, հիասթափվում եմ
Շողոքորթող պատերից իմ տան,
Բարձս ու արյունս գրկած պարում եմ
Նե՜նց նազենի, նե՜նց հովհաննիսյան:
Դու նկարում ես, ես դադարում եմ,
Որ մարդն ու չարն հանկարծ ծափ չտան,
Իմ մեղքը ո՞րն է: Որ հա՞մ պոետ եմ,
Հա՞մ նազենի, հա՞մ հովհաննիսյան:
Իմ մեղքը ո՞րն է: Որ ես տկլո՞ր եմ`
Քեզ հետ ստիպված եմ լինել ու կա՛մ
Ու կենտ, ու խենթ, ու արձակ, ու բարձր,
Ու նազենի, ու հովհաննիսյան: