Categories
Չափածո Կարոտի մասին Սիրո մասին

Քո պատրանքի շիրայում

Ես չլսած ձայնը քո կարոտում եմ,
Երազելով՝ վեր նայում,
Թաթախելով միայնակ դառնությունս
Քո պատրանքի շիրայում:

Ու փակվելով խենթի պես՝ հորինված
Իմ օդային ամրոցում,
Խուսափելով օտար աչքերից
Քո լռությունն եմ ծծում:

Ինձ եմ սրբում քեզանով, մի խոսիր,
Պետք չէ բուժել էս տենդը,
Թույլ տուր հյուսել համրության հելունով
Քո գոյության լեգենդը:
Categories
Չափածո Տխուր բանաստեղծություններ

Երգ, որ չեմ երգի

Ծաղկել է վախճանս քո ճյուղերին,
Մարել է մարմանդը իմ խարույկի,
Ասա ինձ, ասա, թե ո՞վ մկրտեց
Ներսինս անսանձ ու ո՞վ կփրկի։

Հառել եմ հայացքս քո երկնքին,
Վառել եմ մանկանը խղճիս գրկի,
Ես չգիտեի դեռ ոչ մի աղոթք,
Երբ քո առաջ էի իջել ծնկի։

Ծխել եմ ցավից ու չեմ ամոքել,
Փախել եմ միշտ էլ ինքս ինձանից,
Ու քո ձայնով լռեցված քնել
Ու արթնացել եմ խղճիս ձայնից։

Ներել եմ հերքելդ լինելը իմ,
Կերել եմ մարմինդ քո իսկ ձեռքից,
Ճանապարհիդ սուտ-հավատ շփել,
Ու տառապել սեփական խելքից։

Շարել եմ ցավերս, դրել հերթի,
Ճարել եմ մահվան լավագույն առիթ,
Ալիքը ընտրել եմ, ասել «թեքիր»
Ու վահանակս կարել ձեռքիդ։

Ծաղկել է վախճանս քո ճյուղերին,
Մարել է մարմանդը իմ խարույկի,
Ես շատ լավ գիտեմ, թե ով մկրտեց
Ներսինս անսանձ, որ էլ չի փրկի։

Հ․Գ․ Սա իմ գրած առաջին ու վերջին
Երգն է, որ ես երբեք չեմ երգի․․․
Categories
Չափածո

Նազենի Հովհաննիսյան

Ինձ քայքայում ես, ես պայքարում եմ
Օրերի հետ ու ունայնության,
Ձանձրույթ, մարում ես մատղաշ գարունն իմ
Ու նազենի, ու հովհաննիսյան:

Թոքս թափում ես, հիասթափվում եմ
Շողոքորթող պատերից իմ տան,
Բարձս ու արյունս գրկած պարում եմ
Նե՜նց նազենի, նե՜նց հովհաննիսյան:

Դու նկարում ես, ես դադարում եմ,
Որ մարդն ու չարն հանկարծ ծափ չտան,
Իմ մեղքը ո՞րն է: Որ հա՞մ պոետ եմ,
Հա՞մ նազենի, հա՞մ հովհաննիսյան:

Իմ մեղքը ո՞րն է: Որ ես տկլո՞ր եմ`
Քեզ հետ ստիպված եմ լինել ու կա՛մ
Ու կենտ, ու խենթ, ու արձակ, ու բարձր,
Ու նազենի, ու հովհաննիսյան:
Categories
Չափածո Տխուր բանաստեղծություններ

Դու կծիծաղեիր, եթե ինձ տեսնեիր

Դու կծիծաղեիր, եթե ինձ տեսնեիր,
Բայց դու վաղուց ես հանել աչքերդ։
Վերելք եմ կոչում ես վայրէջքներս,
Ընկեր եմ կոչում շրջված մեջքերը,
Ժպտում եմ, երբ ինձ ժպտում են շինծու,
Ու ծիծաղում եմ, երբ ծիծաղում են՝
Հեռվից ինձ վրա մատը տնկելով։

Սեր եմ խոստանում յուրաքանչյուրին,
Ու ցանկացածին կոչում սիրելի,
Ու անծանոթին բարև եմ տալիս՝
Լավ բարեկամի նման գգվելով,
Ու երազում եմ, անվերջ լքվելով,
Թե մի օր էլ ես մեկին կլքեմ՝
Ասես դրանով վրեժ լուծելով
Ինձ լքողներից։

Ու գնում եմ ինձ զանազան շորեր,
Որպեսզի ծածկեմ տգեղությունը,
Որում ծածկվում էր իմ գեղեցիկը,
Իմ վճռականը,
Իմ միայնակը,
Իմ անհեթեթը,
Ու քո սիրելին,
Որին ճիշտ սիրել դու գիտեիր միայն։

Որին դու գիտեիր հասկանալ միայն,
Ու անսահմանի սահմանը թաքուն մատնացույց անել,
Որ չկործանվեմ,
Չտգեղանամ,
Որ մարդկայինի կեղտով չաղտոտեմ
Կենդանի՜ հոգիս։

Որ անկշտությամբ կյանքը մակարդեմ
Իմ է՜ն մի թոքին, որը սիրում էիր․․․
Ու առանց որի փոխում ենք մեր հի՜ն,
Մեր անգիր արած դերերը հիմա
Ես ու էն անտեր դիմանկարը,
Որը պահում եմ փակ կողպեքի տակ։

Ես եմ կործանվում…

Դու կծիծաղեիր, եթե ինձ տեսնեիր,
Բայց դու վաղուց ես հանել աչքերդ,
Բայց դու պաշտում ես կործանումը իմ,
Բայց դու շնչում ես իմ արտաշնչած
Օդը թունավոր,
Բայց դու քայլում ես ինձանից հետո
Արդեն ավիրված արահետներով,
Դու տաքացնում ես մատներդ սառած
Իմ կես-հավատի՝ մեկ քառորդ Աստծո
Պատրույգի վերջին միլիմետրերի
Մարմանդ կրակին․․․

Բայց դու ապրում ես ոչ այն պատճառով,
Որ քեզ կենսապես պետք է ապրելը,
Այլ՝ որ զուգակցես իմ նմանապես անպետք ապրումին․․․

Այլապես արդեն դու կծիծաղեիր,
Ու ես ամոթից նորից կկախեի
Պատուհանիցս հանա՜ծ, շպարտա՜ծ
Վարագույրը իմ․․․
Categories
Չափածո Արվեստի մասին Տխուր բանաստեղծություններ

Սրտերը մեզ սիրող

Զույգս, մեզ կարծես թե մոռացել են արդեն,
Սրտերը մեզ սիրող այժմ արդեն պաղ են,
Արի այս կիրակի շրջենք մոլլերով մեկ,
Ընտրենք հագուստը, որով մեզ պիտի թաղեն։

Անցյալը մեր թեև խենթ էր, բայց խաբուսիկ,
Սերը օտարների իրական չէ՝ խաղ է։
Զույգս խփեց կոնքիս՝ թե հերիք է, թարգիր,
Մեռնելը հա էլ կա, գիրքդ գրիր, վաղ է։