Ծիրանենու ծաղկաթերթեր
Մայիսյան մեղմ քամու հետ
Թևածելով սիրտս եկան՝
Արթնացնելով սերս խենթ։
Ու վարդագույն քամիները
Ուղեկցեցին ինձ հեռուն,
Ուր ծիրանենու ստվերի տակ
Դու հուշեր ես ինձ գրում։
Եվ հպվելով հայացքներով՝
Համբուրվեցինք ես ու դու,
Ես մայիսյան խենթ քամի էի,
Դու՝ ծաղիկ ծիրանենու։
2005
Սպասել, մինչև
Իմ անարմատ երազներում
Թևերդ ես թափահարում,
Թռչում, մինչև աղոտ հեռուն
Անվերադարձ կորում… կորում։
Ու որքան էլ ճամփիդ նետվեմ,
Որքան կրակ վառեմ ափին,
Միևնույն է չես դառնալու՝
Խառնվելու ես տարափին։
Թռչել քեզ մոտ ես չեմ կարող՝
Փետուրներ չունեմ թևերիս,
Բայց կարող եմ ափին սպասել,
Մինչև ցած ընկնես վերևից։
Շղթաներ և մոմեր
Վաղը նոր օր է գալու,
Նոր լուսաբաց, նոր գիշեր,
Նոր էջեր է բացելու,
Գրելու է նոր հուշեր։
Ժամերից օղակներ ձուլած՝
Շղթաներ եմ հյուսելու,
Կյանքիս մոմի առաջ նստած՝
Մարելուն եմ սպասելու։
Վատը, գրած սպիտակ թղթին,
Այրելու եմ՝ մոխրանա,
Լավը շղթայից կապելու,
Որ երբեք չմոռանամ։
Ու իմ հալչող մոմի առաջ
Տեսնելու եմ ճրագներ՝
Ոմանք, որ նոր պիտի վառվեն,
Ոմանք, որ արդեն հանգեն։
Բայց բոլորին սպասվում է դեռ
Նոր լուսաբաց, նոր գիշեր,
Շղթաներ՝ ժամերից հյուսած,
Ու մոխիր դարձած հուշեր։
Մինչև կարոտեմ
Նամակներս աղբը նետիր,
Նկարներս՝ կրակը,
Էլ մի զանգիր ու մի փնտրիր,
Որ իմանամ մենակ եմ։
Իմ նվիրած նվերները
Ընկերներից բաժանիր,
Տուր նրանց, ովքեր թոոր դրանց
Ավելի են արժանի։
… Մի դուրս արի ուրիշի հետ,
Ախր գիտես՝ խանդոտ եմ,
Փակվիր միայն քո սենյակում,
Սպասիր, մինչև կարոտեմ։
Ուզում եմ
Ուզում եմ քեզ թելի նման մատիս կապեմ,
Որ չմոռանամ,
Ու որ դիմանամ ամեն մի ցավի՝
Քեզ հիշելով ու քո մասին իմ հուշերով։
Ուզում եմ, որ մատիս վրա մի խաչ լինես,
Որ չկորչես,
Ու չթռչես դեպի անահայտ հորիզոններ՝
Ինձ ջնջելով ու սիրտդ այլոց զիջելով։
Բայց ավելի լավ է, որ դու կողքիս լինես
Ու իրական,
Նվիրական երազներիցս դուրս
Մի խենթ լինես, ով ինձ, այնուամենայնիվ, սիրեց։
Այժմ կարդում են
«Ադհյատման» թվային գիրքOriginal price was: 500 AMD.0 AMDCurrent price is: 0 AMD.
Պատմվածք «Փնտրում եմ մարդակեր՝ առանց միջնորդի»Original price was: 200 AMD.0 AMDCurrent price is: 0 AMD.