fbpx

Շոու

Նա ասում էր, թե կյանքը շոու է՝ մանուկները լացում են, որպեսզի մյուսների կարեկցանքը զգան, սիրված զգան իրենց, մեծահասակները մյուսներին դուր գալու համար գնում են լավագույն զգեստն ու կոշիկը, անում են լավագույն սանրվածքն ու անգամ ձգտում ամուսնանալ լավագույնի հետ՝ նրա, ով ավելի ցանկալի է մյուսների համար։ Տղաները սիրում են խոսել այն մասին, թե ինչպես են հարբել, աղջիկները ձևացնում են, թե գաղտնիքներ ունեն։ Մյուսների աչքերի առաջ ծնողն ավելի հոգատար է դառնում իր զավակի հանդեպ, սիրահար զույգերն ավելի ջերմ են իրար ձեռք բռնում, աշխատողն ավելի լավ է անում իր գործը, երբ կողքից ինչ-որ մեկը նայում է՝ փորձելով, իբր թե, սովորել։ Կատակողն էլի է կատակում, եթե նախորդ կատակն հաջող էր, հարվածողն էլի է հարվածում, եթե ինչ-որ մեկին դա զվարճացնում է, բարկացնողն էլի է բարկացնում, քանի դեռ շարունակում են բարկանալ։ Մեծ, թե փոքր, կին, թե տղամարդ, հարուստ, թե աղքատ, բոլորը ձգտում են մեկ բանի՝ ցուցադրել ավելի ճոխ շոու։ Ամեն տեղ, ամեն վայրկյան միլիոնավոր ու միլիոնավոր մարդիկ անում են այն, ինչ չեն ուզում, որպեսզի ստանան այն, ինչ ուզում են՝ հայացքներ։


– Սովորականի պես նկարահանման հրապարակ էի գնացել։ Բոլոր տեսարանները դեռ նկարահանված չէին, բայց Անդրեն… պարոն Սթոունը…

«Էժանագին քած», – մտքի մեջ հայհոյեց Սթոունը։ Անդրե՜ն։ Այդ ե՞րբ էր նա իրեն Անդրե անվանել, որ այժմ շփոթում է։ Քիչ էր մնում վեր կենար տեղից ու առաջին իսկ պատահած առարկան նետեր ստախոսի վրա, բայց մի կերպ զսպեց իրեն։ Մտովի թռավ մի քանի օր առաջ, երբ օրիորդ Ուեյթսը (թեկուզ նա 12 տարեկանից հետո այևս ոչ մի անգամ օրիորդ չէր եղել) ճաղերի ետևից աղերսող հայացքով իրեն էր նայում ու խնդրում. «Պարոն Սթոուն, մեծահոգի պարոն Սթոուն, դուրս հանեք ինձ այստեղից»։ Այ, ա՛յդ ժամանակ ինքը՝ Հոլիվուդի լավագույն ռեժիսորներից մեկը, պիտի հիշեցներ նրան իր անունը, հենց ա՛յդ ժամանակ պիտի ասեր, թե որը որից հետո է։ Այժմ ավելի լավ է լռել։ Դատարանը սիրում է պասիվ շոու։
– Սթոունը փոփոխել էր արդեն նկարահանված հատվածներից մի քանիսի սցենարը և պահանջում էր նորից նկարահանել այդ հատվածները, – շարունակեց Ուեյթսը, – Նման դեպքերում մենք ոչինչ չենք որոշում։ Նա ռեժիսոր է, ես՝ սովորական դերասանուհի։ Էթանի հետ զրուցել էի գիշերը։ Նրան բարկացրել էր այդ որոշումը։ Կարծում էր, որ դա քմահաճույք էր՝ միայն երկարացնում էր մեր գործը։ Նա չափազանց ագրեսիվ էր։ Ինձ հետ հաճախ են նման դեպքեր պատահել, դե գիտեք՝ հազար մարդ, հազար կարծիք։ Իսկ Էթանն հաստատ ինձանից ավելի փորձառու էր, իր համար նման բաները վաղուց պիտի սովորական դարձած լինեին, այդ աստիճանի չբարկացնեին։ Նրա այդ պոռթկումը տարօրինակ թվաց ինձ։ Երբ առավոտյան ուշանում էր, պատմեցի նախորդ օրը տեղի ունեցած զրույցի մասին Սթոունին՝ փորձելով ստեղծված իրավիճակին գոնե ինչ-որ բացատրություն տալ։ Սթոունը դուրս եկավ, որպեսզի զանգի Էթանին, իսկ քիչ անց ներս մտավ բարկացած՝ ասելով, որ վերջինս իր զանգին չի պատասխանում։ Հետո սկսեցինք երկրորդ անգամ նկարահանել իմ ու Լինդայի՝ ամիսներ առաջ արդեն մեկ անգամ նկարահանած տեսարանը։ Այն աննշան փոփոխվել էր։ Հենց այդ ընթացքում էլ մեզ հայտնեցին, որ Էթանը… Տեր Աստված, չեմ կարող արտաբերել այդ բառը, չեմ ուզում հաշտվել:
– Ստախո՜ս։
– Երկերեսանի՜։
– Պոռնի՜կ։
– Լռությու՛ն դահլիճում։
Անժելան թեթև ժպտաց կամ քմծիծաղ տվեց։ Բոլորովին պատահմամբ։ Ի՞նչը կարող էր զվարճացնել մեղադրյալի աթոռին նստածին։ Որքա՞ն արժե այն մարդու ժպիտը, որի կյանքը խորտակման եզրին է։ «Ստախոս, երկերեսանի, պոռնիկ»։ Ընդամենն այդքան արժեր Անժելա Ուեյթսի՝ պատժի առաջ կանգնած հավանական մարդասպանի քմծիծաղը։
– Շարունակեք, խնդրում եմ, տիկին Ուեյթս։ Պատմեք ձեր և Էթան Քրեյգի հարաբերությունների մասին։ Որքա՞ն ժամանակ է, ինչ դուք հանդիպում էիք։
Ուեյթսի դեմքը մռայլվեց։ Ատելությամբ նայեց Սթոունի կողմը, ապա զննեց դահլիճում նստած յուրաքանչյուրին՝ ասես փորձելով գուշակել նրանց մտքերը։
– Աստված սիրեք, ես և Էթանը երբեք սիրեկաններ չենք եղել։ Դա հորինված էր միայն մամուլի համար։ Այդպես էր որոշել ֆիլմի պրոդյուսերը։ Մեզ ասացին, որ վարկանիշը բարձրացնելու համար պիտի մի թեթև ֆլիրտ անենք ու մենք միայն կողմ էինք, քանի որ երկուսիս մտքով էլ անցել էր թերթերի համար նախատեսված սիրավեպ ունենալ։ Դեռ վաղուց էինք խոսել այդ մասին։
– Դուք հերքու՞մ եք այն փաստը, որ դեպքի նախօրեին խանդի հողի վրա վիճել եք Քրեյգի հետ։ Գրեթե ողջ նկարահանող խումբն է ցուցմունք տվել այդ վիճաբանության մասին, տիկին Ուեյթս։ Խնդրում եմ, լավ մտածեք նախքան որևէ բան ասելը։ Ձեզ արդեն զգուշացրել եմ, թե ինչ կարժենա սուտ ցուցմունք տալը։
Անժելան նորից նայեց շուրջբոլորը։ Շնչառությունն հաճախացավ, օդը ասես խեղդեր նրան։ Բարկացած էր՝ դժվար չէր կռահել։ Փոխվեցին անգամ նրա՛նց հայացքները, ովքեր քիչ առաջ հայհոյում էին դահլիճից։ Այժմ Անժելա Ուեյթսն այնքան նման էր զոհի, անարդար դատապարտված կնոջ, նա այնքան խեղճ էր։
Սթոունը դժվարությամբ կուլ տվեց թուքը։ Մի՞թե ինքն այժմ մասնակից էր դառնում անմեղ մարդու կյանքի խորտակմանը։ Թեև, ի՞նչ է ինքն արել։ Ընդամենը պատմել է այն ամենն, ինչ տեսել է։ Անժելան ու Էթանը սիրեկաններ էին՝ դա գիտեին բոլորը։ Անժելան ու էթանը վիճել էին՝ դա էլ էր բոլորին հայտնի։ Նա միայն ասել էր այն, ինչ գիտեր ու դա դեռ չէր նշանակում, որ Ուեյթսը մարդասպան է։ Նա, իհարկե, լիրբ է, բայց մարդասպան…
– Ես և Էթանը չէինք կարող սիրեկաններ լինել, – արցունքների միջից արտասանեց Անժելան։
– Ինչու՞, տիկին Ուեյթս, – ձեռքը դնչին դրեց դատավորը՝ ցույց տալով, որ արդեն հոգնել է այդ անդադար պնդումներից ու ժխտումներից, որոնք ոչ մի հիմնավորում չունեն։
– Ես, – Անժելան դադար տվեց մի պահ և իր առջևի սեղանի տակ նայեց՝ ասես այնտեղ ինչ-որ բան նկատելով, ապա իմի բերեց մտքերն ու նորից ներկաների կողմ շրջվեց, – Պարոն դատավոր, ես նախընտրում եմ կանանց։ Ես լեսբուհի եմ։
Լռություն տիրեց։ Ապա զարմանքի ալիքն անցավ դահլիճով մեկ։ «Ո՞վ կմտածեր», «Գրողը տանի», «Լեսբուհի՞», «Չի՜ կարող պատահել»։ Շուտով այդ մասին կխոսեր ողջ քաղաքը, բոլոր թերթերը պիտի որ տարածեին դա։ «Տիկին Ուեյթս, տիկի՜ն Ուեյթս, – կբղավեին դատարանի առաջ հավաքված լրագրողներն ու հետաքրքրասերները, – Դա ճի՞շտ է»։ Հետո կտեղային հարցեր այն մասին, թե ինչպես ինքը հասկացավ, որ լեսբուհի է, ով է իր սիրուհին, ատում է արդյոք տղամարդկանց, թե՝ ոչ, որոշ տգետներ էլ կհարցնեին՝ արդյոք մանուկ հասակում շոկ չի ապրել, կամ գլխի վրա վայր չի ընկել, որպեսզի հասկանան, թե այդ ինչպես են մարդիկ լեսբուհի դառնում։ Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես լինում է միշտ։ Ու որևէ մեկի մտքով չի էլ անցնի, թե որքան հաջողակ է Անժելա Ուեյթսը՝ նա, ում շոուն սևեռուն գաղափարի պես տիրել է բոլորին։


Եթե աշխատել եք հեռուստատեսությունում, կիմանաք դրա ոսկե կանոնը՝ շոուն պիտի լինի այնպիսին, ինչպիսին հանդիսատեսն է։ Ցանկացած շոու հաշվարկված է հեռուստադիտողի վրա։ Սիրում եք սևահերների՞ն՝ մենք նրա՛նց ցույց կտանք։ Սիրում եք զե՞նք՝ կստանաք նաև այն։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ձեր գիտակցությանը տիրի մեր շոուն։ Դուք կսիրեք այն։ Ձեզ իհարկե դուր կգան գեղեցիկ կրծքերը, էրոտիկ տեսարաններն ու այն ամենն, ինչ գրգռում է ձեզ։ Դա միշտ է հաճելի։ Դուք կսիրեք ողջ դաժանությունը, որի ականատեսը կլինեք, քանզի ապրում եք ննջած աշխարհում, քանզի բղավելու կարիք ունեք, քանզի լռությունը խեղդում է ձեզ։ Մենք կպատմենք, թե որքան թանկ է կյանքը և որքան յուրահատուկ եք դուք, որքան ընդունակ, որքան բան ունեք աշխարհին ասելու։ Ձեզ կթվա, թե պատրաստ եք խենթությունների, թե կարող եք պարզապես վեր կենալ ու շուռ տալ աշխարհը, փոխել, դարձնել ավելի լավը։ Ձեզ դուր կգա այն զգացումը, որը կունենաք մեր շոուից հետո։ Ու դուք նորից ու նորից կմիացնեք մեր ալիքը՝ ևս մեկ անգամ ձեզ երջանիկ զգալու համար:


Լի՛լին ներս մտավ սենյակ, պայուսակն ու բանալիները շպրտեց բազմոցին, ննջասենյակից բերեց ճամպրուկն ու սկսեց հավաքել իրերը։ Անժելան պատուհանի մոտ կանգնած ծխում էր՝ ձևացնելով, թե անտարբեր է։ Լի՛լին փորձում էր աղմկել, հնարավորինս նկատելի դառնալ։ Սա առաջին անգամ չէր։ Ամեն անգամ պատմությունն այս կերպ էր ավարտվում՝ նրան Անժելայի արձագանքն էր պետք, քան իսկապես գնալը։ Նա սպասում էր, որ իրեն ետ կպահեն։
– Կարող եմ չեկ գրել քեզ համար՝ բնակարանիդ վարձը կտաս, – առանց ընկերուհու կողմը շրջվելու նրան դիմեց Անժելան։
– Մտցրու հետույքդ, գարշելի քած։
– Շատ լավ, այդպես էլ կանեմ։ Չեմ հարցնում, թե ուր ես գնում ու որտեղ ես մնալու, քանի որ, ամենայն հավանականությամբ, դա իմ գործը չէ, դու ինձ չես հետաքրքրում, այլապես ես նման բան չէի անի և այդպես շարունակ։ Ճի՞շտ եմ։
– Սեմի մոտ կապրեմ։
– Բրայթոն Բիչու՞մ։
– Շա՜տ ծիծաղելի է։ Ես քեզ պես երազներումս Բրայթոն ու Բեվերլի չեմ տեսնում, Անժելա։ Ավելի լավ է մի գարշելի թաղամասում կարգին մարդու հետ ապրել, քան Բրայթոնում՝ քեզ պես պոռնիկի։ Կոմունալ վարձերը փակել եմ։ Պարտք ու պահանջ չունենք։ Հա ու մեկ էլ… Մելմանին ինձ հետ եմ տանում։
– Տար, նրան այստեղ միևնույն է կերակրող չի լինի։
Որքան էլ փորձեր անտարբեր ձևանալ, շփոթմունքն ու ցավը ներսից քայքայում էին Լի՛լիին։ Անժելան կարծես սովորական էր դարձել, չէր ուզում բաժանվել նրանից։ Խելամիտ բան չէ որևէ մեկի համար այդպես տառապելը, բայց դա ստացվում է ամեն անգամ, երբ այդ մեկը երկար ժամանակ է կողքիդ լինում։ Ավելի հեշտ է հրաժեշտ տալ, քանի դեռ անգիր չես արել, թե քանի գդալ շաքարավազ է նա լցնում թեյի մեջ, որ բառերին է ավելի ագրեսիվ արձագանքում, քանի դեռ չես սովորել նյարդերի հետ խաղալու ամենահեշտ ձևերը ու այն, թե որտեղ ավելի ուժեղ խուտուտ ունի։ Բայց հերիք է այդ՝ առաջին հայացքից անկարևոր տեղեկությունը գլուխդ լցվի ու «առանց նրա» արտահայտությունն անգամ մտքում ասելիս, նույնն ես զգում, ինչ այն մտքերի ժամանակ, երբ քեզ առանց ոտքերի ես պատկերացնում կամ կույր։ «Ես առանց նրա կմեռնեմ»։ Կմեռնեմ: Մոլորակի վրա 6 միլիարդ մարդ կյանքում գոնե մեկ անգամ ասում է դա ու չի մեռնում։ Բայց անգամ նրանք, ովքեր քաջ գիտակցում են որ չեն մեռնի, չեն դիմանում սեփական մահը գուշակելու գայթակղությանը, երբ հեռանում է իրենց սիրելին։ Մինչ այս ոչ ոք դեռ չի մեռել, բայց Լի՛լի Միրանդան կմեռնի։ Նա չափազանց փխրուն է։
– Լի՛լի, – ձայն տվեց Անժելան։
Լիլին շրջվեց։ Անժելան իր կողմ էր նայում։ Լիլին երբևէ նրան հուզմունքից արտասվելիս չէր տեսել, բայց այժմ թվաց, թե լաց է լինում։ Արցունքներ չկային, բայց չէ՞ որ Անժելա Ուեյթսի նման մարդիկ իրենց արցունքները հատուկ դեպքերի համար են պահում։ Պատկերացնու՞մ եք, թե որքան մարդկանց կհուզի տիկին Ուեյթսի աչքերից գլորված մի քանի կաթիլը, երբ նա ինչ-որ արձանիկ ստանա, կամ ինչքան գոհ կլինի ռեժիսորը, երբ բղավի․ «Արցունքներ, Անժելա, ես արցունքներ եմ ուզում» ու ստանա դրանք։ Չափազանց կարևոր են Անժելա Ուեյթսի նման մարդկանց համար այդ արցունքները՝ դրանք չի կարելի աջ ու ձախ բաժանել։
– Ես կմեռնեմ, Լի՛լի…
Լի՛լին վախեցավ նրա կողմը նայել։ Ո՞վ գիտե, գուցե տեսներ նրա հուսահատ հայացքն ու ետ կանգներ իր որոշումից՝ չհեռանար։
– Լի՛լի, – Անժելան լռեց մի պահ, ծանր շունչ քաշեց, ասես դժվարին ինչ-որ բան էր փորձելու անել, – Լի՛լի, չե՞ս հերքի, չէ՞, որ մենք սիրուհիներ ենք։
Լի՛լին նրա կողմ շրջվեց։ Էլ չէր վախենում, որ կխճա նրան։ Անժելա Ուեյթսին իրենից միայն մի բան էր պետք՝ ալիբի։ Նա չէր պատրաստվում իրեն ետ պահել։
– Ասա, որ վաղը դատարանում կհաստատես, թե սիրուհիներ ենք։ Ասա, Լի՛լի, ասա, որ չես թողնի ինձ մենակ, որ չես թողնի ինձ…
– Ոչ, Անժելա, ես նման բան չեմ անի։
– Լի՛լի…
– Չխնդրես ու չփորձես զոհ ձևանալ, Անժելա Ուեյթս։ Բոլորը գիտեն, որ վիճել էիր Էթանի հետ, իսկ նախորդ գիշեր Աստված գիտե, թե ուր էիր։ Կարծում ես, թե ես պիտի արդարացնե՞մ մարդասպանին։ Չէ, Անժելա, դու պիտի փտես բանտում։ Էնտեղ քեզ բոլորը կխղճան, բոլորին հետաքրքիր կլինի, թե ինչպես ես ապրում, քեզ մոտ, հավանաբար, լրագրողներ կգան, շատերը կուզենան հրապարակել քո բանտային լուսանկարները, դու էլի ուշադրության կենտրոնում կլինես։ Երևի մի երկու անուղեղ էլ, հետևելով քո օրինակին, կսպանեն իրենց սիրեկաններին։ Անժելա Ուեյթսը բանտում էլ բարձրության վրա կլինի, նա ախր գիտի, թե ինչպես ամեն ինչ դարձնել շոու։ Ամեն ինչ, բացի իմ կյանքից, Անժելա: Բացի իմ կյանքից։


Նա ասում էր, որ կա մարդկանց երկու տեսակ։ Առաջինները կմեռնեն, երբ դադարեն ուշադրության կենտրոնում լինել, իսկ երկրորդներն ապրում են առաջիններին կրկնելով։ Առաջիններն իրենք իրենց դժբախտ են թվում, իսկ երկրորդներին թվում է, թե իրենք առաջին դասին են պատկանում։ Առաջիններն ակամա են փչացնում իրենց կյանքը, երկրորդները, սակայն, կրկնում են նրանց՝ կարծելով, թե վերջիններս էլ են դա մտադրված արել։ Առաջիններն ի ցույց են դնում իրենց մերկությունը, քանի որ երջանկանում են միայն հայացքներ զգալով, երկրորդներն անում են դա՝ կարծելով, թե մերկանալն արդեն իսկ երջանկացնում է։ Ու որքան շատ կրկնեն երկրորդներն առաջիններին, այնքան ավելի հարուստ են վերջիններս։ Նրանք գիտեն, թե ինչպես իրենց ետևից տանել մարդկանց։ Նրանց պետք չէ սովորել ոչինչ, բացի ոսկե կանոնից` շոուն պիտի լինի այնպիսին, ինչպիսին հանդիսատեսն է։ Ու մինչ երկրորդները փնտրում են իրենց, առաջինները ձևանում են այնպիսին, ինչպիսին ձգտում են լինել երկրորդները՝ համարձակ, անվախ, հաջողակ… Ո՞րն է իմաստը։ Կրկնեք մեզ:


Անժելա Ուեյթը դարակից հանեց քնաբերի սրվակը։ Լի՛լին հրաժարվել էր առաջ տանել իր ալիբին։ Հաջորդ իսկ առավոտյան իր շոուն կավարտվեր։ Այդպիսի ավարտ նա չէր ուզում։ Հոլիվուդում հաճախ են ընտրում մահվան այս տեսակը։ Ոչ այն պատճառով, որ այն լավագույնն է, կամ որ չեն ուզում տգեղ դիակ ունենալ, քավ լիցի։ Պարզապես չափազանց հաջողված է թվում այն մարդկանց շոուն, ովքեր արդեն իսկ այդպես են հեռացել կյանքից։ Վաղն իրեն կգտնեն հատակին ընկած։ Ու թեկուզ ինքը խմած կլինի սրվակի բոլոր հաբերը, ինչ-որ մեկն իր ամսագրում կգրի, որ դիակի մոտ դեղահաբեր էին թափված։ Ինչ-որ մեկը կհորինի, թե Անժելա Ուեյթսը մահվանից առաջ նամակ է թողել, մեկ ուրիշը կասի, թե նա մեռել է Էթան Քրեյգի լուսանկարը ձեռքին, որպեսզի ապացուցի, թե ինչ ուժեղ էր իր սերը։ Մարդկանց երկրորդ տեսակը կփորձի ապրել իր մահով, իր ցուցադրած շոուով։ Ինչ-որ տնային տնտեսուհի այնպես կպատմի ընկերուհուն դերասանուհու մահվան մասին, ասես այն իր սեփական ձեռքբերումն էր, դպրոցականը կփորձի առաջինն հայտնել ընկերներին, որ Անժելա Ուեյթսը մեռել է, միայն մի քանի հոգու զարմացած հայացքներն իր վրա զգալու համար։ Մարդկանց երկրորդ տեսակը չի էլ հասկանա, որ պարում է Անժելա Ուեյթսի դուդուկի տակ, նրանք կշարունակեն խոսել։


Նա՝ Էթան Քրեյգը, ասում էր, որ անգամ ամենատաղանդավոր դերասանը, որ անգամ փայլուն վոկալով երգչուհին, անգամ լավագույն կազմվածքով մոդելը, անգամ ամենավարժ ֆուտբոլիստը, անգամ ամենահնարամիտ գրողը, անգամ ամենաարհեստավարժ նկարիչը չեն կարող հասնել ոչնչի, եթե չգիտեն «տիեզերքը շարժող» կանոնը։ Այն կանոնը, որին հետևողները կորցնում են սեփական եսը, սեփական արվեստը, սեփական մտքերը, սեփական կյանքը: Այն կանոնը, որը գիտի հեռուստատեսությունում աշխատող յուրաքանչյուր մարդ՝ շոուն պիտի լինի այնպիսին, ինչպիսին հանդիսատեսն է։ Ու միայն ընտրյալներին է տրված ցուցադրել իրական շոու՝ նրանց, ում ոչինչ պետք չէ, բացի լույսերից, օբյեկտիվներից, հռչակից, սնդուսափայլ ամսագրերից ու հայացքներից։ Նրանց, ովքեր թքած ունեն իրենց կյանքի, իրենց ընտանիքի, իրենց արժեքների վրա, ու պատրաստ են հանձնել դրանք առաջին պատահածին։ Նրանք, որպես կանոն, դժբախտ են, բայց հանդիսատեսն այս մասին չի իմանա։ Չէ՞ որ դժբախտ մարդկանց չեն կրկնում։ Իսկ հանդիսատեսը պիտի՛ կրկնի։
Մենք ձեզ ապրելու ուժ կտանք, մենք կօգնենք ձեզ հասկանալ կյանքը, մենք կօգնենք գտնել ձեր տեղը, մենք կօգնենք ձեզ տարբերվել, կօգնենք հաջողակ լինել։ Միայն թե շարունակեք դիտել մեր շոուն: Չփոխե՛ք ալիքը:
Խնդրում եմ… Չփոխեք ալիքը։ Մենք, բացի դրանից, ոչինչ չունենք։


– Այնպես եք նայում, կարծես ես ձեր տեսած առաջին լեսբուհին եմ։
– Խնդրում եմ, տիկին, շարունակեք առանց ավելորդ զգացմունքայնության։ Փաստորեն դուք հաստատու՞մ եք այն, որ Անժելա Ուեյթսի սիրուհին եք։
– Մենք Անժելայի հետ արդեն 5 տարի է միասին ենք ապրում։
– Տիկին Միրանդա, վերջին անգամ եմ հարցնում ու խնդրում եմ, որ հստակ ձևակերպեք պատասխանը։ Դուք և Անժելա Ուեյթսը սիրուհինե՞ր եք։
– Այո։
– Վաղու՞ց։
– Արդեն ասացի…
– Որքա՞ն ժամանակ եք դուք սիրային կապի մեջ։ Ես չեմ հարցնում, թե քանի տարի եք միասին ապրել։
– Ես նրա մոտ տեղափոխվեցի 5 տարի առաջ։ Տեղափոխվեցի, քանի որ մենք սիրում էինք իրար ու միասին ապրելու որոշում էինք ընդունել։
– Երբևէ չե՞ք կասկածել, որ տիկին Ուեյթսը դավաճանում է ձեզ։
– Դա ի՞նչ կապ ունի։
– Պատասխանեք, խնդրում եմ։ Դուք կասկածե՞լ եք, որ տիկին Ուեյթսը սիրավեպ ունի Էթան Քրեյգի հետ։
– Մտքովս անգամ չի անցել։
– Ինչու՞, տիկին Միրանդա։
– Անժելան բացարձակ անտարբեր է տղամարդկանց հանդեպ։
– Այդ դեպքում ինչո՞վ եք պայմանավորում տիկին Ուեյթսի ու հանգուցյալ Քրեյգի վեճերը, որի ականատեսն են եղել նրանց գործընկերները։
– Չեմ պայմանավորում։
– Տիկին Լի՛լի Միրանդա, դուք դատարանում եք գտնվում, խդրում եմ պատասխանել առանց ավելորդ հեգնանքի։
– Անժելան ոչինչ չի պատմել վեճերի մասին։ Եթե լուրջ բան լիներ՝ նա կասեր ինձ։
– Դուք հաստատու՞մ եք, որ սպանության պահին՝ դեկտեմբերի 13-ի գիշերը, տիկին Ուեյթսը ձեզ հետ ձեր համատեղ բնակարանում է գտնվել։
– Այո, հաստատում եմ։
– Շնորհակալություն, տիկին Միրանդա։ Դատական նիստը համարում եմ փակված։ Դատավարությունը հետաձգվում է անորոշ ժամանակով՝ հետաքննությունը շարունակելու նպատակով։


Լի՛լի Միրանդան ստել էր։ Նա երևի միակն մարդն էր, ով կարող էր համոզված ասել. «Անժելա Ուեյթսը մարդասպան է»։ Միակն մարդն էր, ով լիովին գիտակցում էր, թե ինչ հրեշ է Ուեյթսը։ Միակ մարդն էր, ով տեսել էր նրա քաոսը, նրա անդունդը։ Միակն էր, ով գիտեր, թե քանի հանգստացնող հաբ արժեր Անժելայի ժպիտը, քանի գիշեր լաց արժեր նրա անտարբերությունը վիրավորանքների հանդեպ ու քանի բաժակ կոնյակ էր պետք, որպեսզի տիկին դերասանուհին միշտ առաջ շարժվելու ուժ ունենար։ Իրակա՜ն հանճարը՝ այնպիսին, ինչպիսիները հաճախ չեն ծնվում ու մեռնում են չափազանց վաղ, այնպիսին, ինչպիսիները խորտակում են մոտ գտնվողներին ու ապրելու ուժ տալիս նրանց, ովքեր իրենցից հեռու են։ Անժելա Ուեյթսը, ով համարյա ոչինչ չուներ, բայց որի շնորհիվ ինչ-որ մեկը հարստացել էր, ինչ-որ մեկը դարձել էր հայտնի, ինչ-որ մեկը գտել էր իրեն։ Մարդ-խամաճիկը, մարդ-աստղը, մարդ-շոուն՝ միակը, ում սիրել էր Լի՛լին։
Այո, նա ստել էր դատարանում, բայց մեղքն այդ իրեն այնքան աննշան էր թվում Անժելայի մեղքի՝ դավաճանության համեմատ։ Ու Լի՛լի Միրանդան երջանիկ էր, որ կարող է գլուխը բարձր նայել սիրելիի աչքերի մեջ ու ասել, որ օգնել է նրան, որ մենակ չի թողել, ինչպես թողեց Էթան Քրեյգը։ Լի՛լի Միրանդան գոհ էր։ Այդ երեկո Լի՛լի Միրանդան թռչկոտելով էր տուն գնում։ Լի՛լի Միրանդան չգիտեր էլ, որ այլևս երբեք չի տեսնելու Անժելային։


«Այսօր առավոտյան Նյու Յորքյան իր բնակարանում, 27 տարեկան հասակում մեռած է գտնվել դերասանուհի Անժելա Ուեյթսը։ Ըստ նախնական վարկածի՝ Ուեյթսը ինքնասպանություն է գործել՝ քննաբերի անթույլատրելի չափաբաժին ընդունելով։ Հիշեցնենք, որ Ուեյթսը որպես կասկածյալ էր հանդես գալիս ռեժիսոր և դերասան Էթան Քրեյգի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում»։


Ու թվում է, թե դրանում որևէ վատ բան չկա՝ մարդիկ ցուցադրում են շոու, մարդիկ դիտում են այն։ Մարդիկ բաժանվում են երկու ծիծաղելի խմբի, որոնց ուզածը նույնն է՝ հայացքներ, իսկ տարբերությունն այն, թե ինչպես են հասնում դրան։ «Ե՛ս էլ նրա պես խենթ եմ», «Ե՛ս էլ նրա պես ուրիշ եմ», «Ե՛ս էլ կարող եմ նրա պես», մտածում են երկրորդներն ու խենթություն անում, դառնում ուրիշ, հասնում իրենց ուզածին:
Մինչդեռ անտեսանելի հեռվում իջնում է վարագույրը, վերջանում է շոուն ու նա, ով արքայադուստր էր բեմին, հանդերձասրահում հանում է իր թագը, հագնում մուշտակը, որն արդեն քանի՜ տարի է մաշում է, ու տուն վերադառնում տաքսիով։ Մինչդեռ նա, ով պարծենում է իր գեղեցիկ կյանքով, հասկանում է, որ վարձակալում է այն։ Մինչդեռ նա, ով շարունակ խոսում է սիրելի ամուսնուց, գիշերը տեսնում է, որ նա կրկին ուշանում է, որ նա կրկին չի գալու։ Իսկ մարդիկ երանի են տալիս իրեն, մարդիկ փորձում են նմանվել իրեն, մարդիկ անում են ամեն ինչ, որպեսզի ունենան այն, ինչ թվում է, թե ունի ինքը։
Բացի այդ… մարդիկ նաև չար են, մարդիկ նախանձում են, մարդիկ սիրում են, երբ դժբախտ են հաջողակները։ Իսկ հաջողակները գիտեն, որ շոուն պիտի լինի այնպիսին, ինչպիսին հանդիսատեսն է։

Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։