Աղոթած աշուն

Միայնությունն ու այն մտքերը, թե անհաջողակի մեկն ես, թե իզուր ես ապրել ողջ կյանքդ ու, հավանաբար, մինչև դրա վերջն հավատարիմ կմնաս ոճիդ, ստիպում են խորհել մահվան մասին ու ակամա նկատել դրա առավելությունները։ Սփոփող ու բացարձակ անգոյություն, ուր ցավն ու գորշ մտքերը միանգամից անհետանում են՝ վերջապես հանգիստ թողնելով քեզ։ Որքան գեղեցիկ է մահն ու փառք Աստծո, որ կա։ Դրանով կարող ես դադար տալ սովորական դարձած ձանձրույթին, իրար հաջորդող անիմաստ կրկնություններին, որոնցից կազմված է այն, ինչ կյանք են անվանում։ Այն երկար սպասված վերջաբան է նրա համար, ով ակնկալիք չունի վաղվա օրվանից։
Թերեզան նայեց պատուհանից դուրս՝ բակում ոչ ոք չկար։ Պատուհանագոգին մոտեցրեց աթոռը ու զգույշ բարձրացավ դրա վրա։ Ահա և վերջ։ Շուտով ամեն ինչ կավարտվի։


Երեք հազար ստորագրություն։ Դա, կարծես թե, այնքան էլ շատ չէր։ Նինան բազմաթիվ ծանոթներ ուներ՝ հարևաններ, բարեկամներ ու ընկերներ։ Բացի այդ՝ հորեղբայրը փոքրիկ կազմակերպություն ուներ ու կարելի էր նաև նրան դիմել։ Գրողը տանի, դեռ երեք ամիս կար։ Եթե օրական երեսուներեք ստորագրություն էլ հավաքեր՝ ամեն ինչ պատրաստ կլիներ աշնանը։ Արտեմին իհարկե կներեին՝ այնպիսի՜ հանցագործների են ներել, որոնց կարծես թե չէր կարելի ներել։ Ի տարբերություն վերջիններիս՝ իր ամուսնու զոհը պատահական էր։ Արտեմը չէր տեսել, թե ինչպես էր տղամարդը փողոց դուրս գալիս թփերի կողքից, նա պարզապես չէր հասցրել արգելակել։ Նինան համոզված էր, որ ամուսինը ճակատագրի անմեղ զոհն էր դարձել ու իրավունք ուներ ազատության։ Ընդամենը 3000 ստորագրություն և Արտեմը կրկին տանը կլիներ՝ իր կողքին։ Նա վերցրեց դեռ երեկ պատճենահանած ձևաթղթերն ու դուրս եկավ հերթական 33 ստորագրության ետևից։


Թերեզան շրջեց սուրճի բաժակը։ Նա իհարկե գիտեր, որ թե՛ վաղը, թե՛ վաղը չէ մյուս օրը կրկնվելու է միևնույն բանը։ Նույն անիմաստ օրը, որը սկսվում է մի բաժակ սուրճով, անցնում հեռուստացույցի առաջ ու ավարտվում այդ նույն սուրճով։ Բայց նա միևնույն է նայում էր սեփական բաժակն ու այնտեղ ինչ-որ բան փնտրում։ Ո՞վ գիտե, գուցե վաղը ավելի շատ խմորեղեն կպատվիրեն ու իր առօրյա գերեզմանին կկարողանա ավելի թանկ ծաղիկներ դնել։ Նա ուրիշ ոչինչի չէր սպասում։ Այն օրվանից, ինչ անիծյալ մեքենան խլեց իրենից Վահանին, կյանքը կորցրել էր իմաստը։ Կյանքն ինքն իր ավարտի մասին էր դարձել։
Նրան իր խոհերից կտրեց դռան զանգը։ Դե իհարկե՝ հարևանուհիներից մեկն էր։ Արդեն վաղուց այս զանգը ոչ ոք չէր տալիս, բացի նրանցից։
– Բարև ձեզ։
Թերեզային զարմացրեց անծանոթուհու այցը։
– Բարև։
– Չէի՞ք կարող ստորագրել այստեղ և գրել ձեր անձնագրի համարը։
– Ինչի՞ համար։
– Որպեսզի ազատ արձակեն ամուսնուս։ Աշնանն համաներում է՝ դուք գիտեք երևի։ Իսկ Արտեմը… Ի սեր Աստծո, նա մեղավոր չէ։ Հավատացեք ինձ։ Օգնեք։
– Շատ լավ, ներս եկեք, – ոչ այն է ժպտաց, ոչ այն է տհաճությամբ արտասանեց Թերեզան ու ներս գալու համար ճամփա տվեց հյուրին, – Ես պիտի գտնեմ անձնագիրս։


– Գիշերները մենք երբեք դուռը չէինք կողպում։ Ես գիտեի, որ կողքիս էր Արտեմը, որ աշխարհում ոչ ոք չէր կարող ցավ պատճառել ինձ, ոչ ոք չէր կարող դիպչել մազիս անգամ։ Նա տղամարդ էր՝ չգիտեր թույլ լինել, համենայն դեպս լավ ձևացնում էր, թե չգիտեր ու ես հանգիստ կարող էի լինել աշխարհի ամենաթույլ էակը։ Ինձ թույլատրված էր լացել, վայր դնել զենքերս, ընկնել մոռացության գիրկը։ Բայց այժմ, երբ Արտմն ազատության մեջ չէ… Այժմ ես պիտի ասպետ լինեմ ու ուժեղ ձևանալու իմ հերթն է, տիկին։
– Թերեզա։
– Ահա, Թերեզա։ Հիմա ես վախկոտի պես ամեն գիշեր կողպում եմ դուռս, իսկ ամեն առավոտ ուժեղի դիմակ դնում, կանգնում հայելու առաջ ու ինքս ինձ ասում. «Դու պիտի պայքարես, Նինա, դու ոչ թե պարտավոր ես, այլ պիտի՛ պայքարես»։
– Որտեղի՞ց քեզ այդքան ուժ, այ աղջիկ։
Թերեզան հայացքն հառեց պատուհանագոգին ու դրա մոտ դրված աթոռին։ Իր առջև նստած այս երիտասարդ կինը վճռականություն ուներ անցնելու հարյուրավոր կիլոմետրեր, բախել հազարավոր դռներ՝ հասնելու համար իր ուզածին, իսկ ինքը… չի կարողանում անել անգամ մեկ քայլ։


Թերեզան, սովորության համաձայն, շրջեց սուրճի բաժակը։ Նա չէր պատրաստվում նայել այն, պարզապես գործողությունն այդ նույնքան սովորական էր դարձել, որքան հազալիս բերանը ձեռքով ծածկելը։ Նինան նկատեց դա։
– Կարողանու՞մ եք նայել։
– Նայում եմ։
– Չե՞ք նայի իմը։
– Ուզում ես իմանալ, արդյո՞ք ամուսնուդ ազատ կարձակեն։
– Ես դա առանց բաժակի էլ գիտեմ։ Արտեմին ազատ են արձակելու, եթե անգամ աշխարհի բոլոր բաժակներն ասեն հակառակը, եթե անգամ դրան չհավատա ոչ ոք, նրան ազատ են արձակելու։ Թեկուզ միայն այն պատճառով, որ դրան հավատում եմ ե՛ս։
– Չե՞ս վախենում հիասթափվելուց։
– Կհիասթափվեմ, երբ կգա դրա ժամանակը, հիմա պայքարելու ժամանակն է, իսկ պայքարը վախկոտների համար չէ։ Եթե սրտումս կասկած լինի, եթե ուժեղ չլինի հավատս առ այն, որ ջանքերիս շնորհիվ կհասնեմ ուզածիս, ես ոչինչ չեմ կարողանա անել։ Տանը ես կմտածեմ. «Ինչու՞ ես իզուր տանջում քեզ, Նինա, եթե չգիտես էլ՝ կստացվի, թե ոչ, եթե քեզանից այնքան էլ շատ բան չէ կախված»։ Ու կնստեմ տեղում՝ ոչինչ չանելով։ Իսկ աշնանը կգանգատվեմ, որ համաներումը չազդեց ամուսնուս վրա, որ նրան ազատ չարձակեցին, որ ինձ թողեցին իմ անիծյալ միայնության մեջ՝ դատապարտելով ամեն գիշեր դուռը կողպելուն։ Հիմա ես աղոթում եմ, ես հավատում եմ ու այլևս ոչինչ պետք չէ ինձ։
– Ի՞նչ ես զգում, երբ մենակ ես, – հարցրեց Թերեզան՝ հուսալով, որ ինչ-որ մեկը կզգա նույնն, ինչ ինքը։
– Երբեմն զգում եմ, որ ամեն ինչ կորած է ու այլևս անիմաստ է որևէ բան անելը, որ լավագույն տարբերակը մեռնելն է, կամ գոնե անկողնում պառկած մնալը, հեռուստացույց նայելն ու ուտելը, մինչև օրերը սպառեն իրենց։ Բայց հետո սթափվում եմ, հասկանում, որ խորտակում եմ ինձ։ Որ ինձ հատակն է տանում սեփական ծանրությունս։ Հասկանում եմ, որ անկախ ամեն ինչից՝ պիտի հուսամ, թեկուզ միայն նրա համար, որ երջանիկ լինեմ այժմ, այս պահին։
– Ինքնախաբեություն, – քթի տակ շշնջաց Թերեզան։
Նա չէր կարող զուր հուսալ։ Միայնությունն իր դատավճիռն էր, ու եթե Նինան դեռ կարող էր վերադարձնել ամուսնուն, ինքն ի զորու չէր նույնն անելու։ Ինքն այլևս անհույս էր։


Նինան պայուսակից հանեց դատարկ ձևաթուղթը և սուրճի սեղանին դրեց։ Թերեզան վերցրեց գրիչը ու փորձեց ստորագրել։ Գրիչը չէր գրում։
– Սպասեք, իմը տամ։
Նինան սկսեց փնտրել պայուսակի մեջ։
– Ինչի՞ համար է նա բանտում։
– Անկանխամտածված սպանության։
– Անկանխամտածվա՞ծ…
– Դե, հա։ Արտեմն ուշ գիշերով տուն էր վերադառնում։ Նա մեքենան սովորական արագությամբ էր վարում։ Այն փողոցի մայթին, որով անցնում էր, թփեր էին աճում։ Մի տղամարդ կտրուկ դուրս էր եկել թփերի ետևից և Արտեմը չէր հասցրել տեսնել նրան, չէր արգելակել։
Տարօրինակ սարսուռը սողալով վեր բարձրացավ դեպի Թերեզայի ճակատն ու արցունքներն հարվածեցին աչքերին։
– Դա ե՞րբ էր։
– Նախորդ տարի։ Դեկտեմբերին, կարծեմ։
Նա էր։ Իր առջև նստած էր իրեն միայնության դատապարտած մարդու կինը ու խնդրում էր…
Զայրույթը, թե անելանելիության զգացումն ասես համր էին դարձրել Թերեզային։ Ոչինչ չէր կարողանում ասել ու արցունքներն իրենք իրենց վայր էին գլորվում, թեկուզ, կարծես թե, չէր լացում։
– Ահա և գրիչը, – Նինան բարձրացրեց հայացքը պայուսակից ու նկատեց զրուցակցուհու արցունքները, – Ձեզ ի՞նչ եղավ։


Քանի անգամ էր Թերեզան մտովի սպանել այն մարդուն, ով խլեց իրենից Վահանին, քանի անգամ էր անիծել այն մարդու ընտանիքը, ով պատճառ դարձավ իր միայնությանը, հուսալքմանն ու պատուհանագոգի տակ դրած այն աթոռին։ Բայց այժմ իր առջև նստած էր մի կին, ով իրենից տարբերվում էր միայն անսպառ հավատով ու լավատեսությամբ, ով իր լույսով սկսել էր վարակել Թերեզային, սկսել էր հավատացնել, որ կյանքը դեռ շարունակվում է։ Այժմ իր առաջ նստած էր մի կին, ով նույնքան դժբախտ էր, ով կիսում էր իր ցավը, իր անելանելիությունը։ Ինչպե՞ս վարվել։ Ստորագրե՞լ, թե՞ ոչ։ Թերեզան գիտեր, որ ստորագրությունն իր ոչինչ չէր փոխելու, որ դրանով ազատություն չէր տալու Վահանին սպանողին։ Նա գիտեր, որ ստորագրությունն այդ ընդամենը մեկն էր այն հազարից, որը պիտի հավաքեր Նինան։ Նինայի համար այն այդքան էլ կարևոր չէր՝ այդ ստորագրությունը։ Բայց իր համար…


– Ոչինչ էլ չեղավ, – Նինայի հարցին պատասխանեց Թերեզան և վերցնելով նրա ձեռքից գրիչը՝ ստորագրեց փաստաթղթի տակ։
Եթե քեզ թույլ ես զգում, գտիր մեկին, ում կարող ես ներել։
Նա այլևս չէր կարող ետ բերել Վահանին։ Այլևս չէր կարող վերադարձնել անցյալը, բայց կարող էր օգնել, որ ինչ-որ մեկն ազատվի նույն ցավից։ Ո՞վ գիտե, գուցե երբ գա երկար սպասված աշունը, չհերիքի հենց այդ մեկ ձայնը, որպեսզի ազատ արձակեն այս երիտասարդ կնոջ ամուսնուն ու մի սովորական առավոտ էլ նա՛ աթոռը մոտեցնի պատուհանին։ Իսկ նա վճռական է՝ նա կանի հաջորդ քայլը։
Թերեզան ճանապարհեց Նինային, վերադարձավ սենյակ ու հեռացրեց աթոռը պատուհանից։

Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։