Երկինք

Երկինք, սովոր եմ քմահաճ,
Փոփոխական ախ ու հախիդ,
Քո կայծակներին ընդառաջ
Ես գալիս եմ ինչպես շահիդ։

Քո աստղերը բազում թողած՝
Իմ աստղին եմ զոհում հոգիս,
Ինչպես անխելք ամոնացիք
Զոհեր էին անում Մողոքին։

Քո էդ ձանձրալի c’est la vie-ն
Կուլ է գնում իմ կորովին,
Օրենքներդ վար անձրևիր,
Ես բարձրանում եմ յուրովի։

Չեմ վախենում քեզնից, երկինք,
Դու հղի ես, բայց չես ծնի,
Դու նման ես ինձ խիստ նայող,
Բայց չպատժող մի արձանի։

Անգամ հեքիաթիս ավարտին
Պետք չէ քեզնից երեք խնձոր,
Ես, պիտի որ, բավարարվեմ
Իմ լսածով։
Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։