2020

Լուրեր

Չարչիները, հոգիս, մեզ խաբում են,
Համոզում, թե կյանքն է մազից կախված,
Հուսահատները, պարզ է, շտապում են՝
Կատարում գնումներ չմտածված։

Հուսահատները անվերջ վատնում են,
Հուսահատները չեն սպասում վաղվան,
Նրանց լռիկ-մնջիկ ուղեկցում է
Ոչ միտքը, ոչ սիրտը՝ վախը մահվան։

Երբ հուսահատ չկա, բուրդ է բանը
Չարչիների՝ վախուց նեռին ծախված,
Սրանք մոլորեցնում, համոզում են,
Իբր թե մեր կյանքն է մազից կախված։

Իսկ դու եղիր ուշիմ՝ մի հավատա,
Աշխարհն են ողջ սրանք պղծում, կեղծում,
Ականջ արա դու ինձ, կամ ինձպես,
Ով բարին է ստեղծում՝ բանաստեղծում։

Էկրաններից երբեմն կտրվիր,
Ունկնդրելու համար մեզ մոտ արի
«Լուրեր այն մեքենաների մասին,
Որոնք չեն ենթարկվել դեռ վթարի»։

Ես մի ջահել ինքնասպան էի

Ես մի ջահել ինքնասպան էի քո երազում,
Եվ ինձ գողտրիկ գերեզման էր սազում
Ուռենու ստվերի տակ։

Բայց դու որոշեցիր
Հորինել ինձ համար
Գերեզման էլիտար՝
Մարմարե սալիկով,
Չքնաղ լուսաբացով
Եվ էլիտար լացով
Ամեն չորեքշաբթի,
Ժամը չորսին։

Ինձ ստվերնե՜րը պատմեցին քո մասին,
Ես տարված էի վաղուց Աստված գիտե՝ ինչով,
Աշխարհի ողջ հոգսից թաքստոց փնտրելով՝
Անցնում էի մթության ու խավարի միջով։

Պարանը, հիշիր,
Ինքս էի մոմել,
Քո՛ միակ մեղքը
Աթոռը ոտքիս
Տակից հանել էր:

Սպանելը ինձ քո
ձեռքի գործը չէ,
դու չես դա արել։

Պետք չէ զղջալու
գործում ջանքերը
գերակատարել։

Ապրելու համար

Ապրելու համար այս գորշ աշխարհում
Մենք մեր սեփական կյանքն ենք հնարում,
Մենք մի անձնական առասպել ունենք։

Զսպելու համար հուզմունքներն անխիղճ,
Գործում ենք միայն մի փոքրիկ ոճիր՝
Մենք մի լուռ վայրում արտասվել ունենք։

Մե՛ր խաղն ենք խաղում մենք՝
Ո՛չ սևերի, ո՛չ սպիտակների,
Ոչ թշնամուն ենք մատնացույց անում,
Ոչ ի ցույց հանում մեր ընկերներին,
Ու ցավոք սրտի, թե բախտի բերմամբ
Անտեսվել ունենք։

Մենք՝ հիմարներս,
Որ մեր սեփական եսը հորինված,
Դառն, արհամարված,
Պարգևի պես ենք Աստծուց ընդունում,
Տենչում ենք մի բան՝
Կոչվել...

Անզգուշորեն և ամենքին

O, très charmant,
Որ գաղտնիքդ «միմիայն ինձ» վստահեցիր՝
Ողջ աշխարհին վստահելուց հետո միայն։

Ես շոյված եմ,
Թեկուզ և դու շոյում ես շատ անզգուշորեն և ամենքին՝
Իսկական պոռնիկի նման։

Վերջապես քո այդ ժպիտը, dolce vita-ն
Ափսեի վրա ինձ տալը քայլ էր հիմար,
Ա՜խ, պարզապես դու չգիտես, դեռ դհաս ես,
Որ երբեմն մարդիկ գիտեն չհավատալով` հավատալ,
Որ երբեմն մարդիկ գիտեն խորհուրդներ տալ,
Լոկ որպեսզի զգույշ հետևեն՝
Ինչպես են ազդելու դրանք,
Որ երբեմն մարդիկ գիտեն խորհուրդներ տալ՝
Գերազանցությունն իրենց սեփական
Ստուգելու համար։

Քեզ թվացել է, սիրելիս,
Որ բավական է լինել կոկետ,
Քաղցրահունչ ձայնով,
Անգիր իմանալ մի քանի ճոռոմ,
Կարծրատիպ դարձած արտահայտություն
Եվ քեզ կսիրեն,
Քեզ կհավատան։

Բայց ասացի, չէ՞, որ մարդիկ իրենց
Գերազանցությունն ապացուցելով,
Իրենց փորձելով են տարված, հարկավ,
Իսկ դու փորձում ես դա չնկատել,
Իսկ դու դեռ, ավաղ, տհաս ես, my love։

Անընկերակից

Օրս է տխուր, անընկերակից,
Վիճակս մորթած քաշում եմ շշին,
Ու՞ր ես զվռնում, կյանքիս ուղեկից,
Սրտիս հերպեսին դիր կազդուրիչ շիբ։

Էդ ո՞վ պիտի քեզ հորիներ, աղջիկ,
Որ մինչև հիմա դեռ չի հորինել,
Մի՞թե պոեմը կյանքիդ չգրված
Ինձ հակառակվող սև գրողինն է։

Իզուր են մի՞թե իմ մատաղ արած
Տողերն ու օրերն այն մեծաքանակ,
Որ Աստված տեսավ, ծիծաղեց վրաս,
Մատաղս չառավ։

Դու կաս, կամ չկաս, կգաս, կամ չես գա,
Դու ինքդ քեզ ես միշտ էլ հակասում,
Ես իմ հորինած հին կայարանում
Գալուստիդ մետրոն եմ նստած սպասում։

Ու տապակվելով սեփական խելքից
Հին միայնության հավերժ թարմ դարդում,
Ինքս ինձ խոստանում՝ հուսահատվելով,
Նվիրվել սիրուն մի տղամարդու։