2007

Ա․ Է․

Դու գիտես ինձ բուժել,
Ներխուժել խոռոչները հոգուս,
Դու վերքերս նորից պատռված
Ներծծվող թելերով ես կարում:
Սատանա,
Դու հետին մտքերն իմ գիտես
Դպրոցում սովորած երգի պես,
Դարանած, չսպանած մի հրեշ
Դեռ կրակ է շնչում մեր մեջ:
Ինչ զարդեր եմ կրում ես այսօր,
Ինչ շորեր է սրտիս հագին,
Անիծյալ, տառ առ տառ գիտես,
Ամեն ինչ արել ես անգիր:
Պարզ է՝ մինչ դեղն հորինելը,
Պետք է, որ հորինեիր մի ախտ,
Բայց ինչու՞, ինձ ասա, ես դարձա
Միակ փորձարկման առարկադ:
Եվ ինչու՞ քանի կանք, տականք,
Եռակցել են ասես ինձ ու քեզ,
Իմ դաժան, իմ խուժան աստված,
Իմ ամուլ, շնացած երկրորդ ես:

Հեռու ենք անչափ

Մենք ամենից շատ անրջում ենք, երբ
Հեռու ենք անչափ մեր անուրջներից,
Ես կուզեի ձեռքով հպվել քո ձեռքին,
Դա էլ է խրթին։

Ես կուզեի ապրել գիշերները խորթ՝
Երկչոտ գգվելով քո մերկ ուսերին,
Մատներդ քնքուշ զգալ վարդերիս մեջ,
Դա էլ չէ դյուրին։

Ծարավ շուրթերդ ամեն առավոտ
Կուզեի թրջել համբույրով հազար,
Բայց բախտս համառ դա էլ դարձրեց
Այնքան անհնար։

Ես այլևս դադարում եմ երգել

Ես այլևս դադարում եմ երգել,
Սոխակները մեռան իմ հոգում,
Ինչ-որ մեկն ինձանից թաքուն ներկեց
Հոգիս տրտմության գույն։

Եվ արդեն իսկ դադարում եմ սիրել
Սերս ծալում հուսահատ, դնում մի կողմ,
Ինձ վերջերս մի բան է նվիրել՝
Սիրահալած մի հողմ։

Իսկ վաղվանից կդադարեմ ժպտալ,
Կսովորեմ կրել մշտամորմոք թախիծ,
Դրանից հեշտ կարծեմ ոչինչ չկա,
Այդպես է ասել ինձ։

Պարզապես մի օր դադարել ապրել,
Երգել, սիրել, ժպտալ նույնիսկ…
Պատճառները թեև ինքս էլ չգիտեմ,
Ինչ-որ մեկը, սակայն, դա է ուզում ինձնից։

Հոգու մերկապար

Երդման տակ վաղավճիռ
Ու, կարծում էի, սուտ,
Հոգիս քեզ համար
Մերկապար է պարում,
Եվ ամեն սխալ շեշտ,
Կամ սխալ հարցադրում,
Կամ սխալ շարադրանքն իմ մտքերի
Մեր բազմագանձ հայերենում
Սկսել է կրել մեկ անուն՝
Երդմնազանցություն։

Եվ նոր եմ սովորում մի հին արվեստ,
Որ յոթնաչափություն են մարդիկ կոչում,
Եվ կիրառում հաճախ
Մեկը կտրելու արվեստից առաջ,
Եվ նոր եմ սովորում ես անկախ ինձանից
Ինձանից զգուշանալ,
Խոսելիս՝ ուշանալ,
Բայց ուշադիր խոսել։

Եվ տալ լեզուս
Հոգուս, սրտիս
Հավերժ գործածության։

Մի բան ասա

Մի բան ասա, թե չէ
Ինձ թվում է՝ մեր մեջ
Մի իսկական վեճ է։

Ինձ թվում է անփորձ ու պարզամիտ
Նորապսակների պես
Վիճել ենք դու և ես։

Եվ եղել է չնչին մի պատճառ՝
Ես քեզ համար կազմել էի ամբողջ բառարան,
Դու՝ չցանկացար ասել թեկուզ մեկ բառ։

Եվ քավության կարիք զգացիր,
Եվ քավելու անկարողություն,
Նեղված մանկան պես ուսիս հպվեցիր

Ու չասացիր նորից…

Լռությանդ դիմաց սպասում էիր գուցե
Որ կստանաս պատիժ,
Ու երբ տեսար ինձ խաղալով
Խաղալիքով ուրիշ,
Կարծեցիր, թե դա է,
Թե ես նույնպես սովորել եմ
Քեն պահել։

Սխալ կարծեցիր։