Վաղը նոր օր է գալու,
Նոր լուսաբաց, նոր գիշեր,
Նոր էջեր է բացելու,
Գրելու է նոր հուշեր։
Ժամերից օղակներ ձուլած՝
Շղթաներ եմ հյուսելու,
Կյանքիս մոմի առաջ նստած՝
Մարելուն եմ սպասելու։
Վատը, գրած սպիտակ թղթին,
Այրելու եմ՝ մոխրանա,
Լավը շղթայից կապելու,
Որ երբեք չմոռանամ։
Ու իմ հալչող մոմի առաջ
Տեսնելու եմ ճրագներ՝
Ոմանք, որ նոր պիտի վառվեն,
Ոմանք, որ արդեն հանգեն։
Բայց բոլորին սպասվում է դեռ
Նոր լուսաբաց, նոր գիշեր,
Շղթաներ՝ ժամերից հյուսած,
Ու մոխիր դարձած հուշեր։