Ամանոր էր, փորձանքը հեռու էր կարծես,
Ես քայլում էի անշտապ դեպի տուն,
Մտածում էի՝ գիշերն ինչ կինո կնայեմ,
Երբ ճամփան իմ կտրեց սև կատուն։
Շուռ եկավ ու սառեց՝ աչքերիս նայելով,
Սպասելով մինչև վախն ինձ լափի,
Սպասելով, որ հասցնեմ լիովին նվիրվել
Մոտալուտ տանջալի սարսափին։
Ու կարծես նենգ ժպտաց՝ քթի տակ մռռալով
Անողոք, չարագույժ մի անեծք,
Ձգելով շուրթերի վարագույրը դժգույն՝
Ժանիքները խայթող բեմ հանեց։
Ու գլուխը ճոճեց՝ ցույց տալով իբր ո՜չ,
Չփորձես քո ճամփան դու փոխել,
Ինչ եղել է՝ եղել է անվերադարձ,
Բախտը քոնն է, բախտից չե՜ն փախել։
Սարսափած էի, ճարս ի՞նչ էր, էլ ի՞նչ անեի,
Վախն ուժեղ է, բայց հո՞ չի փրկի,
Հուսահատ նայեցի Տեր Աստծո կողմ՝ երկինք,
Սատանու դեմ իջա այդ ծնկի։
Գրկեցի նրան պինդ ու կրծքիս սեղմեցի,
Որ զարկերը սրտի իմ լսի,
«Ի՜նչ լավ օր է, – ասի, – ինչ պուպուշն ես դու,
Շնորհավոր նոր տարիդ, փիսիկ»։