Մարգագետիններն այնտեղ լի էին ծաղիկներով, իսկ այգիներում երգում էին դրախտային թռչուններ, բազմաթիվ գետեր էին հոսում ու հորիզոնը փակում էին հսկա լեռները: Ասում էին, թե դրանցից այն կողմ ծովեր են: Լուվիան երբեք ծով չէր տեսել:
– Երբ չափահաս դառնամ, – դիմեց նա դայակին, որն իր հետ միասին դղյակի պատշգամբում կանգնած դիտում էր լեռերից այն կողմ սահող արևը, – Կանցնեմ այդ լեռները, կգնամ ծովի մոտ ու բոբիկ կքայլեմ դրա ափով:
– Միայն ամենաուժեղներին է տրված անցնել այդ լեռները, Լուվիա: Միայն նրանք են հասնում ծովերին:
– Լեռներից այն կողմ թույլ մարդիկ չկա՞ն, դայակ:
– Կան երևի, սիրելիս։
– Բա էլ ինչպե՞ս են հասնում այնտեղ:
– Քամիներն են տանում, Լուվիա: Նրանց քամիներն են տանում:
Արքայադուստր Սոլը պարտեզում զվարճացնում էր մարդկանց, խաղում երեխաների հետ ու թաքուն ժպտում անցնող-դառնող երիտասարդներին: «Երանի նրան, – մտածեց Լուվիան, – Իր առաքելությունն է լուսավորելը մարդկանց կյանքը ու ամենքը սիրում է նրան: Ինչ էլ որ անի՝ ներվում է թե՛ արքայի, թե՛ մնացած բոլոր-բոլորի կողմից՝ ասես վախենում են ցավ պատճառել քնքուշ Սոլին, ասես նա առանձնահատուկ է»:
Լուվիան դեռ չգիտեր, թե ինչի համար է աշխարհ եկել ինքը, թե որն է ի՛ր առաքելությունը: Այդպիսին էր հեքիաթային այդ աշխարհի օրենքը՝ միայն 18 տարին լրանալուց հետո արքայադստրերը պիտի իմանային իրենց առաքելության մասին ու միայն չափահաս դառնալուց հետո պիտի ունենային իրենց սեփական հոսանքը տիեզերքում:
– Ուզում եմ վճռականություն տալ մարդկանց, – դայակին դիմեց Լուվիան, – Որ ուժ գտնեն՝ անցնելու այդ լեռները, հասնեն ծովերին ու բոբիկ քայլեն ավազի վրայով: Բոլորն անխտիր:
– Դա անհնար է, իմ սիրելի Լուվիա: Երբ մարդը քայլում է դաշտի միջով, ոտքի տակ տալով հասկերը, դրանք նախ խոնարհվում են, հետո կոտրվում, հետո դադարում այդ տեղում աճելը ու, վերջ ի վերջո, դաշտի այդ մասը վերածվում է կածանի, հետո արահետի, հետո ճանապարհի։ Այդպես կլինի և լեռների հետ, երբ բոլորը սկսեն անցնել դրանք: Վաղ թե ուշ լեռները կքայքայվեն, կհավասարվեն հողին, կբացեն հորիզոնը և բոլորը կիմանան, որ դրանցից այն կողմ…
Դայակը լռեց: Նա թախծոտ հայացքն հառեց լեռներին: Լուվիան մոտեցավ նրան ու բռնեց ձեռքը:
– Ի՞նչ, դայակ, որ դրանցից այն կողմ ի՞նչ:
– Սիրելիս, պարզապես ծովն այնքան հասարակ կդառնա, որ մարդիկ այլևս չեն ձգտի հասնելու դրան, կդառնան ալարկոտ ու անհետաքրքիր: Պարզապես կբացեն իրենց տան պատուհանները ու կզմայլվեն ծովով:
– Իսկ ավազի վրայով բոբիկ քայլե՞լը:
– Դու դեռ երիտասարդ ես, Լուվիա, ու դեռ ցանկանում ես բոբիկ քայլել ավազի վրայով: Երբ փոքր ինչ կհասունանաս, կզգաս, որ բավարար է միայն ալիքներով զմայլվելը… ափին նստած:
Բայց Լուվիային բավարար չէր ալիքներով զմայլվելը: Երբ չափահաս դառնար, նա կպատվիրեր թամբել լավագույն նժույգը ու մեն-մենակ՝ պայքարելով հրեշների ու ուրվականների դեմ, կանցներ այդ լեռներն ու կհասներ ծովին: Եվ ծովը կասեր.
– Մի գնա, գեղեցկուհի Լուվիա, նստիր այն քարի վրա ու եկ զմայլվենք միմյանցով: Դու երկար-երկար ես երազել տեսնել ինձ, իսկ ես վաղուց սպասում էի քեզ:
– Չէ, – այդժամ կասեր Լուվիան, – Ես չեմ երազել զմայլվել քեզանով, ես երազել եմ զգալ քո ալիքների հպումները ոտքերիս, քո քնքուշ փրփուրը:
Ու Լուվիան կհաներ կոշիկները, կնետեր մի կողմ և բոբիկ կքայլեր ավազի վրայով:
– Որքան հաճելի են քո քայլերն իմ ավազին, – կշշնջար ծովն ու գիշերն ամոթից կփակեր աչքերը՝ թողնելով նրանց մենակ:
Դստեր չափահաս դառնալու առիթով արքան փառահեղ ընթրիք էր որոշել կազմակերպել: Ողջ թագավորությունն էր ցնծալու ու պարելու: Աղքատներն այդ օրը հարուստ պիտի զգային իրենց, դժբախտները՝ երջանիկ, միայնակները պիտի մոռանային մենության մասին: Վերջապես ամենակրտսերն իր դուստրերից կգտներ իր առաքելությունը, կստանար տիեզերական իր հոսանքը, որով պիտի տաներ մարդկանց:
– Ուզում եմ, որ դու ողջախոհությունը լինես, – Լուվիային դիմեց արքայադուստր Ծիծաղը, – Որ իմ ներկայությամբ մարդիկ այլևս չկորցնեն իրենց: Ուզում եմ, որ ամենուր միասին քայլենք ու այլևս երբեք չդառնամ տգեղություն ստեղծող:
– Ե՛ս էլ եմ ուզում, որ ողջախոհությունը լինես, – խոր հոգոց հանեց արքայադուստր Սերը, – Ու որ իմ հետ էլ ամեն տեղ քայլես ու ես չդառնամ թեթևամտություն:
– Ես էլ, – հայացքը թաքցրեց արքայադուստր Երազանքը, – Որ իմ կողքին լինես ու ինքնախաբեության չվերածվեմ:
– Իսկ ես ուզում եմ վճռականությունը լինել, – հպարտ արտասանեց Լուվիան, – Որ օգնեմ մարդկանց անցնել լեռները, հասնել ծովին ու բոբիկ քայլել դրա ափով: Ու դու՝ Երազանք, ինձ հետ իրականություն կդառնաս, դու՝ Սեր, կդառնաս կրակոտ կիրք, դու՝ Ծիծաղ, այլևս չես վախենա տգեղ թվալուց:
– Ա՜խ, – մտածեցին արքայադուստրերը, – Եթե միայն Լուվիան դառնար այն, ինչ ուզում էր, գուցե և իրենք էլ անցնեին լեռները։
Թագավորությունը երբևէ նման շքեղ սեղաններ չէր տեսել, այդքան շատ երգիչներ ու ծաղրածուներ: Անգամ հեքիաթում ապրողներին ամեն ինչ հեքիաթային էր թվում: Վերջապես չափահաս պիտի դառնար կրտսեր արքայադուստրը՝ Լուվիան, վերջապես նա էլ պիտի ստանար սեփական հոսանքը տիեզերքում: Բոլորն ուրախանում ու պարում էին՝ սպասելով նրան, ով պիտի հանձներ արքայադստեր թագը: Արդեն տասներկու անգամ թագավորությունը տեսել էր նման խնջույք, տոնել էր ինչպես հարկն է յուրաքանչյուր արքայադստեր թագադրությունը, բայց ոչ մի անգամ այդպես էլ չէին տեսել նրան, ով հանձնում էր թագը: Նա գալիս էր շատ ուշ ժամի, երբ բոլորն արդեն հարբած ու քնկոտ էին լինում: Ոչ ոք չէր նկատում նրա գալն ու գնալը: Ո՞վ գիտե, նա գուցե անտեսանելի էր, կամ գուցե իրենց մեջից մեկը… Դա այդպես էլ հանելուկ էր մնում:
Սիրտն, ինչես երբեք, իր մասին զգացնել էր տալիս տիրուհուն: Լուվիան կանգնած էր պատշգամբում, որտեղից օրեր առաջ դայակի հետ նայում էր լեռներին: Շուտով, շատ շուտով նա կանցներ այդ լեռները: Գուցե հենց վաղը հրամայեր թամբել նժույգին ու պայքարելով հրեշների ու ուրվականների դեմ, հասներ ծով: «Աստված իմ, երբ է նա գալու», մտքում կրկնում էր Լուվիան՝ պատկերացնելով նրան մե՛կ ինչպես գեղեցիկ արքայազուն, մե՛կ ինչպես մութ տիրակալ:
– Լու-վի-ա, – շշնջաց մեկը:
Լուվիան շրջվեց, բայց ոչ ոք չկար ետևում:
– Լու-վի-ա, – կրկնեց ձայնն՝ արձագանքելով աղջկա ականջներում:
Լուվիան հիվանդագին այս ու այն կողմ էր նայում՝ փնտրելով նրան, ում այդքան սպասել էր:
– Եկավ ժամանակը, – արտասանեց ձայնը:
– Ու՞ր ես դու: Ո՞վ ես: Ինչու՞ ես թաքնվում:
– Ես թաքնվում եմ, որպեսզի լինեմ այնպիսին, ինչպիսին դու ուզում ես ինձ տեսնել, ինչպիսին պատկերացրել ես ինձ:
– Ես ուզում եմ տեսնել իրական դեմքդ, որքան էլ որ այն տգեղ լինի:
– Զարմանալի ոչինչ չկա, որ լեռներն անցնել ցանկացող աղջիկը նման բան է ասում: Ոչ ոքի տրված չէ ունենալ իմ գոյության ապացույցը:
– Բայց ես արդեն այն ունեմ: Դու խոսում ես ինձ հետ:
– Իմ ձայնը քամու ձայնին է նման: Դու լսում ես այն, որովհետև խշշում են տերևները, որովհետև արձագանքում են խորշերը: Իսկ իրականում որևէ ձայն չկա: Ես եկել եմ, ասելու այն, ինչ դու երազել ես լսել այսքան տարիներ։
– Դե ասա գոնե, ո՞րն է իմ հոսանքը: Ինչի՞ համար եմ ես ծնված: Ո՞րն է իմ առաքելությունը:
– Դու ծնվել ես, Լուվիա, արցունքներ պարգևելու համար: Դու ծնվել ես դժբախտացնելու ու ցավ պատճառելու համար: Ահա քո առաքելությունը ու այն հոսանքը, որով պիտի տանես մարդկանց:
– Չէ, – կիսաձայն շշնջաց Լուվիան, – Չէ, չեմ ուզում։
Ձայնը լռեց ու Լուվիան ընկավ իր մտքերի մեջ: Ինչպե՞ս պիտի ասեր հորն ու արքայադուստրերին, որ նրանց դժբախտացնելու համար է ծնվել, արցունքներ պարգևելու: Նա անզոր էր իմացածի հետ հաշտվելու:
– Ես վայր կնետվեմ պատշգամբից, – որոշեց Լուվիան, – Ու կազատեմ իմ երկիրն արցունքներից, կփրկեմ իմ հորն ու քույրերին: Բայց միթե…
Կասկածները մի պահ համակեցին նրան: Բայց մի՞թե հենց այդպիսով էլ նա չի կատարի իր առաքելությունը: Մի՞թե հենց այդպիսով չի դժբախտացնի նրանց: Ոչ, մտածեց՝ հենց հիմա կիջնի մյուսների մոտ, կխաբի նրանց ու կասի, որ իրեն վիճակված է վճռականությունը լինել և որ պատրաստվում է բոլորին ուղորդելու լեռներից այն կողմ: Ո՞վ կարող է իմանալ ճշմարտությունը: Չէ՞ որ ոչ ոքի տրված չէ ապացուցելը Դերերը Բաշխողի գոյությունը: Այո, Լուվիան կստի ու կապրի այնպես, ինչպես ուզում է ապրել: Մարդիկ իր հետ կդժբախտանան, սակայն ոչ ոք չի էլ կռահի, որ ամեն ինչի մեղավորն ինքն է:
Բոլորն անհամբեր սպասում էին Լուվիային: Նա իջավ: Երկար էր մտածել ու հասկացել, որ ցանկանում էր վճռական լինել իր առջև, ոչ թե մյուսների աչքերում: Որ ավելի մեծ վճռականություն էր պահանջում վախերի մասին խոսելը, քան թաքցնելը դրանք: Լուվիան մի պահ լռեց, նայեց իրեն զննող ամբոխին ու ասաց.
– Ես ծնվել եմ ձեզ դժբախտացնելու համար: Ձեզ արցունքներ պարգևելու համար: Դա է իմ առաքելությունը և ես որոշել եմ կատարել այն:
– Ինչպե՞ս, – միաձայն բղավեցին արքայադուստրերը, – Բայց ախր դրա համար մե՛նք էինք ծնվել:
Ու Լուվիան հասկացավ, որ այդքան ժամանակ արքայադուստրերը ստել էին, ապրել էին այն հորինվածքում, որում ցանկացել էին ապրել ու տարածել այն մարդկանց մեջ: Ու մարդիկ երջանկացել էին Երջանկության հետ, սիրել՝ Սիրո հովանավորությամբ, ծիծաղել՝ Ծիծաղի շնորհիվ… Որևէ մեկը չէր գուշակել իրենց՝ արքայադուստրերի մտքերը, ովքեր գիտեին, որ իրենք ընդամենը խաբեություն են:
– Բայց ինչպե՞ս, – զարմացած հարցրեց Լուվիան, – Ինչպե՞ս եք խաբել մարդկանց:
– Ես խղճացի, – ասեց սերը, – Ես խղճացի բոլոր նրանց ում պիտի դժբախտացնեի: Ու սիրեցի նրանց։ Հավատացի, որ իմ ստով կգեղեցկացնեմ նրանց կյանքն ու գեղեցկացրեցի:
– Ես չցանկացա հավատալ, – ասեց Ծիծաղը, – Ես ծիծաղեցի ու սովորեցրեցի ծիծաղել այն ամենի վրա, ինչ անընդունելի է, ինչին չեն ցանկանում հավատալ:
– Ես երազեցի, որ դա սուտ լինի ու քարոզեցի երազել, – ասեց երազանքը, – Ու բոլորն, ում սրտում հուսալքություն կար՝ բժշկվեցին հավատալով:
Լուվիային թվաց, թե իր քույրերից յուրաքանչյուրը եղել էր լեռներից այն կողմ ու քամու պես իր հետ տարել նաև նրանց, ովքեր թույլ էին:
– Ես…
Լուվիան փակեց աչքերն ու զգաց, թե ինչպես գետնին հավասարվեցին լեռները, ու ծովն իր փրփրոտ ալիքները սկսեց զարկել նրա ոտքերին: Նա զգաց խոնավ ավազը ու ծովային սառը քամին: Ու ծովն ասաց.
– Մի գնա, գեղեցկուհի Լուվիա, նստիր այն քարի վրա ու եկ զմայլվենք միմյանցով: Դու երկար-երկար ես երազել ինձ տեսնել, իսկ ես վաղուց սպասում էի քեզ:
– Չէ, – ասաց Լուվիան, – Ես չեմ երազել զմայլվել քեզանով, ես երազել եմ զգալ քո ալիքների հպումները ոտքերիս, քո քնքուշ փրփուրը:
Ու Լուվիան հանեց կոշիկները, նետեց մի կողմ և բոբիկ քայլեց ավազի վրայով:
– Որքան հաճելի են քո քայլերն իմ ավազին, – շշնջաջ ծովը ու գիշերն ամոթից փակեց աչքերը՝ թողնելով նրանց մենակ:
Երբ նա բաց արեց աչքերը, Լուվիան արդեն հեռացել էր՝ լքելով ծովը, բայց տանելով իր հետ ալիքների խոնավ հպումները:
– Ա՜խ, Լուվիա, երանի դու նստեիր ափիս, – լացակումած ասաց ծովը:
– Նա դեռ ջահել է, – պատասխանեց գիշերը, – Եվ ուզում էր զգալ քո ալիքները: Երբ կհասունանա փոքր ինչ, կհասկանա, որ կարելի է երկար նստել ափին ու զմայլվել քո ալիքներով:
Լուվիան բաց արեց աչքերը:
– Ես անցա լեռները, տեսա ծովը ու բոբիկ քայլեցի դրա ափով՝ թողնելով որ ալիքները շոյեն ոտքերս: Ես վճռականություն ունեցա ասելու ճշմարտությունը, ես ընտրեցի իմ առաքելությունը:
Եվ արքայադուստրերը հասկացան, որ հենց Լուվիան իջավ վերևից և հայտնեց իր առաքելության մասին, իրենք նույնպես ճշմարտությունը խոստովանելու վճռականություն գտան: Փաստորեն նրան ևս տրված չէր դժբախտացնել մյուսներին:
– Ինչու՞, – հարցրեց մի օր լռությանը Լուվիան, – Ինչու՞ է Դերեր Բաշխողը խաբում բոլորիս:
– Ես չեմ խաբում, – պատասխանեց ձայնը, – Ես տալիս եմ մի բանալի, որով կարող ես բացել այն դուռը, որը կուզես: Ես չեմ որոշում քո փոխարեն, ես թույլ եմ տալիս, որ որոշես ինքդ: Քանզի ես սիրում եմ ու անսահման է իմ սերը՝ ես չեմ տիրում, ես ազատություն եմ տալիս, որի շնորհիվ կարող ես անցնել լեռները, հասնել ծովին ու բոբիկ քայլել դրա ափով: