Չմտածված շատ արարքներ Թույլ տվեցի քեզ համար, Իսկ դու միայն մեղմ ժպտալով, Շշնջացիր` խելագար: Քեզ փնտրելով չթողեցի Ոչ մի օտար ճանապարհ, Երբ ինձ տեսար, լոկ ժպտացիր Ու ասացիր` խելագար: Երբ հեռացար հեռու-հեռու, Իմ սիրտը քեզ հետ տարար, Ես նայեցի հայելու մեջ, Նկատեցի` խելագար:
Չափածո
Ժամանակակից հայ գրող Դօրիանի չափածո ստեղծագործությունները՝ բանաստեղծությունները և քառյակները։ «Կարոտ», «Թե ինձ սիրես», «Աղոթք», «Բաժանում» և այլ չափածո աշխատանքները։ Դօրիանը հեղինակ է շուրջ 300 չափածո ստեղծագործությունների, որոնց մի մասը ներկայացված են այս կայքում։ Մյուս բանաստեղծությունները պատրաստվում են հրապարակման։
Կյանք, չկրակես, ախր անզեն եմ
Կյանք, չկրակես, ախր անզեն եմ, Կյանք, գուցե խաղա՞ս խղճիդ դեբյուտը, Հարբում ես, ախր, երբ շատ ես խմում Երակներիս մեջ հոսող էս հյութը: Համառ ես հաստատ, ինձնից էլ համառ՝ Չես ուզում փոխել քո հին դրվածքը, Ու ցուցադրաբար՝ մոմած պարանիդ, Կախում ես հոգուս խոնավ լվացքը: Ինչու՞ ես կապտած տեղերիս խփում, Ինչու՞ ես բացում նոր փակված վերքը, Կյանք, ընկածներին չեն խփում, ախր, Կյանք, ընկածներին մեկնում են ձեռքը:
Մի ուրիշ
Երնեկ թե մտնես թևս՝ Թևիս մեջ թև ըլնի, Ասես մածունը սև ա՝ Մածունը սև ըլնի, Իմ ներսի մարդը դև ա, Դրա դեմ դև ըլնի, Ու էս բռնածս ձևը Բաց թողած ձև ըլնի: Կարթ չգցած՝ կպնեն ձկներս, Դեռ չկպած՝ ծալես ծնկներս: Քո բալնիքով բացես աշխարհս, Դեռ չբացած՝ լուծես խաչբառս: Երնեկ թե նստես կողս, Կողիս մոտ կող ըլնի, Դադարի էս անտեր դողը, Մի ուրիշ դող ըլնի:
Լալե՜յ
Լալե՜յ, Ճարել ես ինձանից սիրուն, ջահել, Պահել մտքումդ նրա սին խոսքերը, Շարե՜լ Իմ նվիրած փայլուն թելին Ալյ սերերիդ սև ուլունքները։ Լալե՜յ, Ես միևնույն է դեռ սիրում եմ խենթ պարել, Թեկուզ ինձ հետ հիմա պարում է սոսկ քո ստվերը, Պարե՜լ, Ու անիմաստ կրկնել լալե՜յ, լալե՜յ, Որ միայն ինքս հասկանամ երգիս խոսքերը։ Լալե՜յ, Միայնությունը ինձ մանկուց դեռ վախեցրել է, Իսկ դու ճարել ես ինձանից սիրուն, ջահել, Լալե՜յ, Ես այս գիշեր կմոռանամ կողպել դռներս, Ներս կթողնեմ անցորդներին բոլոր, լալե՜յ, լալե՜յ։
Մեր շաբաթն ուներ յոթը ժամ
Մեր շաբաթն ուներ յոթը ժամ, Մեր տարին՝ տասներկու օր, Վաղահաս կարոտն իմ անսանձ Քո աչքերն է փնտրում դիլխոր։ Մեր աշունը անցավ արդեն Եվ գարունը կարծես պիտի գար, Ես հոգիս հառելով ճամփիդ՝ Քո աչքերն եմ փնտրում անջիգյար։ Քո աչքերն եմ փնտրում անտարբեր, Քո աչքերն եմ փնտրում ցրված, Եվ, պարապ մնալով, ընտրում Քեզ համար խոսքեր չգրված։ Մեր անհունն ուներ մի սահման՝ Մի թաղման մեղեդի տխուր, Ես աչքերդ էի փնտրում սիրահար, Բայց գտնում էի աչքերդ անհուր։