Պիտի ասեի, որ բողկ եմ, բայց մինչ կանցնեին այժմ հավերժություն թվացող այդ 13 րոպեները, մտովի հորինում էի ավելի ու ավելի ծիծաղելի տարբերակներ։ Տեսնես ի՞նչը նրան ավելի զվարճալի կթվար: 11 րոպե։ Ես ժպտացի, երբ տեսա, որ արդեն 11 րոպե էր անցել առաջին կամուրջից հետո: Նախորդ օրը մտածում էի, թե ինչ պիտի անեմ, եթե որոշեմ չհանդիպել նրան, ու՞ր պիտի գնամ և ինչո՞վ կարող եմ զբաղվել միայնության այդ 12 ժամերի ընթացքում: Իսկ առավոտյան վերցրեցի ու պայուսակի մեջ գցեցի «11 րոպե» գիրքը: Եթե այնպես ստացվեր, որ ինձ ապրել օգնող ուժերը հուշեին, թե իմ առաջ օտար էր՝ կիջնեի պատահական մի կայարանում, որտեղ սրճարան կլիներ ու այնտեղ կկարդայի «11 րոպեն»։ Իսկ այդժամ, երբ առաջին կամուրջն անցնելուց հետո դեռ 11 րոպե էր անցել, ես վեր կացա ու շարժվեցի դեպի մեր պայմանավորված հատման կետը։
Ատում եմ րոպե բառը: Նախ որովհետև նյարդայնանում եմ, որ այն «ր»-ով սկսվող երկու բառերից մեկն է ու հետո, որովհետև երբ համակարգչով լատիներեն տառերով եմ գրում rope, ակամա կարդում եմ ռուսերենով՝ վիշտ։ Երկու վագոնների հատման հատվածում անցկացրած 2 րոպեն է՛լ ավելի ատեցի այդ օրվանից սկսած:
Իմ տարած բազմաթիվ մահերից ու վերակենդանացումներից հետո, վերջապես հարևան վագոնից դուրս եկավ մի երիտասարդ՝ արտաքնապես ոչնչով աչքի չընկնող, բացի մոդայիկ մորուքից, մուգ սև մազերից ու սև հագուստից։
– 1000 դրամ չե՞ք մանրի, – մոտեցավ ինձ ու աչքերը փոքր ինչ կկոցած վրաս նայեց: Հավանաբար կասկածի նշան էր:
Ես մոռացա հորինածս բոլոր ծիծաղելի գաղտնաբառերը։
– Ես եմ։
Ժպտաց:
– Բո՞ղկ չես:
– Դա առաջի՞ն հարցն է:
Այդպիսին էր պայմանը: Դօրիանն ու նրան անծանոթ այդ տղան առավոտյան գնացք են նստում: Մեկն առաջին վագոնը, մյուսը՝ վերջին: Ու երբ անցնում են առաջին կամուրջը (իսկ այն շատ մոտ էր կայարանին) Դօրիանը հաշվում է 13 րոպե, դուրս գալիս վագոնից ու գնում գնացքի կենտրոն՝ միջանցքում սպասելու Դանկոյին՝ անծանոթին, ով պիտի դուրս գար իր վագոնից, երբ առաջին կամրջից հետո կանցներ 14 րոպե: Հետո Դանկոն պիտի հարցներ միջանցքում կանգնած տղային՝ «1000 դրամ չե՞ք մանրի», ու եթե տղան տար անիմաստ պատասխան, օրինակ՝ «Ես բողկ եմ», ապա հենց նա էր Դօրիանը, եթե պատասխաներ հարցին «Կմանրեմ» կամ «Չեմ կարող մանրել», ապա դա, հավանաբար, էլի Դօրիանն էր, որը, սակայն, չցանկացավ նրա հետ ունենալ ոչ մի ընդհանուր բան: Երկրորդ տարբերակի դեպքում տղաները կվերադառնային իրենց վագոններն ու կշարունակեին կյանքն առանց մեկ-մեկու, առաջին տարբերակի դեպքում՝ Դանկոն կտար հինգ հարց: Դօրիանը շատ երկար պիտի պատասխաներ դրանց ու երբ կտար հինգերորդ հարցի պատասխանը, Դանկոն ձեռքը դուրս կհաներ գնացքի պատուհանից, նշան կաներ և մեքենավարը կկանգնեցներ գնացքը: Հենց այդ պատահական վայրում էլ կիջնեին նրանք:
– Դա առաջի՞ն հարցն էր, – հարցրեցի ես՝ նկատի ունենալով 5 հարցերը:
– Չէ: Դու քայլում ես մի փողոցով ու զգում ես, որ հետևիցդ ինչ-որ մեկը գալիս է: Դու արագացնում ես քայլերդ: Ի՞նչ է դա՝ ինքնապաշտպանությու՞ն, թե՞ պարանոյա:
– Եթե դա խուլ մի փողոց է, որտեղ չկան մարդիկ ու լապտերներ, որտեղ մոտկայքում տներ չկան ու իմ վրա կան որևէ զարդեր կամ այլ ուշադրություն գրավող իրեր, կամ հետևիցս եկողի վարքը տարօրինակ է թվում՝ դա ինքնապաշտպանություն է: Բայց եթե քայլում եմ մարդաշատ ու լուսավոր փողոցով, ոչնչով ուշադրություն չեմ գրավում, կամ ետևիցս եկողը պարզապես քայլում է ինձանից մի փոքր արագ, այլ ոչ թե դիտավորյալ արագացնում քայլերը ու ես փախչում եմ՝ պարանոյա է:
– Ի՞նչ ես կարծում՝ թռչունն իրեն ավելի լավ է զգում վանդակում, ուր իրեն ձրի կերակրում են, հիանում իրենով ու ուշադրության առարկա դարձնում, թե ազատության մեջ, ուր ստիպված է ինքն իրեն կեր հայթհայթել, ուր կարող է դառնալ որսորդների զոհը ու որտեղ ոչնչով աչքի չի ընկնում իր մյուս ցեղակիցների կողքին:
– Կա թռչունների երկու տեսակ, տղա՝ առաջիններն այրում են իրենց, ուրիշներին լույս տալու համար, իսկ երկրորդները մսխում են ծնունդից մահ ընկած այն հատվածը, որը հանդգնություն են ունենում կյանք անվանելու: Ու զարմանալին այն է, որ թռչունների այդ երկու տեսակն էլ երջանիկ է՝ մեկն իր վանդակում, մյուսն ազատության մեջ:
– Ի՞նչը կարող է ավելի շատ բան սովորեցնել՝ միայնությունը, թե մարդիկ:
– Միայնությունը սովորեցնում է հասկանալ այն, ինչ երբեք չեն հասկանա ուրիշները՝ քեզ, իսկ մարդիկ փորձում են սովորեցնել հասկանալ այն, ինչն ի զորու չես հասկանալ ինքդ՝ իրենց։ Միայնակ լինելով կարող ես սովորել սեփական սխալների վրա, մարդկանց հետ՝ ուրիշի սխալների: Միայնության մեջ կգտնես իրականությունը, մարդկանց հետ՝ իրականության մասին այլոց պատկերացումները: Դրանք հավասարապես ուսուցանող են, Դանկո:
– Իմ անունը Տիգրան է։
– Ի՞նչդ ավելացավ: Ավելի լա՞վ չէր Դանկո: Դանկոն գոնե իր սիրտը կրծքից հանեց ու լուսավորեց մարդկանց ճանապարհը:
– Քո անունն ի՞նչ է:
– Իսկ իմ անունը կրել են նրանք, ովքեր նվիրվել են Աստծուն: Դա չի կարող իմ անունը լինել: Իմ անունը Դօրիան է: Ես դրան եմ արժանի ու դրան եմ հավատում:
– Եթե այդպես է, ես Դանկոն չեմ: Ես չեմ կարող Դանկոն լինել։ Այդ անունն ինձ չի համապատասխանում: Պիտի ուրիշ բան հորինել:
– Չորրորդ հարցը հորինիր:
– Կա՞ն արդյոք արգելքներ, Դօրիան:
– Արգելքները շատ են, Դանկո: Դու դրանց հանդիպում ես ամեն օր՝ օրենսգրքերում, սուրբ գրքերում և ավանդույթներում: Սակայն ինքդ ես ընտրողը քեզ համապատասխան արգելքները: Պիտի հարցնեիր, թե խելամի՞տ են արդյոք արգելքները: Ու ես կասեի, որ խելամիտ են այն բոլոր արգելքները, որոնք թույլ չեն տալիս մեկին բռնանալ կամ անարդար գտնվել մյուսի հանդեպ։ Մնացած բոլոր արգելքներն հիմարություն են: Դրանք ստեղծվել են խելացի մարդկանց կողմից՝ հիմարներին կառավարելու համար։
– Ո՞վ է Աստված։
– Աստված նա է, ով տնօրինում է ամեն ինչ: Քո ողջ ունեցածը քո կյանքն է՝ քո օրերն են ու մարդիկ, ովքեր ապրում են քեզ հետ այդ օրերը ու նաև այն ամենն, ինչ շրջապատում է քեզ: Սա տնօրինողն էլ քո Աստվածն է:
Դանկոն մի քանի վայրկյան լուռ նայեց աչքերիս մեջ, ապա մոտեցավ պատուհանին և դուրս հանեց ձեռքը: Լսվեց շչակների ձայնը, հետո անիվների: Գնացքը դանդաղեցրեց ընթացքը:
– Թռանք, նա չի կարող կանգնել:
Ու Դանկոն գնացքից թռավ՝ փափուկ վայրէջք կատարելով խոտերի վրա: Մի քանի մետր այն կողմ թռա նաև ես: Մեքենավարը նայեց պատուհանից՝ համոզվելու համար, որ կենդանի ենք, ու գնացքը նորից արագացրեց իր ընթացքը:
Դանկոն մոտեցավ ու ինձ պարզեց ձեռքը:
– Լա՞վ ես:
– Ոնց որ թռչելուց առաջ, – ես ձեռքս պարզեցի նրան ու վեր կացա տեղիցս, – Հիմա ու՞ր:
– Վեց ժամ դեպի առաջ ու վեց ժամ դեպի ետ:
Դեռ զով էր ու թեթև քամի: Մենք ամայի մի վայրում էինք, ուր տեսադաշտը փակում էին միայն բլուրները, բլուրների վրայից՝ ավելի մեծերը, իսկ ավելի մեծերին մենք այդպես էլ չհասանք:
– Դու անտեղի ես փախչում, երբ հետևիցդ քայլում են, Դօրիան: Դա պարանոյա է: Քեզ չի՞ զզվեցնում վանդակի թռչնակ լինելը, միայնության դասերը քաղելը, արգելքներ չունենալը ու չհավատալը Աստծուն:
Գիտեի, որ անտեղի չէր տալիս բոլոր այդ հարցերը: Ինչ-որ բան էր մտածել: Որոշել էր երևի հակառակ ուղղությամբ պտտեցնել տիեզերքը:
– Դու իմ փախուստներին ներկա չես եղել, տղա, դու չես տեսել իմ վանդակի ճաղերը, դու չես լսել դասերը, որ տվել է ինձ միայնությունը, դու չես համոզվել նրանում, որ ես արգելքներ չունեմ ու անգամ հարյուր տոկոս վստահությամբ չես կարող ասել՝ ես հավատում եմ Աստծուն, թե՝ ոչ: Միայնությունը սովորեցնում է հասկանալ այն, ինչ երբեք չեն հասկանա ուրիշները՝ քեզ, իսկ մարդիկ փորձում են սովորեցնել հասկանալ այն, ինչն ի զորու չես հասկանալ ինքդ՝ իրենց։ Մոռացա՞ր, թե ինչ ասացի: Դու անգամ քո հարազատ եղբորը չես ճանաչում: Էլ ինչի՞ ես կարծում, թե ինձ գիտես:
– Ենթադրել եմ:
– Ուրեմն ենթադրիր այնպես, որ քեզ դրանից օգուտ լինի: Ենթադրիր, որ դու առանձնահատուկ մարդ ես, քանի որ ես որոշել եմ հանդիպել քեզ հետ, ենթադրիր, որ ես այնպիսին եմ, ինչպիսի մարդկանց դու սիրում ես, ու որ դու այժմ հենց այդպիսի մի մարդու հետ ես քայլում, ոչ թե քիչ առաջ ենթադրածիդ: Երկու դեպքում էլ դու սխալ կլինես: Առաջին դեպքում՝ մեղավոր երկուսիս առաջ, երկրորդ դեպքում՝ միայն իմ:
– Առաջարկում ես ինքնախաբեությամբ զբաղվել, կուրանալ։ Ես չեմ կարող:
– Սիրահարվե՞լ ես երբևէ:
– Հա:
– Բա ո՞նց ես կարողացել: Փաստորեն ընդունակ ես կուրանալու, պարզապես չես ուզում սեփական կամքով փորձել դա անել։
Նա հոգոց հանեց:
– Ինչպիսի՞ն ես քեզ երևակայել ինձ, – հարցրեց հուսահատված:
– Այժմ ես քեզ երևակայում եմ մի մեծ կտոր երշիկով հաց: Քանի որ դա եմ ուզում: Ու թեթևանում եմ այն մտքից, որ ուզածս բանը կողքիս է: Սոված եմ:
– Արի նստենք այս ծառերի տակ ու հաց ուտենք:
– Չէ, արի այն մեկի տակ նստենք, – մատնացույց արեցի մոտ երեսուն մետրի վրա գտնվող մի միայնակ ծառ:
– Ինչու՞, – ժպտաց:
– Որովհետև միայնակներն ավելի ուրախ են լինում մարդկանց:
Քիչ անց արդեն նստած էինք միայնակ ծառի ստվերում ու վայելում էինք այն ամենը, ինչ իր հետ վերցրել էր Դանկոն: Իմ մտքով միայն մի քանի տուփ “M&Ms”-ն էր անցել: Չէի մտածում, թե իսկապես իջնելու եմ նրա հետ:
– Եթե ուտելու բան չես վերցրել, պայուսակն ինչի՞դ էր պետք:
– Մեջը լապտեր կա, մի շապիկ էլ, որ երեկոյան մրսելուց հագնեմ ու գիրք:
– Փաստորեն իրոք էգոիստ ես: Միայն քո մասին ես հոգացել:
– Չէի կարծում, որ իջնելու եմ:
– Գոնե գիրք կկարդա՞ս լսեմ:
Ես հանեցի պայուսակից «11 րոպեն» ու բացեցի առաջին պատահած էջը:
– «Մի՞թե զինվորը պատերազմ է գնում թշնամիներին սպանելու համար՝ նա գնում է պաշտպանելու համար հայրենիքը: Մի՞թե կինն ամուսնուն ցույց է տալիս իր գոհությունը: Ոչ: Նա ցանկանում է, որպեսզի ամուսինը գնահատի իր նվիրվածությունը, հանուն նրա երջանկության կրած տանջանքները: Մի՞թե մարդն աշխատանքի է անցնում ինքնահաստատվելու հույսով: Ոչ, նա քրտինք ու արցունք է թափում հանուն իր ընտանիքի: Այդպես էլ շարունակվում է՝ երեխաներն հրաժարվում են երազանքներից, որպեսզի հաճույք պատճառեն ծնողներին, ծնողները հրաժարվում են հե՛նց կյանքից, որպեսզի ուրախացնեն զավակներին, ցավն ու տառապանքը արդարացնում է միայն այն, որ դրանք երջանկություն են բերելու… սեր…»:
– Պատահմա՞մբ բացեցիր, թե՞ գիտեիր էջը:
– Պատահմամբ, – ես ծալեցի էջն ու նոր միայն փակեցի գիրքը, որպեսզի երեկոյան, երբ նստեմ պատմվածք գրելու, հեշտ գտնեմ այդ հատվածը:
– Լավ ես կարդում: Երբևէ մտածե՞լ ես դերասան դառնալ:
– Երբևէ մտածե՞լ ես տղա դառնալ:
Ծիծաղեց:
– Ի՞նչ ես կարծում, Աստված այստեղ կա՞:
– Կարդացե՞լ ես:
– Ամեն ինչ եմ կարդացել: Մինչև վերջին տողը կուլ եմ տվել քեզ:
– Այ հիմա ինձ համար այստեղ մի քիչ աստված կար՝ դու էիր, – ասեցի ձայնի պաթետիկ հնչերանգով՝ ձևացնելով, թե մեջբերում եմ վեպիս հերոսներին։
– Ես մանկուց եմ սիրել կարդալ: Միշտ երազել եմ հանդիպել իմ սիրած գրքերի հեղինակների հետ: Դու կծիծաղես, բայց երբեմն, երբ վաղ էի պառկում քնելու, փակում էի աչքերս ու պատկերացնում, թե ինչպես եմ հանդիպում նրանց: Լճի ափին գտնվող առանձնատան շեմին, ճոճաթոռի վրա նստած էր Բալզակը, մի բարձրահարկ շենքի իր ստվերոտ սենյակում, գրամեքենայի մոտ էր նստած Թոլքինը… Նրանք այնպիսին էին, ինչպիսին որ ես ուզում էի տեսնել իրենց: Հետո մի օր իմ կյանքում հայտնվեցիր դու:
– Ու որտե՞ղ էի ե՛ս նստած:
– Ճահիճում։
– Շրեկի պե՞ս:
– Քեզ պես։ Քո ճահիճն ավելի խորն էր ինձ թվում: Բայց այժմ դու իրական ես՝ սառնասիրտ ու միևնույն ժամանակ ռոմանտիկ:
– Շնորհակալ եմ, – քմծիծաղ տվեցի ու պայուսակից հանեցի “M&Ms”-ի առաջին տուփը, – Դեղի՞նն ես սիրում, թե՞ սևը:
– Դեղինը, – ժպտաց:
– Որովհետև ագահ ես՝ դեղինի մեջ կոմֆետները խոշոր են ու գետնանուշով: Ես սևն եմ սիրում:
– Որովհետև ագահ ես՝ սևի մեջ կոմֆետներն ավելի շատ են:
– Փաստորեն բոլորն, ովքեր ուտում են այս կոմֆետներն, ագահ են:
– Փաստորեն… Ես եկա, որ տեսնեմ, թե իրականում ի՛նչ են ապրում մարդիկ, ովքեր ստեղծագործում են։ Ես չտեսա ոչ Թոլքինին, ոչ Բալզակին, ոչ ոքի։ Բայց տեսա քեզ ու մի պահ պատկերացրեցի, թե ինչպես է Բալզակը համակարգչային խաղեր խաղում, իսկ Թոլքինը նայում երեկոյան սերիալները:
– Եթե լեգենդ ես ուզում, տղա, երբեք մի շարժվիր քո վագոնից դեպի գնացքի կենտրոն։ Նստիր քո տեղում ու վայելիր լեգենդը: Նայիր վադակի մեջ երգող թռչունին ու հիացիր: Նրան հաճելի է քո հիացմունքը: Նա քեզ սիրում է այդ պահին, անգամ եթե հետդ չի կիսում իր ունեցած կոնֆետների տուփը: Էական չէ՝ նա ճահիճի մեջ է, թե ամրոցում, էական չէ նաև այն, որ նրա փախուստները քեզ պարանոյա են թվում: Էական չէ, որ գործածդ գուլպաները ոչ ոքի չես նվիրելու՝ ինքդ կհագնես: Էական չէ, որ գործածդ պատրանքներն էլ սին են… Դրանք էլ են քեզ համար:
– Ես չէի ուզում, որ դու ճահիճում լինես:
Նա կիտեց հոնքերը ու նշամարելի դարձան հավանաբար երկար անքնությունից կապտած կոպերը:
– «Ցավն ու տառապանքը արդարացնում է միայն այն, որ դրանք երջանկություն են բերելու… սեր…», – կրկնեցի քիչ առաջ կարդացածս տողերը, – Ինչպես Դանկոն հանեց իր սիրտը, լուսավորելու համար մարդկաց ճանապարհը։
– Դա պիտի քո՛ անունը լիներ։
Մենք քայլեցինք էլի մի քանի ժամ: Նա խոսում էր, պատմում այն ամենի մասին, ինչ քնելուց առաջ, աչքերը փակած պատմում էր իր ճահիճում նստած Դօրիանին: Նա երազում էր «ադհյատման» ունենալ, որի հետ կապրեր իր կյանքը, նա հասկացել էր, «որ սիրո աշունում ավելի լավ է տերև լինել, քան քամի», գրողը տանի, նա հիանում էր ինձանով։ Ու ես հասկացա, թե ինչ հաճելի է վանդակի թռչուն լինելը:
Երբեմն մտածում ես, թե ամեն ինչ անօգուտ է: Որ սին են մղածդ բոլոր պայքարներն, իսկ գոյությունդ՝ անիմաստ, որ աշխարհում ոչ ոք չունի քո շունչը զգալու անհրաժեշտություն: Ու ճակատիդ իջած անբացատրելի ծանրությունը լաց լինելու ցանկություն է առաջացնում։ Բայց ահա, ժամանակ առ ժամանակ, հայտնվում են նրանք, ովքեր արթնացնում են քեզ տևական նիրհից․ խոսքերով, համբույրով, ինչպես մի հեքիաթում, կամ ցավեցնելով: Ու զգում ես, որ պիտի նույնպես խոսես, պիտի համբուրես համբուրողին ու ցավեցնողին… նույնպես համբուրես: Ու զգում ես, որ պիտի երգես, զգում ես, որ ծափահարում է դահլիճը, զգում ես, որ նորից ազատ ես, նորից՝ գեղեցիկ: Ու որ ետ պիտի դառնաս դեպի վանդակդ, քանի դեռ չես հավանել ազատ թռիչքները, ուր քեզ նման հազարավոր թռչունների մեջ կորչելու ես:
– Պարզապես, – շարունակում էր խոսել Դանկոն, – Ես կարդացի մի տեղ՝ այժմ, երբ մոտենում ես դռներին, դրանք իրենք-իրենց բացվում են, երբ մարդկանց ես մոտենում՝ փակվում են իրենք-իրենց։ Ես ուզում եմ, որ մարդիկ բաց լինեն, որ բաց լինես դու՛…
– Պատահում է, որ տեսնում ես գեղեցիկ մի խանութ, մոտենում ես ու դռներն իրենք-իրենց բացվում են՝ ներս հրավիրելով քեզ: Դու մտնում ես ու շատ գեղեցիկ բաներ հավանում, սակայն ամեն ինչ այնքան թանկ է, որ ի վիճակի չես գնելու: Ու դու դուրս ես գալիս հիսթափված և տխուր: Ու ատում ես այդ խանութը, մինչդեռ այն այնքան գեղեցիկ ցուցանափեղկեր ուներ, Դանկո։ Երանի չէ՞ր, որ դրա դռները միշտ փակ լինեին ու դու հիանայիր սիրուն ցուցափեղկերով ամեն անգամ, երբ անցնելիս կլինեիր այդ խանութի մոտով:
– Երանի թե…
– Այդպիսին են մարդիկ, Դանկո: Նրանք ցանկանում են ունենալ, ձեռք գցել այն ամենն, ինչ հավանում են: Հենց այդպիսի մարդիկ են վանդակներում փակում երգեցիկ թռչունների, որոնք էլ երբեք չեն երգում: Գեղեցիկ ու ջահել թռչունների… Հենց այդպիսի մարդիկ են ձեռք բերում թանկարժեք գորգեր ու քայլում դրանց վրա իրենց կեղտոտ կոշիկներով՝ գլուխգործոց գորգերի վրայով: Նրանք չգիտեն, որ կան բաներ, որոնք իրենցից հեռու են միայն գեղեցիկ: Կան դռներ, որոնք պետք է միշտ փակ մնան:
Եվս մի բլուր ետևում թողեցինք ու մեր առջև բացվեց փոքրիկ գետակը՝ զուլալ ու քարքարոտ հատակով, ծանծաղ ու վարար:
– Կարծում ես Շալլեհն այստե՞ղ է:
– Իհարկե ոչ, – ծիծաղեցի ի պատասխան, – Նա իրականում չկա՝ հորինել էի:
– Թող սա լինի վերջնագիծը, Դօրիան: Ես հիշում եմ, թե ինչպես Ասուսենան խոսեց մի բուռ ջրի մասին՝ այն մասին, որ երբեք միևնույն ջուրը չես ունենա: Ես հիշում եմ, թե ինչպես Լյուկան գտավ Աստծուն ջրի մեջ: Այնտեղ ամեն ինչ գետի հետ էր կապված:
– Դե իհարկե, չէ՞ որ նրանք Ռիո դե Դիոսում էին՝ Աստծու գետում։
– Մեր այս մի բուռ ջուրը նույնպես ետ չենք բերելու, չէ՞, Դօրիան։
– Երբեք:
– Ի՞նչ կլինի, երբ նորից քաղաք գնանք:
– Ամեն ինչ կլինի առաջվա պես: Դու երբեմն-երբեմն էլեկտրոնային նամակ կգրես Դօրիանին ու նա միշտ կպատասխանի քեզ: Քեզ կթվա, թե դա լրիվ այլ մարդ է ու կամաց-կամաց կսկսես հավատալ, որ տեղի ունեցածը երազ էր, հետո նորից խորհրդավորության ստվերը կիջնի այդ մարդու վրա՝ վերաստեղծելով լեգենդը, որը դու սիրում ես:
– Այդ ստվերն անգամ այժմ քեզ վրա է:
Ես բռնեցի նրա ձեռքն ու ամուր սեղմեցի:
– Ի՞նչ ես անում։
– Ցավ եմ պատճառում: Ցավն, ասում են, ավելի երկար է հիշվում: Գուցե հիշես ու հավատաս, որ սա իրական էր:
Երեքն անց էր արդեն ու պիտի ետ գնայինք: Ավարտվել էր փոքրիկ արկածը: Մեզանից մեկը գտել էր իր հորինած հեքիաթը, մյուսը գտել էր նրան, ում մասին նոր պիտի հորիներ մի հեքիաթ:
– Հանիր կոշիկներդ ու արի բոբիկ ետ գնանք:
– Հողը շատ է շիկացած։
– Ցավն ասում են, ավելի երկար է հիշվում: Ես ուզում եմ հիշել այս ճամփան:
Կոշիկները պայուսակների մեջ էին, արևը արևմուտք էր սողում, գետը մնացել էր բլուրների ետևում: Ես բռնեցի նրա ձեռքը:
– Ուզում եմ, որ ձեռք-ձեռքի տված քայլենք:
– Ինչպես երկու…
– Ինչպես երկու ճամփորդ, – սաստեցի ես նրան։
Ոչինչ չէինք խոսում ու փորձում էինք հնարավորինս արագ քայլել՝ հողը շատ էր տաք: Միայն երբ փոքր ինչ հովացավ, դիմեցի նրան:
– Ի՞նչ սովորեցիր:
– Քեզ հասկանալ:
– Ամեն մարդ ունի իր խորհուրդը: Մի բան, որ անդրադառնում է ոչ միայն իր, այլ ամբողջ տիեզերքի վրա, մի բանաձև, որով կարելի է լուծել բազմաթիվ հավասարումներ: Որտե՞ղ ես կիրառելու ինձ:
– Քեզ կիրառելու եմ այնտեղ, որտեղ գեղեցիկ փեղկերով խանութ կտեսնեմ ու դռները իրենք-իրենց կբացվեն իմ առաջ: Ես չեմ մտնի: Քեզ կրառելու եմ այնտեղ, ուր վանդակված թռչուն կտեսնեմ ու կցանկանամ բացել վանդակը: Ես այն չեմ բանա: Քեզ կիրառելու եմ այնտեղ, որտեղ կցանկանամ թանկարժեք գորգ գնել: Չեմ գնի այն: Քեզ կիրառելու եմ այնտեղ, երբ կփորձեմ դատել, թե ինչ են նշանակում մեկի փախուստները: Ես նման փորձ չեմ անի: Քեզ կիրառելու եմ այնտեղ, որտեղ պիտի որոշեմ, թե ումից սովորել՝ միայնությունից, թե մարդկանցից: Ես սովորելու եմ երկուսից էլ: Վերջապես, քեզ կիրառելու եմ այնտեղ, որտեղ կցանկանամ շոշափել լեգենդները: Ես կհիշեմ, որ պատրանքները շոշափելուց ցրվում են: Նման բան չեմ անի:
– Եթե կարողանս կիրառել այդքանը, ես կլինեմ աշխարհի ամենաերջանիկ մարդը, Դանկո: Դու կլինես ինձ երջանկացնողը:
Նա ամուր սեղմեց ափս: Ու ես հավատացի, որ այդ պահին ադհյատաման եմ: Պայուսակից հանեցի “M&Ms”-ի մնացած պաշարը ու սկսեցի շաղ տալ մեր ետևից:
– Ի՞նչ ես անում:
– Այս կոմֆետները միայն ագահներն են ուտում։
Մենք քայլեցինք առաջ ու, նկատելով մեր հեռանալը, կոմֆետների մոտ հավաքվեցին տասնյակ ազատ թռչուններ՝ վայելելու համար մեր դեն նետածը։
Ինն անց երեսուն րոպե: Վագոնների միջև եղած միջանցքում կանգած էին երկու երիտասարդ ու հաշվում էին րոպեները:
Ատում եմ րոպե բառը: Նախ որովհետև նյարդայնանում եմ, որ այն «ր»-ով սկսվող երկու բառերից մեկն է ու հետո, որովհետև երբ համակարգչով, լատիներեն տառերով եմ գրում rope, ակամա կարդում եմ ռուսերենով՝ վիշտ։ Երկու վագոնների միջանցքում անցկացրած րոպեներն հազար անգամ ավելի եմ ատում: Այդ գիշերվանից հետո։
– Գուցե հանդիպե՞նք 13 օրից, – ինքն իր ասածին դժվարությամբ հավատալով արտասանեց Դանկոն:
– 13 շաբաթից, Դանկո, – անտարբերություն խաղալով արտասանեցի ես:
– Ես Դանկոն չեմ: Ես Լյուցիֆերն եմ: Նա չցանկացավ ենթարկվել ու վռնդվեց:
– Ուրեմն, մինչ հանդիպում, Լյուցիֆեր:
Համբուրեցի նրան ու գնացի դեպի առաջին վագոնը։ Թեկուզ հետադարձ ճանապարհին այն երևի վերջինն էր: Մինչ կայարան մնում էր 13 րոպե: Երբեմն գնացքը կանգ է առնում իմ տան մոտ՝ չհասած կայարանին: Նա չիմացավ էլ, որ ես ավելի շուտ իջա՝ 11-րդ րոպեին: Կրկին ժպտալով, քանի որ պայուսակիս մեջ «11 րոպե»-ն էր: Փնտրեց ինձ կայարանում, թե ոչ՝ չգիտեմ: Երևի փնտրած կլիներ, քանի որ Լյուցիֆերը չցանկացավ ենթարկվել։