Նազենի Հովհաննիսյան

Ինձ քայքայում ես, ես պայքարում եմ
Օրերի հետ ու ունայնության,
Ձանձրույթ, մարում ես մատղաշ գարունն իմ
Ու նազենի, ու հովհաննիսյան:

Թոքս թափում ես, հիասթափվում եմ
Շողոքորթող պատերից իմ տան,
Բարձս ու արյունս գրկած պարում եմ
Նե՜նց նազենի, նե՜նց հովհաննիսյան:

Դու նկարում ես, ես դադարում եմ,
Որ մարդն ու չարն հանկարծ ծափ չտան,
Իմ մեղքը ո՞րն է: Որ հա՞մ պոետ եմ,
Հա՞մ նազենի, հա՞մ հովհաննիսյան:

Իմ մեղքը ո՞րն է: Որ ես տկլո՞ր եմ`
Քեզ հետ ստիպված եմ լինել ու կա՛մ
Ու կենտ, ու խենթ, ու արձակ, ու բարձր,
Ու նազենի, ու հովհաննիսյան:
Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։