Եվա

Այս էջում հրապարակված են գրող Դօրիանի «Եվա» բանաստեղծությունների ժողովածուում տեղ գտած ստեղծագործությունները։ Տպագիր ժողովածուն կարող եք ձեռք բերել՝ սեղմելով ԱՅՍՏԵՂ։

Դադարում եմ երգել

Ես այլևս դադարում եմ երգել,
Սոխակները մեռան իմ հոգում,
Ինչ-որ մեկն ինձանից թաքուն ներկեց
Հոգիս տրտմության գույն։

Եվ արդեն իսկ դադարում եմ սիրել
Սերս ծալում հուսահատ, դնում մի կողմ,
Ինձ վերջերս մի բան է նվիրել՝
Սիրահալած մի հողմ։

Իսկ վաղվանից կդադարեմ ժպտալ,
Կսովորեմ կրել մշտամորմոք թախիծ,
Դրանից հեշտ կարծեմ ոչինչ չկա,
Այդպես է ասել ինձ։

Պարզապես մի օր դադարել ապրել,
Երգել, սիրել, ժպտալ նույնիսկ…
Պատճառները թեև ինքս էլ չգիտեմ,
Ինչ-որ մեկը, սակայն, դա է ուզում ինձնից։

Պարան

Երբ կանգնած էի լեռան գլխին
Դու պարան դառար,
Իջեցրիր փորձանքի բնից
Ինձ հեռու տարար։

Դեպի հրաշք դաշտավայրեր,
Երկրային եդեմ,
Ուր մի չքնաղ գեղեցկուհի
Ելավ դեմ առ դեմ։

Բռնեց ձեռքս, իր հետ տարավ
Գետի մոտ վարար,
Ինձ համբուրեց, սակայն այդժամ
Դու պարան դառար։

Կապեցիր ինձ կասկածներում,
Ուր սերն է մեռնում։
Չգիտեմ՝ լավ է արդյոք, որ
Պարան ես դառնում։

Վերլուծիր

Դու՝ այնքան նման ինքդ քեզ,
Ինքդ քեզնից այնքան տարբեր,
Որ անգամ ես՝
Կես-իմաստուն ու կիսախենթ,
Քեզ վերլուծելով եմ տարվել։

Ու կոչելով ինքս ինձ պոետ,
Ավելի շատ դարձել եմ Ֆրեյդ՝
Քո երազներում խճճված,
Անհաշտ իրականության հետ։

Ես, քեզ վաղուց արած անգիր,
Քո հասարակ բայց նաև բարդ էության մեջ
Գտնում եմ միշտ նոր ծածկագիր։

Տեսնես ո՞վ ես առհասարակ
Եվ ինձ համար։

Գուցե հիմա ինքդ էլ մտքում
Տալիս ես քեզ նման մի հարց՝
Շաղկապելով մտքերը իմ
Ու արարքները անշաղկապ՝
Չես գտնում ընդհանուր մի բան…

Վերլուծիր այս,
Վերլուծիր այն։

Վերլուծությունն՝
Անդադար կրկնվող խնդիր
Տարրական թվաբանությամբ,
Բայց անհայտներով բազմաթիվ։

Թույլ կտա՞նք ճանաչել իրար,
Կհեշտացնե՞նք ինքներս մեզ,
Թե մեզ սպասվում է գժանոցն,
Ինչպես, գիտես՝ որ գրքի մեջ,
Որտեղ, հիշի՜ր, մեզպեսները
Գտան իրար,
Որտեղ, հաստա՜տ, մեզպեսները
Իրար չէին կարծում խելագար։

Ապրում առանց վերլուծության,
Այլ սեփական հոգեբանի
Դեղատոմսերի համաձայն։

Սահարա

Ա՜խ, անհանգիստ, կենսահարամ
Զգացմունքների իմ սահարան
Վաղ է տապում՝
Ձմեռ է դեռ։

Եվ ինձանից մի քանի գրամ
Օրեր առաջ թրթուր դառած
Շատ է շտապում
Դառնալ թիթեռ։

Այն ավազե ժամացույցին
Փնտրում է կորած սլաքներ
Ու չի գտնում,
Փորձում է նորից գուշակել,
Թե ամեն մի լուսանալուց
Հետո կրկին
Խի է մթնում։

Սպասում է այն, թե երբ պիտի
Գրկի կրկին
Լուսե մի օր
Իր սրինգին։

Հոգու մերկապար

Երդման տակ վաղավճիռ ու, կարծում էի, սուտ,
Հոգիս քեզ համար մերկապար էր պարում,
Եվ ամեն սխալ շեշտ
Կամ սխալ հարցադրում,
Կամ սխալ շարադրանքն իմ մտքերի
Մեր բազմագանձ հայերենում
Սկսել է կրել մեկ անուն՝
Երդմնազանցություն։

Եվ նոր եմ սովորում մի հին արվեստ,
Որ յոթնաչափություն են մարդիկ կոչում,
Եվ կիրառում հաճախ
Մեկը կտրելու արվեստից առաջ,
Եվ նոր եմ սովորում ես անկախ ինձանից
Ինձանից զգուշանալ,
Խոսելիս՝ ուշանալ,
Բայց ուշադիր խոսել։

Եվ տալ լեզուս հոգուս, սրտիս
Հավերժ գործածության։

Չբացես

Տուր ինձ գոյություն չունեցող մի հասցե,
Ու հեռացիր անդարձ,
Որ կարոտեմ ու, Աստված մի արասցե,
Չգտնեմ քեզ հանկարծ։
Երեկոյան նորից
Անհետ կորածներից
Երբ խոսի BBC-ն
Այլևս չեմ լսի՝
Իմ միակ կորստին
Կփնտրեմ վերստին
Ես պատրանքում։
Փողոցները անվերջ լաբիրինթ են իմ քաղաքում,
Եվ նրանցից մեկում,
Մի տասնահարկ շենքի
Քսանմեկերորդ հարկում
Կկարդամ ցուցանակ.
«Ես եմ»։
Պայմանի համաձայն՝
Դուռը եղունգներով կծեծեմ։
Կիմանաս, որ փայտե պատնեշի ետևում
Կանգնած եմ ես։
Չբացես։

Չկա քո բանալին

Չկա քո բանալին։

Երբեմն թվում է, թե ճանաչում եմ քեզ,
Վաղուց, չափազանց վաղուց,
Սակայն միևնույն է մնում ես դեռ
Չբացված զարդատուփ՝
Լեցուն առեղծվածներով,
Բայց սենտիմենտալ,
Աստվածներով լեցուն,
Բայց աթեիստական,
Ու չափազանց գաղտնի,
Չափազանց բարդ
Իմ սահմանափակ
Երևակայության համար։

Ինձ մնում է հիշել
Միայն «Մալլհոլանդ դրայվ»
Ու հասկանալ մի բան
Որ ես, ով էլ լինեմ,
Որոշ բաներ, ցավոք,
Չեմ կարող հասկանալ։

Դու մի հին վարպետի գլուխգործոց,
Դու այդքան պարզորոշ, բայց անհասկանալի,
Որ ես՝ թվում է փորձառու փականագործ,
Ի զորու չեմ գտնել քո բանալին։

Պրետ-ա-պորտե

Հորինեցի ես ամբողջ մի սոնատ,
Մինչ մեր մեջ ընդամենն ակորդ էր,
Հանձնեցի հանրության դատին
Զգացմունքը մեր պրետ-ա-պորտե։

Եվ դարձանք մենք վարդ ու սոխակ,
Եվ դարձանք մենք Ռոմեո-Ջուլիետ,
Ծաղիկներն ու ծափերն հավաքած
Պահեցինք հորինված սիրո հետ։

Խոսքին, շշուկին նենգամիտ,
Ծաղրանքին ամբոխի անսանձ,
Հաջորդեց միայն վարագույր,
Եվ խոր ռևերանս։

Մենություն

Շնորհակալ եմ, մենություն,
Որ տալիս ես ինձ հանգեր,
Որ դառնում ես ինձ ընկեր։

Ինձ խղճալուդ,
Ու երբեք չտրտնջալուդ,
Ինձ սիրելու,
Բայց հավերժ քեզ չկապելու,
Եվ կողքիս ապրելուդ համար,
Շնորհակալ եմ քեզ, մենություն։

Նաև լսիր,
Երջանկության համար նույնպես
Քեզ հազար միլիոն մերսի։

Բաժանում

Բաժանումն անկասկած լինելու է՝
Ճիշտ ամսին, օրը ճիշտ, ճիշտ ժամին,
Ճամպրուկներ, արցունքներ, «Իմ տաքսին է»,
Օդային համբույր անարժանին։

«Լռությունն, հեռախոսն ու խաչբառը,
– Ես կասեմ, – ավելի հարազատ են»,
Ու նորից երկրորդիս կսպասեմ.
Գազանները վայրի ազատ են։

Սկիզբ
Գրքեր
Էջանիշներ
Իմ էջը