Եվա

Այս էջում հրապարակված են գրող Դօրիանի «Եվա» բանաստեղծությունների ժողովածուում տեղ գտած ստեղծագործությունները։ Տպագիր ժողովածուն կարող եք ձեռք բերել՝ սեղմելով ԱՅՍՏԵՂ։

Եթե սպասում էիր ու չեկա

Եթե սպասում էիր ու չեկա, ներիր՝ ճպռոտ էի,
Ների՜ր, ինձ մոտ էին դեսպանները քո իզուր սպասումների,
Օրակարգում էին ընկերներն ու ծխախոտը,
Ու իմ մտքերը տրանսֆորմեր՝ փոխակերպված ցասումների։

Օրակարգում էին անտեղի ասված խոսքերը,
Շփոթությունը՝ հագուստիս ու սենյակիս հետ ներդաշնակ,
Կասկածներիս վճռաքարերը՝ սև լույսերս,
Որ խուսափում էի, բայց ստիպված էի, ամենուր հետս քարշ տալ։

Օրակարգում էր անցյալիդ՝ շրջած գլխարկը,
Ուր ուրիշներ էիր անպատիվ հարստության պես կուտակել,
Ու իմ քյասիբ հպարտության անվերջ մենակը,
Որն այդպիսին էլ կմնար, եթե փեղկերս չթակեիր։

Օրակարգում էր ա՛յս ու ա՛յն, մեկ էլ է՛ն մեկը,
Ես զզվեցնում էի հորանջող դեսպաններին սպասումներիդ,
Բողոքարկում էի միայն քեզ տրված ցերեկը
Ու պահանջում այն միացնել մեր ընդհանուր գիշերներին։

Հրաժարվում էի ընդունել ամենն, ինչ խորթ էր,
Դեսպաններն քո ձեռնունայն ղրկելով ետ դեպի քո տուն,
Եթե սպասում էիր ու չեկա, գիտե՛ս, ճպռոտ էի,
Միայն մնում է իմանաս, թե էդ ինչից են ճպռոտում։

Արի դերձակ

Դերձա՜կ, միտքս ուլունք-ուլունք
Թելիդ շարիր,
Մաստս ճարիր,
Քեզնից կտրած կարկատանով
Հոգուս պատռվածքը կարիր։

Հասի՜ր, դերձակ,
Դեռ մի ծակը չշուլուլած,
Ես բացում եմ մի ուրիշ ծակ…
Թելդ թելի՜ր…
Երգդ երգի՜ր,
Կեսդ կիսի՜ր,
Ինձ նվիրիր մեկ քառորդդ,
Խերո՜վ, դերձակ,
Թող իմ ներսում լինի ոտդ՝
Յուղով լվամ
Ու մազերովս այն սրբեմ։

Էլ ո՞վ դերձակ,
Էլ ո՞վ պիտի ճարս ճարի՝
Կոշկակա՞րը։

Դե լա՜վ դերձակ,
Ես ապրել եմ արդեն քանի
Կյանքից հոգնած բութ կոշկակար՝
Մեկը չկար, որ ինձ ապրեր,
Խաբնվել եմ արդեն քանի կոշկակարի՝
Մեկը չկար, որ ինձ խաբեր։

Արի՜, դերձակ,
Պարի՜ր, դերձակ
Դու անցյալիս այրող մոխրին,
Ու գլուխը իմ մկրտչի
Պարիդ դիմաց
Ստացիր սկուտեղի մեջ դրած։

Թքա՜ծ դերձակ,
Միտքս հիմա ուլունք-ուլունք թելիդ շարիր,
Արի միայն,
Միայն արի։

Ունայնության թեորեմը
Ես չեմ ուզում ապացուցել,
Մոռացության բանաձևը
Ասե՞ս գուցե։

Ինձ լքիր

Ես ներքուստ միշտ անհաշտ եմ քեզ հետ,
Քո բերքից ծանրացնում եմ հոգիս,
Խոր վերքից ինձ դարձնում երկու կես,
Սիրելի իմ, փրկիր ինձ՝ լքիր։

Ես բնավ չգիտեմ քեզ սիրել
Էն սիրով, որ սիրում ես դու ինձ,
Երազում եմ մեկին նվիրվել
Փոխադարձ… դե օգնիր ինձ՝ լքիր։

Ես փնտրում եմ քո մեջ Ուրիշին,
Ու փորձում քեզ Ուրիշը դարձնել,
Չփոխվես, էս խոսքերս հիշիր,
Ինձ լքիր, քեզ գտիր ուրիշ սեր։

Ես ուժեղ եմ, դու էլ՝ ինձ լքիր,
Ժամանակն իր դանդաղ կրակին
Սերը մեր այրելով կսպառի,
Սաղ կանցնի։ Ինձ լքիր, ինձ լքիր։

Թե ինձ սիրես

Թե ինձ սիրես,
Ես կթաղեմ հին սերերս,
Ես կթարգեմ միշտ ներելս
Ու կփակեմ ներվածներին
Մոռացության կատակոմբում,
Ես կբացեմ նեղ գետնանցում
Իմ հույզերի նորագոյաց,
Խեղդող տրոմբում,
Որ ներս թողնեմ գոյությունդ։

Ու կվառեմ մթում կերոն,
Որ իմ հոգին սոմնամբուլիստ
Սիրի քեզ միշտ բաց աչքերով։

Ես կխաղամ աչքկապոցի չարերի հետ,
Ես կպոկեմ կյանքից մի մեծ բախտի թիքա,
Ես կընդունեմ լինելությունդ հոգեմետ
Ու աշխարհում էլ ոչ մի ցավ աչքիս չի գա։

Թե ինձ սիրես,
Ես կգտնեմ նորից
Վաղուց կորցրած քունս,
Ես կնայեմ առանց էկրան
Իմ դժբախտ երջանկությունը,
Ես կդառնամ խելառ դուալիստ,
Ես կպաշտեմ չարքերն ու քեզ,
Ինքս իմ պարծանքին վերածված
Կսավառնե՜մ,
Թե ինձ սիրես։

Մեր սերերը երկու

Ինձ խեղդում են տողերդ դարձյալ,
«Չես գալիս, բայց սիրում ես, էդ ո՞նց է»,
Հա, սիրում եմ անշուշտ, անպատճառ,
Փող չունեմ, որ գնեմ ուղետոմսը։

Չեմ գալիս, բայց հառում եմ հոգիս,
Չեմ գալիս, բայց մեկնում եմ իմ երգը,
Դու կզգաս՝ աստղերից Երևան
Ընդամենը մի փուչ տիեզերք է։

Կիմանաս, որ համարը նստել,
Որ հասնես քո սրտից մինչ իմ սիրտ,
Կտեսնես դատարկ կայարանս,
Որ սպասում է վաղուց գնացքիդ։

Եվ կանցնեն՝ կոտրելով ժամանակը,
Մեր առաջ լղոզած էս ուղին,
Տենչացող, բայց իրար չդիպչող
Մեր սերերը՝ երկու լեսբուհի։