Ինձ խեղդում են տողերդ դարձյալ, «Չես գալիս, բայց սիրում ես, էդ ո՞նց է», Հա, սիրում եմ անշուշտ, անպատճառ, Փող չունեմ, որ գնեմ ուղետոմսը: Չեմ գալիս, բայց հառում եմ հոգիս, Չեմ գալիս, բայց մեկնում եմ իմ երգը, Դու կզգաս՝ աստղերից Երևան Ընդամենը մի փուչ տիեզերք է: Կիմանաս, որ համարը նստել, Որ հասնես քո սրտից մինչ իմ սիրտ, Կտեսնես դատարկ կայարանս, Որ սպասում է վաղուց գնացքիդ: Եվ կանցնեն՝ կոտրելով ժամանակը, Մեր առաջ լղոզած էս ուղին, Տենչացող, բայց իրար չդիպչող Մեր սերերը՝ երկու լեսբուհի:
2009
Տաղ մազոխիստական
Աչքերս կապիր: Դու միակ մարդն ես, Ում հետ ուզում եմ Կույր լինել մի պահ, Հյուր լինել մի պահ Սեփական մարմնում, Ինչպես քահանան Բորդելում է հյուր, Ու բացել մի դուռ, Որ ոչ ոքի հետ Դեռ որ չեմ բացել․․․ Վախեցել գուցե: Աչքերս կապիր Ու եղունգներով Մարմնիս նկարիր Արնագույն նախշեր, Ես կորուստներից Չեմ փորձում փախչել, Երբ կորցնել է պետք Միայն ամոթը։ Թող զգամ քո հոտը, Այն, որը զգում են, Երբ մարմինները Ուզում են իրար, Ու խենթությունը, Իմ հոգուն տիրած, Թող որ խլացնի Քաղցր ցավերս: Աչքերս կապիր Ու կանգնիր հեռու, Որ ես անհամբեր Սպասեմ ջերմացնող Քո հպումներին, Քնքշանքիդ սպասեմ, Սակայն ապտակներ Ստանամ միմիայն, Ու միմիայն ցավ: Չէ որ այլ զգացում Պատճառել բնավ Դու ընդունակ չես:
Թե ինձ սիրես
Թե ինձ սիրես, Ես կթաղեմ հին սերերս, Ես կթարգեմ միշտ ներելս Ու կփակեմ ներվածներին Մոռացության կատակոմբում, Ես կբացեմ նեղ գետնանցում Իմ հույզերի նորագոյաց, Խեղդող տրոմբում, Որ ներս թողնեմ գոյությունդ: Ու կվառեմ մթում կերոն, Որ իմ հոգին սոմնամբուլիստ Սիրի քեզ միշտ բաց աչքերով: Ես կխաղամ աչքկապոցի չարերի հետ, Ես կպոկեմ կյանքից մի մեծ բախտի թիքա, Ես կընդունեմ լինելությունդ հոգեմետ Ու աշխարհում էլ ոչ մի ցավ աչքիս չի գա: Թե ինձ սիրես, Ես կգտնեմ նորից Վաղուց կորցրած քունս, Ես կնայեմ առանց էկրան Իմ դժբախտ երջանկությունը, Ես կդառնամ խելառ դուալիստ, Ես կպաշտեմ չարքերն ու քեզ, Ինքս իմ պարծանքին վերածված Կսավառնե՜մ, Թե ինձ սիրես:
Քո պատրանքի շիրայում
Ես չլսած ձայնը քո կարոտում եմ, Երազելով՝ վեր նայում, Թաթախելով միայնակ դառնությունս Քո պատրանքի շիրայում: Ու փակվելով խենթի պես՝ հորինված Իմ օդային ամրոցում, Խուսափելով օտար աչքերից Քո լռությունն եմ ծծում: Ինձ եմ սրբում քեզանով, մի խոսիր, Պետք չէ բուժել էս տենդը, Թույլ տուր հյուսել համրության հելունով Քո գոյության լեգենդը:
Երգ, որ չեմ երգի
Ծաղկել է վախճանս քո ճյուղերին, Մարել է մարմանդը իմ խարույկի, Ասա ինձ, ասա, թե ո՞վ մկրտեց Ներսինս անսանձ ու ո՞վ կփրկի։ Հառել եմ հայացքս քո երկնքին, Վառել եմ մանկանը խղճիս գրկի, Ես չգիտեի դեռ ոչ մի աղոթք, Երբ քո առաջ էի իջել ծնկի։ Ծխել եմ ցավից ու չեմ ամոքել, Փախել եմ միշտ էլ ինքս ինձանից, Ու քո ձայնով լռեցված քնել Ու արթնացել եմ խղճիս ձայնից։ Ներել եմ հերքելդ լինելը իմ, Կերել եմ մարմինդ քո իսկ ձեռքից, Ճանապարհիդ սուտ-հավատ շփել, Ու տառապել սեփական խելքից։ Շարել եմ ցավերս, դրել հերթի, Ճարել եմ մահվան լավագույն առիթ, Ալիքը ընտրել եմ, ասել «թեքիր» Ու վահանակս կարել ձեռքիդ։ Ծաղկել է վախճանս քո ճյուղերին, Մարել է մարմանդը իմ խարույկի, Ես շատ լավ գիտեմ, թե ով մկրտեց Ներսինս անսանձ, որ էլ չի փրկի։ Հ․Գ․ Սա իմ գրած առաջին ու վերջին Երգն է, որ ես երբեք չեմ երգի․․․