2009

Սեր եմ ճռռում

Սեր ա ճռռում,
Մրմռում ա ամբողջ ջանս,
Կուզե, որ գա սիրեկանը,
Հանի իր մե՜ծ սիրօրգանը՝
Սի՜րտը հանի,
Ու բաժանի երկուսիս մեջ,
Կեսը իր մեջ,
Կեսն էլ իմ մեջ
Սիրախոթի,
Սիրակոխի,
Սիրաբրդի,
Սիրաճխտի,
Սիրապակաս, ունայն ջանս
Սիրալցնի ու արբեցնի
Իրա հոտով:
Սիրայփեդով
Մտնի էջս,
Լցնի մեջս
Ներկայությամբ իրա մատաղ,
Իմ սիրաթաղ
Գա իր սիրամերսեդեսով,
Սիրասայրով պատռի իմ ճոխ սիրազգեստը,
Անցնի խրթին սիրաթեստս,
Դառնա տարվաս սիրաբեսթը,
Սիրաչարթիս միակ ղայդին սիրապարտը,
Իմ կալոդում լինի միակ սիրաքարտը,
Միշտ իմ լճում կապի երկա՜ր սիրակարթը,
Սիրակոկոմ դարձնի նորից սիրավարդը,
Սաղ կապերս սիրախզի,
Սաղ տեղերս սիրագզի,
Սիրանճարիս սիրաճարի,
Սիրախեղդի, սիրաբարի,
Դուդուկիս տակ սիրապարի,
Սիրջութակով իր նվագի,
Սիրքոթակով ինձ քոթակի,
Ինձ հագցնի սիրաշշին,
Ոտքերի տակ սիրատշի,
Սիրափրչի գնդի նման
Կանգնի սիրասով կոկորդիս,
Պատգամ որպես լսի որդիս,
Սիրաճիճվիս, սիրաորդիս,
Գա ու ինձ սիրաթըփցնի,
Սիրով ճակատիս ճպըցնի,
Սիրաշյուղով հյուսի նորից սիրաբույնս,
Սիրալիքով լցնի նորից սիրահունս,
Սիրաներկով վերադարձնի սիրագույնս,
Սիրափոխի իմ մշտապես սիրանույնը,
Սրտիս վրա դնի դժվար սիրակոդեր,
Փայտիկն առնի ու իրեն զգա սիրաՓոթթեր,
Սիրատոթին ինձ զովացնի,
Սիրասավսալիս ծխացնի
Սիրախոտո՜վ,
Ու սիրաքաքի մեջ ընկնի
Իր սեփական սիրաոտով։

Քեզ քանդեի, կառուցեի կողքիս

Տունը իմ դատարկ է արդեն,
Քունը իմ ոչ մեկինն է, հոգիս,
Երանի թե ռեալ լիներ
Քեզ քանդել, կառուցել իմ կողքին։

Տունը իմ լռություն է միշտ,
Կարոտում եմ քո աղմուկները,
Երանի թե ուժեղ լինեի՝
Կտրեի քեզ պահող արմունկները։

Քեզ քանդեի, կառուցեի կողքիս,
Քեզ թողնեի կոտրել իմ պատյանը,
Քեզ պոկեի երկաթե թոկից
Ու բերեի, սոսնձեի մենությանս։

U.S.A.

Երեկ տեսա ես մի ցուցակ ու պարզեցի, որ գրող չեմ,
Այդպես կարծում են դիպլոմով մեր գրողները,
Ես երազում եմ սովուքաղց, որ «հանճարները» այդ գաղթեն,
Փրկիր, օգնիր ինձ, U.S.A., ես դրանց մերը:

Նրանք թղթեր են խզմզել, նրանք գրքեր են բզբզել,
Դու կորցնում ես, Քեմերոն, նման կադրերը,
Նրանք միշտ փառք են երազել, արի տար հետդ U.S.A.,
Հաջորդ ֆիլմում թող քո լինեն հայ մուտանտները:

Նրանք ունեն մեծ ճանաչում` իրար շատ լավ են ճանաչում,
Իրար գովել են, գովազդել են ու ցիտել են,
Ո՞ւմ ես սպասում էլ, Բրիթնի Սփիրս, կանչիր նրանց Բեվերլի Հիլզ,
Թող որ հանգիստ նստեն գրեն քո նոր հիթերը:

Նրանք արդեն շատից-քչից տիրապետում են hi-tech-ին,
Նրանք ամեն մեկը ունեն իրենց բլոգները,
Իսկ դու զբաղվում ես, Microsoft, հազար տարի է Windows-ով,
Կանչիր նրանց, թող մշակեն գերնոր prog-ներդ:

Նրանք ծախվում են, անկասկած` նրանց գրքերը չեն ծախվում,
Նրանք ապրում են՝ ուտելով ցամաք գրանտները,
Դե ձեռք մեկնիր նրանց, Բարաք, ընդունիր նոր օրինաքաք,
Որ ամսեգրանտ են ստանալու իմիգրանտները:

Եվ տար` տալով նրանց մի կուտ, Հայաստանիցս Hollywood,
Գտիր, խնդրում եմ, U.S.A., նրանց դերերը,
Թե չէ փորձում են հաստատվել` կազմելով օրը մի ցուցակ,
Որտեղ չկամ ես, փառք Աստծո` ցուցակի մերը:

Մեր սերերը երկու

Ինձ խեղդում են տողերդ դարձյալ,
«Չես գալիս, բայց սիրում ես, էդ ո՞նց է»,
Հա, սիրում եմ անշուշտ, անպատճառ,
Փող չունեմ, որ գնեմ ուղետոմսը։

Չեմ գալիս, բայց հառում եմ հոգիս,
Չեմ գալիս, բայց մեկնում եմ իմ երգը,
Դու կզգաս՝ աստղերից Երևան
Ընդամենը մի փուչ տիեզերք է։

Կիմանաս, որ համարը նստել,
Որ հասնես քո սրտից մինչ իմ սիրտ,
Կտեսնես դատարկ կայարանս,
Որ սպասում է վաղուց գնացքիդ։

Եվ կանցնեն՝ կոտրելով ժամանակը,
Մեր առաջ լղոզած էս ուղին,
Տենչացող, բայց իրար չդիպչող
Մեր սերերը՝ երկու լեսբուհի։

Տաղ մազոխիստական

Աչքերս կապիր:
Դու միակ մարդն ես,
Ում հետ ուզում եմ
Կույր լինել մի պահ,
Հյուր լինել մի պահ
Սեփական մարմնում,
Ինչպես քահանան
Բորդելում է հյուր,
Ու բացել մի դուռ,
Որ ոչ ոքի հետ
Դեռ որ չեմ բացել․․․
Վախեցել գուցե:
Աչքերս կապիր
Ու եղունգներով
Մարմնիս նկարիր
Արնագույն նախշեր,
Ես կորուստներից
Չեմ փորձում փախչել,
Երբ կորցնել է պետք
Միայն ամոթը։
Թող զգամ քո հոտը,
Այն, որը զգում են,
Երբ մարմինները
Ուզում են իրար,
Ու խենթությունը,
Իմ հոգուն տիրած,
Թող որ խլացնի
Քաղցր ցավերս:
Աչքերս կապիր
Ու կանգնիր հեռու,
Որ ես անհամբեր
Սպասեմ ջերմացնող
Քո հպումներին,
Քնքշանքիդ սպասեմ,
Սակայն ապտակներ
Ստանամ միմիայն,
Ու միմիայն ցավ:
Չէ որ այլ զգացում
Պատճառել բնավ
Դու ընդունակ չես: