Քեզ չտեսնելու համար Միայն կուրանալ է պետք՝ Հեռանալը չի փրկի։ Քեզ չհիշելու համար Միայն ուրանալ է պետք՝ Մոռանալը չի փրկի։ Թեկուզ ամեն կիրակի Ինձ էլ ոչ ոք չի գրկի, Հույսով չապրելու համար Իսպառ վերանալ է պետք՝ Միայն լալը չի փրկի։
2007
Հանդիպում
Իմ լալագին տողերին
Պատասխան գրող փերի,
Սպասում եմ, մինչև ճամփան
Քեզ նորից ինձ մոտ բերի։
Որ կոպերիս տակ սառած
Կաթիլներն անգույն, աղի
Ցամաքեն իսկույն՝ զգալով
Ջերմությունը ծիծաղիդ։
Ու ծածկվի հոգիս թեթև
Հանգստության շղարշով,
Որի հանդարտ ստվերի տակ
Դժոխքն անգամ թվա զով։
Մի հունվար էլ առանց ինձ
Մի հունվար էլ առանց ինձ Ու քեզ նորից կթվա, Թե ես եմ ձյունել շեմին։ Թե այդ ես եմ օրորում Սառած ճյուղերը անձայն, Պատուհանիդ նկարում Դյութիչ պատկերներ ձմռան։ Կթվա, որ անկրակ, Դու ինձանից ես մրսում Ու բրդյա ձեռնոցներով Իմ փաթիլներն ես որսում։ Կտխրես, անշուշտ, գիտեմ, Ինձ ամենուր կփնտրես, Ինչպես ես եմ ամեն օր Պարզ իրերում գտնում քեզ։
Դու այնտեղ, մի տեղ ես
Դու այնտեղ, մի տեղ ես` հեռվում, Ուր ծաղիկները անուշ սգերգով Թաղում են իրար, Ես այստեղ նրանց օղորմի եմ տալիս։ Դու այնտեղ ես, որտեղ Քո ժանեկագործ անձրևանոցին Տերևե անձրևներ են լալիս, Որտեղ դու թեթև հպումով ճիտքի Ոչնչացնում ես Ասֆալտին նրբին ասեղնագործած Պատկերն երկնքի։ Դու այնտեղ ես` մեռնող մշուշում, Աշունում լալկան, Տերյանյան, Իսկ այստեղ, իմ հոգու աշունում Սերերս են կանչում իրենց «Տեր ողորմեան»։
Եթե դու ինձ թողնես
Եթե դու ինձ թողնես անբուժելի մի վերք, Որը ես չեմ լվա ռիվանոլով, Իմացիր` կթողնես մի ամբողջ տիեզերք, Ոչ մի խռովք։ Ու եթե շողերից «կենարար արևի» Գոլորշանաս կյանքիցս կամաց-կամաց, Միայն լույս կսփռես հոգուս ստվերոտ Ու միգամած։ Քո ներկայությամբ ոգելից արբեցնելուց հետո՝ Բացակայությամբդ բուժիչ կապաքինես, Ու թե կարծես, որ թողեցիր ինձ միայն դառնահամ, Չմտածես՝ կարևորը, որ միշտ իմ քիմքին ես։