Աշնան ևս մի առավոտ, Կրկին քեզ մոտ եմ գալիս՝ Հայհոյելով ավտոբուսը, Որ ինձ ճամփա չի տալիս։ Ինչ-որ մեկի պատուհանից Իմ սիրած երգն է լսվում, Կանգ եմ առնում այնտեղ մի պահ, Լուռ, շշուկով արտասվում։ Մոտենում եմ այգուն ծանոթ, Ուր շնիկիդ էինք թաղում… Ա՜խ, երանի, երբ մանուկ էինք, Այս այգում էինք, չէ՞, խաղում։ Նստում եմ նույն ճոճանակին, Ուր մայրիկս էր տանում, Ճոճանակն էլ ծերացել է՝ Արդեն հոգոց է հանում։ Եվ տերևներն ակացիայի Լացում են անձրևի հետ, Չեմ տխրելու, մտածում եմ, Չեմ նայելու կրկին ետ։ Բայց նկատում եմ անուններ՝ Փորագրված ծեր ծառին, Այստեղ է ծնվել սերը մեր՝ Սերը անմահ՝ քո ու իմ։ Ահա և դու… Վերջ երազին՝ Երեկն անցյալ է դարձել, Պետք է մեր կյանքի օրագրում Այսօրվա էջը բացենք։
2005
Օրոր
Վաղորդյան, ուշացած օրոր, Հուսահատ ու դաժան ածելի, Քնիր, որդյակ իմ, քնիր, Քունդ անուշ թող լինի։ Գիշերով լսեցի լացը քո Ու անզուսպ տարփանքի պահին Քեզ մոտ սլացա հոգով՝ Համբույրներ ծախելով ուրիշին։ Առավոտը եկավ դանդաղ, Ու ձեռքերս դողում են անվախ, Հուսահատ ու դաժան ածելին Քեզ օրոր է երգում, սիրելիս։ Երանի դու երեկ չլացեիր, Երանի չզգայիր մոր պակաս, Մեղավոր եմ, որդիս, մեղավոր, Խնդրում եմ, որ ինձ հասկանաս։ Վաղորդյան, ուշացած օրոր, Հուսահատ ու դաժան ածելի, Քնիր, որդյակ իմ, քնիր, Քունդ անուշ թող լինի։
Քեզ եմ սպասում
Քեզ եմ սպասում
Ու չեմ լսում շուրջս ոչինչ,
Ու տեսնում եմ երազներում
Աչքերդ ջինջ։
Քեզ եմ սպասում
Ու հիշում եմ ժպիտդ լալ,
Որ ստիպում էր
Ակամայից ինձ էլ ժպտալ։
Քեզ եմ սպասում
Ու տենչում եմ կրկին խեղդվել
Քո վարսերի
Մեղմ ու զուլալ ալիքներում։
Դիպչել մաշկիդ,
Համբուրելով շուրթերդ աղի՝
Կրկին ասել,
Որ ես հավերժ քեզ եմ սպասել։
Պատրանք
Սպասում էի, բայց չեկավ,
Մրսում էի փողոցում,
Երգում էի քթիս տակ՝
Քամուն նվագակցում։
Նայում էի անդադար
Դատարկ խաչմերուկին,
Փնտրում անիրական,
Մտացածին մեկին։
Հեքիաթ էի հնարում,
Պատրանքներ անիրավ
Մի աղջկա մասին,
Որ այդպես էլ չեկավ։
Քնած ես
Քնած ես արդեն մանկան պես,
Մութ է, տխուր քո սենյակում,
Միայն տատիկից մնացած
Զարդատուփն է դեռ նվագում։
Մահճակալիդ անկյունում
Կատուդ է անհոգ քնած,
Որ քիչ առաջ թաթերով
Քո վերմակն էր քաշում ցած։
Վարագույրը մետաքսե
Քամին է լուռ ծածանում,
Երազներդ, թվում է,
Շատ հեռու են քեզ տանում։
Ծաղկամանում երեկվա
Ծաղիկներն են դեռ թոշնած…
Շուտով լույսը կբացվի՝
Պատուհանից իջնեմ ցած։