Մազերս կտրեցի

Մազերս կտրեցի, որ մեր վրա փողոցում չնայեն,
Մազերս կտրեցի, որ մեր վրա մարդ մատով ցույց չտա,
Մազերս կտրեցի, հիմա հոգիս կհինայեմ,
Աչքերս կթրջեմ արածիս շթի տակ։

Մազերս կտրեցի, որ ավելի հաճախ հետդ լինեմ
Մազերս կտրեցի, որ քո հանդեպ տածած սերս ցույց տամ
Մազերս կտրեցի, այժմ իմ հայելին կլինես,
Կխաբես, թե սիրուն եմ ու կստիպես ժպտալ։

Մազերս կտրեցի, որ «իսկական» տղու նման լինեմ,
Մազերս կտրեցի, որ ինձ տանես, ընկերներիդ ցույց տաս,
Մազերս կտրեցի, սաղի վրա թքած ունեմ,
Ես վաղուց եմ արդեն, ում պետք չի, ցույց տված։

Մազերս կտրեցի, որ ամբոխում հանկարծ չտարբերվեմ,
Մազերս կտրեցի, որ ամեն անցորդի աստղով չտամ,
Մազերս կտրեցի, պատվիրեցի կանաչ ներկ պատրաստել,
Որ քեզանից հետո նորից «ծիծաղելի» դառնամ։

Մազերս կտրեցի, որ ստուգեմ, թե ինչպես սողալ գիտեմ,
Մազերս կտրեցի, որ չկարոտեմ սեփական լացին,
Մազերս կտրեցի, որ այ սենց հոնքերս կիտեմ,
Ու գիշերով գրեմ «Մազերս կտրեցին»։
Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։