Հյուսվածքներս է նա պատրաստ անել թելիկ–թելիկ, Ես իմ երկրորդ կեսին գիտեմ հինգ մատիս պես․ Աննան ասաց՝ խնդիրներդ չլիր, Հետո պիտի ավելի լավ ապրես։ Մղձավանջը օրվա քեզ կթվա թմբիր, Չես ճանաչի վաղը դու երեկվա գիժ-քեզ Հիշիր ինչն է ցավում, խնդիրներդ չլիր, Հետո պիտի ավելի լավ ապրես։ Ներես պիտի մի օր անցածին դավադիր, Ու մոռանաս պիտի օտարին աներես, Ցավդ մոտդ պահիր՝ խնդիրներդ չլիր, Հետո պիտի ավելի լավ ապրես։
Տխուր բանաստեղծություններ
Ժամանակակից հայ գրող Դօրիանի տխուր բանաստեղծությունների թվին են դասվում մի քանի տասնյակ բանաստեղծություններ՝ սիրո, բաժանումի, կարոտի և այլ թեմաներով։
Թե խի եմ լացում
Հերիք նայես միայն, ի սեր քո Աստծո, Ինձ կամ խմիչք տուր, կամ էլ հանգստացնող, Կանգնիր կողքիս ու վարդագույն հովհարով Ցրիր հիմար մտքերս։ Ու չհարցնես հանկարծ, թե խի եմ լացում, Ես կարդացել եմ վաղու՜ց մի հոդվածում, Որ չհարցնելը քսան մարդուց քսանմեկին Գլխացավից փրկել է։ Երբ մութ է դեռ մինչև տասն անց քառասուն, Ու կեսօրից արդեն ոչինչ չես սպասում, Նյարդերդ ի զորու չեն հանգստացնել Ո՛չ սուրճը, ո՛չ գրկվելը։ Այդ երկնքում նստած է գիժ, աննորմալ՝ Ես պատրաստվել էի լուսավոր մի օրվա, Գուցե ոտքով մեկի տուն հյուր կգնայի, Կամ հյուր կգար ընկերս։ Կամ զբոսնեի մինչև «էն մեծ շան» փողոց, Կարճ թևքերով ու առանց անձևանոց, Ապրիլը մի՞թե այն մտքով չեն ստեղծել, Որ մրսեցնես ձեռքերդ։ Որ խառնվես եռուզեռին քաղաքի, Ու համտեսես սիրածդ պաղպաղակից՝ Միակ դեղից, որ ի զորու է բուժել Անտանելի ձմեռը։ Մեկ էլ ընկճախտը՝ Սարդ-մարդի պես հզոր, Բացի քեզնից՝ կարծես մեկին չհուզող, Որ լցվելով մռայլությանդ հետ տուն՝ Քիչ-քիչ դարձել է տերդ։ Հերիք նայես միայն, կարծես չես լսում, Ես քեզանից խնդրեմ, իսկ դու՛ քո Աստծուց, Մինչ գարնան գալը՝ վարդագույն հովհարով Ցրել հիմար մտքերս։
Ներեք
Ներեք: Ներեք ինձ ողջ իմ կյանքը, Ներեք ապրելս ու չապրելս, Ու ճողոպրելս ապրելուց, Ներեք ինձ ուղղորդող հոսանքը, Ներեք այն թանկը, Որը ստիպել եմ վճարել, Ներեք այն զանգը, Որ ոչ մի բան էլ չէր գուժում, Ու մշուշում Անգիտակից գիտակցության Արնաշշուկ խաշոցի մեջ Լսեք իմ ճիչը, Թողե՜ք իմ խիղճը Իմ խղճին, Թող ինձ կրող փակ արգանդից, Այն կողմ, անդին, Ես չտեսնեմ, Ու արբեցնեմ հոգիս Պղտոր պտղաջրով մեկի ներսի: Հազա՜ր մերսի Ինձ հոգեկուլ ստով մի օր փաթաթողին Ու էս դողիս, Էս հուզմունքիս հեղինակին: Ներեք: Ներեք ինձ հեռանալս Աշխարհներից ու մարդկանցից Ու այն անձից, Որին որդի ու կամ եղբայր էիք համարում Ու խավարում Կենսանման ձեր դժոխքի Դուք բացառեք իմ մի խավարը՝ Այն ինձ համար է: Ներեք: Մետաստազները լինելուս Ձեր գոյության վրա անխղճորեն իմ տարածելը, Ու մտածելս Միայն իմ սեփական շահի մասին: Ներեք ինձ նաև այն, ինչ չարեցի, Ու ճարեցիք Ինձ համար միշտ փոխարինող, Ներեք իմ նոր Ու ձեր համար օտար իմ դերը, Ու մա՜յր, թոռներդ, Որոնք հազիվ թե ունենաս, Ինձանից խերը Երբ, հը՞, էդ երբ ես դու տեսել, Դու միշտ քեզ հետ Պահել ես բարուրած խելառությունս: Ներեք էն քունը, Որ փախցրել եմ՝ չուզելով, Ներեք էն հունը, Որ թույլատրել եմ ինձ տանի, Ու կենդանի Թաղել եմ ինքս իմ ջահելությունը: Ներեք էն թույնը, Որը ստիպեց կորցնել իմ գինը, Ներե՜ք իմ հինը, Նաև պատրաստ եղեք ներել Ամբո՜ղջ իմ նորը՝ Ես չեմ փոխվի․․․
Մազերս կտրեցի
Մազերս կտրեցի, որ մեր վրա փողոցում չնայեն, Մազերս կտրեցի, որ մեր վրա մարդ մատով ցույց չտա, Մազերս կտրեցի, հիմա հոգիս կհինայեմ, Աչքերս կթրջեմ արածիս շթի տակ։ Մազերս կտրեցի, որ ավելի հաճախ հետդ լինեմ Մազերս կտրեցի, որ քո հանդեպ տածած սերս ցույց տամ Մազերս կտրեցի, այժմ իմ հայելին կլինես, Կխաբես, թե սիրուն եմ ու կստիպես ժպտալ։ Մազերս կտրեցի, որ «իսկական» տղու նման լինեմ, Մազերս կտրեցի, որ ինձ տանես, ընկերներիդ ցույց տաս, Մազերս կտրեցի, սաղի վրա թքած ունեմ, Ես վաղուց եմ արդեն, ում պետք չի, ցույց տված։ Մազերս կտրեցի, որ ամբոխում հանկարծ չտարբերվեմ, Մազերս կտրեցի, որ ամեն անցորդի աստղով չտամ, Մազերս կտրեցի, պատվիրեցի կանաչ ներկ պատրաստել, Որ քեզանից հետո նորից «ծիծաղելի» դառնամ։ Մազերս կտրեցի, որ ստուգեմ, թե ինչպես սողալ գիտեմ, Մազերս կտրեցի, որ չկարոտեմ սեփական լացին, Մազերս կտրեցի, որ այ սենց հոնքերս կիտեմ, Ու գիշերով գրեմ «Մազերս կտրեցին»։
Մամ, ինձ չես վիժի
Բաց թողեք ինձ,
Հանգիստ,
Մի փորձեք բուժել,
Ես եղել եմ արդեն`
Կլինեմ ուժեղ,
Ես կանցնեմ անտարբեր,
Ես կանցնեմ անհամբեր
Էն կողքով շշի,
Էն կողքով, հիշի՜ր,
Մամ, որ դու անցար
Ու ինձ չես վիժել,
Ու էլ չես վիժի,
Ու էլ չես վիժի:
Բաց թողեք ինձ,
Հանգիստ,
Մի փորձեք կապել,
Ես չափել եմ արդեն,
Թույլ տվեք չափել
Ինք՛ս իմ ջերմությունը
Սեփական իմ ճնշումը,
Որ բացի ինձանից
Մեկին չի ճնշել
Ու հազիվ ճնշի,
Մամ, դրա՛ համար,
Դու ինձ չես վիժել,
Ու էլ չես վիժի,
Ու էլ չես վիժի:
Բաց թողեք ինձ,
Հանգիստ,
Թույլ տվեք ապրել,
Ես ապրել եմ արդեն,
Կուզեմ` մի փոքր էլ,
Որ գտնեմ կորցրած քունս,
Որ գտնեմ փրկությունս`
Չլսեմ ինչպես
Նյարդերի միջից
Մամ, կասես մի օր,
Թե իզուր վախտին
Դու ինձ չես վիժել
Ու, ցավոք, արդեն
Երբեք չես վիժի,
Երբեք չես վիժի: