Սիրո մասին

Իր առաջին գրական փորձերը Դօրիանն արել է 15-16 տարեկանում՝ գրելով սիրո մասին «Տերևներ», «Խելագար» և «Չակերտից չակերտ» բանաստեղծությունները։ Սիրո մասին են նաև հեղինակի՝ հետագա 15 տարիներին գրված մի քանի տասնյակ բանաստեղծություններ, որոնք ներկայացվում են այս կայքում։

Համարդ կամ աշխարհդ

Կամ համարդ է փոխվել, կամ՝ աշխարհդ,
Կամ կողքինդ է փոխվել, կամ՝ հոգիդ,
Ինձ թվում էր, այնքան դժվար է
Կորցնել մեկին։

Կամ գնացքդ ես փոխել, կամ՝ հայացքդ,
Կամ հավատդ ես փոխել, կամ՝ ճամփադ,
Ցրտերից հեռացող երամում
Ես տեսա, որ չվում եմ մենակ։

Վերադարձրու սառույցներդ հրշեջ

Վերադարձրու սառույցներդ հրշեջ,
Ես սկսել եմ պաշտել կիրքս մարելդ,
Սերը քո հյուսել եմ մազերիս մեջ
Ու անգիր եմ արել մարմնիդ խալերը։

Կոպերիս կարկատիր հաճույքը հին,
Մկրտիր ինձ մեռոնով արծաթե,
Ճրագով քո խանձիր գունատ հոգիս,
Լուսացրու օրը իմ, մինչ լուսադեմ։

Ցավերով ցավեցրու չցամաքող,
Ես ներել եմ ու էլի կներեմ,
Շպրտիր վերջապես քո էդ քողը
Ու տրվիր ինձ… «Տե՞ր ես»… Տեր եմ…

Քո՝ կիրք դարձած ցասումը

Ի՞նչ ես ակնարկում, ասա,
Հոգուս հետ խաղալ թարգիր,
Սովոր չէ սիրտս դեռ որ
Րոպեում հազար զարկի։

Ասա, ինչպե՞ս հասկանամ
Քո՝ կիրք դարձած ցասումը,
Ու Աբովյան փողոցը,
Ու տասն անց քառասունը։

Ու հայացքդ սիրահար,
Ու համբույրդ ընդհատված,
Կրակոտ պոռթկումը քո՝
Մեղավոր բայց չդատված։

Խնդրանքդ քեզ մոռանալ
Ու զայրույթդ անհարկի,
Ասա, ինչպե՞ս հասկանամ,
Հոգուս հետ խաղալ թարգիր։

Դու հիշեցրիր օրերը հին

Դու հիշեցրիր օրերը հին, ներշնչանքի
Եվ Իրինա Դուբցովային,
Որի երգերն գիտեի անգիր,
Բարձրացրեցիր հոգուս խորքերն հազարանիստ,
Ապրումներիս տվիր սպասված հոգեհանգիստ,
Եվ խռովքս դարձրեցիր ներում լալկան,
Եվ կարոտս վեհ փարատում,
Հրեշտակներին՝ վաղուց մոռացված, բերիր իմ տուն,
Եվ կորուստներից հետո բազմաթիվ
Ձեռքբերումս դարձար միակ,
Ես ոչինչ չէի խնդրել բախտից,
Բայց հիմա, չգիտես ինչու, ինձ թվում է,
Թե եղել ես հարափափագ։

Դու, սիրուց բացի, ոչինչ չգիտես

Դու, սիրուց բացի, ոչինչ չգիտես,
Ապրում ես մեկ այլ՝ օտար աշխարհում,
Ուր թեթև ամպի քուլաներն անձև
Երկնքին սիրո խոսքեր են գրում։

Քո երազներում շուշաններ են լոկ,
Դրանցից բացի, չես տենում ոչինչ,
Սակայն, սիրելիս, ասեմ քեզ, ցավոք,
Կյանքն իրականում երազ չէ թովիչ։

Քո պատուհանին բյուր աղավնիներ
Երգեր են հյուսում մեր սիրո մասին,
Ա՜խ, թող այդ երգը իրական լիներ
Ու նման քո այն չքնաղ երազին։

Բայց ավաղ՝ գիտես ինձանից էլ լավ,
Որ քեզ համար զուտ երազանք եմ ես։
Ա՜խ, թեկուզ ներիր, մի պահ մոռացա,
Որ սիրուց բացի, ոչինչ չգիտես։