Չմտածված շատ արարքներ Թույլ տվեցի քեզ համար, Իսկ դու միայն մեղմ ժպտալով, Շշնջացիր` խելագար: Քեզ փնտրելով չթողեցի Ոչ մի օտար ճանապարհ, Երբ ինձ տեսար, լոկ ժպտացիր Ու ասացիր` խելագար: Երբ հեռացար հեռու-հեռու, Իմ սիրտը քեզ հետ տարար, Ես նայեցի հայելու մեջ, Նկատեցի` խելագար:
Սիրո մասին
Իր առաջին գրական փորձերը Դօրիանն արել է 15-16 տարեկանում՝ գրելով սիրո մասին «Տերևներ», «Խելագար» և «Չակերտից չակերտ» բանաստեղծությունները։ Սիրո մասին են նաև հեղինակի՝ հետագա 15 տարիներին գրված մի քանի տասնյակ բանաստեղծություններ, որոնք ներկայացվում են այս կայքում։
Մի ուրիշ
Երնեկ թե մտնես թևս՝ Թևիս մեջ թև ըլնի, Ասես մածունը սև ա՝ Մածունը սև ըլնի, Իմ ներսի մարդը դև ա, Դրա դեմ դև ըլնի, Ու էս բռնածս ձևը Բաց թողած ձև ըլնի: Կարթ չգցած՝ կպնեն ձկներս, Դեռ չկպած՝ ծալես ծնկներս: Քո բալնիքով բացես աշխարհս, Դեռ չբացած՝ լուծես խաչբառս: Երնեկ թե նստես կողս, Կողիս մոտ կող ըլնի, Դադարի էս անտեր դողը, Մի ուրիշ դող ըլնի:
Լալե՜յ
Լալե՜յ, Ճարել ես ինձանից սիրուն, ջահել, Պահել մտքումդ նրա սին խոսքերը, Շարե՜լ Իմ նվիրած փայլուն թելին Ալյ սերերիդ սև ուլունքները։ Լալե՜յ, Ես միևնույն է դեռ սիրում եմ խենթ պարել, Թեկուզ ինձ հետ հիմա պարում է սոսկ քո ստվերը, Պարե՜լ, Ու անիմաստ կրկնել լալե՜յ, լալե՜յ, Որ միայն ինքս հասկանամ երգիս խոսքերը։ Լալե՜յ, Միայնությունը ինձ մանկուց դեռ վախեցրել է, Իսկ դու ճարել ես ինձանից սիրուն, ջահել, Լալե՜յ, Ես այս գիշեր կմոռանամ կողպել դռներս, Ներս կթողնեմ անցորդներին բոլոր, լալե՜յ, լալե՜յ։
Մեր շաբաթն ուներ յոթը ժամ
Մեր շաբաթն ուներ յոթը ժամ, Մեր տարին՝ տասներկու օր, Վաղահաս կարոտն իմ անսանձ Քո աչքերն է փնտրում դիլխոր։ Մեր աշունը անցավ արդեն Եվ գարունը կարծես պիտի գար, Ես հոգիս հառելով ճամփիդ՝ Քո աչքերն եմ փնտրում անջիգյար։ Քո աչքերն եմ փնտրում անտարբեր, Քո աչքերն եմ փնտրում ցրված, Եվ, պարապ մնալով, ընտրում Քեզ համար խոսքեր չգրված։ Մեր անհունն ուներ մի սահման՝ Մի թաղման մեղեդի տխուր, Ես աչքերդ էի փնտրում սիրահար, Բայց գտնում էի աչքերդ անհուր։
Սեր եմ ճռռում
Սեր ա ճռռում, Մրմռում ա ամբողջ ջանս, Կուզե, որ գա սիրեկանը, Հանի իր մե՜ծ սիրօրգանը՝ Սի՜րտը հանի, Ու բաժանի երկուսիս մեջ, Կեսը իր մեջ, Կեսն էլ իմ մեջ Սիրախոթի, Սիրակոխի, Սիրաբրդի, Սիրաճխտի, Սիրապակաս, ունայն ջանս Սիրալցնի ու արբեցնի Իրա հոտով: Սիրայփեդով Մտնի էջս, Լցնի մեջս Ներկայությամբ իրա մատաղ, Իմ սիրաթաղ Գա իր սիրամերսեդեսով, Սիրասայրով պատռի իմ ճոխ սիրազգեստը, Անցնի խրթին սիրաթեստս, Դառնա տարվաս սիրաբեսթը, Սիրաչարթիս միակ ղայդին սիրապարտը, Իմ կալոդում լինի միակ սիրաքարտը, Միշտ իմ լճում կապի երկա՜ր սիրակարթը, Սիրակոկոմ դարձնի նորից սիրավարդը, Սաղ կապերս սիրախզի, Սաղ տեղերս սիրագզի, Սիրանճարիս սիրաճարի, Սիրախեղդի, սիրաբարի, Դուդուկիս տակ սիրապարի, Սիրջութակով իր նվագի, Սիրքոթակով ինձ քոթակի, Ինձ հագցնի սիրաշշին, Ոտքերի տակ սիրատշի, Սիրափրչի գնդի նման Կանգնի սիրասով կոկորդիս, Պատգամ որպես լսի որդիս, Սիրաճիճվիս, սիրաորդիս, Գա ու ինձ սիրաթըփցնի, Սիրով ճակատիս ճպըցնի, Սիրաշյուղով հյուսի նորից սիրաբույնս, Սիրալիքով լցնի նորից սիրահունս, Սիրաներկով վերադարձնի սիրագույնս, Սիրափոխի իմ մշտապես սիրանույնը, Սրտիս վրա դնի դժվար սիրակոդեր, Փայտիկն առնի ու իրեն զգա սիրաՓոթթեր, Սիրատոթին ինձ զովացնի, Սիրասավսալիս ծխացնի Սիրախոտո՜վ, Ու սիրաքաքի մեջ ընկնի Իր սեփական սիրաոտով։