Այսօր դու իմ հրեշտակն ես`
Պատրաստ կանգնած թիկունքիս,
Վաղը հիմար գլխիս վրա
Քար կնետես երկնքից:
Չափածո
Ժամանակակից հայ գրող Դօրիանի չափածո ստեղծագործությունները՝ բանաստեղծությունները և քառյակները։ «Կարոտ», «Թե ինձ սիրես», «Աղոթք», «Բաժանում» և այլ չափածո աշխատանքները։ Դօրիանը հեղինակ է շուրջ 300 չափածո ստեղծագործությունների, որոնց մի մասը ներկայացված են այս կայքում։ Մյուս բանաստեղծությունները պատրաստվում են հրապարակման։
Չկա քո բանալին
Չկա քո բանալին։
Երբեմն թվում է, թե ճանաչում եմ քեզ,
Վաղուց, չափազանց վաղուց,
Սակայն միևնույն է մնում ես դեռ
Չբացված զարդատուփ՝
Լեցուն առեղծվածներով,
Բայց սենտիմենտալ,
Աստվածներով լեցուն,
Բայց աթեիստական,
Ու չափազանց գաղտնի,
Չափազանց բարդ,
Իմ սահմանափակ
Երևակայության համար։
Ինձ մնում է հիշել
Միայն «Մալլհոլանդ դրայվ»
Ու հասկանալ մի բան
Որ ես, ով էլ լինեմ,
Որոշ բաներ, ցավոք,
Չեմ կարող հասկանալ։
Դու մի հին վարպետի գլուխգործոց,
Դու այդքան պարզորոշ, բայց անհասկանալի,
Որ ես՝ թվում է փորձառու փականագործ,
Ի զորու չեմ գտնել քո բանալին։
Պրետ-ա-պորտե
Հորինեցի ես ամբողջ մի սոնատ,
Մինչ մեր մեջ ընդամենն ակորդ էր,
Հանձնեցի հանրության դատին
Զգացմունքը մեր պրետ-ա-պորտե։
Եվ դարձանք մենք վարդ ու սոխակ,
Եվ դարձանք մենք Ռոմեո-Ջուլիտ,
Ծաղիկներն ու ծափերն հավաքած
Պահեցինք հորինված սիրո հետ։
Խոսքին, շշուկին նենգամիտ,
Չարակամությանն ամբոխի անսանձ,
Հաջորդեց միայն կարմիր վարագույր,
Եվ խոր ռեվերանս։
Մենություն
Շնորհակալ եմ մենություն,
Որ տալիս ես ինձ հանգեր,
Որ դառնում ես ինձ ընկեր։
Ինձ խղճալուդ,
Ու երբեք չտրտնջալուդ,
Ինձ սիրելու,
Բայց հավերժ քեզ չկապելու,
Եվ կողքիս ապրելուդ համար,
Շնորհակալ եմ քեզ՝ մենություն։
Նաև, լսիր,
Երջանկության համար նույնպես
Քեզ հազար միլիոն մերսի։
Բաժանում
Բաժանումն անկասկած լինելու է՝
Ճիշտ ամսին, օրը ճիշտ, ճիշտ ժամին,
Ճամպրուկներ, արցունքներ, «Իմ տաքսին է»,
Օդային համբույր անարժանին։
«Լռությունն, հեռախոսն ու խաչբառը, -
Ես կասեմ, - ավելի հարազատ են»,
Ու նորից երկրորդիս կսպասեմ.
Գազանները վայրի ազատ են։