Նժույգները պատրաստ են վազքի, Ու լծված են սայլերը արդեն, Ես սպասում եմ մթին ընթացքին, Պիտ հասնել մինչև լուսադեմ։ Ինձ էնտեղ ապրել չի սազում, Որտեղ կյանքն ապրելու տնազ է, Իսկ հեռվում գագաթներ են սպասում, Հուպ տուր, սայլապան, վռազ եմ։ Իմ հոգին կրակներ է ուզում, Խարույկը մարած` քամի, Ոտքդ կախ չգցես, ծերուկ, Հասցրու ինձ իմ հին մեհյանին։ Մյուսները, գուցե, ձև բռնած Մտածեն, թե ոնց կնայվեն, Եկ շարժվենք դեռ չսափրված, Ետևում թողնենք էդ թայֆեն։ Ես գիտեմ, սայլապան, ես տեսա Սև սքեմ հագած էն մարդուն, Նա խոսում է չարի անունից, Խոսում է, թեև, իմաստուն։ Ներշնչում էր նա ինձ, թե, յանըմ, Ճակատիս է գրած իմ բախտը, - Մի շտապիր, հասնելու ես, ջանըմ, Ամեն ինչ ունի իր վախտը։ Եկ վախտին չսպասենք, սայլապան, Պոկիր դու տեղից քո սայլը, Ես ուզում եմ շտապել, հուսալ, Մուսաներ է ծնում հուսալը։
Կարոտի մասին
Կարոտի թեման առավել հաճախ հանդիպում է 2006-2008թթ․՝ զինվորական ծառայության ընթացքում Դօրիանի գրած ստեղծագործություններում։ Կարոտի մասին առավել հայտնի ստեղծագործությունը հենց Կարոտ վերնագիրը կրող բանաստեղծությունն է, որը լայնորեն տարածվում է համացանցի օգտվողների կողմից՝ հաճախ առանց հեղինակի հիշատակման։
Քո աչքերն էի փնտրում
Մեր շաբաթն ուներ յոթը ժամ,
Մեր տարին՝ տասներկու օր,
Վաղահաս կարոտն իմ անսանձ
Քո աչքերն էր փնտրում դիլխոր։
Մեր աշունը անցավ արդեն
Եվ գարունը կարծես պիտի գար,
Ես հոգիս հառելով ճամփիդ՝
Քո աչքերն էի փնտրում անջիգյար։
Քո աչքերն էի փնտրում անտարբեր,
Քո աչքերն էի փնտրում ցրված,
Եվ, պարապ մնալով, ընտրում
Քեզ համար խոսքեր չգրված։
Մեր անհունն ուներ մի սահման,
Մի թաղման մեղեդի տխուր՝
Ես աչքերդ էի փնտրում սիրահար,
Բայց գտնում էի աչքերդ անհուր։
Մեր սերերը երկու
Ինձ խեղդում են տողերդ դարձյալ,
«Չես գալիս, բայց սիրում ես, էդ ո՞նց է»,
Հա, սիրում եմ անշուշտ, անպատճառ,
Փող չունեմ, որ գնեմ ուղետոմսը։
Չեմ գալիս, բայց հառում եմ հոգիս,
Չեմ գալիս, բայց մեկնում եմ իմ երգը,
Դու կզգաս՝ աստղերից Երևան
Ընդամենը մի փուչ տիեզերք է։
Կիմանաս, որ համարը նստել,
Որ հասնես քո սրտից մինչ իմ սիրտ,
Կտեսնես դատարկ կայարանս,
Որ սպասում է վաղուց գնացքիդ։
Եվ կանցնեն՝ կոտրելով ժամանակը,
Մեր առաջ լղոզած էս ուղին,
Տենչացող, բայց իրար չդիպչող
Մեր սերերը՝ երկու լեսբուհի։
Քո պատրանքի շիրայում
Ես չլսած ձայնը քո կարոտում եմ,
Երազելով՝ վեր նայում,
Թաթախելով միայնակ դառնությունս
Քո պատրանքի շիրայում։
Ու փակվելով խենթի պես՝ հորինված
Իմ օդային ամրոցում,
Խուսափելով օտար աչքերից՝
Քո լռությունն եմ ծծում։
Ինձ եմ սրբում քեզանով, մի խոսիր,
Պետք չէ բուժել էս տենդը,
Թույլ տուր հյուսեմ համրության հելունով
Քո գոյության լեգենդը։