Կարոտի մասին

Կարոտի թեման առավել հաճախ հանդիպում է 2006-2008թթ․՝ զինվորական ծառայության ընթացքում Դօրիանի գրած ստեղծագործություններում։ Կարոտի մասին առավել հայտնի ստեղծագործությունը հենց Կարոտ վերնագիրը կրող բանաստեղծությունն է, որը լայնորեն տարածվում է համացանցի օգտվողների կողմից՝ հաճախ առանց հեղինակի հիշատակման։

Քեզ եմ սպասում

Քեզ եմ սպասում
Ու չեմ լսում շուրջս ոչինչ,
Ու տեսնում եմ երազներում
Աչքերդ ջինջ։

Քեզ եմ սպասում
Ու հիշում եմ ժպիտդ լալ,
Որ ստիպում էր
Ակամայից ինձ էլ ժպտալ։

Քեզ եմ սպասում
Ու տենչում եմ կրկին խեղդվել
Քո վարսերի
Մեղմ ու զուլալ ալիքներում։

Դիպչել մաշկիդ,
Համբուրելով շուրթերդ աղի՝
Կրկին ասել,
Որ ես հավերժ քեզ եմ սպասել։

Հանդիպում

Իմ լալագին տողերին
Պատասխան գրող փերի,
Սպասում եմ, մինչև ճամփան
Քեզ նորից ինձ մոտ բերի։

Որ կոպերիս տակ սառած
Կաթիլներն անգույն, աղի
Ցամաքեն իսկույն՝ զգալով
Ջերմությունը ծիծաղիդ։

Ու ծածկվի հոգիս թեթև
Հանգստության շղարշով,
Որի հանդարտ ստվերի տակ
Դժոխքն անգամ թվա զով։

Փնտրիր ինձ

Երբ հոգիդ ծվատում է դանդաղ
Իմ հանդեպ քո կարոտը տրտում,
Անմոռաց անցյալի ցուցադրած
Պատկերներս փնտրիր քո սրտում։

Երբ օրվա ձանձրույթում մոնոտոն
Խենթությունն ես կայտառ իմ հիշում,
Լինելուս ուրվականը բաց թող
Եվ սկսիր ինձ փնտրել ուրիշում։

Ու երբ ինձ կրկնել ես ուզում՝
Լուծելով չլուծվող մի խնդիր,
Պոետիկ ու խելառ իմ հոգու
Մերկապարը Google-ում դու փնտրիր։

Հուշերովս հոգիդ մայրացրու,
Թող ծնի աներկունք ինձ նորից,
Ես կողքիդ եմ, հոգիս, դու միայն
Մի փորձիր ինձ գտնել՝ փնտրիր ինձ։

Ես զանգեցի, ես հանգեցի

Ես զանգեցի, ես հանգեցի,
Ասացիր․ «Խի՞ չգնացիր»,
Փոխարեն ինձ դու հարցնեիր,
Թե խի չեկա։

Բայց դու այնտեղ էիր, ուր գալիս էի,
Ա՜խ, մի՞թե չես սպասում դու ինձ էլ,
Թե՞ ես տեսնում եմ մոռացում,
Իսկ այն չկա։

Ես խորացա իմ կասկածում,
Ես վախեցա՝ կմոլորվեմ,
Սովոր չեմ ես երկար ու ձիգ ճամփաների,
Ես, ինչպես հին մի հեքիաթում,
Հաց փշրեցի մտքիս ճամփին՝
Մտածելով, թե դա ինձ ետ պիտի բերի։

***

Ա՜խ, դու կորցնում ես քո թևերը,
Թափվում ես վայր փետուր-փետուր,
Դու արդեն անիմաստանում ես,
Օտարանում ես դու, կամ դուք…

Դուք լռությունը իմ ներեք

Դուք լռությունը իմ ներեք անաղուհաց,
Օտարացրել է երևի մեզ բաժանումը,
Ես անցյալի ավերակի տակ ձեզ թողած՝
Իմ ներկայի դղյակներում կորցրել եմ քունս։

Եվ մոռացումը իմ ներեք մանուկ, անհաս,
Ա՜խ, գոնե էն սիրուն աչքերիս խաթր…
Թե չէ հոգուս, վաղուց ձեզ կորցրած,
Թվում է, թե կորցրել է իր ղսմաթը։