2009

Թե ինձ սիրես

Թե ինձ սիրես,
Ես կթաղեմ հին սերերս,
Ես կթարգեմ միշտ ներելս
Ու կփակեմ ներվածներին
Մոռացության կատակոմբում,
Ես կբացեմ նեղ գետնանցում
Իմ հույզերի նորագոյաց,
Խեղդող տրոմբում,
Որ ներս թողնեմ գոյությունդ։

Ու կվառեմ մթում կերոն,
Որ իմ հոգին սոմնամբուլիստ
Սիրի քեզ միշտ բաց աչքերով։

Ես կխաղամ աչքկապոցի չարերի հետ,
Ես կպոկեմ կյանքից մի մեծ բախտի թիքա,
Ես կընդունեմ լինելությունդ հոգեմետ
Ու աշխարհում էլ ոչ մի ցավ աչքիս չի գա։

Թե ինձ սիրես,
Ես կգտնեմ նորից
Վաղուց կորցրած քունս,
Ես կնայեմ առանց էկրան
Իմ դժբախտ երջանկությունը,
Ես կդառնամ խելառ դուալիստ,
Ես կպաշտեմ չարքերն ու քեզ,
Ինքս իմ պարծանքին վերածված
Կսավառնե՜մ,
Թե ինձ սիրես։

Արի դերձակ

Դերձա՜կ, միտքս ուլունք-ուլունք
Թելիդ շարիր,
Մաստս ճարիր,
Քեզնից կտրած կարկատանով
Հոգուս պատռվածքը կարիր։

Հասի՜ր, դերձակ,
Դեռ մի ծակը չշուլուլած,
Ես բացում եմ մի ուրիշ ծակ…
Թելդ թելի՜ր…
Երգդ երգի՜ր,
Կեսդ կիսի՜ր,
Ինձ նվիրիր մեկ քառորդդ,
Խերո՜վ, դերձակ,
Թող իմ ներսում լինի ոտդ՝
Յուղով լվամ
Ու մազերովս այն սրբեմ։

Էլ ո՞վ դերձակ,
Էլ ո՞վ պիտի ճարս ճարի՝
Կոշկակա՞րը։

Դե լա՜վ դերձակ,
Ես ապրել եմ արդեն քանի
Կյանքից հոգնած բութ կոշկակար՝
Մեկը չկար, որ ինձ ապրեր,
Խաբնվել եմ արդեն քանի կոշկակարի՝
Մեկը չկար, որ ինձ խաբեր։

Արի՜, դերձակ,
Պարի՜ր, դերձակ
Դու անցյալիս այրող մոխրին,
Ու գլուխը իմ մկրտչի
Պարիդ դիմաց
Ստացիր սկուտեղի մեջ դրած։

Թքա՜ծ դերձակ,
Միտքս հիմա ուլունք-ուլունք թելիդ շարիր,
Արի միայն,
Միայն արի։

Ունայնության թեորեմը
Ես չեմ ուզում ապացուցել,
Մոռացության բանաձևը
Ասե՞ս գուցե։

Քո պատրանքի շիրայում

Ես չլսած ձայնը քո կարոտում եմ,
Երազելով՝ վեր նայում,
Թաթախելով միայնակ դառնությունս
Քո պատրանքի շիրայում։

Ու փակվելով խենթի պես՝ հորինված
Իմ օդային ամրոցում,
Խուսափելով օտար աչքերից՝
Քո լռությունն եմ ծծում։

Ինձ եմ սրբում քեզանով, մի խոսիր,
Պետք չէ բուժել էս տենդը,
Թույլ տուր հյուսեմ համրության հելունով
Քո գոյության լեգենդը։

Երգ, որ չեմ երգի

Ծաղկել է վախճանս քո ճյուղերին,
Մարել է մարմանդը իմ խարույկի,
Ասա ինձ, ասա, թե ո՞վ մկրտեց
Ներսինս անսանձ ու ո՞վ կփրկի։

Հառել եմ հայացքս քո երկնքին,
Վառել եմ մանկանը խղճիս գրկի,
Ես չգիտեի դեռ ոչ մի աղոթք,
Երբ քո առաջ էի իջել ծնկի։

Ծխել եմ ցավից ու չեմ ամոքել,
Փախել եմ միշտ էլ ինքս ինձանից,
Ու քո ձայնով լռեցված քնել
Ու արթնացել եմ խղճիս ձայնից։

Ներել եմ հերքելդ լինելը իմ,
Կերել եմ մարմինդ քո իսկ ձեռքից,
Ճանապարհիդ սուտ-հավատ շփել,
Ու տառապել սեփական խելքից։

Շարել եմ ցավերս, դրել հերթի,
Ճարել եմ մահվան լավագույն առիթ,
Ալիքը ընտրել եմ, ասել «թեքիր»
Ու վահանակս կարել ձեռքիդ։

Ծաղկել է վախճանս քո ճյուղերին,
Մարել է մարմանդը իմ խարույկի,
Ես շատ լավ գիտեմ, թե ով մկրտեց
Ներսինս անսանձ, որ էլ չի փրկի։

Հ․Գ․ Սա իմ գրած առաջին ու վերջին
Երգն է, որ ես երբեք չեմ երգի…

Սկիզբ
Գրքեր
Էջանիշներ
Իմ էջը