Չկա քո բանալին։
Երբեմն թվում է, թե ճանաչում եմ քեզ,
Վաղուց, չափազանց վաղուց,
Սակայն միևնույն է մնում ես դեռ
Չբացված զարդատուփ՝
Լեցուն առեղծվածներով,
Բայց սենտիմենտալ,
Աստվածներով լեցուն,
Բայց աթեիստական,
Ու չափազանց գաղտնի,
Չափազանց բարդ,
Իմ սահմանափակ
Երևակայության համար։
Ինձ մնում է հիշել
Միայն «Մալլհոլանդ դրայվ»
Ու հասկանալ մի բան
Որ ես, ով էլ լինեմ,
Որոշ բաներ, ցավոք,
Չեմ կարող հասկանալ։
Դու մի հին վարպետի գլուխգործոց,
Դու այդքան պարզորոշ, բայց անհասկանալի,
Որ ես՝ թվում է փորձառու փականագործ,
Ի զորու չեմ գտնել քո բանալին։
2007
Պրետ-ա-պորտե
Հորինեցի ես ամբողջ մի սոնատ,
Մինչ մեր մեջ ընդամենն ակորդ էր,
Հանձնեցի հանրության դատին
Զգացմունքը մեր պրետ-ա-պորտե։
Եվ դարձանք մենք վարդ ու սոխակ,
Եվ դարձանք մենք Ռոմեո-Ջուլիտ,
Ծաղիկներն ու ծափերն հավաքած
Պահեցինք հորինված սիրո հետ։
Խոսքին, շշուկին նենգամիտ,
Չարակամությանն ամբոխի անսանձ,
Հաջորդեց միայն կարմիր վարագույր,
Եվ խոր ռեվերանս։
Մենություն
Շնորհակալ եմ մենություն,
Որ տալիս ես ինձ հանգեր,
Որ դառնում ես ինձ ընկեր։
Ինձ խղճալուդ,
Ու երբեք չտրտնջալուդ,
Ինձ սիրելու,
Բայց հավերժ քեզ չկապելու,
Եվ կողքիս ապրելուդ համար,
Շնորհակալ եմ քեզ՝ մենություն։
Նաև, լսիր,
Երջանկության համար նույնպես
Քեզ հազար միլիոն մերսի։
Բաժանում
Չար, անխնա բախտ՝ նենգ ու բանսարկու,
Ինչու ես այսպես դու ինձ հետ վարվում,
Ես նոր սկսեցի սիրել այս կյանքում,
Բայց նո՞ր բաժանել սովորեցիր դու։
Հապա էլ ինչու՞ մանկան պես անմիտ,
Որ նոր սովորած բառն է կրկնում,
Իմ սիրամորմոք սրտի համար ես
Հար ու անդադար կրկնում. «Բաժանում»։
Գիշերն էր լի նոստալջիով
Գիշերն էր լի նոստալջիով, Մտքերը պարուրել էին ինձ էլ, Խոհերն, անշուշտ, միսս աշխարհից Ավելի լավ անկողնակից են։ Ես հաշվեցի ու չստացա, Չպարզեցի, թե այդ ինչից է, Որ իմ թախիծն ու քո ծիծաղն Այլ մայրերից, բայց նույն հորից են։ Գիշերն էր լի լռությունով, Բայց ես լսում էի մեկի ձայնը. - Ինձ չկապվես, էլ չխաբվես Մեղեդային այս լռությանը։ Եվ հասկացա, որ չպեղած Իմ տագնապի պատճառը այն է, Որ դու սպասում ես թաղումին, Իսկ ես սպասում եմ հարությանը։