Եվա

Չսիրես էլ ինձ պեսին

Ու եթե հանկարծ սիրես էլ՝ չսիրես էլ ինձ պեսին,
Սիրելը սիրելու կեսն է, դու սպասիր հաջորդ կեսին,
Ուր ամեն վայրկյան մի հարց է, տե՜ս, հանկարծ չասես «եսիմ»՝
Սիրելը սիրելու կեսն է, կես սիրելը՝ սոսկ տեսիլք:

SOS, նա չկա

երկօրյա տագնապ
ու չկամ
մտքերում եմ աննորմալ հուղարկավորած
անսեր ու անկիրք,
ուղեծիրս բարձիդ տակ կորցրած՝
գլորվում եմ երկինք

ու լրացնում եմ դատարկն անկողնուս
խաչբառի պես՝
պատասխաններով հարցերի,
որոնք ծագում են,
բայց մայր չեն մտնում,
ու հոլ եմ կապկում հին վերմակի հետ՝
անորոշության տրոտիլաթույնից թունավորվելով,
կուլ տալով հազար խորանարդ վայրկյան
դեռ ոչ մի անգամ չգերազանցված
ու ռեկորդային չափաբաժինով

S.O.S.

նրան կովկասյան արևները ցնդեցրին,
նրան վերացրեցին օրենքով գողերը,
նրան արտահանեցին արևմուտք,
նրան փախցրեցին այլմոլորակայինները,
նրան գերի հանձնեցին Ադրբեջան,
նրան գործուղեցին, որպես բարի կամքի դեսպան,
նրան որդեգրեցին Փիթն ու Ջոլին,
նրան կերան ինչ-որ վայրենիներ,
նրան իր աղջկա հարսանիքին
ոմն օլիգարխ է տվել նվեր,
նրան դոկտորները քայքայեցին
սոցիումի լուծույթում

S.O.S.

նա չկա,
ես նրան եմ փնտրում…

(եթե ինչ-որ տեղ տեսել եք նրան, խնդրում եմ, արձագանքեք,
իմ էլփոստի հասցեն է՝ [email protected])

Գրկում

գրկումդ ուզում եմ անընդհատ համբուրել ուսդ,
գրկումդ մոռանում եմ թարմացնել ֆեյսբուքիս ստատուսը,
գրկումդ ուզում եմ դադարեն բոլոր զանգերը,
գրկումդ փորձում եմ չգրկումը իսպառ թարգելը,
գրկումդ ուզում եմ մի թեթև ցավեցնի գրկումդ,
գրկումդ հիշում եմ, որ նաև սիրտ կա կրծքումս…

Գրկու՜մդ,
Անունս մոռանում եմ գրկումդ,
Աստծուց եմ գրկումդ յան տալիս
Ու գտնում եմ փրկումս։

գրկումդ ուզում եմ գրել գրկմանդ մասին երգը,
գրկումդ ակամա մոռանում եմ, որ մերկ եմ,
գրկումդ ուզում եմ լռել ու լսել սրտիդ զարկերը,
գրկումդ փորձում եմ շոշափելով չափել բոլոր ծալքերդ,
գրկումդ չգրկածդ ամեն ինչ ջնջում եմ մտքումս,
գրկումդ ամեն ինչ կորցնում ու գտնում եմ գրկումդ…

Գրկու՜մդ,
Անունս մոռանում եմ գրկումդ,
Աստծուց եմ գրկումդ յան տալիս
Ու գտնում եմ փրկումս։

գրկումդ ուզում եմ հավերժ գրկված մնալ մոտդ,
գրկումդ սկսում եմ անգիր անել մարմնիդ հոտը,
գրկումդ ուզում եմ սիրո մասին անվերջ խոսել,
գրկումդ սկսում եմ աչքերս բաց երազել,
գրկումդ գրկում եմ գրկամդ մասին իմ մտքերը,
գրկումդ կրկնում եմ, թե ինչ հաճելի է գրկվելը…