Եվա

Ինձ ցավեցնելիս

Ինձ ցավեցնելիս՝ ի՞նչ ես դանդաղում,
Սպիտակ դագաղում լավ է, տեղ կա շատ,
Ստերից քամած հյութը դառնավուն
Չի օգնում, ու չի բուժում անաշան։

Ինձ ցավեցնելիս՝ ի՞նչ ես դանդաղում,
Մաս առ մաս թաղում՝ ոչ ամբողջությամբ,
Արյունս անխիղճ երակով մաղում,
Շունչս վերածում զուտ շնչառության։

Ինձ ցավեցնելիս՝ ի՞նչ ես դանդաղում,
Ու՞մ սերն ես քաղում սիրո իմ գնով,
Ամենակործան, անազնիվ խաղում
Դու՞ ես հաղթելու։ Ասա՛, մեկ էլ ո՞վ։

Ինձ ցավեցնելիս՝ ի՞նչ ես դանդաղում,
Ի՞նչ ես հապաղում, եղի՛ր վճռական,
Լավ է, լայն է իմ սպիտակ դագաղում,
Քեզ է վախեցնում միայն ապագան։

Խնդիրներդ չլիր

Հյուսվածքներս է նա պատրաստ անել թելիկ–թելիկ,
Ես իմ երկրորդ կեսին գիտեմ հինգ մատիս պես․
Աննան ասաց՝ խնդիրներդ չլիր,
Հետո պիտի ավելի լավ ապրես։

Մղձավանջը օրվա քեզ կթվա թմբիր,
Չես ճանաչի վաղը դու երեկվա գիժ-քեզ
Հիշիր ինչն է ցավում, խնդիրներդ չլիր,
Հետո պիտի ավելի լավ ապրես։

Ներես պիտի մի օր անցածին դավադիր,
Ու մոռանաս պիտի օտարին աներես,
Ցավդ մոտդ պահիր՝ խնդիրներդ չլիր,
Հետո պիտի ավելի լավ ապրես։

Թամար

Ո՞րերորդ օրն ես արթուն լուսացնում,
Կրակը ձեռքիդ՝ սպասելով, Թամար,
Գիտեիր՝ գրելու համար ծնվեցիր,
Պարզվեց՝ ծնվեցիր ներելու համար։

Դու անարժանի դարձին սպասելով՝
Քանի՞ գիշեր է չունես հերթապահ,
Բայց ներողություն կխնդրի՞ արդյոք,
Որքա՞ն կսպասես, մի՞թե մինչ ի մահ։

Ու կարծում ես ե՞րբ կներես իրոք,
Կարծում ես ներես, ու՞մ ետ կստանաս,
Կարծում ես կտա Աստված քեզ մի թոք՝
Թեթև կյանք շնչես ու հանգստանաս։

Կարծում ես հետո չի՞ կարի ստեր
Դերձակդ անվարժ նոր ոճիդ հարմար,
Այսքան ներելուց այդ ո՞վ է խերվել,
Ժայռից նետվելը հե՞շտ չէր, այ Թամար։

Հիշել

Տեր, ինձ սովորեցրու
Նաև նրան ներել,
Ով թիկունքից գալով՝
Ինձ անցյալից զրկեց…

Նրան, ում պատճառով այլևս չեմ կարող
Ես տարիներ հետո, մի լուսնկա գիշեր
Անքնության ձեռքը բռնած պառկել լռիկ
Ու առանց արտասուք «ջահել վախտս» հիշել։

Մազակալ

Նեյլոնե մազակալ է կապում իմ հոգին,
Որ վարսերը չիջնեն ուսերին,
Եվ անվերջ, անդադար մի հին, տխուր ջազ
Շշնջում է հազիվ լսելի։

Եվ հոգուս շշունջից խլացած՝
Մտքերդ իրենց պատեպատ են տալիս,
Խելագար, մոլորված, մոռացված,
Կարոտած հոգեմետ հայացքիս։

Սպասում են դրանք հանդիպման,
Տենչում են հաջորդ ցրտերին,
Հաշվելով, թե քանի նյուտոն կլինի
Բախման ուժը մեր հոգիների։

Թաքցնում են իրենց մերկությունը
Ժպիտի տակ լալ, անհուզելի,
Մինչ մազակալ է կապում իմ հոգին,
Որ վարսերը չիջնեն ուսերին։