Եվա

Քո հանկարծահաս գոյությունը մեղկ

Ես շոշափում եմ՝ աչքերս փակած,
Քո հանկարծահաս գոյությունը մեղկ,
Ու լուսացնում են իմ փողոցների
Մթությունը քոռ լապտերներդ շեկ։

Դեռ թմրությունն է իր զգացնել տալիս
Ներկայությանդ վերջին ասեղը,
Երանի աշխարհը մի պահ լռեր
Ու թողներ լսեի սրտիդ բասերը։

Անիծեի արդեն որերորդ անգամ
Հոգիս տրտմեցրած մենությունս կենտ,
Եվ հանգիստ խղճով, առանց ծամելու
Քո տեղը կուլ տայի ամոթի թիքեդ։

Անընկերակից

Օրս է տխուր, անընկերակից,
Վիճակս մորթած քաշում եմ շշին,
Ու՞ր ես զվռնում, կյանքիս ուղեկից,
Սրտիս հերպեսին դիր կազդուրիչ շիբ։

Էդ ո՞վ պիտի քեզ հորիներ, աղջիկ,
Որ մինչև հիմա դեռ չի հորինել,
Մի՞թե պոեմը կյանքիդ չգրված
Ինձ հակառակվող սև գրողինն է։

Իզուր են մի՞թե իմ մատաղ արած
Տողերն ու օրերն այն մեծաքանակ,
Որ Աստված տեսավ, ծիծաղեց վրաս,
Մատաղս չառավ։

Դու կաս, կամ չկաս, կգաս, կամ չես գա,
Դու ինքդ քեզ ես միշտ էլ հակասում,
Ես իմ հորինած հին կայարանում
Գալուստիդ մետրոն եմ նստած սպասում։

Ու տապակվելով սեփական խելքից
Հին միայնության հավերժ թարմ դարդում,
Ինքս ինձ խոստանում՝ հուսահատվելով,
Նվիրվել սիրուն մի տղամարդու։

Փնտրիր ինձ

Երբ հոգիդ ծվատում է դանդաղ
Իմ հանդեպ քո կարոտը տրտում,
Անմոռաց անցյալի ցուցադրած
Պատկերներս փնտրիր քո սրտում։

Երբ օրվա ձանձրույթում մոնոտոն
Խենթությունն ես կայտառ իմ հիշում,
Լինելուս ուրվականը բաց թող
Եվ սկսիր ինձ փնտրել ուրիշում։

Ու երբ ինձ կրկնել ես ուզում՝
Լուծելով չլուծվող մի խնդիր,
Պոետիկ ու խելառ իմ հոգու
Մերկապարը Google-ում դու փնտրիր։

Հուշերովս հոգիդ մայրացրու,
Թող ծնի աներկունք ինձ նորից,
Ես կողքիդ եմ, հոգիս, դու միայն
Մի փորձիր ինձ գտնել՝ փնտրիր ինձ։

Սիրտ իմ

Աչքերս են թաց, շուրթերս են դողում՝
Սիրտ իմ, քեզ նորից ցավով են բարձել,
Բանաստեղծության ամեն մի տողում
Արցունքի խեղդող կաթիլ է սառցե։

Սիրտ իմ մոլորված, սիրտ անբարեկամ,
Իմ կրծքում կռած վշտերի սրվակ,
Դժբախտ լինելու համար քեզ, ցավոք,
Պետք չէ այլևս հարմար պատրվակ։

Սոլո

Վարագույրի վարսերն է շոյում քամին,
Մելոդիկ իր վալսում տանում-բերում,
Ես մենակ եմ ու ես եմ իմ թշնամին՝
Մնացել եմ նորից իմ հին դերում:

Մոռացել են մարդիկ իմ հասցեն արդեն,
Ոչ ոք դուռն իմ այլևս չի թակում,
Ես ազատ եմ դատարկ խոսքերից, դեմքերից,
Ես ազատ եմ, միայն թե իմ վանդակում:

Ուր ամեն ինչ ծանոթ է ու անծանոթ,
Ուր անգամ հարազատն էլ ինձ խորթ է,
Որտեղ ես քամու հետ վարագույրն եմ շոյում
Ու սպասում եմ՝ ու՞ր է իմ երկրորդը: