Դու կծիծաղեիր, եթե ինձ տեսնեիր,
Բայց դու վաղուց ես հանել աչքերդ։
Վերելք եմ կոչում ես վայրէջքներս,
Ընկեր եմ կոչում շրջված մեջքերը,
Ժպտում եմ, երբ ինձ ժպտում են շինծու,
Ու ծիծաղում եմ, երբ ծիծաղում են՝
Հեռվից ինձ վրա մատը տնկելով։
Սեր եմ խոստանում յուրաքանչյուրին,
Ու ցանկացածին կոչում սիրելի,
Ու անծանոթին բարև եմ տալիս՝
Լավ բարեկամի նման գգվելով,
Ու երազում եմ, անվերջ լքվելով,
Թե մի օր էլ ես մեկին կլքեմ՝
Ասես դրանով վրեժ լուծելով
Ինձ լքողներից։
Ու գնում եմ ինձ զանազան շորեր,
Որպեսզի ծածկեմ տգեղությունը,
Որում ծածկվում էր իմ գեղեցիկը,
Իմ վճռականը,
Իմ միայնակը,
Իմ անհեթեթը,
Ու քո սիրելին,
Որին ճիշտ սիրել դու գիտեիր միայն։
Որին դու գիտեիր հասկանալ միայն,
Ու անսահմանի սահմանը թաքուն մատնացույց անել,
Որ չկործանվեմ,
Չտգեղանամ,
Որ մարդկայինի կեղտով չաղտոտեմ
Կենդանի՜ հոգիս։
Որ անկշտությամբ կյանքը մակարդեմ
Իմ է՜ն մի թոքին, որը սիրում էիր․․․
Ու առանց որի փոխում ենք մեր հի՜ն,
Մեր անգիր արած դերերը հիմա
Ես ու էն անտեր դիմանկարը,
Որը պահում եմ փակ կողպեքի տակ։
Ես եմ կործանվում…
Դու կծիծաղեիր, եթե ինձ տեսնեիր,
Բայց դու վաղուց ես հանել աչքերդ,
Բայց դու պաշտում ես կործանումը իմ,
Բայց դու շնչում ես իմ արտաշնչած
Օդը թունավոր,
Բայց դու քայլում ես ինձանից հետո
Արդեն ավիրված արահետներով,
Դու տաքացնում ես մատներդ սառած
Իմ կես-հավատի՝ մեկ քառորդ Աստծո
Պատրույգի վերջին միլիմետրերի
Մարմանդ կրակին․․․
Բայց դու ապրում ես ոչ այն պատճառով,
Որ քեզ կենսապես պետք է ապրելը,
Այլ՝ որ զուգակցես իմ նմանապես անպետք ապրումին․․․
Այլապես արդեն դու կծիծաղեիր,
Ու ես ամոթից նորից կկախեի
Պատուհանիցս հանա՜ծ, շպարտա՜ծ
Վարագույրը իմ․․․