fbpx

Ես տեսա Նահապետ Ղուշչյանին

Ես տեսա Նահապետ Ղուշչյանին՝
Քայլում էր ասես ոչինչ չի եղել,
Փնտրում էր, ամա՜ն, Աստված ոչ անի,
Ինձ պես դեռահաս, պարզամիտ տղերք։

Քայլում էր խելառն, ինչպես տրանսֆորմեր՝
Վերածված մաշված ու կուզիկ պապի,
Որդեր էին սողում կոպերից այտեր
(վերջինը ճիշտ չէ, բայց թվաց աչքիս)։

Շտապում էր՝ գուցե աշխատում է դեռ,
Եթե չէր փախչում սեփական քայլքից,
Հագուստն էր մաշված (վաղու՜ց է գնել),
Անխիղճը գոնե արդուկեր կարգին։

Ճաղատ էր մասամբ, կնճիռին՝ կնճիռ,
Հաստատ Բուկովսկին պայուսակի մեջ,
Անվերջ կրկնվող պահի պես չնչին,
Չնչին պահի պես՝ կրկնվող անվերջ։

Քայլում, չէր տեսնում անցում, լուսացույց,
Մարդկանց չէր տեսնում (գուցե կատարա՞կտ),
Անտերը տեսնես երբվանի՞ց՝ վաղու՞ց
Ջահել չէր փնտրում աչքը չորս արած։

Վաղու՞ց, երբվանի՞ց չէր փնտրում արկած,
Ու երջանկություն չէր խնդրում կյանքից,
Երբվանի՞ց սկսեց երազել քիչ ցավ,
Ինչպես ասում էր իր այդ Բուկովսկին։

Ու իրականում ի՞նչ էր, ի՞նչ դառավ,
Ինչպե՞ս ազատվեց իր փուչ պարծանքից,
Կա՞ կողքին արդյոք մի դժբախտ պառավ,
Ով չի ճանաչում՝ անիծում է ինձ։

Հանուն ու՞մ է դեռ թափառում այսպես՝
Մեռնելը կրկին թողնելով վաղվան,
Երազանքների հետ իր ի՞նչ պատահեց,
Բա՞ հին պլանները որտեղ են թաղված։

Ի՞նչ անունով է ինքն իրեն կոչում,
Ու հուշերի մեջ ո՞վ կա, ո՞վ չկա,
Ի՞նչ…
Ու մեքենան թեքվեց այլ փողոց,
Ու հեռախոսիս ծանուցում եկավ…

Տեսա՝ ինչպես էին երկու դեռահաս
«Ֆաք» գրում չասեմ, թե ում արձանին,
Ահ, մեկ էլ կարծեմ այդ օրը տեսա
Անունը ի՞նչ էր… Դե՝ էն Ղուշչյանին։
Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։