Մի հունվար էլ առանց ինձ Ու քեզ նորից կթվա, Թե ես եմ ձյունել շեմին։ Թե այդ ես եմ օրորում Սառած ճյուղերը անձայն, Պատուհանիդ նկարում Դյութիչ պատկերներ ձմռան։ Կթվա, որ անկրակ, Դու ինձանից ես մրսում Ու բրդյա ձեռնոցներով Իմ փաթիլներն ես որսում։ Կտխրես, անշուշտ, գիտեմ, Ինձ ամենուր կփնտրես, Ինչպես ես եմ ամեն օր Պարզ իրերում գտնում քեզ։